Արտգործնախարարը կայցելի Մոսկվա

 Էդվարդ Նալբանդյան Ապրիլի 2-4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա:

Ապրիլի 2-ին նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով:

Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ապրիլի 4-ին երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը:

Անկախ

Նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Չեխիայի նորանշանակ դեսպանին

119.DM Manassarian received the Ambassador of Czech Republic 01.04.2014Մարտի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Տոմաշ Պերնիցկիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխնախարար Մանասարյանը գոհունակություն հայտնեց հայ-չեխական հարաբերությունների ներկա մակարդակի կապակցությամբ, ինչի լավագույն վկայությունն է ՀՀ Նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցը և դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պերնիցկին վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին հայ-չեխական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ:

Հայաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերի միջև ստոորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր

118.Cooperation agreement between the central banks of Armenia and China 31.03.2014Մարտի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Պեկինում հանդիպում ունեցավ Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ  Չոու Սյաոչուանի հետ: Քննարկվեցին երկու երկրների միջև բանկային ոլորտում համագործակցության զարգացմանն ու  խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Չինաստան կատարած այցի շրջանակներում ՉԺԲ կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցավ ՀՀ Կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Պաշտոնական հանդիպմանը և ստորագրման արարողությանը ներկա էր ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն  Սարգսյանը:

Արգենտինահայ կոմպոզիտոր և խմբավար Ժան Ալմուխյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

109.Jan Almoukhian honoring event in Jan Almoukhian honoring event in Jan Almoukhian honoring event 20.03.2014Մարտի 18-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո և Հայաստանեաց առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի ազգային վարչության կազմակերպությամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ արգենտինահայ հայտնի կոմպոզիտոր և խմբավար Ժան Ալմուխյանի մեծարման երեկոն։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Հայ կենտրոնի վարչության անդամ Վարդիվար Մանուկյանը։ Կոմպոզիտորի հեղինակած երգերի կատարումով հանդես եկան Դանիել Դերեն, Մարալ Թորիկյանը և Արդո Կալջյանը, ցուցադրվեցին մի շարք հատվածներ մաեստրոյի ղեկավարած երգչախմբերի համերգներից։

Իր ելույթում դեսպան Մելիքյանը, բարձր գնահատելով մաեստրոյի անցած ստեղծագործական երկար ուղին, ընդգծեց, որ այն ևս մեկ ապացույցն է հայ ժողովրդի անկոտրում կամքի, նվիրվածության ու ջանադիր աշխատանքի, ապրելու և արարելու մեծ ձգտումների։ Այնուհետև, ՀՀ դեսպանն ընթերցեց ՀՀ անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ Ժան Ալմուխյանին «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը և հանդիսավոր պայմաններում մաեստրոյին հանձնեց բարձր պարգևը։ Խորին շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին նման գնահատականի արժանանալու համար՝ Ժան Ալմուխյանը նշեց, որ այսուհետ ևս հանձնառու է շարունակել իր հայրենանվեր ծառայությունը հայ արվեստի զարգացման և տարածման գործում։

Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ Կառլոս Հասասյանի «Ժան Ալմուխյան. երաժշտությունից անդին» գրքի շնորհանդեսը։

«Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով». Էդ. Նալբանդյան

загруженноеՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Առաջին լրատվական» ծրագրի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացողզարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո, պատասխանել է.

“Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա”:

Հաջորդ հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, նախարարը պատասխանել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման առաջնահերթությանը, Արցախի ժողովրդի` սեփական հողի վրա ապրելու և արարելու իրավունքի ապահովման գերակայությանը։

“Եռանախագահող երկրների հետ մենք շարունակելու ենք համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը”,-ասել է նա:

 

Անկախ

Դեսպան Փոլադյանի հանդիպումները Հորդանանում

103. Ambassador Poladian's meetings in Jordan (Foreign Minister)17.03.2014Մարտի 9-14-ը հայ-հորդանանյան երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ՀՀԹ-ում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանն այցելեց Ամման:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության խորհրդարանի նախագահ Ատեֆ ատ-Տարաունեի, վարչապետ Աբդալլահ Նսուրի, թագավորական դիվանապետ Ֆաեյզ ատ-Տարաունեի, արտաքին գործերի նախարար Նասեր Ջուդեի, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ամին Աբդալլահ Մահմուդի, մշակույթի նախարար Լանա Մամքեղի, ինչպես նաև ԱԳՆ ԱՄՆ և Եվրոպայի երկրների ու իրավապայմանագրային վարչությունների պետերի հետ:

103.Ambassador Poladian's meetings  in Jordan (Prime Minister)17.03.2014Հանդիպումների ընթացքում հորդանանյան կողմի հետ քննարկվեցին քաղաքական, առևտրա-տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ այդ թվում` սիրիական ճգնաժամի հետ կապված հարցեր: Տնտեսական փոխգործակցության ակտիվացման նպատակով ընդգծվեց ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու, գործարար համաժողովներ կազմակերպելու, միմյանց տարածքներում ցուցահանդեսներին մասնակցելու կարևորությունը:

103.Ambassador Poladian's meetings in  Jordan (Speaker of Parliament)17.03.2014Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ քաղաքական երկխոսության ակտիվացման, բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման, միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևավորման, արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլի անցկացման, մշակութային կապերի ակտիվացման ուղղությամբ:

103.Ambassador Poladian's meetings in Jordan (Minister of Culture)17.03.2014ՀՀ դեսպանն այցելեց նաև Հորդանանի Հայոց առաջնորդարան` Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող մի շարք խնդիրներ, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի գործունեությունը քննարկելու նպատակով:

 

 

Անկախ

Դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց Մոնղոլիայի Նախագահին

99.Ambassador Sargsyan presented his credentials to the president of Mongolia 14.03.2014Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) մարտի 13-ին իր հավատարմագրերը հանձնեց Մոնղոլիայի Նախագահ Ցախիագին Էլբեգդորժին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Ցախիագին Էլբեգդորժը հաջողություն մաղթեց Մոնղոլիայում Հայաստանի առաջին դեսպանին և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին: Նախագահը նշեց, որ Մոնղոլիան նույնպես ծրագրում է մոտ ապագայում դեսպան հավատարմագրել Հայաստանում:

Մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման ուղիների շուրջ: Խոսելով մշակութային կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին` դեսպան Սարգսյանն ընդգծեց, որ այս ոլորտում իրենց յուրահատուկ ներդրումը կարող են ունենալ նախկինում Հայաստանի բուհերում, իրենց ուսումը ստացած Մոնղոլիայի քաղաքացիները:

Ռուսական ԶԼՄ-ների թույլ չեն տվել մասնակցել Օբամայի և Յացենյուկի ասուլիսին

o_911432Ռուսաստանի ԱԳՆ-ն խիստ քննադատել է մարտի 12-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի և Վերին Ռադայի նշանակած Ուկրաինայի կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արսենի Յացենյուկի համատեղ ասուլիսին ռուսական ԶԼՄ-ների մասնակցության   արգելքը:

“Գտնում ենք անընդունելի և խտրական ռուսական թղթակիցների մասնակցության արգելքը մարտի 12-ին կայացած ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի և Ուկրաինայի ներկայի “կառավարության” ղեկավար Ա. Յացենյուկի համատեղ ասուլիսին”,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի մեկնաբանության մեջ`կապված ռուսական լրագրողների նկատմամբ Սպիտակ տան դրսևորոծ խտրական վերաբերմունքի հետ:

“Կարծես թե, Վաշինգտոնում, որտեղ շատ են սիրում քննարկել ազատ խոսքի և լրագրողների իրավունքների մասին, պատրաստ չեն հետևել այդ սկզբունքներին, գերադասելով գործ ունենալ միայն “հավատարիմ” ԶԼՄ-ների հետ, որոնք տարածում են “պետքական ” տեղեկատվություն: Սուր հարցերը չեն տեղավորվում նախապես գրված սցենարի մեջ, օրինակ “Աջ սեկտորի” նեոնացիստների հանցագործությունները, որոնք կանգնած են Ա.Յացենյուկի “կառավարության” ետևում: Այդ մասին Սպիտակ տանը չեն ցանկանում լսել”:-ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Մարտի 12 -ին  ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հանդիպել է  Վերին Ռադայի նշանակած Ուկրաինայի կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արսենի Յացենյուկի հետ: Ամերիկյան  ադմինիստրացիայի ղեկավարը  հավատացրել է իր հյուրին, որ Վաշինգտոնը պատրաստ է  Կիևին տրամադրել համակողմանի օգնություն  Ուկրաինայի անկախությունը և տարածքային ամբողջականությաւնը պահպանելու համար :

Անկախ

Հուշատախտակի բացման արարողություն Թբիլիսիում

97. Memorial opening ceremony in Tbilisi 14.03.2014Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Սոլոլակ թաղամասի Ճոնքածե 3 հասցեում, որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող և հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:

Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով, մասնավորապես, ասաց. Մեծ է Րաֆֆու ավանդը հայ գրականության մեջ, դեռ դպրոցական տարիներից մեզանից յուրաքանչյուրը հիշում է ազգային-հայրենասիրական գաղափարներով տոգորված և անհատի քաղաքացիական պարտքի գաղափարն առաջ քաշող նրա ստեղծագործությունները՝ Սամվելը, Խաչագողի հիշատակարանը, Խենթը և այլն: Խորը և համակողմանիորեն ըմբռնելով ազգի առջև ծառացած դժվարին խնդիրները՝ Րաֆֆին կերտել է հերոսների այնպիսի կերպարներ, որոնք ոգեշնչող օրինակներ են դարձել հայ երիտասարդության բազում սերունդների համար: Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու կերպարներին տալիս են հասարակական լայն արձագանք՝  գրողին բերելով հռչակ ոչ միայն հայրենիքում, այլ նաև Վրաստանում, ուր երկար տարիներ բնակվել է մեծ բանաստեղծը:

Դեսպան Մանուկյանը կարևորեց Րաֆֆու հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում և իր գոհունակությունը հայտնեց վրաց իշխանություններին, և մասնավորապես Թբիլիսիի քաղաքային իշխանություններին՝ նման նախաձեռնություններին աջակցություն տրամադրելու փաստի կապակցությամբ:

Բարձր գնահատանքի խոսքով հանդես եկան Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մամուկա Քացարավան, Վրաստանի գրողների միության նախագահ Մակվալա Գոնաշվիլին, Թբիլիսիի հայերի միություն կազմակերպության ղեկավար Միքայել Թադևոսովը և գրող-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին, Վրաստանի ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի ներկայացուցիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, Վրաստան թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, վրացի և հայ մշակութային ու հասարակական գործիչներ:

Գերմանացի պատգամավորը խնդրել է Ադրբեջանի ԱԳՆ-ին իր անունը հանել “սև ցուցակից”

ադրբեջան,ԱԳՆԳերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմեն, ում անունը Ադրբեջանի արտգործնախարարությունը ներառել էր “անցանկալի անձանց” ցանկում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով, խնդրել է հանել իր անունն այդ ցանկից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը;

 

Աբդուլլաևի խոսքով՝ Կլիմկեն իր դիմումում նշել է, որ 2013թ.-ի սեպտեմբերին ԼՂ կատարած այցը նախապես պլանավորված չի եղել, և ինքը չի իմացել այն հետևանքների մասին, որոնք կարող էին ծագել այցելության պատճառով։

 

Բունդեսթագի գերմանացի պատգամավորը ընդգծել է, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ափսոսում է “օկուպացված տարածք կատարած անօրինական այցի” համար։ Նա խոստացել է հետագայում զերծ մնալ նման քայլից, և խնդրել է իր անունը հանել “անցանկալի անձանց” ցանկից։

 

Առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցելած մարդիկ ընդգրկվել են Ադրբեջանի արտգործնախարարության “պերսոնա նոն գրատա” ցուցակում, որոնցում ներառվել է 335 օտարերկրացի: Հետագայում նրանցից ոմանք “զղջացել” են իրենց այդ քայլի համար, և այդ մարդկանց անունները հանվել են այդ ցուցակից:

 

 Անկախ

Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Minister Nalbandian's statement and q&a at the joint Press Conference with Serbian FM (2)Բարև ձեզ,

Ուրախ եմ այսօր ողջունել Երևանում իմ սերբ գործընկերոջը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին, ով գտնվում է Հայաստանում պաշտոնական այցելությամբ: Մենք քիչ առաջ բավական բովանդակալից և արդյունավետ առանձնազրույց ունեցանք, խոսեցինք մեր երկկողմ հարաբերություններից, տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցերից։

Մենք կշարունակենք մեր բանակցությունները աշխատանքային ճաշի ընթացքում: Այսօր պարոն Մրկիչը հանդիպումներ կունենա նաև Հանրապետության նախագահի հետ, Ազգային ժողովի նախագահի հետ, վարչապետի հետ, կայցելի Էջմիածին, ուր կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոսին, կայցելի նաև Ծիծեռնակաբերդ:

Մենք այսօր համաձայն էինք իմ գործընկերոջ հետ, որ պետք է առավել ջանքեր գործադրենք ամրապնդելու, ընդլայնելու, խորացնելու համագործակցությունը երկու երկրների միջև բոլոր հնարավոր ոլորտներում։

Ընդգծեցինք իրավապայմանագրային դաշտի ամրապնդման կարևորությունը: Այսօր շատ պայմանագրեր չունենք կնքված՝ միայն հինգ պայմանագիր։

Քիչ առաջ ստորագրեցինք ևս մեկ համաձայնագիր, որը վերաբերում է երկակի հարկումից խուսափելուն։

Հուսով եմ, որ շուտով մենք կհամալրենք մեր իրավապայմանագրային դաշտը։  Բազմաթիվ նախագծեր են քննարկվում: Մենք հոսով ենք, որ հաջորդ այցելության ժամանակ դրանք պատրաստ կլինեն ստորագրմանը։

Խոսեցինք նաև մշակութային կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման մասին, ապրանքաշրջանառությունը դեռ բարձր մակարդակի վրա չէ, թեև առկա ներուժը մեծ է: Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճ է նկատվում է, բայց միևնույն է, այն չի համապատասխանում առկա ներուժին։

Մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, համաձայնեցինք, որ այն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, եռանախագահների կողմից առաջարկված սկզբունքների և դրույթների հիման վրա:

Անդրադարձանք նաև այն բանակցային գործընթացից, որն ընթանում է Սերբիայի և Կոսովոյի միջև, Հայաստանը գտնում է, որ դա դրական գործընթաց է, և մենք ցանկանում ենք Սերբիային հաջողություններ այդ գործում:

Այժմ խոսքս սիրով փոխանցում եմ իմ գործընկերոջը:

***

Հանրային Ռադիո- Պարոն նախարար, որն է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ,։ Մեր մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի կողմից նույնիսկ գրառում չի կատարվել Ուկրաինայի դեսպանատը բացված սգո մատյանում։ Կպարզաբանե՞ք ինչու:

Էդվարդ Նալբանդյան- Կարծում եմ, դրանք անտեղի և անիմաստ շահարկումներ են, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ: Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Երևանում Ուկրաինայի դեսպանությունից, որը մուտքագրվել է փետրվարի 24-ին` սգո մատյանը մատյանի բացման հաջորդ օրը։

Նույն օրը Ուկրաինայի դեսպանի հետ հեռախոսազրույց է ունեցել արտգործնախարարության ներկայացուցիչը, և դեսպանն ըմբռնումով է մոտեցել՝  այդ հայտագիրը իրոք ուշացումով է ստացվել:

Ինչ վերավերում է մեր դիրքորոշմանը, մեր մոտեցումներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, ապա Հայաստանի մոտեցումներն արտահայտվել են ամենաբարձր մակարդակով, Հանրապետության Նախագահն է խոսել դրա մասին:

Մենք հուսով ենք, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն, որոնք կնպաստեն լարվածության նվազեցմանը և կուտակված հարցերի լուծմանը:

 «Ազատություն» ռադիոկայան – Պարո՛ն Նախարար, Հայաստանը Ռուսաստանի հետ միասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Երկու հարց ունեի` ուկրաինական ճգնաժամի հետ կապված: Քննարկվե՞լ է արդյոք ՀԱՊԿ ձևաչափում այդ ճգնաժամը, և եթե քննարկվի, Հայաստանն ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան – Ընդհանրապես ես չեմ սիրում «եթե»-ներով խոսել՝ եթե այսպես, եթե այնպես։ Իհարկե, բնական է, որ ՀԱՊԿ շրջանակներում քննարկվում են բազմաթիվ հարցեր, որովհետև այդ շրջանակում արտաքին քաղաքականությանը կոորդինացնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա: Երբ որ այդպիսի քննարկումներ լինեն, այդ ժամանակ կտեսնենք` ինչպիսի զարգացումներ կլիացնեն, և համապատասխան ինչպիսի դիրքորոշումներ կարտահայտվեն։

Սերբ լրագրող. Պարոն նախարար, ինչ ուղղություններ եք տեսնում տնտեսական փոխգործակցության զարգացման համար:

Էդվարդ Նալբանդյան. Մենք այսօր խոսել ենք մեր տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ և, ինչպես նշեցի, կշարունակենք այդ քննարկումները: Կարծում եմ, որ ուղղությունները բավական շատ են։ Օրինակ կարող է լինել տուրիզմը։ Տուրիզմի բնագավառում պատրաստում ենք համաձայնագիր կնքել:

Դա կարող է լինել և արդյունաբերության, բանկային բնագավառներում։

Պետք է հատուկ նշեմ, որ վաղը կայանալու է բիզնես-ֆորում, և պարոն Մրկիչն եկել է գործարարների հետ։ Կարծում եմ այդ բիզնես-ֆորումի ընթացքում բավական մանրամասն կքննարկվեն հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցության ոլորտին:

Ես ողջունում եմ, որ նախարարն եկել է բիզնեսմենների հետ: Երկու առևտրաարդյունաբերական պալատների միջև համապատասխան պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նախագահների այցելությունների ժամանակ՝ 2009թ. Սերբիայի նախագահի Հայաստան և 2011թ. Հայաստանի  նախագահի՝ Սերբիա։

Կարծում եմ վաղը լավ հնարավորություն կլինի  շարունակել քննարկումները ՝ երկու առևտրաարդյունաբերական պալատների միջև:

Մեդիամաքս. Պարոն նախարար, մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այսօր Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարարի հետ, մեզ հետաքրքրում է՝ նախատեսված է արդյոք համանախագահների հանդիպում Ձեզ հետ:

Էդվարդ Նալբանդյան. Այո, նախատեսված է։ Դա լինելու է վաղը՝ Մոսկվայում, ես կհանդիպեմ եռանախագահների հետ: Երևի, գիտեք, որ եռանախագահներին հանդիպել էի Փարիզում՝ տանս օր առաջ:

Դա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով, և երբ պայմանները ստեղծված լինեն, կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռանախագահների հետ:

Հայաստան կայցելի Սերբիայի արտգործնախարարը

Իվան ՄրկիչԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստանում կգնտվի Սերբիայի Հանրապետության արտգործնախարար Իվան Մրկիչը։

Սերբիայի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Իվան Մրկիչը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ամենայն հայող կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի հետ։

Այցի շրջանակներում Սերբիայի արտգործնախարարը կմասնակցի Հայ-սերբական գործարար համաժողովին:

Մարտի 10-ին տեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Նուն օրը Սերբիայի Հանրապետության արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին

82. Minister Nalbandian delivered a speech at the UN Human Rights Council 05.03.2014 (2)Մարտի 5-ին Ժնևում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը, որին մասնակցելու նպատակով Շվեյցարիա են ժամանել շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարների գլխավորած պատվիրակություններ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար,

ՆԳ Էդվարդ Նալբանդյանի

ելույթը Ժնևում

 

 

 

82. Minister Nalbandian delivered a speech at the UN Human Rights Council 05.03.2014Պարոն նախագահ,

Տիկնայք և պարոնայք,

Ես կցանկանայի միանալ նախորդ ելույթ ունեցողներին և շնորհավորել  պարոն Բոդլեր Նդոնգ Էլլային Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան այդ կարևոր առաքելությունում:

Ներկայիս աշխարհում, ուր մարդու իրավունքները կարևորվում են ավելի քան երբևէ, և միևնույն ժամանակ խախտվում են ոչ պակաս, քան նախկինում, Ազգերի այս պալատում առավել քան տեղին են աշխարհում մարդու իրավունքների ամենանվիրյալ անձերից մեկի` Նելսոն Մանդելայի խոսքերը. «մարդկանց իրավունքների ժխտումը հավասարազոր է ինքնին նրանց մարդ լինելը կասկածի տակ դնելուն»:

Մարդու իրավունքների խորհուրդը անդրադարձել է շատ հարցերի` փորձելով պատասխանել աշխարհի տարբեր մասերում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին:

Հատկապես էական է կենտրոնանալ կանխարգելման հայեցակարգի վրա: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Հնգամյա Գործողությունների Օրակարգը հատուկ ուշադրության է արժանացնում կանխարգելման հարցին: Վաղաժամ կանխարգելումն, անշուշտ, կարող է կանխել հակամարտությունների սրումը, ողբերգություններ, մարդկության դեմ հանցագործություններ: Այս օրակարգի իրականացումը թույլ է տալիս մեզ դիտարկելու կանխարգելման խնդիրը գլոբալ մակարդակով, հնարավոր սպառնալիքների պարբերական գնահատման միջոցով:

Առավել վտանգավոր հետևանքների տանող նման սպառնալիքներից մեկը ատելության քարոզչությունն է ռասայական, էթնիկ կամ կրոնական հիմքերով: Այս քարոզչությունը հաճախ զուգորդվում է ագրեսիվ ռազմատենչ հռետորաբանությամբ: Հարավկովկասյան տարածաշրջանը նախկինում ականատես է եղել և հիմա էլ ականատես է նմանատիպ սպառնալիքների: Նմանատիպ քարոզչությունը նախորդեց Ադրբեջանում հակահայկական ջարդերին Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և շատ այլ վայրերում, երբ հազարավոր հայեր խոշտանգվեցին, սպանվեցին, և այդպիսով սկսվեցին հայերի էթնիկ զտումները Ադրբեջանի տարածքում: Քսանհինգ տարի անց ներկայիս Ադրբեջանում նույնանման և նույնիսկ ավելի սուր ատելության, պատերազմի քարոզչության տարածումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հաճախ հանգեցնում է իրավիճակի սրման և անմեղ կյանքերի կորստի:

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խորը անհանգստությամբ նշել է «Հայաստանի Հանրապետության դեմ մշտապես բացասական պաշտոնական և լրատվական մեկնաբանությունների» մասին և խորհուրդ էր տալիս Ադրբեջանի ղեկավարությանը «որդեգրելու պատշաճ պատասխան քայլեր՝ հայերի դեմ խտրականության և ատելության քարոզման բոլոր դեպքերի համար»: Մեր կազմակերպության պատասխանատու բնույթը ենթադրում է համապատասխան գնահատական և համարժեք արձագանք այս վարքագծին:

Պարոն նախագահ,

ՄԱԿ-ի պայմանագրային կառույցները կարևոր գործ են կատարում դիտարկելու աշխարհում մարդու իրավունքների վիճակը և օգնելու պետություններին բարելավելու դրանց պաշտպանությունը: Մենք հատկապես գնահատում ենք ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի աշխատանքը, որը վերջերս պատրաստեց No.35 հանձնարարականը ռասիստական հռետորաբանության վերաբերյալ. մասնավորապես, Կոմիտեն ընդգծեց ատելության հռետորաբանության դերը մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանը և ցեղասպանությանը տանող գործընթացներում: Կոմիտեի անդամները ներկայացրեցին նշված հանձնարարականը՝ ամբողջապես գիտակցելով ռասայական ատելության ու խտրականության հրահրման գործում ատելության հռետորաբանության դերի մասին, և ծավալուն կերպով անդրադարձան դրա վտանգներին:

Համընդհանուր Պարբերական Զեկույցը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության և առաջ մղման լավ միջոց: Հայտնի փաստ է, որ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների արդյունավետությունը կախված է անդամ պետությունների քաղաքական կամքից և պատրաստակամությունից կիրառելու իրենց հանձնառությունները` հարգելով ընդունված կանոնները և ընթացակարգերը: Իր մեկնարկից սկսած Համընդհանուր Պարբերական Զեկույցը կենտրոնանում է բացառապես մարդու իրավունքների վրա և խուսափում է բարձրացված հիմնախնդիրների քաղաքականացումից: Հայաստանին վերաբերող Զեկույցի քննության ժամանակ հայկական կողմն ընդունեց անդամ պետությունների առաջարկները: Ցավոք, իր Ադրբեջանը իր Զեկույցի դիտարկման ընթացքը վերածեց քաղաքականացված ներկայացման՝ հրաժարվելով ընդունել հայկական պատվիրակության արած առաջարկներից որևիցե մեկը, սոսկ այն պատճառով մեջբերում եմ «որ նրանք արվել էին Հայաստանի կողմից»: Այսպիսի վարքագիծը վտանգում է Համընդհանուր Պարբերական Զեկույցի ողջ հայեցակարգը և հիմնադրույթները: Սա ընթացակարգային կանոնների խախտում էր: Կոչ եմ անում անդամ երկրներին խստորեն արձագանքել նման դեպքերին, որպեսզի չստեղծվի նման ապակառուցողական նախադեպ:

Նախորդ տարի Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Հայկական նախագահության գերակայությունները սահմանվել էին՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է աշխարհն այսօր` կապված մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության հարգման հետ: Ռասիզմը, ռասայական խտրականությունը, այլատյացությունը և անհանդուրժողականությունը կոպտորեն խախտում են մարդու արժանապատվությունը և խթանում լարվածության աճը հասարակությունների ներսում և հասարակությունների միջև: Այդ է պատճառը, որ նրանց դեմ պայքարը դարձավ մեր նախագահության գերակայություններից մեկը:

Պարոն նախագահ,

Մենք հաճախ խոսում ենք մարդու իրավունքների համընդհանրության և անբաժանելիության մասին: Մարդու բոլոր իրավունքները հավասարապես կարևոր են և պետք է հավասարապես պաշտպանվեն: Այս կապակցությամբ ես կցանկանայի մատնանշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նպատակների՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի առաջին հոդվածը ճանաչում է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի, քանզի նրա իրականացումը մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման կարևորագույն նախադրյալ է: Այս անքակտելի իրավունքը միանշանակ պատկանում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Պարոն նախագահ,

Խոսելով Սիրայի իրավիճակի մասին, որը շարունակում է մնալ բարդ և գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ես կցանկանայի ողջունել Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որը մատնանշում է մարդասիրական օգնության հասանելիության բարձրացման անհապաղ անհրաժեշտության մասին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումները և բնակելի շրջանների պաշարումները: Մենք ողջունում ենք ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը: Հայաստանն արդեն ընդունել է 10.000-ից ավել փախստական Սիրիայից, և մեր կառավարությունը փորձում է անել հնարավորը նրանց աջակցելու համար:

Պարոն նախագահ,

Ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր գերակայությունների շարքում: Անցյալ տարի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի ընթացքում, Հայաստանը նախաձեռնեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև,  որը միաձայն ընդունվեց:

Այդ բանաձևի նպատակներից մեկն է ցեղասպանության կանխարգելումը ՄԱԿ անդամ պետությունների համատեղ ջանքերի միջոցով: Ես ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր համահեղինակեցին այս բանաձևը: Երկու օրից՝ մարտի 7-ին, Մարդու իրավունքների խորհուրդը գումարելու է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկում, որը կազմակերպվում է համաձայն նշված բանաձևի դրույթների: Կոչ եմ անում բոլոր անդամ պետություններին ակտիվորեն մասնակցել այս քննարկմանը:

Շնորհակալություն:

 Անկախ

«Հայաստան-Արցախ. մեկ ազգ, մեկ պայքար» խորագրով կոնֆերանս Աթենքում

81.Coference in Athens 05.03.2014Փետրվարի 26-ին Աթենքում, Կոստանդնուպոլսեցիների միության դահլիճում անցկացվեց «Հայաստան-Արցախ. մեկ ազգ, մեկ պայքար» խորագրով խորհրդաժողով:

Միջոցառման կազմակերպիչն էր Հույն-հայկական բարեկամության միությունը՝ Հունաստանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և աջակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունահայոց Ազգային վարչության ատենապետ Արա Մանգոյանը:

Հույն-հայկական բարեկամության միության վարչության նախագահ, հասարակական գործիչ և դասախոս Նիկոս Լիղերոսը հանդես եկավ «Կայուն հայկական ռազմավարություն», իսկ միության վարչության անդամ, Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը՝ «Արցախ. դիվանագիտական մոտեցումներ և նախաձեռնություններ» ելույթով:

Խորհրդաժողովի գլխավոր բանախոս, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը իր՝ «Արցախի միջազգային ճանաչումը» ելույթում, կատարելով պատմական ակնարկ, մանրամասնորեն ներկայացրեց ԼՂՀ դիրքորոշումները ներկա իրավիճակի, հակամարտության կարգավորման գործընթացի ու հեռանկարների վերաբերյալ: «Արցախահայությունը վճռական է այն հարցում, որ պատմությունը ետընթաց չի արձանագրում, և ներկա դրությունը հնարավոր չէ վերադարձնել ելակետին: ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղան ու տա իր համաձայնությունը հիմնահարցի վերջնական կարգավորման նախագծին»,-ընդգծեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը: Վերջինս նաև հանգամանորեն ներկայացրեց Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը տարբեր երկրների նահանգային և քաղաքային խորհուրդների կողմից, Արցախի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի ձևավորման, ինչպես նաև ԼՂՀ քաղաքների միջև բարեկամության հռչակագրերի կնքման գործընթացները, օտարերկրյա պատվիրակությունների, հայտնի անձնավորությունների և պարզապես անհատների՝ Ղարաբաղ այցելությունների օրեցօր ավելացող հոսքը:

Ցուցադրվեց Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմը:

Միջոցառմանը ներկա էին Հունահայոց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանը, Կիպրոսի Հանրապետության ներակայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, հայ առաքելական և ավետարանական եկեղեցիների հոգևոր հայրեր, հունահայ գաղութի հասարակական, բարեգործական, երիտասարդական միավորումների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայկական առևտրատնտեսական պալատի, հույն գիտական և կրթական շրջանակների քաղաքական և հասարակական կազմակերպությունների, եկեղեցու, բանակի, գործարար շրջանակների, պոլսեցի և պոնտոսցի հույների, ինչպես նաև ասորիների միությունների ներկայացուցիչներ, հայալեզու, հունալեզու և ռուսալեզու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Դեսպան Պողոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի Հանրապետության Նախագահին

80.Ambassador Poghosyan presented his complients to the President of the Republic of Korea 05.03.2014Մարտի 3-ին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը` Տոկիո) իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի Նախագահ Պակ Կըն Հենին:

Շնորհավորելով դեսպան Պողոսյանին Կորեայում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` Կորեայի Նախագահը հաջողություն մաղթեց նրան հայ-կորեական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:

Զրուցակիցները երկուստեք կարևորեցին երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու նպատակով առկա ներուժի լիարժեք օգտագործումը՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, գործարար կապերի ամրապնդման և մշակութային փոխանակումների միջոցով:

Կորեայի Նախագահն ու Հայաստանի դեսպանն անդրադարձան նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Վիլնյուսում ցուցադրվել է Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» ֆիլմը

68.Film presentation in Vilnius 27.02.2014 (640x403)Փետրվարի 26-ին Լիտվայի Կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ Վիլնյուսում ներկայացվեց ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը: Միջոցառմանը, որին ներկա էին Լիտվայի Սեյմասի, տարբեր գերատեսչությունների, հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ, պատմաբաններ, զինվորականներ և հայ համայնքի անդամներ, բացման խոսքով ելույթ ունեցավ Լիտվայի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, հայտնի ռեժիսոր Գիտիս Լուկշասը, ով նշեց, որ ֆիլմը հոգեհարազատ է լիտվացիներին, անկեղծ է ու անհրաժեշտ և որևէ կերպ չի կարող որակվել որպես միակողմանի պաշտոնական քարոզչություն:

Իր խոսքում Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, մասնավորապես, ասաց. «Յուրաքանչյուր հասարակության, ժողովրդի և պետության առջև պարբերաբար ծառանում է պատերազմի և խաղաղության միջև ցավագին ընտրության հարցը: Մեր սերունդը ստիպված եղավ անցնել պատերազմով` փխրուն խաղաղություն ձեռքբերելու համար»: Հայաստանի դեսպանը նշեց, որ ֆիլմի ցուցադրման օրը համընկնում է Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցի հետ, որով Ադրբեջանը փաստորեն նախընտրեց խնդիրները լուծել հայատյացության և պատերազմի լեզվով: Դեսպան Այվազյանն ընդգծեց, որ ԽՍՀՄ-ում այն ժամանակ տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների պայմաններում Բալթյան ժողովուրդները հստակորեն սատարել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Հիշեցնելով, որ մեկ տարի առաջ նույն օրը Լիտվայի Սեյմասում ստեղծվեց Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ և կարևորելով Սեյմասի անդամների սկզբունքայնությունը և հավատարմությունը այն արժեքներին, որոնք միասնական էին դարձրել լիտվացի և հայ ժողովուրդներին մեր պետականության վերականգման ճանապարհին՝ Հայաստանի դեսպանը խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին հանձնեց այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ ունեցավ Վիլնյուս ժամանած ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը, որը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բրյուսելում

67.Sumgait commemoration event in Brussels 27.02.2014Փետրվարի 26-ին Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը, մասնավորապես, մասնակցեցին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ի հիշատակ այդ սարսափելի ոճրագործության անմեղ նահատակների՝ հուշակոթողի առջև տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Քննարկել են ՀՀ քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն ընթացակարգերում արտոնություններ սահմանելու հնարավորությունը

Օլեգ ԵսայանՌԴ միգրացիոն քաղաքականության ոլորտում 2014թ. հունվարից գործող փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցերի քննարկման նպատակով Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալ, պետքարտուղար Եկատիրինա Եգորովայի հետ:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն ընթացակարգերում արտոնություններ սահմանելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել Մաքսային Միությանը և ընդհանուր տնտեսական տարածքին Հայաստանի միանալու, ինչպես նաև ապագայում Եվրասիական միության ձևավորման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համատեքստում միգրացիոն ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Անկախ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի նախագահին

65. Minister Nalbandian met with the  Speaker of Greek parliament - 26.02.2014  (640x336)Փետրվարի 26-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի հանդիպումը:

Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին անցյալ տարվա մարտին Աթենքում ունեցած հանդիպումը և գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված է սերտ համագործակցություն, միջխորհրդարանական բարեկամության խմբերն ակտիվ գործունեություն են ծավալում, ինչը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:

Հունաստանի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը նշեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության սերտացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-հունական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կարևորվեց առևտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված փոխգործակցությունը։

Եվրոպական Միությունում Հունաստանի նախագահության համատեքստում անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոմիություն համագործակցությանը։

Կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջերս արձանագրված առաջընթացի համատեքստում Էվանգելոս Մեյմարակիսը ներկայացրեց հիմնահարցի վերաբերյալ Հունաստանի մոտեցումները։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանն ու Էվանգելոս Մեյմարակիսը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

«Ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ» Տիգրան Բալայան

images (1)

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Արմենպրես» գործակալության այն հարցին, թե Կիևում երեկ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արդեն զոհեր և վիրավորներ կան, ո՞րն է Ձեր արձագանքը, պատասխանել է.

“Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի  կապակցությամբ։

Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը
բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու
համար”։

 

Անկախ