Հայաստանում հեպատիտի բուժումն այնքան թանկ է, որ մարդիկ գերադասում են հիվանդ ապրել

հեպատիտներ«Հայաստանը` վիրուսային հեպատիտների տարածվածության առումով միջին մակարդակում է. մեր ազգաբնակչության շրջանում հեպատիտ  B-ն կազմում է մինչև 2%, իսկ հեպատիտ C-ն` մինչև 4%», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական լյարդաբանական ասոցացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը` նշելով, որ սա մեծ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:

Բուժման  համար պետությունը գումար չի հատկացնում: Հանդիպմանը ներկա Արթուր Մանվելյանը և Թորգոմ Բադալյանը, որոնց մոտ հայտնաբերվել է վերոնշյալ հիվանդությունը, նշեցին, որ Հայաստանում հեպատիտի բուժումը և հետազոտությունները ֆինանսական առումով մատչելի չեն:  Հեպատիտ C-ի դեպքում միայն հակամարմինների նկատմամբ հետազոտությունը արժե 12500 դրամ: Արթուր Մանվելյանը նշեց, որ  Հայաստանում առկա է բուժում ապահովող դեղամիջոցը, սակայն այն այնքան թանկարժեք է, որ նա գերադասում է ապրել  այդ հիվանդությամբ:

Նրանց կարծիքը հաստատեց «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանը, ով նշեց, որ մասնագետները փաստում են ` հեպատիտ C-ն բավականին տարածված է, սակայն դեռևս ոչ մի փոփոխություն ոլորտում չի նկատվել. «Ոչ մի կոնկերտ թվեր չկան, եթե խոսում ենք 4 տոկոս տարածվածության մասին, նշանակում է 115000-ի կարգի հեպատիտով ապրող մարդիկ կան, իսկ ինչքանն ունեն բուժման կարիք, պարզ չէ», – ասաց նա:

Ոլորտում անհրաժեշտ և անհետաձգելի փոփոխությունների հարցը բարձրացնելու համար հուլիսի 29-ին ՁԻԱՀ-ի ջատագովության և հետազոտության խմբի անդամ կազմակերպությունները և աջակիցները  Առողջապահության նախարարության դիմաց իրականացրին ակցիա` «Կրկին մտածիր» խորագրով, նվիրված  Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան: Հանդիպման ժամանակ Անահիտ Հարությունյանը տեղեկացրեց, որ  ակցիայի մասնակիցներին հաջողվել է  նամակ հանձնել Առողջապահության փոխնախարարին:

 

Անկախ

 

Tags: , , ,