ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները և աջակցության համակարգի ձևավորման և կիրառման հետ կապված հարաբերությունները:
Դեռևս 2000 թվականին Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչված այս ոլորտը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում: 2008-2012թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է մոտ 23 տոկոս միջին տարեկան աճ:
Մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մրցունակությունը բարձրացնելու նպատակով են մշակվել սույն օրենքի, ինչպես նաև «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը: Նախատեսվում է ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես, հավաստագրված կազմակերպությունների համար՝ շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում, ինչը էապես կնպաստի նոր ընկերությունների ձևավորմանը, աշխատատեղերի ավելացմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է օրենքի նախագիծը ներկայացնել լրատվամիջոցներին, որպեսզի ՏՏ ոլորտի աշխատողները մանրամասն ծանոթանան փաստաթղթին, մանավանդ, որ գաղափարը ծնվել է անցած տարվա դեկտեմբերին, երբ Դիլիջանում կայացած համաժողովում քննարկվում էր ինովացիոն զարգացումների թեման: «Այն ժամանակ, երբ մենք այս գաղափարը հնչեցրինք՝ խոստացանք, որ կարճ ժամանակահատվածում կպատրաստենք օրենքի նախագիծ և այն կներկայացնենք հանրության դատին, – հավելել է վարչապետը: – Ուզում եմ շեշտել, որ այս խնդիրը քննարկվել է նաև ՀՀ նախագահի մոտ և արժանացել նախագահի հավանությանը, քանի որ այս որոշումն ունի քաղաքական բովանդակություն: ՏՏ ոլորտն այս պահին իր զարգացվածությամբ հասել է մի այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի Հայաստանը հստակորեն ՏՏ համաշխարհային քարտեզի վրա իր առանձնահատկությամբ, հարաբերական առավելությամբ գրավի իր հատուկ տեղը: Այս օրենքի նախագիծը, մեր կարծիքով, այդպիսի նախադրյալներ ստեղծում է նաև այլ գործիքակազմի հետ միասին: Մասնավորապես, ցանկանում եմ հիշատակել Վենչուրային հիմնադրամը, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ ստեղծելու են մասնավոր ընկերությունները: Այդ հիմնադրամի միջոցները նույնպես կարող են ուղղվել Start-up բիզնեսների ֆինանսավորմանը: Այն, որ մենք այսօր բացառիկ հնարավորություն ենք ստեղծում ոլորտի համար, ազատելով բոլոր տեսակի հարկերից՝ թողնելով միայն 10 տոկոսով ամրագրված եկամտահարկ, ազատելով շահութարկից, լրջագույն խթան է լինելու Start-up-երի համար և այս ոլորտում, կարծում եմ, կապահովի նոր առաջընթաց: Նաև համաձայն եմ այն առաջարկի հետ, որ օրենքի նախագիծը մենք համարենք անհետաձգելի, քանի որ այն սպասված է նաև ՏՏ ոլորտի կողմից»:
ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել են առևտրական և արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի՝ ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչև 1.5 տոկոս: Քննարկելով նախաձեռնությունը, գործադիրն առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ առաջիկայում ԱԺ քննարկմանը օրենսդրական փոփոխությունների իր փաթեթը ներկայացնելուց հետո: Կառավարությունը հանգամանորեն հիմնավորել է սույն եզրակացությունը: «Փոքր և միջին ձեռնարկությունների հարկման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ մեզ առաջարկություններ է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, – հարցի վերաբերյալ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Ազգային Ժողովում առաջարկություններ են հնչեցրել նաև ընդդիմադիր քաղաքական գործիչները, ում նույնպես պետք է այս քննարկմանը մասնակից դարձնել, որպեսզի մեր ընդունած տարբերակը ընդունելի լինի ոչ միայն կառավարության, այլև առաջին հերթին փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև այն կուսակցությունների համար, որոնք նույնպես տվյալ ոլորտի վերաբերյալ նախաձեռնություններ ունեն»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Tag Archives: կառավարության նիստ
Բազմաբնակարան շենքեր կկառուցվեն վթարային շենքերի բնակիչների համար
Գործադիրն իր այսօրվա նիստում Երևանի քաղաքապետարանի առաջարկով փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում էր Փավստոս Բուզանդի փողոցին հարող մոտ 400 քմ մակերեսով տարածքի կառուցապատմանը: «Մ.Ս.Գ. գրուպ» և «Հարմոնի ինթերնեյշընալ» ՍՊԸ-ները համագործակցելու պատրաստակամություն են հայտնել և պարտավորվել մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը՝ փոխելով դրա նշանակությունը: Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորել է նշված ընկերությունների հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր՝ «Հարմոնի ինթերնեյշընալ» ՍՊԸ-ն ճանաչելով նախկին պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների իրավահաջորդ: Հենց այս ընկերությանն էլ հնարավորություն կընձեռվի նշված տարածքում շարունակել և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը:
Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարաքային կառավարման նախարարությանը հատկացրել է 2 մլրդ դրամ, որով օժանդակություն կցուցաբերվի քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերմանը: Այժմ Երևանում հաշվառված են 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շուրջ 10 շենք ու հանրակացարան, որոնց ավելի քան 400 ընտանիքի վերաբնակեցման համար անհրաժեշտ է շուտափույթ կառուցել նոր բազմաբնակարան շենքեր: Քաղաքապետարանը նախատեսում է արդեն այս տարի սկսել դրանցից 4-ի շինարարությունը, որի արդյունքում հնարավոր կլինի ձեռք բերել և որպես փոխհատուցում տրամադրել 470 բնակարան և 500 քմ ոչ բնակելի տարածք:
Ներդրումների ներգրավումը կառավարության առաջնահերթություններից է
Այսօր տեղի է ունեցել Կառավարության նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը որոշել է «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017թ. մարտի 1-ը: Գործարանը հիմնադրվել է 2008 թվականին: 2010-ից սկսած արտադրում է գինի, որը բացի ներքին շուկայից նաև արտահանվում է:Հիմնադրման օրվանից մինչև օրս ընկերությունում կատարվել է մոտ 10 մլրդ դրամ ներդրում: Այժմ «Արմենիա վայնը» կառուցում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրամաս, որի սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ գումարի վճարումը կառավարության որոշմամբ հետաձգվել է երեք տարով: Ներդրումային նոր ծրագրով Արագածոտնի մարզում կառուցվում է կոնյակի արտադրամաս, որը լինելու է խաղողի վերամշակումից մինչև պատրաստի կոնյակի թողարկման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների մի ամբողջ համալիր: Կատարվելիք 2.57 մլրդ դրամի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի արտադրանքի ծավալը հասցնել տարեկան 4.7 մլրդ դրամի և ընդլայնել արտահանման ծավալը: Քսան նոր աշխատողների միջին աշխատավարձը կհասնի 188 հազար դրամի:
Կառավարության որոշմամբ «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղին թույլատրվել է երեք տարով երկարաձգել ներմուծված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Նշված բաժնետիրական ընկերությունը 2012թ. ճանաչվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթող և Հայաստան ներմուծել համապատասխան սարքավորումներ: Դրանց շահագործումը շարունակելու նպատակով ընդունվել է սույն որոշումը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանան առևտրի շրջանառությունը և մրցակցությունը, կնվազեն տրանսպորտային ծախսերը:
Գործադիրն իր որոշումներով հաստատել է իր նախկին երկու որոշման փոփոխությունները, որոնցից առաջինը վերաբերում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, մյուսը` օղու ներմուծման արտոնագրման կարգերին: Երկու դեպքում էլ նպատակը օրենսդրական բարեփոխումն է, տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվության շրջանակի նվազումը:
Օրենսդրորեն կարգավորվում են փոխադրամիջոցների գույքահարկի հարաբերությունները
Կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի տարընթերցումները
Վարչապետն առաջարկել է օրենքի փոփոխության հարցը քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» օրինագծին, «Հարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի հետ մեկ միասնական փաթեթով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: Նշված օրինագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2013թ. հաստատած «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից, ինչպես նաև Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրից: Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման, ինչպես նաև տեսչական հարկերի հետ կապված հարաբերություններն են:
Նիստում հավանություն է տրվել «Վերահսկիչ պալատի մասին» և «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ նշված օրենքները կհամապատասխանեցվեն ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներին, ինչպես նաև կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» գործող օրենքի տարընթերցումները:
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի դրույթները տարածել նաև իրավաբանական անձանց վրա: Կառավարությունն ընդհանուր առմամբ դեմ չէ առաջարկությանը, հատկապես որ միջազգային պրակտիկայում համանման փորձ արդեն կա: Սակայն նկատի առնելով եզրակացության մեջ շարադրված հանգամանքները, հեղինակին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ շահագրգիռ շրջանակներում քննարկելուց հետո` ելնելով դրա արդյունքներից: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ «անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել, քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է` առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի: Դա նշանակում է, որ այդ ամբողջ փուլը մենք պետք է անցնենք, առևտրային բանկերի հետ պետք է քննարկենք, ձեռնարկությունների հետ պետք է քննարկենք, որից հետո միայն այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք ԱԺ, չնայած, որ նախագծում նշված փաստարկների հետ մենք համաձայն ենք»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Սահմանվել է զոհված հերոսի ընտանիքի ամենամսյա պարգևավճարի չափը
Գործադիրը երեխայի ծննդյան միանվագ նպաստ է սահմանել, հաստատել խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը: Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի պարգևավճարի չափը սահմանվել է 250 հազար դրամ, զոհված` առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 150 հազար դրամ, երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 100 հազար դրամ: Որոշումը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նիստում բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով մասնագիտական ուսուցման դասընթացում ընդգրկվող գործազուրկին վճարվող կրթաթոշակի ամսական չափը սահմանվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը:
Կառավարությունը սահմանել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` առաջին երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն 500 հազար դրամ:
ՀՀ կառավարությունը հաստատել է խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որի համաձայն կիրականացվի օրենսդրության և գործելակերպի համապատասխանեցումը միջազգային և եվրոպական չափանիշներին: Ե՛վ Հայաստանում, և՛ մյուս երկրներում շուկայահանված հայկական արտադրանքը կլինի անվտանգ:
Կնորոգվեն Ստեփանավանի օդանավակայանի շենք-շինությունները և թռիչքուղին
Արտահանողներին սահմանված կարգով կվերադարձվի ավելացված արժեքի հարկը
Կբարձրանա անձնագրային ծառայությունների որակը
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գտնվող և տարբեր վայրերում տեղակայված երեք միավոր գույքային համալիրներն ամրացվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին: Ներգրավվելիք կառուցապատողները կնորոգեն և կպահպանեն նշված գույքը: Կնորոգվեն նաև նախարարության կառավարմանն հանձնված Ստեփանավանի օդանավակայանի շենք-շինությունները, թռիչքուղին, օդանավերի սպասարկման անգարը և այլն, կապահովվի հայ-ռուսական հումանիտար կենտրոնի գործունեությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում հանվել է կենտրոնական դեպոզիտարիումի և այլ ենթապահառուների կողմից պետական արժեթղթերի անվանատիրոջ հաշիվների վարման արգելքը:
Կառավարության որոշմամբ ՀՀ 2014թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4.5 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժվել է ս.թ. առաջին եռամսյակ` արտահանողներին օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ի վերադարձն ապահովելու նպատակով:
ՀՀ քաղաքացու անձնագիրը (կենսաչափական տվյալներով) և նույնականացման քարտը սեղմ ժամկետում` մեկ կամ երեք աշխատանքային օրում պատրաստել և քաղաքացուն հանձնել հնարավոր չէ մարզերում, ուստի նախկին համապատասխան որոշման լրացմամբ կառավարությունն այդ գործընթացի համար սահմանել է հինգ օր, ինչի արդյունքում էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող անձնագրային ծառայությունների որակը:
Նիստում հաստատվել է ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը:
Գործադիրն իր որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ինը տեղաբնակ բնակիչներին է նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:
Կանցկացվի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը
Կհրատարակվի Հովհ. Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմ, կստեղծվի «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՊՈԱԿ-ը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2014թ. ծրագրին և միջոցառումների ցանկին, սահմանել, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը փառատոնի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է: Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը, սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարին:
Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմի հրատարակման, «Դվին» հնավայրի պեղումների և պեղավայրի ամրակցման աշխատանքի իրականացման, ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանն աջակցելու նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 50 մլն դրամ:
Գործադիրը որոշել է ստեղծել «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՊՈԱԿ, սահմանել, որ դրա նպատակներն են երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, ազգային երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, դասական և ժամանակակից լավագույն երաժշտական ստեղծագործությունների կատարումը: ՊՈԱԿ-ին թույլատրվել է նաև իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները` երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրների ստեղծում և իրացում, հրատարակչական գործ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների նախաձեռնությամբ 2005թ. ստեղծված նվագախումբը անցած տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը և բարձրարվեստ համերգներով մեծ ճանաչում ձեռք բերել:
ՀՀ կառավարությունը սահմանել է հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչները և այդ միջոցառումները ճանաչելու և երաշխավորելու կարգը: «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի համաձայն այդ չափորոշիչներն ու կարգը կարող են ԱԱՀ-ից ազատման հիմք հանդիսանալ:
Արտոնագիր է տրվել Հայկական ատոմային էլեկտրակայանին
ՀՀ քաղաքացիները Մոլդովա կայցելեն առանց մուտքի վիզայի
Կառավարության որոշմամբ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր է տրվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին: Մեկ այլ որոշմամբ ատոմային էներգետիկայի բնագավառում արտոնագրի տրամադրման գործընթացը կենտրոնացվել է մեկ մարմնում` ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում:
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Թվային հեռուստատեսային հեռարձակումը կսկսվի 2015 թ. հունիսի 1-ին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Գործադիրը հաստատել է ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրի կատարման միջոցառումների ժամանակացույց հաստատելու որոշման փոփոխությունը, որի համաձայն ակնկալվում է 2015թ. հունիսի 1-ից ապահովել Եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակում:
Արարատյան դաշտում շարունակվում է ջրօգտագործման տեսչական ստուգումը, կառավարությունը խրախուսում է ներդրումային ծրագրերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը` ՀՀ վարչապետն անդրադարձել է Արարատյան դաշտի ջրօգտագործման ոլորտի տեսչական ստուգումներին, որոնց արդյունքում որոշ հարցադրումներ, բացահայտումներ են արձանագրվել: Խնդրի առնչությամբ պարզաբանում է տվել ՀՀ բնապահպանության նախարարը:
Արամ Հարությունյան. «Պարոն վարչապետ, վերջին օրերին իսկապես եղան մի շարք անհիմն, անհեթեթ մեկնաբանություններ: Ըստ էության, Արարատյան դաշտում մենք իրականացնում ենք ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ: Այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք, համայնքներում, մարզպետարաններում քննարկումներ ենք արել և ներկայացրել այն ծրագիրը, որն իրականացնելու ենք, ընդ որում նաև օրենսդրական և մնացած բոլոր առումներով: Ըստ էության այն խնդիրը, որ արծարծվել է կապված «Արարատցեմենտ» գործարանի հետ, չի համապատասխանում իրականությանը: Բնականաբար, ես պետք է հայտարարեմ, որ համաձայն «Արարատցեմենտ» գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին մեզ ներկայացված տեղեկության՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում: Բնականաբար, նաև ոռոգման սեզոնը դեռևս չի սկսվել, այդ իսկ պատճառով մենք թեստային անջատում ենք կատարել, կրկնում եմ, ցամաքուրդային համակարգից, որը նախատեսված է ջրային հորիզոնների իջեցման համար: Դրա արդյունքում մենք հայտնաբերել ենք մի շարք անօրինական ջրօգտագործողների, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսություններ: Եվ եթե համեմատենք այդտեղ եղած ջուրը և գործարանի արտադրական նպատակով օգտագործվող ջուրը, կարելի է 200-ապատիկով համեմատել, այսինքն` գործարանն արտադրական նպատակով վայրկյանում օգտագործում է ընդամենը 16 լիտր ջուր, մինչդեռ այստեղ այդ համակարգերով այս պահի դրությամբ շուրջ 1500-2000 խմ ջուր է հոսում: Այստեղից պետք է անել մեկ եզրակացություն, որ մեր գործողություններն ուղղակի տալիս են իրենց արդյունքները և իմաստ չունի անհարկի այս գործառույթները քաղաքականացնել»:
Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը:
Հիմնվում է հերթական ազատ տնտեսական գոտին
Ընդլայնվում են լոլիկի, վարունգի և հոլանդական վարդի ջերմոցային տնտեսությունները
Հիմք ընդունելով «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի կողմից մասնավոր նախաձեռնությամբ «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ տարածքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի եզրակացությունը, ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել ԱՏԳ` «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ տարածքում (Երևան, Կաշեգործների փ. 70), օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Գործադիրը հաստատել է ԱՏԳ տարածքի սահմանագիծը, ՓԲԸ-ի ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը: Այս որոշմամբ նախաձեռնվում է ոսկերչական, ակնագործական և ժամագործական ընկերությունների արդյունաբերական եզակի քլասթերի ստեղծումը մեր երկրում, ոլորտի ԱՏԳ հիմնումը և դրա գործունեության մեկնարկի թույլատրումը: «Այս ծրագրին դուք տեղյակ եք, հարգելի գործընկերներ, քանի որ մի քանի անգամ մենք լուսաբանել ենք այն, – հարցի վերաբերյալ ասել է Տիգրան Սարգսյանը: – Նաև հիշում եք, որ Երևանում տեղի ունեցավ համաշխարհային ոսկերիչների մեծ համագումար, որի ժամանակ էլ այս հարցը քննարկվեց: Կարող ենք ասել, որ նախաձեռնությունը գալիս է մասնավոր հատվածից, և բավական երկար նախապատրաստվել ենք այս աշխատանքին: Ունենք լուրջ ներուժ: Այս ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալու նաև, որպեսզի ամբողջ աշխարհից հայերը, որոնք զբաղվում են ոսկերչությամբ, Հայաստանում բացեն իրենց ձեռնարկությունները: Դրանք, իհարկե, կլինեն փոքր ձեռնարկություններ, բայց, ինչպես նախարարը նշեց, ենթադրվում է, որ կստեղծվի հազարից ավելի աշխատատեղ, իսկ դա նշանակում է, որ աշխատուժի նկատմամբ լինելու է մեծ պահանջարկ»:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. փետրվարի 25-ը: Ընկերությունը, որը զբաղվում է հոլանդական բարձրակարգ վարդերի աճեցմամբ և իրացմամբ, արդեն հաջողությամբ իրականացրել է ներդրումային երկու ծրագիր: Այս ծրագրով 3 հեկտարով ընդլայնվելու է գործող ջերմոցային տնտեսությունը, ստեղծվելու են նոր աշխատատեղեր:
ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու որոշում է կայացվել «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող ապրանքների վերաբերյալ: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ. և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում կառուցում է ջերմոցային տնտեսություն, որը հոլանդական տեխնոլոգիայով տարեկան արտադրելու է շուրջ 700 մլն դրամի լոլիկ և վարունգ:
Անկողնային խնամք ստացող անձանց պայմանները կբարելավվեն
Պայքար կմղվի այգիների վնասատուների դեմ
Տարածք է տրամադրվում երկրապահ կամավորականների միությանը
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ թույլատրել է սկսել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի նախահաշվային փաստաթղթերի մշակումը և բացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվը: Նոր մասնաշենքի կառուցման նպատակով Քուվեյթի Պետությունը տրամադրում է մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով նվիրաբերություն: Շինարարությունը պետք է սկսվի ս.թ.ապրիլին և տևելու է մեկ տարի: Նոր մասնաշենքը կկոչվի Քուվեյթի Պետության անունով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2013թ. իրականացրած ուսումնասիրությամբ Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայ համայնքների խաղողի 0.77 հա այգետարածքում հայտնաբերված որդալվիճի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար գործադիրը հատկացրել է մոտ 8 մլն դրամ:
Գործադիրը որոշել է կառավարության ավելի վաղ ընդունած «Գույք օտարելու մասին» որոշմամբ գույքի վաճառքից առաջացած գումարը որպես ընթացիկ դրամաշնորհ տալ «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին` նպատակ ունենալով բարելավել ընկերության ֆինանսական վիճակը:
ՀՀ կառավարությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել կազմակերպության կողմից իրականացվող ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված գործունեությունը:
Նպատակը հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացումն է
Ֆինանսական աջակցություն կստանան ջրօգտագործողների ընկերությունները
Թվային հեռուստատեսային հեռարձակումը կսկսվի 2015 թ. հունիսի 1-ին
ՀՀ կառավարությունը հաստատել է `
-ՀՀ առողջապահության նախարարության տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվները,
-բնապահպանական ծրագրերի մշակման կամ նախագծման կարգը,
-Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը,
-ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2014թ. համալիր ծրագիրը, որով նախատեսվում է զգալիորեն բարելավել հաճախորդների սպասարկման որակը, պարզեցնել ընթացակարգերը, կրճատել դիմումների սպասարկման ժամանակը,
-ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2014 թ. ծրագիրը, 2014 թ ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները,
-ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրի կատարման միջոցառումների ժամանակացույց հաստատելու որոշման փոփոխությունը, որի համաձայն ակնկալվում է 2015թ. հունիսի 1-ից ապահովել Եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակում:
ՀՀ կառավարությունը սահմանել է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման որոշման լրացումները, որոնցով կապահովվի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը:
Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության երկրների օրենսդրությունը
Կներդրվեն սահմանների կառավարման եվրոպական չափանիշներ
Կառավարության որոշմամբ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման իրավասու մարմին է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Գործադիրը հավանություն է տվել «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշեն և Սադախլո պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագրին, որի նպատակն է ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված են միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, մարդկանց միջսահմանային շարժի ակտիվացմանը:
Կառավարությունը Բելառուսի Հանրապետությանը թույլատրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեփականատիրոջից սեփականության իրավունքով ձեռք բերել 0,3747 հա հողամաս` դեսպանության տեղակայման համար:
Օրենսդրական փոփոխության նախագիծը կընդունվի կառավարության առաջարկներն ընդունելու դեպքում
Նպաստի խնդրին կարելի է անդրադառնալ 2015թ. պետբյուջեի քննարկման ժամանակ
Նիստում քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվում, եթե երեխան մահացած է ծնվել: Նկատի առնելով, որ երբեմն կենսաբանորեն բարդ է սահմանազատել` երեխան մահացած է ծնվել, թե մահացել է ծնվելուց անմիջապես հետո, նախագծով առաջարկվում է հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Սկզբունքորեն ընդունելով արծարծված խնդրի կարգավորման անհրաժեշտությունը` գործադիրն անհրաժեշտ է համարում միանվագ նպաստի նշանակման և վճարման առանձնահատկությունները քննարկել և հստակեցնել նախագծի հեղինակների հետ:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում ՀՀ 2015թ. պետբյուջեում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ սահմանելու համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի 15.8 մլրդ դրամ: Գործադիրը նախագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ԱԺ մի խումբ պատգամավորներին առաջարկել է օրինագծին անդրադառնալ ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Սահմանվում են Մաքսային միությանն անդամակցելու ժամանակ անհրաժեշտ պետական կառավարման մարմինների լիազորությունները
Կարգավորվում են ԱՊՀ երկրների մաքսային հարաբերությունները
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նշված համակարգի ազգային սեգմենտի ստեղծման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ կառավարության աշխատակազմը: Նույն որոշման հաջորդ կետերով մաքսային ծառայությունների տեղեկատվական փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան տեղեկատվական համակարգի ստեղծման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի ՀՀ պետական բաղադրիչի օպերատոր` «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն: Էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցություն իրականացող պետական կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Մեկ այլ որոշմամբ Մաքսային միության անդամ պետությունների հետ էլեկտրաէներգիայի ոլորտում բնական մենաշնորհների ծառայությունների հասանելիության ապահովման համար ՀՀ լիազոր կազմակերպություն է ճանաչվել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն:
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ միացման սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների ոլորտներում ճանապարհային քարտեզի մի շարք կետերի կատարումն ապահովելու նպատակով գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությանը հատկացրել է 4 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ԱՊՀ մասնակից պետությունների «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթուղթը սահմանում է ՀՀ և ԱՊՀ մասնակից մյուս պետությունների մաքսային մարմինների համագործակցության և փոխօգնության ձևաչափը:
3500 բնակարան չունեցող պետական ծառայողներից պետության աջակցությամբ բնակարան կգնեն 1000-ը
Այսօր կառավարության նիստում իբրև երրորդ հարց կառավարության ղեկավարը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկը: «Հիշում եք, մենք միասին բավական երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ, – ասել է Տիգրան Սարգսյանը: -Այդ նախապատրաստական աշխատանքները մենք հասցրել ենք ավարտին և այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը: Այս պահի դրությամբ 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին և մեր օրակարգում, պարոն Գաբրիելյան, առաջարկում եմ ներառել այդ հարցը և այդ ծրագիրը մանրամասն ներկայացնել, որպեսզի Երևան քաղաքում կարողանանք կարճ ժամանակում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր և մեր աշխատողներին ապահովել բնակարանով, նաև դրան կցելով հիփոթեքային ապահովվածությունը: Կարծում եմ, որ սա կարևոր ազդակ կլինի պետական ծառայողներին»:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագրին, որին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. մարտի 10-ը էլեկտրոնային կամ փաստաթղթային տարբերակով առաջարկ պետք է ներկայացնեն Կառավարական տուն 1 հասցեով: Հարցի քննարկումն ամփոփել է կառավարության ղեկավարը` նշելով, որ եթե վճարունակ պահանջարկն ավելանա, ապա կարվի ծրագրի երկրորդ փուլը: «Մեկ քառակուսի մետրի առավելագույն գինը կլինի 300 հազար դրամ, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիպոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար, – մանրամասնել է վարչապետը: – Հանձնաժողովի նախագահը կլինի Վաչե Գաբրիելյանը, ում պետական ծառայողները կարող են դիմել բոլոր հարցերով: Սկսում ենք 1000 բնակարանով ծրագրից, եթե տեսնենք, որ հետաքրքրությունը մեծ է, կանենք երկրորդ քայլը»: