Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է պաշտոնական հետաքննություն սկսել՝ պարզելու համար, թե ինչու իր երկիրը ոչ մի միավոր չի տվել Ռուսաստանին մայիսի 18-ին կայացած “Եվրատեսիլ 2013” համաեվրոպական երգի մրցույթի ժամանակ, հաղորդում է ադրբեջանական “Vesti.az” կայքը։
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն պարզաբանել է, որ նախագահ Ալիևի հրամանով տեղի է ունենում ձայների վերահաշվարկ։ Դեսպանն ընդգծել է, որ քվեարկությանը մասնակցած ադրբեջանցիների մեծ մասն իրականում աջակցել է հենց Ռուսաստանին։
“Ներկայում տեղի է ունենում ձայների վերահաշվարկ: Ըստ իմ ունեցած տեղեկության`Ադրբեջանում շատ շատերը իրենց ձայնը տվել են Ռուսաստանի ներկայացուցչին: Քվեարկության իրական արդյունքների համաձայն՝ Ռուսաստանն Ադրբեջանից պետք է ստանար 10 միավոր”,-ասել է Բյուլբյուլօղլուն։
Հավելենք, որ մայիսի 14-18-ը Շվեդիայում տեղի ունեցած “Եվրատեսիլ 2013” մրցույթի ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչը`Դինա Գարիպովան, զբաղեցրել է 5-րդ տեղը: Ադրբեջանը Ռուսաստանի ներկայացուցչին ոչ մի միավոր չէր տվել, մինչդեռ Ռուսաստանը առավելագույն 12 միավորը տվել էր Ադրբեջանի ներկայացուցչին:
Tags: ադրբեջան
