Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են ծաղիկների համալրման, ծառերի բուժման, խոտհնձնի, ինչպես նաև ոռոգման աշխատանքները: Նշվել է նաև, որ վարչական շրջաններում ոռոգումը կազմակերպվում է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ակտիվացնել կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ տարվող աշխատանքները.
«Կանաչապատման գործընթացը պահանջում է մշտական հետևողականություն և խնամք, հետևաբար հսկողությունն այս ուղղությամբ ևս պետք է լինի անընդհատ: Այս տարի մենք ավելի քան 20 կմ ընդլայնեցինք ոռոգման ցանցը: Սա կարևոր ձեռքբերում է կանաչապատման աշխատանքների կազմակերպման տեսանկյունից և, ըստ այդմ, ենթադրվում է, որ մեծ ուշադրություն պետք է հատկացվի կանաչ տարածքների, մասնավորապես, սիզամարգերի ստեղծմանն ու պահպանմանը: Իրականացված աշխատանքներն առայժմ գոհացուցիչ չեն, և ցանկալի արդյունքի հասնելու համար եղեք ավելի խիստ և պահանջկոտ: Կանաչապատման ընկերությունների ղեկավարներից բացի, վարչական շրջանների պատասխանատուները նույնպես անելիքներ ունեն այս հարցում: Անձամբ պետք է լինել տեղերում և հետևել, թե ինչպես են կազմակերպվում աշխատանքները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Tags: Երևանի քաղաքապետարան, կանաչապատում, Տարոն Մարգարյան