Վարչապետն ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարին

11454_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ և´ քաղաքական, և´ տնտեսական համագործակցության զարգացմանը: Համոզված եմ, որ նման մակարդակի այցերը նպաստում են մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն առաջինն է Օտտավայում հիմնել իր դեսպանությունը՝ կարևորելով երկկողմ կապերի զարգացումը», – ողջունելով հյուրերին ընդգծել է երկրի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ջեյսոն Քեննիին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած անձնական մեծ ներդրման համար և հրավիրել հաջորդ տարի մասնակցելու այդ առիթով Երևանում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին:
Պարոն Քեննին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Կանադայի հայ համայնքի դերը երկրի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման և ապրանքաշրջանառության ծավալի աճի ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարության կարևորագույն առաջնահերթությունը տնտեսության զարգացումն է, և գործադիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հեռանկարների, տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև միջազգային զարգացումների վերաբերյալ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է ակադեմիկոս Սեն Արևշատյանի հարազատներին

Սեն Արևշատյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքի անդամներին և հարազատներին:
«Սեն Արևշատյանը մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից և մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Նա նշանակալի ներդրում է ունեցել հայագիտության և հին ու միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության գործում: Քառորդ դար ղեկավարելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ նա մեծ ավանդ է ներդրել հայ ժողովրդի համար այդ կարևորագույն գիտական ու մշակութային հաստատության զարգացման գործում», – ասված է ՀՀ վարչապետի ցավակցական խոսքում:

ՀՀ վարչապետ. Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը պետք է կայանա ի շահ մեր պետության

Hovik-Abrahamyan1Դիլիջան կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Անդրադառնալով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի վաճառքին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը նշել է. «Որոտանի ՀԷԿ-ը չօտարելու նպատակ մենք չունենք: Նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության ու տնտեսության և պահպանվեն օրենքի բոլոր կետերը: Իհարկե, կան թերություններ և կետեր, որոնք ընդունելի չեն, օրինակ, շահութաբերության սանդղակը շատ բարձր է՝ 23.5 տոկոս, որին ես սկզբունքորեն դեմ եմ: Չի կարող լինել այնպիսի մի գործարք, որի դեպքում ապագա գնորդը 23.5 տոկոս շահութաբերություն ունենա: Մեր երկրում այդպիսի գործարք չի եղել, և այժմ աշխատում ենք այդ կարևոր փաստի վրա: Մենք կարևորում ենք ամերիկյան խոշոր ընկերության կողմից 180 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումը մեր տնտեսությունում: Ինչ վերաբերում է ընկերության նկատմամբ վստահությանը, ապա ես որևէ մութ բան չեմ տեսնում, քանի որ մենք արդեն 2-3 ամիս թափանցիկ աշխատում ենք: Որևէ ճնշում կամ ազդեցություն չկա: Լուրեր են շրջանառվում նաև, որ գործարքն ուզում ենք անվավեր համարել և օտարել ռուսական որևէ կազմակերպության: Եթե այն անվավեր լինի, քանի դեռ վարչապետ եմ, դեմ եմ լինելու Որոտանի ՀԷԿ-ը որևէ այլ երկրի գործարարին օտարելուն: Մենք առաջարկել ենք ամերիկյան կողմին մեր մոտեցումները, սկզբունքորեն այն բոլոր կետերը, որոնց հետ համաձայն չենք: Իրենք կտան կարծիք. եթե կհամաձայնվեն՝ լավ, եթե ոչ՝ գործարքը չի կայանա և չենք օտարի Որոտանի ՀԷԿ-ը»:
ՀՀ կառավարության երեկվա նիստում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վերաբերյալ ընդունված որոշման կապակցությամբ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Այնտեղ կա կուտակված պարտք, և մեզ անհրաժեշտ է 3-4 օր քննարկելու և որոշում կայացնելու համար: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր գործընթաց ունենա իր իրական պատկերը: Որևէ խոչընդոտ չեմ տեսնում, կաշկանդվածություն չկա, և եթե կան մարդիկ, ովքեր մեղավոր են եղել այդ իրադարձություններում, պատասխան են տալու»: 
Վարչապետը խոսել է նաև ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ ընդգծելով. «Հայաստանի քաղաքացու բարեկեցությունն ուղղակիորեն կախված է մեր տնտեսության զարգացումից, ինչից էլ կածանցվեն մեր հաջողությունները բոլոր բնագավառներում»:

 

Անկախ

Վարչապետն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց

unnamed8-320x228Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի և ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կառավարության ղեկավարը նախ դիտակետից հետևել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին, ապա եղել շինհրապարակում, շրջել արդեն կառուցված մասնաշենքերում: Դպրոցի տնօրեն Ջոն Պադըֆութը Հովիկ Աբրահամյանին մանրակրկիտ տեղեկատվություն է ներկայացրել կատարված աշխատանքների և հետագա անելիքների վերաբերյալ: Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետը կարևորել է միջազգային այս դպրոցի գործունեությունը՝ նշելով. «Կառավարությունը հնարավորինս կաջակցի այս ծրագրի իրականացմանը, և մենք սատարելու ենք յուրաքանչյուր նման նախաձեռնության: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին, կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին»:
Դիլիջանի միջազգային դպրոցն իրենից ներկայացնում է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծախսով բարեգործական նախագիծ, որի իրականացմանն աջակցել է ՀՀ կառավարությունը. 2013 թ. հունիսի 19-ին Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կառավարության հեղինակած՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն իրականացվելու է երկու փուլով՝ 110 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2014 թ.) և 80 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2017 թ.): Շինարարական աշխատանքներում ներգրավված է շուրջ 800 մարդ՝ 60-ը վարչական պաշտոններում և 740-ը՝ բուն շինաշխատանքներում, ինչպես նաև ավելի քան 20 տեղական կազմակերպություն: Կրթահամալիրի տարածքը կազմում է 88 հա՝ Դիլիջանի ազգային պարկի հարևանությամբ:
Ծրագիրը միտված է նաև բարելավելու Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը` նպաստելով գործազրկության կրճատմանը, սոցիալական ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջության զարգացմանը, Դիլիջանի ենթակառուցվածքների արդիականացմանը և բնապահպանական կայուն զարգացմանը:
Քոլեջը 16-18 տարեկան առաջին աշակերտներին կընդունի 2014 թ. օգոստոսին։ Նախատեսվում է, որ սաների թիվը 2023 թ. կհասնի առավելագույնը 650-ի: Ուսման վարձը լինելու է 30.000 ԱՄՆ դոլար, սակայն աշակերտների 90 տոկոսը սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Դպրոցի շահագործման արդյունքում ընթացիկ ծախսը տարեկան կկազմի ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 110 մշտական աշխատատեղ (82 ուսուցիչ, շուրջ 30 վարչական աշխատակից): Ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից բացի, համալիրն ունի նաև փակ լողավազան, մարզահրապարակներ, բեմարվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների և բժշկական կենտրոններ:
2013 թ. հոկտեմբերից Դիլիջանի միջազգային դպրոցն անդամակցում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» (United World Colleges-UWC) կրթական ցանցին և ստացել «UWC Dilijan» անվանումը (14 քոլեջներից մեկն է): Այս տարի UWC համակարգում կարող է ուսանել ՀՀ 17 քաղաքացի` 10-ը «UWC Dilijan» միջազգային դպրոցում, 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում: Դպրոցն ստանալու է հավատարմագրում՝ Քեմբրիջի IGCSE՝ 14-16 և IB Diploma՝ 16-19 տարեկանների համար կրթական ծրագրերի համաձայն ուսուցում իրականացնելու համար, ինչը հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում: Դասավանդման լեզուն անգլերենն է լինելու, իսկ հայազգի քաղաքացիների համար հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր է լինելու:
2015 թ. Դիլիջանում իր գործունեությունը կսկսի ՀՀ ֆինանսների նախարարության՝ ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տան բազայի վրա կառուցվող ուսումնական կենտրոնը: Հանրապետության վարչապետն այցելել է նաև կենտրոնի շինհրապարակ, տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվել ընթացիկ և առաջիկա քայլերով:
Նախատեսվում է, որ վերակառուցման արդյունքում այս կառույցը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական կենտրոն: Այստեղ իրականացվելու են ֆինանսների նախարարության աշխատակիցների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման, տարածաշրջանային և միջազգային համաժողովների անցկացման, փորձի փոխանակման ծրագրեր: Փոփոխության են ենթարկվելու համալիրի արտաքին տեսքը, ճակատային հատվածը: Նոր համալիրը կունենա մարզահրապարակներ, մանկական կենտրոններ, համաժողովների, հանդիպումների համար նախատեսված դահլիճ, լողավազան, կինոսրահ, ռեստորան, ստորգետնյա ավտոկանգառ:

 

Անկախ

Գյումրեցիները եկել էին անձամբ Քրիստոսի մոտ

DSC00321Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ այցելեց ՙՄուշ 2/2՚ թաղամաս, խոսեց բնակիչների հետ: Վարչապետը Գյումրի էր ժամանել երկրաշարժից անօթևան մնացած 430 ընտանիքի բնակարանային ճակատագիրը քննարկելու և վերջնական լուծում գտնելու համար: Մինչ աշխատանքային խորհրդակցությունը, նորակառույց թաղամասում կառավարության ղեկավարը լսեց գյումրեցիների դժգոհություններն ու առաջարկները:

Գյումրու բնակչուհի Ֆենյա Սահակյանը նշեց, որ իր ընտանիքը ևս անօթևանների ցուցակներում՝ այդ 430-ի մեջ է, 26 տարի անցկացրել են տուն կոչված տնակներում, որոնք արդեն վաղուց շարքից դուրս են եկել: Այսօր էլ եկել էր վարչապետից վերջնական պատասխան ստանալու. ՙԱսում են՝ 100 սրբի դեմ գնալուն, մեկ անգամ Քրիստոսին դիմի. դիմենք իմանանք, վերջը ինչ պիտի լինի: Թող տուն տան, եթե չեն տա, էնքան գումար տան, որ ես առնեմ 6 հոգանոց ընտանիքս, Հայաստանից դուրս գամ: Արդեն հնարավոր չէ այսպես ապրել՚:

“Այսօր մենք հենց դրա համար ենք եկել”,-եղավ վարչապետի պատասխանը,-մարզպետարանում կքննարկենք և որոշում կկայացնենք”:

Ֆենյա Սահակյան

Տիկինը կառավարության ղեկավարին ներկայացրեց տնակում ապրելու դժվարություններն ու առաջարկեց իր հարսի ու թոռան հետ գա ոչ թե 26, այլ մեկ օր ապրի տնակում. ՙԿռիսը բարձրացել էր թոռնիկիս վրա, քնած տեղը, երեք ամիս էրեխես հիվանդանոց պառկավ: Ինչքան կարելի է՚, – ավելացրեց Ֆենյա Սահակյանը:

Իսկ թաղամասի բնակիչները Հովիկ Աբրահամյանին ներկայացրեցին իրենց ամենատարբեր խնդիրները՝ սկսած թաղամասի ասֆալտապատումից, վերջացրած բնակարաններում կիսատ-պռատ աշխատանքներով: Բնակիչներից մեկը վարչապետին հրավիրեց տեսնելու, թե ինչպես է, որ նոր շենքի չորրորդ հարկից քարեր են թափվում: Այստեղ վարչապետը դիմեց կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչներին, թե ինչումն է խնդիրը, սրանք էլ թե՝ որևէ խնդիր չկա, ամեն բան կարգին է: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը միջամտեց խոսակցությանը. ՙՇատ լուրջ խնդիր է, որ քարերը թափվում են ցած, ասֆալտապատումը շատ ծանր վիճակում է, էս բոլոր թերությունները ես տվել եմ ձեզ՝ նամակով, ոնց կարող եք ասել, որ թերություն չկա՚:

Քաղաքապետը նաև նկատողություն արեց ՙԳլենդել Հիլզին՚ , թե ինչպես կարելի է պոկված սալիկը դյուբելով ձգել. ՙԷսպիսի շինարարություն ես կյանքում չեմ տեսել՚:

Հովիկ Աբրահամյանը պաշտոնյաներին հիշեցրեց, որ այսքան տարի հսկայական գումարներ են ծախսվել շինարարության համար, և արդյունքում՝ բնակիչները դժգոհ են: Դա նշանակում է, որ վատ են աշխատել: Հանձնարարեց բոլոր թերությունները վերացնել, խնդիրներին հիմնական լուծումներ տալ:

 

Անկախ

Քննարկվել են Հայաստանում ջերմոցային տնտեսության կազմակերպման հեռանկարները

11447_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ծրագրերի կառավարման և իրականացման ոլորտում գործող «Գլոբալտեք» («Globaltec») միջազգային ընկերության փոխտնօրեն Մանուել Վալդեսին:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Մանուել Վալդեսը զրուցել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են մեր երկրում ջերմոցային տնտեսության զարգացմանը, տեխնոլոգիական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր: «Գլոբալտեք» ընկերության փոխտնօրենը ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղությունները՝ նշելով, որ այն ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում (ֆերմերային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, սառեցված պահածոների արտադրություն) և հետաքրքրված է գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և ՀՀ կառավարության անունից արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Վարչապետն ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության ներկայացուցիչներին

defaultՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկի՝ «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին և ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից այս տարվա հունիսին կուտակային կենսաթոշակային համակարգը կարգավորող նոր օրենսդրության ընդունմամբ լուծում տրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից բարձրաց¬ված խնդիր¬ներին, ինչը վկայում է ՀՀ կառա¬վարության՝ բարեփոխումն առաջ տանելու պատրաստակամության մասին:

Հովիկ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել նոր օրենսդրական կարգավորմամբ նախատեսված համակարգի վերաբերյալ, որը նախատեսում է քաղաքացիների ներգրավվածության երկու փուլ: Այս պահին համակարգին պարտադիր կմասնակցեն պետական հատվածի աշխատակիցները, որոնց աշխատավարձերը 2014 թ. հուլիսի 1-ից բարձրացել են, և աշխատաշուկա առաջին անգամ մտնողները, իսկ երեք տարի անց այն պարտադիր կլինի բոլորի համար:

Էռնստ-Լյուդվիգ Դրայսը կարևորել և բարձր է գնահատել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ՀՀ կառավարությանը գործընթացի հաջող իրականացման հարցում:
Երկուստեք կարևորվել է կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը և այդ ուղղությամբ շարունակական քայլերի ձեռնարկումը: «Այս երկու-երեք ամսվա ընթացքում նոր կառավարությունը բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ բարեփոխումը մինչև վերջ իրականացնելու համար», – նշել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետը և «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ կենսաթոշակային բարեփոխումը մեր երկրում հաջող իրականացնելու և ռեֆորմի նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով:

 

Անկախ

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ երիտասարդների հետ քննարկել է տնտեսությանն առնչվող հարցեր

10551811_795419703835586_150361817_nՀուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) մարզային և տարածքային կազմակերպությունների նորընտիր ղեկավարների և ակտիվ անդամների հետ։ Երիտասարդները կառավարության ղեկավարին ներկայացրին մարզաբնակ երիտասարդների խնդիրները։

Վերջին ամիսների ընթացքում ՀՀԿ ԵԿ գրեթե բոլոր տարածքային և մարզային կազմակերպությունների ղեկավար կազմերը փոխվել են, և նման կազմով ու ձևաչափով հանդիպումը կառավարության ղեկավարի հետ առաջին անգամ էր տեղի ունենում: Երիտասարդներին հուզող շատ խնդիրներ իրենց լուծումները գտել են, բայց ներկաներն ունեին հարցեր և առաջարկներ, որոնց իրականացումից է կախված վերջիններիս հետագա աշխատանքի արդյունավետությունը:

Բոլոր մարզային կառույցները ներկայացրին իրենց տարեկան աշխատանքները, խոսեցին առկա խնդիրների և դրանց լուծման իրենց առաջարկների մասին: Վարչապետը կարևորեց մարզի երիտասարդների դերը կադրային քաղաքականության մեջ:

10544936_795419730502250_1384920892_nՎարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ կոռուպցիայի դեմ խիստ պայքար,  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացում, նոր, մատչելի հիփոթեքային պայմաններ երիտասարդ ընտանիքների համար, փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակելու ուղղություններ, գյուղացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների իջեցում և այլն: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խստագույնս պատժվելու են բոլոր այն պաշտոնյաները, որոնք մտնելու են կոռուպցիոն դաշտ։ Վերանայվելու են երիտասարդներին տրվող հիփոթեքային վարկավորման պայմանները, իրականացվելու են հարկային և մաքսային բարեփոխումներ, երիտասարդների համար ստեղծվելու են նպաստավոր պայմաններ՝ ձեռներեցությամբ զբաղվելու համար։

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ցանկացած տնտեսական, քաղաքական բարեփոխման ընթացքում հաշվի է առնվելու երիտասարդների կարծիքը, կլինեն քննարկումներ և կարծիքների փոխանակում։ <<Այս հանդիպումներն ինքնանպատակ չեն լինելու: Մենք կունենանք երկկողմ քննարկումներ, և այդ հանդիպումների ընթացում կայացրած բոլոր որոշումներն իրականություն կդառնան>>,- ասաց կառավարության ղեկավարը:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Կառավարությունում քննարկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը

Հովիկ Աբրահամյան,Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի վերաբերյալ խորհրդակցություն՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը, որի նպատակը գործող օրենսգրքում առկա հայեցակարգային անճշտությունների, հակասությունների, թերությունների ճշգրտումը և ուղղումն է: Այն մշակվել է ՀՀ Նախագահի՝ 2012 թ. «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրությամբ, Արդարադատության նախարարի հրամանով 2014 թ. մարտին ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
Աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և անդրադարձել օրենսգրքով նախատեսված մի շարք ինստիտուտների կիրառմանն առնչվող խնդիրներին: Նշվել է, որ անհրաժեշտություն կա ապահովել քրեական գործող օրենսգրքում նորմերի ձևակերպման հստակությունը, իրավական որոշակիությունը, անհակասականությունը, բացառել լեզվական անճշտությունները և հակասություններն այլ իրավական ակտերի հետ: Քրեական նոր օրենսգիրքը պետք է արտացոլի կրիմինալոգիական իրողությունը, ապահովի ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունը և համահունչ լինի քրեական իրավունքի տեսության և օրենսդրության ժամանակակից միտումներին:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հայեցակարգի նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ և առաջարկություններով լրամշակված փաստաթուղթը ներկայացնել վարչապետին:
Անկախ

Քննարկվել է ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը

կանանց խորհուրդՎարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցները: Ներկայացվել են փաստաթղթերը նախապատրաստելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ 2012 թ. ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի իրականացրած աշխատանքները, որոնք համակարգել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամներն իրենց նկատառումներն ու դիտարկումներն են հայտնել զեկույցների առնչությամբ: Ամփոփելով կարծիքները՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել փաստաթղթերը հնչած բոլոր առաջարկություններով և ներկայացնել խրհրդի վերջնական հաստատմանը:
Մեկ այլ հարցով քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և կանանց ու տղամարդկանց հավասարության քաղաքականության իրականացման ազգային մեխանիզմի մշակման հարցը: Այդ համատեքստում արծարծվել են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի գործունեության ակտիվացմանը, մոտեցումների վերանայմանը, կազմի ընդլայնմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր: Վարչապետն առաջարկել է աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել և մինչև սեպտեմբեր ներկայացնել խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների առաջարկություններ: «Մենք շահագրգռված ենք մեծացնելու կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը և´ հասարակական-քաղաքական, և´ տնտեսական դաշտում: Այդ ուղղությամբ քայլեր արդեն իրականացրել ենք, և գործընթացը պետք է շարունակական լինի», – եզրափակել է կառավարության ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

հովիկ աբրահամյանՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որում ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում՝ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Կիսելով Ձեր վիշտը՝ խնդրում եմ անկեղծ զորակցության և կարեկցանքի խոսքեր փոխանցել բոլոր զոհվածերի մերձավորներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»:
Անկախ

Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստը

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը:
ՏՏԶԱԽ նախորդ նիստի հանձնարականների կատարման ընթացքի մասին զեկուցմանը ծանոթանալուց հետո խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:
Նիստում արծարծվել են ՏՏ ոլորտում դրամաշնորհային ծրագրերի, կրթական ծրագրերում մասնավոր ներդրումների՝ ԱԱՀ-ով հարկման նպատակահարմարության, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկման ինստիտուտին և հարկային վարչարարությանը վերաբերող հարցեր: Այս առնչությամբ առաջարկվել է խնդիրների լուծումը դիտարկել օրենսդրական փոփոխության ձևաչափի շրջանակում: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ համակողմանիորեն քննարկել հարցերը և ներկայացնել լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ:

Մեկ այլ հարցով քննարկվել է ՏՏ լաբորատորիաներում, ինկուբատորներում, ակսելերատորներում և այլ կենտրոններում անվճար ու վճարովի հիմունքներով ուսանողական պրակտիկայի կազմակերպման հարցը: Առաջարկվել է աշխատանքային/հարկային օրենսդրությամբ հստակ սահմանել ուսանող-փորձնակների կարգավիճակը և համապատասխան կարգավորումներ նախատեսել նրանց պայմանագրում՝ սուբյեկտիվ մեկնաբանություններից խուսափելու համար:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ11440_am_8 11440_am_4

Վարչապետն ընդունել է «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ անդամներին

11441_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Վարազդատ Ավոյանին, Դոնարա Հարությունյանին, Մուրադ Մուրադյանին և Նվեր Մնացականյանին:
Երկրի վարչապետին է ներկայացվել միավորման կողմից մշակված ծրագիրը՝ Շիրակի մարզի և մասնավորապես, Գյումրի քաղաքի զարգացման առաջնահերթությունների և ուղղությունների վերաբերյալ: Անկաշկանդ զրույցի ընթացքում կառավարության ղեկավարը միավորման անդամների հետ քննարկել է մարզում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել նախորդ շաբաթ Շիրակի մարզ կատարած իր աշխատանքային այցից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է «Շիրակ հայրենակցական միավորման» ակտիվ ներգրավվումը մարզի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերում և հանձնարարել Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին ներկայացված ծրագրի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում մշակել կոնկրետ առաջարկություններ:

Վարչապետը շնորհավորել է Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ

11439_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի 225-ամյակի առթիվ, մաղթել բարօրություն և հետագա առաջընթաց:
«Այսօրվա խորհուրդը, որքան հոգեհարազատ է ֆրանսիացիներին, նույնքան ոգևորիչ է բոլոր ազատատենչ ժողովուրդների համար։ Այն վեհ գաղափարները, որոնց համար պայքարում էին ֆրանսիացիները, ուղղորդեցին նաև բազմաթիվ այլ ժողովուրդների իրենց ազնիվ մղումներում՝ հանուն ազատության, հավասարության և առաջընթացի», – նշել է Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի՝ պատմական սերտ կապերի և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական, միջպետական հարաբերությունները մշտապես նշանավորվել են վերընթաց զարգացմամբ: Հովիկ Աբրահամյանը հայ-ֆրանսիական փոխհարաբերությունները որակել է որպես առանձնաշնորհյալ և օրինակելի ու շնորհավորանքի խոսք հղել նաև Ֆրանսիայում բնակվող հայերին, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն ունեն երկու երկրների բարեկամության ամրապնդման և համագործակցության զարգացման գործում:
«Ուրախ եմ նշել, որ այսօր երկու պետությունների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսություն, ինչն արտահայտվում է տարբեր մակարդակի փոխայցերով: Ասվածի վառ վկայությունն է այս տարվա մայիսի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստան կատարած պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց մեր բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։
Հայ-ֆրանսիական բազմաոլորտ օրակարգում առաջնային նշանակություն ունի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Մեր երկրներն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում նաև մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում։ Կարևորում եմ նաև Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ակտիվ մասնակցությունը, ինչը վկայում է ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի հանդեպ հայ ժողովրդի հետաքրքրվածության ու համակրանքի մասին։ Մենք բարձր ենք գնահատում նաև Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը»,
 – հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպան Ռենոյի անձնական ներդրումը բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող երկկողմ հարաբերություններում և նշել. «Այս գեղեցիկ տոնի առիթով բարեկամ Ֆրանսիային մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն, իսկ հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ նոր ձեռքբերումներ»: 
Վարչապետ Աբրահամյանն այնուհետև մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը և Երևանի թիվ 119 ավագ դպրոցի սաների կատարմամբ ունկնդրել Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերը:

Անկախ

Վարչապետը ներկա է եղել «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը

g_imageՎարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է եղել երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իր անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին «Ոսկե ծիրան»-ի անցկացման կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն դարձել է սպասված և կարևոր մշակութային իրադարձություն: «Տարեցտարի մեծանում է փառատոնի միջազգային ճանաչումն ու հեղինակությունը: Այս տարիների ընթացքում Հայաստան են ժամանել 2000-ից ավելի կինոգործիչներ և արվեստագետներ՝ աշխարհի ավելի քան 120 երկրներից, ինչը փառատոնը վեր է ածել իսկական տոնի: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է՝ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Այն ավելի քան ճշգրիտ արտացոլում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը՝ իր խնդիրներով և մարտահրավերներով հայ ժողովրդի պատմությունը: Այն վկայում է, որ իր բազմադարյա զարգացման ճանապարհին Հայաստանը մշտապես հանդես է եկել միջմշակութային երկխոսության, կրոնական հանդուրժողականության և ազգերի խաղաղ գոյատևման օգտին՝ առանցքայինը դիտելով մարդուն, մարդու հոգսերն ու ճակատագիրը: Այս համատեքստում է, որ ցանկանում եմ կարևորել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանակությունն ու դերը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, որ այս տարվա փառատոնը նվիրված է հայազգի մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին՝ մեծ պատիվ է, բայց նաև պարտավորեցնող հանգամանք բոլորիս համար: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ կազմակերպիչները ջանք ու եռանդ չեն խնայի մեծանուն կինոռեժիսորի հարուստ ժառանգությունը պատշաճ ներկայացնելու համար:

«Հարգելի ներկաներ,
Մեր երկրին ու ժողովրդին միշտ էլ բնորոշ է եղել հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Համոզված եմ, որ ձեզ համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի դուք ոչ միայն ծանոթանաք Հայաստանի հարուստ մշակույթին և ազգային ավանդույթներին, այլև ճաշակեք մեր ազգի հյուրընկալությունն ու հյուրասիրությունը»,- նշել է վարչապետը և «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մաղթել բարի ընթացք:

Իր հերթին, փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեսժիսոր Հարություն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ Հայաստանի կառավարության կողմից փառատոնի անցկացմանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար:

 

Անկախ

Վարչապետը հանդիպել է մահացած զինվորների ծնողներին

11437_am_4Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողներ Գոհար Սարգսյանին, Անահիտ Մկրտչյանին, Նանա Մուրադյանին, Իրինա Ղազարյանին, Հերիքնազ Գասպարյանին և Հովսեփ Մուրադյանին:
Կառավարության ղեկավարը զրուցել է ծնողների հետ, անհատապես լսել յուրաքանչյուր ծնողի նկատառումները և առարկությունները՝ իրենց որդիների մահվան հանգամանքների առնչությամբ:
Հանրապետության վարչապետը խոստացել է մահացած զինվորների ծնողներին՝ իր լիազորությունների շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բարձրացված հարցերի պարզաբանմանը:

«Վարչապետը ստում է». Էդիկ Բաղդասարյան

10254037_914497958566204_7747562947257473458_n

«Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատողների հետ հանդիպմանն ասել է, որ երկու ամիս է` չենք կարողանում պարզել, թե ով է «Նաիրիտի» սեփականատերը: Վարչապետը ստում է, եթե նույնիսկ մինչեւ հիմա չգիտի, թող «Հետքի» հետաքննությունների բաժնում կարդա «Նաիրիտի» մասին հոդվածները եւ իմանա սեփականատիրոջ անունը եւ բազմաթիվ այլ օգտակար տեղեկություններ:

Եթե ուզում է ավելին իմանալ, թող դիմի գլխավոր դատախազին, որ կալանավորեն նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին եւ Միջպետական բանկի Հայաաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանին: Վարչապետը եթե ուզում է, որ բացի իրենից հանրությունն էլ իմանա, թե ինչ է կատարվել «Նաիրիտի» հետ, թող Հանրային հեռուստատեսությամբ «Հետաքննող լրագրողներին» տրամադրի մեկ ժամ եթեր, որ հանրությանը տեղեկացնենք այդ հանցագործությունների մասին, որոնք կատարել են պաշտոնյաները եւ մնացել անպատիժ:

«Նաիրիտի» մասին նյութերը հավաքված են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, որը գործը կարճել է, եւ Վլադիմիր Գասպարյանն այդպիսով դարձել է նաեւ հանցակից «Նաիրիտի» մախինացիաներին:

Հովիկ Աբրահամյանը քրեական գործերի նյութերը կարող է վերցնել ու ծանոթանալ: Այնպես որ, հերթական անգամ մի խաբեք ժողովրդին»:

 

Անկախ

Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին

վարչապետՎարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի առջև այսօր առավոտյան հանդիպել է բողոքի ակցիա անցկացրած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր բարձրացրել են իրենց աշխատավարձերի վճարման հարցը: Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է կազմել 20 աշխատակցից բաղկացած պատվիրակություն և հանդիպել իր մոտ:
ՀովիկԿառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Անկաշկանդ զրույցի ընթացքում քննարկվել է ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի հարցը: Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը և նշել, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:
Վարչապետը խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին և նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները:
 Անկախ

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Աբրահամյան հովիկՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի:
Հուլիսի 11-ին Սոչիում վարչապետն առանձնազրույց կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, կայցելի Սոչիի օլիմպիական ավան՝ կծանոթանա  իրականացված աշխատանքներին:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և պաշտոնատար այլ անձինք:

Անկախ

Գործադիրը կաջակցի բնական աղետից տուժած գյուղացիներին

Հովիկ ԱբրահամյանԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, ՀՀ վարչապետն ասել է. «Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ և եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Ես հանձնարարել եմ, որպեսզի Տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը ստեղծեն հանձնաժողով: Ժամկետ է տրվում մինչև կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները և մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին: Տեղեկություն կա, որ Ստեփանավանում ևս նման իրավիճակ է ստեղծվել. հանձնարարում եմ գյուղանախարարին կառավարության նիստից հետո այցելել և այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել»: 
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2014-30.06.2014թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ: Ներկայացված տեղեկանքի համաձայն 2014թ. հուլիսի 7-ի դրությամբ իրագործվել են կատարման ենթակա բոլոր 29 կետերը:
Հովիկ Աբրահամյան,Կարգավորվում են կենսաթոշակային համակարգի կիրառության հարաբերությունները
ՀՀ կառավարության հինգ որոշմամբ նախկինում ընդունված որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնք թելադրված են ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և հուլիսի 1-ին ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքների կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշումները վերոնշյալ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Որոշումների կարգավորման առարկան կենսաթոշակային համակարգի կիրառությանն առնչվող առանձին հարաբերություններն են:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող չորս ցուցակ: Առաջին և երկրորդ ցուցակներով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր պահանջվող մասնագիտական ստաժի առնվազն կեսը ձեռք են բերել մինչև 2014թ. հունվարի 1-ը, իսկ երրորդ և չորրորդ ցուցակներով՝ այն անձինք, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում կունենան օրենքով պահանջվող մասնագիտական ստաժը: Հաջորդ որոշմամբ հաստատվել են նշված պաշտոնների երրորդ և չորրոդ ցուցակները:
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 160 բնակարանը՝ որպես սոցիալական բնակֆոնդ, հանձնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որի ենթակայությամբ գործում է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Կբարելավվի Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում
Նիստում հավանություն է ստացել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի կատարման ընթացքը և արդյունքը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը ներկայացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Նախարարին հանձնարարվել է ամփոփել այդ տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան հաշվետվությունը:
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում փախստականների ընդունման, հաշվառման, տեղաբաշխման, ժամանակավոր կացարաններով, կենսագործունեության և բժշկական ապահովման, փախստականների իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի պայմանների, պլան-սխեմաների, կենսագործունեության ապահովման կարգերը, որոնք կարող են գործել ռազմական դրության և արտակարգ իրավիճակի ժամանակ,
-ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ 2014թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 40 մլն դրամ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնաարտադրական բազայի հիմնումը համաֆինանսավորելու համար:
Գործադիրը որոշել է Արագածոտնի մարզի Օրգով գյուղի Արբի Թրպանջյանի անվան միջնակարգ դպրոցի չշահագործվող կաթսայատունը հետ վերցնել և նվիրաբերել Օրգովի գյուղական համայնքին՝ գյուղապետարանի շենք կառուցելու պայմանով:
ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Ա և Գ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2014թ. հունիսի 26-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2017թ. հունիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Երևանի Արշակունյաց 127/21 հասցեում տեղադրել սպիրտի արտադրության նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ՝ կատարելով 1.32 մլրդ դրամի չափով ներդրում: 2015թ. սկսած տարեկան կարտադրվի շուրջ 20.1 մլրդ դրամի արտադրանք, որի 25 տոկոսը կարտահանվի ՌԴ, Իրաք և Վրաստան: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 40 աշխատատեղ՝ 110 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանվում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և մեկնման ծառայության միջև կնքված համաձայնագրով տրամադրվող դրամաշնորհը օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար: Վերոհիշյալ համաձայնագրով ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 եվրոյի աջակցություն: 2014թ. Միգրացիոն պետական ծառայության արտաբյուջետային հաշվին փոխանցվելու է ավելի քան 31 մլն, իսկ 2015թ.՝ մոտ 37 մլն դրամ:
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունների միջև սպորտի բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ Վաղարշապատի «Դոքս քոմպյուտր» ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Անատոլի Այվազովին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2016թ. ձմեռային զորակոչը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ Էմիլ Տարասյանը ազատվել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
 Անկախ