Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպն ուներ կենցաղային հիմք. փորձագետ

Ջոնի Մելիքյան«Վերջին տվյալների համաձայն Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը եղել է իրար չհասկանալու հողի վրա», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետ Ջոնի Մելիքյանը` ընդգծելով, որ դա սկզբում կենցաղային հիմք ուներ, սակայն հետագայում ազգամիջյան կոնֆլիկտի երանգ է ստացել:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում իրականացվել էր ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:

Այս միջադեպը մեծ արձագանք ստացավ Հայաստանում, հարցը բարձրացրին բազմաթիվ լրատվամիջոցներ: Սակայն վերջին օրերին քննարկման ակտիվությունը նվազել է. «Սա նորություն չէ երկու երկրների հարաբերություններում: Նման միջադեպեր վերջին 25 տարիների ընթացքում եղել են: Մի քանի քաղաքական ուժերի կողմից տեղեկատվական հոսք է կատարվում որոշակի օգուտներ քաղելու համար, և երբ արդեն անհրաժեշտություն չի լինում, վրացական ԶԼՄ-ում նվազում են հակահայկական հրապարակումները»,- ասաց փորձագետը:

Քննարկմանը տեսակապով մասնակցող փորձագետ Արսեն Խառատյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ներկայումս Թբիլիսիում հայ համայնքի զանգվածային բոլոր միջոցառումներն անցկացվում են միայն Սուրբ Էջմիածին եկեղեցում, քանի որ հայկական թատրոնը և Սուրբ Գրիգոր եկեղեցին վերանորոգվում են։ ըստ նրա`  բնական է, որ եկեղեցու հարևանությամբ ապրողները դժգոհում են, երբ եկեղեցում հազարավոր մարդիկ են հավաքվում։ «Եթե Թբիլիսիի քաղաքապետարանն արագացնի թատրոնի և երկրորդ եկեղեցու վերանորոգման աշխատանքները, նման իրավիճակներից հնարավոր կլինի խուսափել», – նշեց նա։

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գեորգի Գվիմրաձեի խոսքով` չպետք է տարանջատել միայն հայկական էթնիկական խումբը. «Վրաստանում կա ծայրահեղականների մի խումբ, որը նման վերաբերմունք ունի հայերի, մուսուլմանների և ազգային այլ փոքրամասնությունների նկատմամբ», -ասաց նա:
Անկախ

Tags: , ,