Հայ համայնքը չի ազդի Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքի վրա. թուրքագետներ

Արտակ Շաքարյան«Թուրքիայի նախագահական ընտրությունները հայ համայնքի վրա ազդել չեն կարող, որովհետև դրա  նկատմամբ  կայուն քաղաքականություն է վարվում, և նախագահի փոփոխությունից ոչինչ չի փոխվի: Բացի այդ, համայնքը, իր հերթին, ընտրությունների վրա ազդել չի կարող, որովհետև ընդամենը 60 հազար է հայ կա այդ երկրում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` նշելով, որ համայնքի հիմնական մասը նախընտրությունը կտա Էրդողանին, քանի որ նա համեմատաբար ավելի մեղմ քաղաքականություն է վարում հայերի նկատմամբ:

Ըստ թուրքագետի` Թուրքիայի վարչապետը հեշտությամբ կհաղթի առաջին իսկ փուլում:

Հանդիպմանը ներկա թուրքագետ Արտակ Շաքարյանի խոսքով` այս ընտրություններում Թուրքիայի քաղաքացիները ընտրելու են  ոչ թե հանուն ինչ-որ թեկնածուի, այլ ընդդեմ: «Ընդդիմությունը լիարժեք չմիավորվեց: Իսկ Էրդողանի դեպքում այնպես է , որ  որքան էլ սկանդալներ տեղի ունեցան նրա անվան շուրջ , նա սեղանին դնելու բան ունի: Նա հստակ ծրագրեր ունի, ինչ նախկինում խոստացել է` իրագործել է: Ընդդիմությունը ոչինչ չի արել, միայն քննադատում է Էրդողանին, ինչը ամենահեշտ բանն է: Էրդողանը տեսականորեն ունի վարչական ռեսուրս, ընտրազանգված և կատարած աշխատանք:», – նշեց նա:

Էրդողանն արդեն քայլեր է ձեռնարկում կոռուպցիոն սկանդալի հեղինակների դեմ: Մոտ հարյուր ոստիկան և ոստիկանապետ է ձերբակալվել Էրդողանի ընտանիքի անդամների հեռախոսազանգերը ապօրինաբար ձայնագրելու համար, մոտավորապես 1000-ի պաշտոնները փոխել են, այսինքն ՝ իջեցրել:

Անդրադառնալով Էրդողանի կատարած այն հայտարարությանը, թե «նա այլևս հեռախոսազրույց չի ունենա Օբամայի հետ»` Հակոբ Չաքրյանը նշեց, որ իրականում մոտ ապագայում երկու երկրների հարաբերություններում մեծ հաշվով ոչինչ փոխվի. «Ո´չ ԱՄՆ-ն կարող է  հրաժարվել Թուրքիայից, ո´չ էլ Թուրքիան` ԱՄՆ-ից»:

 

Անկախ

Tags: , ,