ՀՀ արդարադատության նախարարն այցելել է Վայոց Ձոր

 

Հուլիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այցելել է Վայոց Ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի հետ առանձնազրույցից հետո նախարարն ընդունել է մարզի քաղաքացիներին: Նախարարի հետ հանդիպած մարդիկ ողջունել են իրենց մարզում ընդունելություն կազմակերպելու միտքը՝ նշելով, որ նախարարն իր այցով կանխել է որոշակի դժվարությունները, որոնք պետք է իրենք կրեին՝ Երևան գալով և սպասելով նախարարի ընդունելությանը:

Հիմնականում քաղաքացիները  ներկայացրել են իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, անդրադարձել են որոշակի ապօրինությունների արդյունքում ստեղծված իրավիճակներին, եղել են նաև աշխատանքի ընդունման համար դիմողներ: Քաղաքացիներից ոմանք հետաքրքրվել են իրավական խորհրդատվությամբ, փորձել են անձամբ նախարարից ճշտել ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հարևանների,  ծանոթների խնդիրների լուծման ուղիները: Միայն Վայոց Ձորին հատուկ հումորով՝ մարդիկ  անկաշկանդ պատմել են մինչ օրս տարբեր գերատեսչությունների դիմած և սպառիչ պատասխան չստացած խնդիրների մասին: Այն որ արդարադատություն բառը շատ հաճախ է ասոցացվում դատարանների գործունեությանը,  ևս մեկ անգամ զգացվել  է  հանդիպման ընթացքում: Քաղաքացիները նախարարից խնդրել են արդարադատ լինել և լուծում տալ դատական տարբեր ատյաններում բողոքարկած իրենց դիմումներին: Հանգամանորեն բացատրելով ՀՀ արդարադատության նախարարության դերը և լսելով բոլորին՝ նախարարը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում օգնել մարդկանց:Հովհաննես Մանուկյան

Քաղաքացիների ընդունելությանը հաջորդել է դատական ակտերի հարկադիր կատարման, այլընտրանքային պատիժների կատարման  ծառայությունների Վայոց Ձորի մարզային բաժնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղեգնաձորի մարզային բաժնի, պետ ռեգիստրի, դատարանի ներկայացուցիչների, մարզի նոտարների, ծառայողների հետ հանդիպումը: Ներկաներին նախարարը հորդորել է անկաշկանդ ներկայացնել աշխատանքի ընթացքում ունեցած և լուծումներ պահանջող բազմաբնույթ խնդիրները: Խոսելով իրենց գործունեությունից՝ վայոցձորյան մեր գործընկերները հիմնականում խնդրահարույց են համարել շենքային պայմանները: Պատկերավոր նկարագրելով իր աշխատավայրը՝ Վայք  և  Ջերմուկ տարածքը սպասարկող ռեգիստրի աշխատակիցը նշել է, որ բիզնեսի մուտքը սկսվում է պետռեգիստրից, իսկ անմխիթար աշխատանքային պայմաններում քաղաքացիներ սպասարկելը չի կարող դիտվել նպաստավոր ու բավարար պայման: Շենքային խնդիր ունի նաև այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունը, բացի դրանից՝ ծառայողններն անդրադարձել են որոշ կնճռոտ, օրենսդրական միջամտություն պահանջող հարցերի,  որոնց հաճախ են բախվում դատապարտյալների հետ աշխատանքի ընթացքում: Անդրադառնալով աշխատանքային գործունեության այլ խոչընդոտներին՝ նոտարները նշել են, որ չունեն թարգմանիչ, ինչը բավական բարդացնում է քաղաքացիների սպասարկումը: Լսելով աշխատակիցներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել անկեղծ զրույցի և խնդիրները վեր հանելու համար՝ ավելացնելով, որ արդեն իսկ աշխատանքներ են տարվում հարցերին օրենսդրական լուծումներ տալու համար, իսկ աշխատանքային պայմանների բարելավման հարցում կփորձեն մարզպետի հետ պատշաճ լուծումներ գտնել:

Հովհաննես Մանուկյան

Նախարարի այցի հաջորդ հանգրվանը Խաչիկ համայնքն էր: Սահմանամերձ Խաչիկ գյուղում նախարարը կանգ է առել սոցիալապես անապահով մի ընտանիքի տան  մոտ: Հյուրընկալ ընտանիքի դուստրը այս տարի ուսանողուհի է դարձել և պատրաստվում է տարիներ անց համալրել սոցիալական աշխատողների շարքերը: Զրուցելով ընտանիքի հոր հետ՝ նախարարը փորձել է հնարավորության սահմաններում թոթափել ընտանիքի հոգսերը: Իսկ գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկի տանը հետաքրքիր քննարկում է ծավալվել գյուղ-քաղաք տարբերության և նմանությունների շուրջ: Հենց այս տանն էլ նախարարին անակնկալ կերպով մոտեցել է  Խաչիկի գյուղացիներից մեկը և հրավիրել իր տուն՝ ճաշի:  Հրավերը սիրով ընդունվել է:

 

 

 

 

 

Tags: , , ,