Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հզոր նորեկը

մհ10527817Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն, ծննդով էջմիածինցի երիտասարդ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով մինչ այդ հայտնի էր Ռուսաստանի ընտրանու կազմում ունեցած ելույթներով, հուլիսի 1-ից իրավունք է ստացել հանդես գալու Հայասատանի դրոշի ներքո:

Մրցաշրջանի գլխավոր իրադարձությանը՝ սեպտեմբերի 8-14-ը Տաշքենդում անցկացվելիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար նա, որ ՖԻԼԱ-ի բյուրոկրատական քաշքշուկի պատճառով նախապատրաստական փուլի զգալի հատվածը էր բաց թողել, հիմա ջանադիր մարզումների շնորհիվ արագացված տեմպերով փորձում է լրացնել բացը ու միաժամանակ միջազգային բարձրակարգ մրցաշարերին մասնակցելով աշխատում հասնել իր լավագույն մարզավիճակին:

Նախորդ շաբաթ հունական Օլիմպիայում ընթացած միջազգային մրցաշարում կայացավ Միհրանի պաշտոնական նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում ու այն նշանավորվեց հրաշալի հաղթանակով, ընդ որում նա կիսաեզրափակչում 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն, կորեացի Ռյու Հան Սուին: Հարությունյանը իր հաջորդ ելույթն մարզաձևի ազգային հավաքականի 2-րդ մարզիչ Սամվել Գևորգյանի ղեկավարությամբ ունեցավ հուլիսի 25-27-ը Բուխարեստում անցկացված «Իոն Կորնեանուի և Սիմոն Լադիսլաուի» հուշամրցաշարում: Ըմբշամարտի Գրան Պրիի մրցաշարերի շարքին դասվող այս ստուգատեսին մասնակցում էին 22 երկրի ուժեղագույն ըմբիշներ: Այստեղ ևս, ինչպես Օլիմպիայում էր, Միհրանը շատ վստահ սկսեց մրցելույթը: 66 կգ քաշային կարգի մրցաշարում հանդես էր գալիս 12 ըմբիշ:

Հարությունյանը 1/8-րդ փուլում 10:0 առավելության հասավ Հնդկաստանը ներկայացնող Սանդիպ Յադանի, իսկ քառորդ եզրափակչում էլ 6:2 հաշվով Թուրքիայի պատվիրակ Աթական Յուկսելի նկատամաբ: Կիսաեզարփարկչում Հարությունյանին սկզբունքային մրցամարտ էր սպասվում Եվրոպայի այս տարվա չեմպիոն ռուսաստանցի Ադամ Կուրակի հետ:

Վերջինս, ի դեպ, մինչ այդ պայքարից դուրս էր մղել աշխարհի գործող չեմպիոնին: Միհրանը արժանի մրցակցություն ծավալեց Եվրոպայի գործող չեմպիոնի հետ գոտեմարտում ու միայն ոչ օբյեկտիվ ու անարդար մրցավարության պատճառով մրցակցին զիջեց 8:9 հաշվով: Նա հետագայում էլ հրաժավելով 3-րդ տեղի համար գոտեմարտից գրավեց 5-րդ տեղը: Իսկ մրցավարների անմիջիական օգնությամբ եզրափակիչ հասած Կուրակը հաղթեց նաև իսպանցի Իսմայիլ Նավարոյին և 66 կգ քաշային կարգում ճանաչվեց լավագույնը:

Նշենք, որ 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանի վերջին տարիների մշտական գլխավոր մրցակից, 2012 թ օլմպիական խաղերի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովը, ով վերջերս անհաջողության էր մատնվել Ռուսաստանի առաջնությունում, այստեղ վերականգնեց իր հեղինակությունն ու եզրափակչում հաղթանակ տոնեց 2013 թ աշխարհի չեմպիոն կորեացի Կիմ Հուն Վուի նկատմամբ, ում, ի դեպ, աշխարհի առաջնության եզրափակչում զիջել էր: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի ընտրանին այս հուշամրցաշարում 8 քաշային կարգերի մրցապայքարում նվաճեց 4 ոսկե, 1արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն

Tags: ,