Երեկ երեկոյան Գյումրիում տեղի ունեցած արտակարգ իրադարձությունների շուրջ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ մահվան երեք դեպքերի առիթով էլ հարուցվել են քրեական գործեր: Դեպքի վայրերի ուսումնասիրություններն ավարտվել են:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գյումրիում երեք դեպք է գրանցվել՝ 15 տարեկան, դեռևս ինքնությունը չպարզված տղան ընկել է Երևան-Գյումրի գնացքի տակ, ջախջախվել է վերջինիս գլուխը և տեղում մահացել է: Հաջորդ երկուսը սպանության դեպքեր են. Գյումրու Արցախ թաղամասում սպանվել է նույն թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանը: Տուժածին գիշերը ժամը 2-2:30-ի սահմաններում տեղափոխել են ՙԳյումրի՚ բժշկական կենտրոն, շատ ծանր՝ մահամերձ վիճակում: Նրա կյանքը փրկել չի հաջողվել, հիվանդանոց տեղափոխելուց րոպեներ անց մահացել է: Ըստ եղած վերքերի՝ Անտիկյանին դանակահարել են գլխի, կրծքավանդակի աջ և ձախ կողմերի և գոտկատեղի հատվածներում:
Սպանության հաջորդ դեպքը տեղի է ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին՝ Շիրակի մարզի Գետք գյուղի մոտ: Հայտնաբերվել է Գյումրի քաղաքի բնակիչ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային մահացու վնասվածքով: Գյուղին կից՝ ճանապարհին գտնվող մի կիսախարխուլ շինության մոտ ընկած է եղել Գրիգորյանի դին, իսկ քիչ հեռու՝ կայանված է եղել ՙՖորդ՚ մակնիշի 88 LO 988 պետհամարանիշով մեքենան:
Հավելենք, որ Հարություն Գրիգորյանը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն է:
Այս դեպքերով հարուցվել են քրեական գործեր, ուսումնասիրվում են բոլոր շրջանառվող վարկածները:
Tags: գյումրի, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, Հարություն Գրիգորյան, սպանություն, Վարդևան Գրիգորյան