Վարդավառը միայն իրար վրա ջուր լցնելը չէ. Տեր Եսայի քահանա Արթենյան

Տեր Եսայի քահանա Արթենյան Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշվելու է այս կիրակի՝  հուլիսի 27-ին: Այն շարժական տոն է:

«Վարդավառի խորհուրդը Քրիստոսի Պայծառակերպության օրն է: Այն  հոգևոր տոն է: Ըստ դրա խորհուրդի՝ մենք ինքներս Քրիստոսի օրինակով պետք է կատարելագործենք մեր հոգևոր կյանքը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Ինչպես պատմում է Աստվածաշունչը, Հիսուս Քրիստոսը Թաբոր լեռան վրա պայծառակերպվեց: Լեռը խորհրդանշում է մարդկային բարոյականությունը: «Ըստ պատմության՝ Քրիստոսը աշակերտներից իր հետ վերցրեց Հովհաննեսին, Հակոբոսին և Պետրոսին:  Նրանք իրենց բնավորությամբ և նկարագրով տալիս են  կատարելագործվելու ճանապարհը: Պետրոսը միշտ պատմության մեջ ընկալվում է որպես հավատավոր մարդ, նրա վրա պետք  է կառուցվեր Քրիստոսի հավատքը: Հովհաննեսը ներկայացնում է սիրող մարդու կերպարը: Հակոբոսը համբերության օրինակն է; Այսինքն՝  հավատքը, սերը և համբերությունը այն առաքինություններն են,  որոնցով հնարավոր է հասնել կատարելագործման», – նշեց քահանան՝ ընդգծելով, որ սա է խորհրդի հիմքում, ոչ թե պարզապես իրար վրա ջուր լցնելը:

«Ջուր լցնելու ավանդույթը պահպանվում է, և դա պահպանողը եկեղեցին չէ, այլ ժողովուրդը: Սակայն  եկեղեցին երբեք դրանց դեմ չի եղել: Բացասական երևույթը այն է, երբ մարդիկ մտածում են, որ Վարդավառը միայն  իրար վրա ջուր լցնելն է: Այդ ավանդույթները լավն են, սակայն, ցավոք, մեր իրականության մեջ դրանք չեն վերարժևորվում», – ասաց Տեր Եսային: Նրա խոսքով` շատ կարևոր  է, որ մենք նոր ավանդույթներ ձևավորենք: Եկեղեցական տոները այն բանի արտացոլանքն են, թե մեր նախնիները ինչ հոգևոր արժեքներ են ունեցել: «Մենք փորձում ենք ավանդույթները պահել՝ չհասկանալով դրանց բուն իմաստը: Կարծում եմ` շեշտը պետք է դնել հոգևոր կողմի վրա. չէ՞ որ դա առաջին հերթին հոգևոր տոն է: Եվ եթե հետևենք հոգևոր խորհրդի պատգամներին, մնացած ավանդույթներն էլ կպահպանվեն»:

Անդրադառնալով իրար ջրելու սովորույթին` Տեր Եսային ասաց, որ հեթանոսության տարիներին ջուրը կապվում էր Աստղիկ աստվածուհու անվան հետ. այն մաքրագործության խորհուրդն է ուներ: Աստվածաշնչի դեպքում այն խորհրդանշում է Ջրհեղեղից հետո աշխարհի մաքրագործումը:

 Անկախ

Tags: , ,