Իսլամական աշխարհը տոնում է Ռամազանի ավարտը

ramadanԻսլամական աշխարհը այսօր նշում է մուսուլմանական գլխավոր տոներից մեկը` մեծ պահքի` Ռամազանի ավարտը: Կրոնական տարբեր ուղղությունների միջև հակասությունների պատճառով այս տարի տոնի սկզբի համար սահմանվել է երկու օր` երկուշաբթին և երեքշաբթին` հիմնվելով լուսնային օրացույցի վրա:

Վաղ առավոտյան հավատացյալները հավաքվել են իրենց քաղաքի մզկիթներում` մասնակցելու տոնական նամազին: Նրանք միասին աղոթել են, իրար շնորհավորել տոնի կապակցությամբ` մաղթելով խաղաղություն, երջանկություն և հաջողություն:

Ռամազան բայրամը ժողովուրդի մեջ հայտնի է նաև որպես Շեքեր բայրամ (Քաղցր տոն) անունով, քանի որ մարդիկ իրար բազմատեսակ քաղցրեղեն են հյուրասիրում ու նվիրում: Մի քանի օր տևող տոնի ընթացքում մուսուլմանները այցելում են իրենց բարեկամներին, տարիքով մեծերին, ընտանիքի հարգված և պատվելի անդամներին, ընկերներին: Ընտանեկան միջավայրում նրանք միասին ընթրում են, այնուհետև թեյում քաղցրավենիքներով լի սեղանի շուրջ: Սովորույթի համաձայն` երեխաները համբուրում են մեծերի ձեռքը` ի նշան հարգանքի, իսկ մեծերն էլ նրանց գումար, նվեր կամ քաղցրավենիք են տալիս: Քաղաքներում ևս տոնական տրամադրություն է տիրում, փողոցներում մարդիկ իրար շնորհավորում են, անցորդներին հյուրասիրում են միայն Ռամազանին պատրաստվող օշարակով ու արևելյան քաղցրավենիքներով: Այս տոնակատարություններն ու հյուրասիրությունները տևում են 3-4 օր:

Տաթևիկ Սարգսյան, Թուրքիա

Անկախ

Tags: