Արդեն մեկ տարի է, որ Իրանի նախագահը Հասան Ռոհանին է: Այս ընթացքում Իրանում կատարվել են աննախադեպ տեղաշարժեր: Հակառակ տարածված այն կարծիքին, որ Իրանի նախագահը սահմանափակ հնարավորություններ ունի երկրի արտաքին քաղաքականությունում որոշումներ կայացնելու գործում, Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Հասան Ռոհանիին տվել է լիակատար իրավասություն, որպեսզի նա, միջուկային ծրագրի իրականացման հարցի հետ կապված, բանակցություններ վարի ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:
Ռոհանիի նախորդների օրոք նման բան չի եղել: Առաջին անգամ է, որ Իրանի նախագահին տրվել է լիարժեք ինքնուրույնություն` ռազմավարական կարևորություն ունեցող հարց կարգավորելու համար:
Դեռ անցյալ շաբաթ ամբողջ Իրանը սպասում էր միջուկային բանակցությունների հաջող ավարտին:
Իրանիցիները հոգնել են ամերիկացիների կողմից որոշումների կայացման ժամկետների պարբերաբար երկարաձգումներից:
2009-ին ԱՄՆ-ը սպառնում էր պատերազմ սկսել Իրանի դեմ, եթե վերջինս դադարեցնի միջուկային բանակցությունները: Նույն ձևով 2013-ին Վաշինգտոնը փորձում էր ձախողել նախագահական ընտրությունները: Այն ժամանակ Իրանը կրկին կանգնել էր պատերազմի վտանգի առջև:
Ըստ ԱՄՆ-ի դիրքորոշման, միջազգային հանրությունը սպառել էր իսլամական վարչակարգի վրա ազդելու բոլոր միջոցները: Հետևաբար, ամենաճիշտ տարբերակը համարվում էր Իրանի դեմ պատերազմ սկսելը:
Թեև այդ ժամանակ բանակցությունները վերսկվեցին, այդուհանդերձ Ամերիկան ետ չկանգնեց չկանգնեց իր մարտական տրամադրություններից: ԱՄՆ նախագահ Օբաման իր հերթին հայտարարել է, որ, ցավոք, ոչինչ չի վստահեցնում, որ Իրանը պատրաստ է կոնկրետ քայլեր կատարել և միայն ժամանակ է փորձում ձգել:
Այժմ էլ Թեհրանի կառուցողական քայլերը չեն գոհացնում Վաշինգտոնինին:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին համեմատում է Թեհրանի ներկայիս պարտավորությունները էլեկտրական անջատիչների հետ, որոնք այժմ թեև անջատված են, բայց եթե «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) չկատարի իր պարտավորությունները, ապա Իրանը կրկին դրանք կմիացնի: Խոսքն, առաջին հերթին վերաբերում է ուրանի մինչև 20 տոկոս հարստացման դադարեցմանը: Այս դիրքորոշումը բաժանում է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, որը աշխարհին ուղերձ հղելով ասել է, որ եթե հակառակ կողմը չկատարի իր պարտավորվածությունները, ապա Իրանը կարող է չեղյալ հայտարարել ժնևյան միջանկյալ համաձայնագիրը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտարարելով, որ Իրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել, խաչ է քաշել Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքների վրա:
Հնարավոր չէ չնկատել, որ իրանցի դիվանագետները մշտապես փորձում են փոխզիջման գնալ: Փոխարենն Իրանը ձգտում է պահպանել միջուկային ծրագրի մեծ մասը: Նշենք, որ խոսքը միայն փոխզիջման մասին է, այլ ոչ երբեք` ԱՄՆ-ին հանձնվելու:
Չպետք է մոռանալ, որ Իրանում կան կոշտ դիրքորոշման կոմնակիցներ, ովքեր դեմ են նախագահ Հասան Ռոհանիի կատարած ցանկացած զիջմանը: Մի շարք իրանցիներ դժգոհ են, որ պատժամիջոցների վերացումը դեռևս մասնակի է կատարվում:
Բացի այդ, ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականներ թշնամաբար են վերաբերվում Իրանին: Հանրապետականները և դեմոկրատները սպառնում են արգելափակել ցանկացած հնարավոր համաձայնություն, որն Իրանին թույլ կտա ուրանը հարստացնող սարքավորումներն աշխատեցնել:
Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների ուշադիր հետևում են տարածաշրջանում Իրանի հակառակորդներ Իսրայելը և Սաուդյան Արաբիան, որոնք թերահավատորեն են մոտենում ցանկացած այնպիսի գործարքի կատարմանը, որն Իրանին թույլ կտա խուսափել միջազգային ճնշումներից:
Մնում է սպասել մինչև նոյեմբերի 24-ը և պարզել` արդյոք ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունները կավարտվե՞ն, թե՞ հերթական անգամ կերկարաձգվեն:
Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ
Tags: իրան, Հասան Ռոհանի, միջուկային բանակցություններ
