Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ վստահություն է հայտնել, որ Ղրիմում կհաջողվի ապահովել միջազգային և միջկոնֆեսիոնալ խաղաղություն՝ չնայած «Մայդանում» տեղի ունեցող իրադարձություններին: Վարչապետ Էրդողանն էլ իր հերթին հայտնել է, որ համակարծիք է այս մոտեցման հետ: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են կապի մեջ մնալ այս հարցով:
Tag Archives: Ղրիմ
Ղրիմի հանգույցը հայկական գործոնի հարաբերակցությամբ
Ռուս-ուկրաինական հարաբերությունների խորապատկերի վրա լուսարձակները տեղաշարժեր են արձանագրում եւ կենտրոնացման արագ փոփոխություններ են կատարում, իրադարձությունների միջավայրային տեղափոխումների անմիջական զուգահեռականությամբ։ Մայդանը համեմատաբար ստվերում է մնացել այս օրերին Ղրիմի վրա աշխարհաքաղաքական ուշադրության շատ արագ սեւեռման պատճառով։
Փորձենք հեռու մնալ աշխարհաքաղական մեծ օրակարգերի հետ կապված հայտարարողական թե գետնի վրա երեւացող ոլորապտույտներից, ամփոփվելու համար հայկական գործոնի հարաբերակցությամբ իրադրային նշանակություն ունեցող գործընթացները։
Ղրիմում տեսանելի դարձող քաղաքական շարժերը հայկական գործոնի հարաբերակցությամբ երկու ուղղությամբ մեկնաբանությունների դուռ են բացում։ Եթե մի պահ շատ արագ մտաբերենք Ղրիմի հայ համայնքի պաշտոնական մարմինների հրապարակումները, որ հայությունը այնտեղ ներքաշված չէ լարված իրավիճակի մեջ, անմիջապես իբրեւ թեժ առաջնային կետ տեսանելի է դառնում արցախյան հիմնահարցը, դիպաշարի զարգացման առընթեր անպայման նկատի ունենալով Ղրիմի նկատմամբ Մոսկվայի որդեգրելիք զինվորաքաղաքական քայլերը, Արեւմուտքի պատժամիջոցային ճնշման հակազդեցությունը, ՀԱՊԿ-ի (չ)աշխատելը եւ Հայաստանի Հանրապետության, այս առումով դեպքերից զերծ մնալու փաստը կամ ՎՈՒԱՄ-ի վերաշխուժացման հավանականության (ան)իրատեսությունը։ Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու պահանջների կողքին իբրեւ հնարավորություն կքննարկվի նաեւ Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի կարգավիճակի շնորհման հարցը։ Այս ենթադրյալ տեսությունն է, որը առաջնորդում է նույն կարգավիճակի մասին մտածելու նաեւ Արցախի դեպքում։
Արցախը կարող է դուրս մնալ քաղաքական այս առեւտրից, նկատի ունենալով արդեն իսկ ռուս-վրացական եւ ռուս-ուկրաինական ոչ բնականոն հարաբերությունների վրա նաեւ չաւելացնելու ռուս-ադրբեջանականը։ Որոշակի ուղղվածություն կա սակայն, որ իրեն զգալի է դարձնում։ Այն էլ ռուս եւ տվյալ կողմի հետ պատերազմների իբրեւ անմիջական հետեւանք տարածքային ամբողջականությունների վերաքարտեզագծումն է, որ եթե ոչ այս հանգրվանին, գուցե այլ հանգամանքներում վերաբերի նաեւ Արցախին։ Իրողական անկախութիւնների ռուսական միակողմանի ճանաչման մասին է խոսքը առաւելաբար։
Հայաստանի Հանրապետության հետ կապված, փորձ պետք է կատարել դիտարկելու համար կազմաւորման ընթացքում եղող Մաքսային միության ճակատագիրը, տրված լինելով, որ մեծ հանգույցը այս գործընթացում Կիեւն էր. իշխանափոխված Կիեւը արդեն իսկ խանդավառ պատրաստակամություն է հայտնում դեպի Եվրամիություն սուրալու։
Ուղղակի անուղղակի յուրաքանչուր աղերս իր հերթին քաղաքական վերլուծումների կարիքն ունի, միշտ նկատի ունենալով աշխարհաքաղաքական գերտերությունների շահագրգռվածության չափն ու կշիռը այս բոլորում։
Վերջապես, թուրքական գործոնի աշխուժացումը Ղրիմի աշխարհաքաղաքական օրակարգ հայտնվելու առիթով։ Ղրիմում ստեղծված անկայունության առաջին օրերից իսկ Անկարան սկսել էր ներգրավվել այս հարցում, իր աշխույժ հետաքրքրությունը պայմանաւորելով այն բնորոշումով, որ Ղրիմի թաթարները իրենց հայրենակիցներն ու ցեղակիցներն են։ Անկախ այն իրողությունից, որ Անկարան Ղրիմի նկատմամբ լուրջ հաւակնություններ մատնող քայլեր է կատարում, աւելորդ չի լինի ենթադրել, որ ներքին բարդ մարտահրաւերներ եւ ճգնաժամներ ունեցող Թուրքիան այսպիսով իր տագնապը արտահանում է դեպի արտաքին օրակարգ համաթուրքական առաջադրանքներ ձեւակերպելով` ցեղակիցներին, հայրենակիցներին տիրություն անելու կարգախոսներով։ Հետաքրքրական է մեջբերել նաեւ Դավութօղլուի հայտարարության այս բաժինը.
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, դիմելով Ղրիմի բնակիչներին, ասել է. «Թող ձեզ մոտ անգամ հարց չառաջանա այն մասին, որ մենք իրադարձություններից դուրս կմնանք։ Մենք առաջինը կշտապենք մեր եղբայրներին օգնության, որոնք դժվարության մեջ են հայտնվել», – «Մենք առաջինը կշտապենք Ղրիմին օգնության. մասունքներ, որոնք թողել են մեր նախնիները»:
Դավութօղլուի պաշտոնավարած երկրում այլ մասունքներ թողած այլ ժողովրդներ էլ կան, որոնք երբ պահը գա դեպի այնտեղ շտապելու պատճառներ ունեն։ Այս մասին էլ Դավութօղլուի ներկայացրած պետության համար «անգամ հարց չպետք է առաջանա»։
Հայկական ոսպնյակը բազմաթիւ ուղղություններով իր կենտրոնացումը Ղրիմի վրայից չհեռացնելու պատճառներ ունի։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
«Ղրիմը Ռուսաստանի համար արժեցավ 2 տրիլիոն ռուբլի». ռուս լրագրող
Ռուս լրագրող Յուրի Պրոնկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
“Ռուսական ֆոնդային շուկան այսօրվա անկման պատճառով կորցրեց մոտավորապես 2 տրիլիոն ռուբլի: Հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնք Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական որոշումներ են կայացնում, գիտակցում են, թե ուր կարող է տանել տնտեսական մեկուսացումն ու Ռուսաստանի ֆինանսական անկումը:
Եվ այսպես, Ղրիմը Ռուսաստանի համար արժեցավ 2 տրիլիոն ռուբլի՝ չհաշված ռուսների գնողունակության հսկայական կորուստը”:
Ուկրաինայի կառավարությունը մտադիր չէ Ռուսաստանին հանձնել Ղրիմը
Ուկրաինայի նոր վարչապետ Արսենի Յացենյուկը մամլո կոնֆերանս է անցկացրել Կիևում, որտեղ էլ ասել է. որ Ղրիմը Ռուսաստանին չի անցնի:
“Ղրիմը ոչ ոք ու երբեք որ մեկին չի տա.. Ուկրաինացիների ու խաղաղ բնակիչների նկատմամբ ուժ գործադրելու ու ռուսական ռազմական ներկայության համար ոչ մի հիմնավորում չկա. չի եղել ու չի լինի”,-հայտռարարել է նա:
Բացի այդ, վարչապետը վստահություն է հայտնել, որ ռուսական զորքերը ավելի չեն խորանա Ուկրաինայի արևելյան շրջաններ.”Կարծում եմ, որ մենք ավելի ճգնաժամային իրավիճակ ենք ունեցել Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերություններում: Վստահ եմ, որ ռուսական զորքերին Ուկրաինայի արևելյան շրջաններ թույլ չի տրվի:
Ռուսական բանակը Ուկրաինայում է. Ղրիմում նախապատերազմական իրավիճակ է
Ռուսաստանի ռազմական նավերն ու ուղղաթիռներն օղակել են Ղրիմը: Ուկրաինայի սահմանապահների հայտարարության համաձայն՝ Ռուսաստանին պատկանող 10 ուղղաթիռ մտել է Ուկրաինայի օդային տարածք, ռուսական 30 նավ էլ կայանել են Սինֆերոպոլում: Կիևում Ղրիմի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Կունիցինը հայտարարել է, որ Սինֆերոպոլի մոտակայքում Գվարդեյսկոյե օդանավակայանում 13 ռուսական ինքնաթիռ է վայրէջք կատարել, յուրաքանչյուրի մեջ` 150 զինվոր:
BBC-ն էլ հաղորդում է, որ նվազագույնը ռուսական 8 զրահապատ մեքենա մոտենում է Սինֆերոպոլին: Ղրիմում նախապատերազմական իրավիճակ է:
Ղրիմի վարչապետը բանակցություններ է սկսել կառավարությունը զավթողների հետ
Ղրիմի վարչապետ Անատոլի Մոգիլյովը բանակցություններ է սկսել այսօր,առավոտ վաղ Գերագույն ռադայի ու Ղրիմի կառավարության շենքը զավթած ջոկատի ներկայացուցչի հետ: Հանդիպումը կառավարության շենքում է ընթանում:
Ավելի վաղ Մոգիլյովը փետրվարի 27-ը Սիմֆերոպոլում հանգստյան օր էր հայտարարել.”Ես խնդրում եմ` չմոտենալ այդ թաղամասերին (որտեղ զավթված շենքն է), քանի որ մարդիկ զինված են ու կարող է բախում լինել”,հայտարարել է նա ղրիմյան հեռուստաընկերություններից մեկի եթերով, հավելելով, որ զավթիչներն “ագրեսիա չեն դրսևորում”, գրում է lenta.ru-ն:
Լրագրողների տեղեկացմամբ, զավթիչների ջոկատը մի քանի տասնյակ մարդուց է բաղկացած: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը, նրանք իրենց անվանում են “Ղրիմի ռուսալեզու քաղաքացիների ինքնապաշտպանության ներկայացուցիչներ”: Նա հավելել է, որ այդ անձինք հրաժարվել են շփվել ՌԴ Գլխավոր հյուպատոսության ղեկավարի հետ:
Ղրիմում գնդակահարել են հայ գործարարին.NEWS.am
Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում, փետրվարի 24-ին, իր տան մուտքի մոտ գնդակահարել են 47-ամյա գործարար Ստեփան Ճորոխյանին, հաղորդում է «Ղրիմ Կոմերսանտի»-ն՝ վկայակոչելով ՆԳՆ Ղրիմի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը,գրում է NEWS.am-ը:
Գործարարը մահացու հրազենային վնասվածք է ստացել, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, սպանության հանգամանքները եւ հնարավոր դրդապատճառները պարզվում են, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Հայտնի է, որ Ճորոխյանը «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերն էր, որի կազմում կա ռեստորան, ակումբ, բիլիարդանոց, նաեւ սաունա: