Ջազի և էստրադայի երևանյան ճեմուղին համալրվեց Մարտին Վարդազարյանի աստղով

001 (10)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, բազմաթիվ արվեստագետների և երաժշտասեր երևանցիների հետ միասին մասնակցել է հայկական ջազի և էստրադայի աստղերի ճեմուղում Երևանի ավագանու անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի անունը կրող աստղի հանդիսավոր բացման արարողությանը: Ներկաները նախ իրենց գնահատանքի խոսքն են ուղղել մաեստրո Վարդազարյանին՝ բարձր գնահատելով նրա ունեցած դերը հայկական երաժշտարվեստի զարգացման գործում: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ, բոլոր ներկաների անունից շնորհավորելով և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթելով մաեստրոյին, նկատել է, որ սա այն եզակի դեպքերից է, երբ այսօրինակ գնահատանքը վաստակաշատ արվեստագետին մատուցվում է կենդանության օրոք, ինչն իր հերթին առավել նշանակալի է դարձնում իրադարձությունը:

Այնուհետ բացվել է Մարտին Վարդազարյանի անունը կրող աստղը, որի պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և մաեստրո Վարդազարյանին: Մեկ անգամ ևս շնորհավորելով վաստակաշատ արվեստագետին` Տարոն Մարգարյանը մաղթել է նրան քաջառողջություն և ստեղծագործական երկարակեցություն՝ ի բարօրություն Երևանի և երևանցիների:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար` Մարտին Վարդազարյանն իր հերթին վստահեցրել է, որ շարունակելու է իր նպաստը բերել հայկական երաժշտարվեստի զարգացման ու տարածման գործում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Tags: , ,