Իտալիան շահագրգռված է ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ

Իտալիա-Իրան

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Մոհամմեդ Նահավանդյանը Թեհրանում հանդիպել է Իտալիայից ժամանած պատվիրակության ղեկավար Անդրե Մելոնիի հետ:

Մոհամմեդ Նահավանդյանը նշել է, որ միջուկային բանակցությունների երկարաձգման արդյունքում ստեղծված չորսամսյա  ժամկետը  ոսկե առիթ է Իտալիայի համար Իրանի հետ հարաբերություններում զբաղեցնելու իր նախկին դիրքը:

«Եթե Իտալիայի հետ Իրանի առևտրաշրջանառության ծավալը հասնի մոտ 10 մլրդ դոլարի, ապա դա կնպաստի իրանական ընկերությունների ակտիվ համագործակցությանն իտալական ընկերությունենրի հետ, ինչը համատեղ տնտեսական առիթներ ստեղծելուց բացի կմոտեցնի կողմերի քաղաքական դիրքորոշումները»,- ասել է Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը:

Նահավանդյանը, ցավ հայտնելով որոշ երկրների կողմից Իրանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կապակցությամբ, հայտնել է, որ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջը միասին կարելի է այնպիսի ելքեր գտնել, որոնք կնպաստեն Իրանի ու եվրոպական երկրների միջև հարաբերությունների բարելավմանը:

Իտալիայից ժամանած պատվիրակության ղեկավար Անդրե Մելոնին, ընդգծելով տարբեր ոլորտներում Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իտալիայի շահագրգռվածությունը, ասել է, որ Իտալիա վերադառնալուց հետո երկրի արդյունաբերական և տնտեսական ոլորտների գործարարների հետ կգումարի`  Իրանի հետ համագործակցության ընդլայնման ուղիները քննարկելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: , , ,