Խորհրդարանում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով երեկ վարչապետի հնչեցրած կարծիքին, թե կառավարության այս ծրագիրը վերջին քսան տարիների ամենակոնկրետ և հստակ ծրագիրն է, ասաց. “Ակամայից հիշեցի, որ նման գեղեցիկ խոսքեր հնչում էին նաև 2008-ին: Աշխարհացունց կենտրոնների մասին էր բարձրաձայնվում: Ի՞նչ եղան այդ կենտրոնները: Նշանակում է՝ իրատեսական չի եղել, խափել եք հասարակությունը”,-ասաց նա:
Վարչապետը տեղից հիշեցրեց. “Էն ժամանակ միասին էինք, պարոն Մինասյան”:
“Կապ չունի, որ իրար հետ էինք”-արձագանքեց դաշնակցական պատգամավորը,-տարբերությունն այն է, որ երբ միասին էինք, սխալների հավանականությունը ձեր կողմից ավելի քիչ էր, իսկ հիմա՝ շատ է”
“Փաստորեն, լավին տեր եք, վատին տեր չեք”,-նկատեց Հովիկ Աբրահամյանը:
Արծվիկ Մինասյանը, շարունակելով ելույթը, դեմագոգիա համարեց ծրագրում նշված դրույթներից մեկը, որ օրինակ, ընդդիմութան պատասխանատու մասնակցությամբ պետք է իրականացնել հակակոռուպցիոն քաղաքականություն: “Մենք ասել ենք, տվեք այդ մարմնի ղեկավարումը ընդդիմությանը, բայց եթե չեք տալիս, ապա սա դեմագոգիա է”,-ասաց Մինասյանը,-կամ խոսում եք քաղավիացիայի ոլորտի մասին, բայց ծրագրում ազգային ավիափոխադրողի մասին որևէ խոսք չկա: Դուք տանում եք ծայրահեղ լիբերալ քաղաքականություն, որը Հայաստանի կործանման ճանապարհն է”:
Գյուղատնտեսության ոլորտում, ըստ նրա, նույնպես համակարգային փոփոխություններ չկան: Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, ապա պատգամավորը կարծում է, որ մարդկանց բիոզուգարաններով գրավել հնարավոր չէ. “Ինչքան ուզում եք գրավեք, մեկ է՝ ժողովուրդն աշխատանք չունի”:
Արծվիկ Մինասյանը նաև հայտարարեց, որ այս ծրագրով հնարավոր չէ լուծել նաև աղքատների և գործազուրկների հարցը, քանի որ “Հայաստանում ոչ աղքատ կա, ոչ էլ գործազուրկ, բոլորը հեռացել են, մի մասն էլ մեռել է”:
Նա ասաց, որ եթե երկրում առկա խնդիրները չլուծվեն, ապա գործող իշխանությունը կլինի երկրի պետականության կորստի մեղավորը: “Եվ ամենավատ բանը, որ իշխանության մեջ շատացել է, պետականամետ մտածողությւունից զուրկ մարդկանց թիվն է, որը գնալով մեծանում է,-շարունակեց պատգամավորը,-եթե չեք կարող դրանց դեմ պայքարել, ապա ազնիվ եղեք և հրաժարական տվեք: Եթե ոչ դա եք անում, ոչ մյուսը, կներեք, բայց ձեր ծրագիրը դեմագոգիա է”,-հայտարարեց նա:
