ԱՄՆ արտգործնախարար Ջոն Քերին հրապարակել է կրոնական ազատության վերաբերյալ տարեկան միջազգային զեկույցը: Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է պաշտպանելու համար սպառնալիքի և ճնշման տակ ապրող կրոնական փոքրամասնություններին: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայում տիրող դրությանը: Նշված է, որ Թուրքիայում սահմանադրությամբ և օրենքնեով հիմնականում պաշտպանված է քաղաքացիների կրոնական ազատությունը, այնուհանդերձ որոշ հարցերում գոյություն ունեն սահմանափակումներ: Մասնավորապես մատնանշվում է 40 տարի շարունակ փակ մնացած հունական կրոնական դպրոցի բացման հարցը, որում ոչ մի առաջընթաց չի գրանցվել:
Զեկույցում նշվում են նաև կրոնական որոշ խմբերին պաշտոնապես չգրանցելու (խոսքը ալևիների մասին է), փոքրամասնությունների` հող գնելու և կրթություն ստանալու իրավունքի սահմանափակման խնդիրների մասին: Ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ Թուրքիայում գնալով աճում են հակահրեական տրամադրությունները, ինչի մասին են վկայում քաղաքական գործիչների հայտարարություններն ու իշխանամետ մամուլի հրապարակումները:
Tags: կրոնական փոքրամասնություններ