Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

SIP_7676 copyԱպրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կետրոնական վարչական ժողովի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀԲԸՄ կետրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբեանի և ՀԱՀ նախագահ Բրյուս Բողոսյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի ՀԲԸՄ ամբողջական հովանավորությամբ ՀԱՀ կողմից կիրականացվեն հետևյալ ծրագրերը. ՀՀ ՊՆ և ԶՈւ անգլերեն լեզվի դասավանդողների վերապատրաստում, պարտադիր զինվորական ծառայության վերջին 6 ամիսների ընթացքում զինծառայողների համար նախատեսված ուսուցում, ՀՀ ՊՆ քաղաքացիական հատուկ ծառայողների և զինվորական անձնակազմի վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ, Հայաստանի ամերիկյան համալսարանում ուսանելու նպատակով ՀՀ ՊՆ և ԶՈւ ներկայացուցիչներին մագիստրոսական և բակալավրիատի կրթաթոշակների տրամադրում, մի շարք այլ նախապատրաստական դասընթացներ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց համագործակցությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, որը տարեցտարի ընդլայնվելով տալիս է իր դրական արդյունքները: Նշվեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի մի շարք ներկայացուցիչներ շարունակական կրթության բաժնի դասընթացներին մասնակցելու և ավարտելու հնարավորություն են ստացել՝ կատարելագործելով իրենց մասնագիտական հմտությունները, իսկ նրանցից մեկը ներկայումս ուսանում է Ամերիկյան համալսարանի մագիստրոսական բաժնում ՀԲԸՄ կողմից տրամադրված կրթաթոշակով: 2013թ.-ի մայիս-հունիս ամիսներին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՍԿՈԲ կենտրոնի ունկնդիրներին  հնարավորություն է ընձեռվել մասնակցել առաջնորդության և կառավարման վերաբերյալ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հատուկ դասընթացների բաժնի տնօրեն, դոկտոր Արփի Բալյանի կողմից անվճար հիմունքերով իրականացված հատուկ դասընթացին: Ներկայումս վերոհիշյալ դասընթացը ներառվել 2013թ. հիմնված հրամանատարաշտաբային դասընթացների ուսումնական ծրագրում և դասավանդվում է 2 առանձին ծրագրով՝ միջին և ավագ հրամանատարական կազմի ներկայացուցիչների համար:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը և սփյուռքահայությանը Հայաստանին շարունակական աջակցության համար, ինչից անմասն չեն մնա նաև ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի ղեկավարությանը՝ ներկայացված ծրագրերը կյանքի կոչելու իրենց պատրաստակամության և հանձնառության համար:

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ

ՊԲ,պն ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից Անկախին հայտնում են, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Անկախ

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարության ղեկավար անձնակազմի հետ

պն-ումՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն: Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության Նախագահը Պաշտպանության նախարարությունում դիտել է նաև ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների արտադրատեսակները:

Շրջայցից հետո անցկացված խորհրդակցության ընթացքում իրականացվել է տեսակոնֆերանս՝ ՀՀ ՊՆ բանակային զորամիավորումների, մի շարք զորամասերի հրամանատարների և մարտական դիրքերի հետ:

Պաշտպանության նախարարը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախարարի տեղակալները ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին ներկայացրել են պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները. նախարար Սեյրան Օհանյանն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ պաշտպանության ոլորտի գործունեությունը՝ հանգամանորեն անդրադառնալով հիմնական գործառութային ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման, մարտական խնդիրների, հերթապահության, պատրաստականության և պատրաստության, միջազգային միջգերատեսչական, հասարակայնության հետ փոխգործակցության և այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը հաջողությամբ իրականացրել է շփման գծում մարտական հերթապահությունը` դիրքերի ինժեներական կահավորման, շրջանաձև պաշտպանության ձևավորման, հակադիվերսիոն և պատժիչ գործողությունների, խելացի պաշտպանության կազմակերպման միջոցով հակառակորդին պարտադրելով հրադադարի պահպանում` ռազմական զսպման միջոցով կառուցողական բանակցային դաշտ ապահովելու նպատակով:

Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ Նախագահի նախորդ այցի ժամանակ տրված ցուցումի համաձայն` անձնակազմի վարպետության բարձրացման նպատակով արդեն էականորեն ավելացվել է ուսումնական տարվա համար հատկացվող զինատեսակների զինամթերքը: Ուսումնական գործընթացի բարելավման նպատակով ավելացել է նաև ուսումնամարտական տեխնիկայի քանակը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը Նախագահին զեկուցել է զինված ուժերի պատրաստականության բարձրացման գործում մեծ դեր խաղացած զորային կառույցի կազմակերպչական-կառուցվածքային փոփոխությունների, ղեկավարման համակարգի կատարելագործման, նյութատեխնիկական և բարոյահոգեբանական ապահովման ընթացակարգերի բարելավման մասին: Նա ընդգծել է, որ հատկապես առանձնակի ուշադրություն է դարձվել բանակը սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցնելու գործընթացին, որի արդյունքում ձեռք են բերվել հեռահար և ճշգրիտ խոցման նորագույն միջոցներ` ավելացնելով զինված ուժերի կրակային հնարավորությունները:

Նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը զեկուցել է պաշտպանական քաղաքականության, անձնակազմի կառավարման, ռազմակրթական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտներում իրականացված աշխատանքներն ու բարեփոխումների արդյունքները: Դ. Տոնոյանն ընդգծել է, որ պաշտպանական կարողությունների զարգացման շրջանակներում առավել նշանակալի ձեռնարկը պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն է, որն իրականացվելու է մինչև 2015թ. վերջը և նպատակաուղղված է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման ապահովմանը: Փոխնախարարի հավաստմամբ, այս ուղղությամբ, ի թիվս իրականացված բազմաթիվ միջոցառումների, զգալի աշխատանքներ են կատարվել նաև հասարակայնության հետ կապերի ոլորտում. ակտիվ շփումներ ու փոխգործակցություն է հաստատվել և՛ տեղական, և՛ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:

Նախարարի տեղակալներից Արա Նազարյանն իր զեկույցում ներկայացրել է օրենսդրական և իրավապահ գործունեության բնագավառներում 2013-2014թթ. ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքները: Փոխնախարարը նշել է, որ շարունակական աշխատանքների արդյունքում բարձրացել է զորամասերի հրամանատարության և իրավապահ մարմինների (Ռազմական ոստիկանության և Քննչական ծառայության) համագործակցությունը: Կոռուպցիոն ռիսկերի և այլ արատավոր երևույթների դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվել են լայնածավալ օպերատիվ բնույթի միջոցառումներ և քննչական գործողություններ, ինչի արդյունքում կանխվել և բացահայտվել են մի շարք հանցագործություններ:

Նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է hաշվետու ժամանակահատվածում նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և ռազմարդյունաբերական վարչության աշխատանքները` սպառազինության, ռազմական տեխնիկայի մարտունակության ապահովման, նոր և արդիական ռազմական տեխնիկայի ձեռքբերման, զորքերում ուսումնանյութական բազայի կատարելագործման և մի շարք այլ ուղղություններով:

Ներկայացված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին և իր դիտարկումները ներկայացրել նախարարության գործունեության գերակա ուղղությունների ու առաջիկա անելիքների մասին: Ընդգծելով, որ առաջընթացը մեր Զինված ուժերում տեսանելի է, Նախագահը կարևորել է այդ առաջընթացին նոր թափ հաղորդելը՝ հաշվի առնելով բոլոր այն ջանքերը, որ գործադրվում են մեր Զինված ուժերը մարտունակ պահելու և մեր ազգային խնդիրները լուծելու ճանապարհին:

Անդրադառնալով Պաշտպանության նախարարության համար առաջնահերթ լուծման կարիք ունեցող սոցիալական բնույթի կարևորագույն խնդիրներին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է. «Մենք այս տարվա երկրորդ կեսից սկսելու ենք մեծ ծրագիր՝ կապված զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու հետ և, ամենայն հավանականությամբ, գնալու ենք այն ճանապարհով, որ ուղղակի կառուցենք բնակարանները և հատկացնենք»,-ասել է Նախագահը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա հայտնի արձանագրությունների մասին հարցին:

«Կարծում եմ, որ բոլորդ էլ տեղյակ եք, որ հայ-թուրքական գործընթացը մենք սկսել ենք, իսկ ավելի ճիշտ՝ հրապարակայնացրել ենք ազնիվ մղումներով, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի, և եթե որևէ մեկին թվում է կամ այն ժամանակ թվում էր, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, ապա նա խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք և ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել: Ընթացքում տեսաք, որ մեր բանակցող կողմը, որովհետև դժվար է իրենց գործընկերներ ասել, փորձեց նախապայմաններ առաջադրել, փորձեց յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ, այնուհետև նաև փաստաթղթի որոշակի կետեր, բայց այսօրվա դրությամբ կարող ենք փաստել հետևյալը, որ հենց այդ պատճառով գործընթացը մտավ փակուղի և այսօր սառեցված է:

Այնուհանդերձ, մենք պետք է արձանագրենք արդյունքները և, առաջին հերթին, այստեղ էլ ասենք, որ գործընթացի սառեցումը ևս կանխատեսելի էր, և որևէ մեկը չի կարող ասել, որ մենք մտածում էինք, որ, անպայման, կհասնենք խնդրի լուծման վերջնակետին: Պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ: Ինչու՞ է սա կարևոր, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում:

Երկրորդ՝ մենք շատ կարևոր, իմ կարծիքով, մի նոր մշակույթի հիմք դրեցինք. այդպիսի կարևորության բարդ խնդիրը մենք սկսեցինք լայն քննարկումների թեմա դարձնել և մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ, տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների հետ քննարկել ամենաբարդ ու ամենադժվարին խնդիրները: Հիշու՞մ եք՝ որոշ մարդիկ, իսկ այդ մարդկանց թիվը քիչ չէր, մեզ խստորեն քննադատում էին, պնդում էին, որ այդ արձանագրություններն առնվազն երկու շատ մեծ բացասական կողմ ունեն: Առաջին բացասականը, առաջին վնասը, որ մեզ կհասցնի շատ երկար ժամանակահատվածի ընթացքում, իրենց կարծիքով, Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումն էր: Հիմա ես հարցնում և՛ ձեզ, և՛ այդ մարդկանց՝ ինչո՞վ են այսօր թուրքերն զբաղված այդ հարցում: Իրենց ողջ ուժերը նետել են Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ցեղասպանությանը վերաբերող բանաձևի դեմ պայքարելուն: Գիտե՞ք, որ վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին այդպիսի որոշումն է: Եթե մենք վնաս ենք հասցրել այդ գործընթացին և այն, ըստ ոմանց, պետք է կասեցվեր, ապա ինչու՞ է այսպիսի իրավիճակ այսօր: Եվ երկրորդ՝ կա՞ արդյոք մեկը, ով այսօր առանց աչքերը գետնին հառելու կպնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը և որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների: Խնդրից տեղյակ մարդիկ գիտեն, որ այսօր մենք այդ գործընթացում ունենք շատ հաստատուն դիրք, ամուր հիմքեր: Երբ Պաշտպանության բանակի հրամանատարը զեկուցում էր, տեսաք, թե լարվածության ինչպիսի աստիճան կա առաջին գծում: Ինչո՞վ է դա պայմանավորված. եթե բանակցային գործընթացում իրենց դիրքերը լավ են, և իրենք իրենց համար կարող են բարենպաստ լուծում ունենալ, ինչու՞ են լարվածությունն ավելացնում: Եվ ինչու՞ վերջին երեք-չորս տարիների ընթացքում լարվածությունն առաջին գծում այդքան բարձրացավ: Այսինքն՝ մի ճակատում տեսնում են, որ հաջողություն չունեն, փորձում են ճնշում գործադրել, փորձում են շանտաժի ենթարկել, փորձում են և՛ մեզ, և՛ միջազգային հանրությանն ասել, որ, միևնույնն է, մենք ուզում ենք, որպեսզի խնդիրն այսպես լուծվի: Բայց բանակցային գործընթացում շատ ակնհայտ է, որ մենք հիմա շահեկան դրության մեջ ենք:

Կա ևս մի շատ կարևոր փաստարկ: Եթե շատերն ասում էին, որ այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ՝ այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում, այդ դեպքում ինչու՞ մինչև հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը: Այսինքն՝ իրենք իրենց շահը չգիտե՞ն, իսկ հայերի մի մասը գիտի թուրքերի շա՞հը: Թե՞ թուրքերը մեզ խղճում են, ասում են՝ հայերը սխալվել են, այս անգամ հայերին ներենք: Ակնհայտ է՝ եթե այդ փաստաթուղթը բխեր թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջև կանգ չէին առնի՝ ո՛չ Ադրբեջանի կարծիքի, ո՛չ որևէ մեկի կարծիքի, և այդ փաստաթղթերը հանգիստ կվավերացնեին: Եվ եթե այդ փաստաթղթերը բխեին թուրքական կողմի շահերից, այդ փաստաթղթերը լարվածություն չէին առաջացնի Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Այսքանը:

Ես մի քիչ ավելի հանգամանորեն պատասխանեցի, որովհետև վաղուց այդպիսի հարցեր չէին հնչել, և պատասխանը, երևի, կապված է նաև վերջին իրադարձությունների հետ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության ավարտին Պաշտպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. աշխատակազմի քարտուղարության առաջին բաժնի պետ, փոխգնդապետ Կարինե Ամիրխանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության և պետական մարմինների հետ համագործակցության խմբի ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը, ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը, զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, փոխգնդապետ Վահան Պապյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմա-նվագախմբային բաժնի պետ, գնդապետ Արմեն Պողոսյանը, զինված ուժերի սպառազինության վարչության շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Ավետիք Սերոբյանը և զինված ուժերի մարտական պատրաստության վարչության համազորային զորամասերի պատրաստության բաժնի պետ, գնդապետ Կորյուն Փիլիպոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

Հայ սպային վայել օրինակելի արարք

սամվել աբրահամյանՕրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը հայ սպային վայել օրինակելի արարքի և ազնվության համար պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:

Սամվել Աբրահամյանը  մարտի 7-ին ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ փողոցում գտել է ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական, անցագիր, բանկային քարտեր և 220.000 ՀՀ դրամ: Անձնական նախաձեռնությամբ պարզելով դրամապանակի տիրոջ կոնտակտային տվյալները, Սամվել Աբրահամյանը կապ է հաստատել նրա հետ և վերադարձրել ամբողջ գտածոն:

Անշուշտ, պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը արժանի է բարձր  գնահատանքի և նրա արարքը խոսում  է առհասարակ հայ սպային հարիր օրինակելի  վարքագծի և մարդկային բարձր որակների մասին:

Անցկացվել են երկկողմ պաշտպանական քննարկումներ

   Ապրիլի 15-ից 16-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Ֆրանսիայի ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության ներկայացուցիչների միջև ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի ռազմական կցորդի մասնակցությամբ անցկացվել են երկկողմ պաշտպանական քննարկումներ:

Քննարկումները հիմնականում վերաբերել են հայ-ֆրանսիական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերին:

Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է քննարկումների համար Երևանում գտնվող Ֆրանսիայի ՊՆ պատվիրակությանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը` մասնավորապես ռազմական կրթության, ռազմական առողջապահության և խաղաղապահ գործողությունների բնագավառներում:

Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանը և Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության պետ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Ա.Վիլլերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2014թ. պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության լրամշակված պլանը:

 

Անկախ 

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպման է մասնակցել

pnԱպրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց Քաղաքական և գործընկերության կոմիտե + Հայաստան ձևաչափով հանդիպմանը, որը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխտեղակալ Ջոնաթան Փերիշը: Հանդիպման ընթացքում Դաշինքի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրեց Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքն  ու հեռանկարները, քննարկվեցին և համաձայնեցվեցին Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում Հայաստանի 2014թ. Գործընկերության նպատակները: Բարձր գնահատվեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, պաշտպանական կրթության, կառավարման, թափանցիկության ընդլայնման, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, ժողովրդավարական վերահսկողության և այլ բնագավառներում արձանագրված առաջընթացը, կարևորվեց պաշտպանական բարեփոխումների բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակականության ապահովումը:

Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Ստամատոպուլոսի հետ: Փոխանակվեցին կարծիքներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության շուրջ:

Գիտաժողով «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով

2Ապրիլի 9-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում էին ԳՊՄԻ պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, կրթության ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը կարևորեց միջոցառման նշանակությունը` ներկայացնելով այն աշխատանքները, որոնք մանկավարժական ինստիտուտը կատարում է հասարակության համար արատավոր երևույթների կանխարգելման ուղղությամբ:

Իրենց ելույթներում պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին այն աշխատանքները, որոնք կատարվում են նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում` փորձելով նրանց մեջ ամրապնդել Հայրենիքի նկատմամբ իրենց սրբազան պարտքի գիտակցումը:

Խոսելով դպրոցում աշակերտներին բացասական երևույթներից զերծ պահելու ուղիների մասին` ԳՊՄԸ մանկավարժության ամբիոնի դասախոս Աշխեն Տոնոյանը կարևորեց դասավանդման ընթացքում հիմնարար արժեքների` հայրենիքի, ընտանիքի, մարդկային փոխհարաբերությունների, սոցիալական պատասխանատվության և հանդուրժողականության գաղափարների քարոզումը:

Առանձին զեկույցներում քննության առարկա դարձան դեռահասների շրջանում դրսևորվող մի շարք խնդիրներ: Իր զեկույցում ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը նշեց, որ դեռահասը ընտանիքում բավարար ջերմություն և պաշտպանություն չգտնելու դեպքում այդ ամենը որոնում է փողոցում, իսկ փողոցում նրան հաճախ սպասում է հակասոցիալական վարքի ուսուցում. արտաքին ազդեցության ներքո նա գործում է հանցագործություն:

Դեռահասների խնդիրների շուրջ իր ելույթում ԳՊՄԻ հոգեբան Վարդան Պապիկյանը անդրադարձավ համացանցից կախվածությանը, ինչը, բանախոսի կարծիքով, նպաստում է հոգեբանական մի շարք խնդիրների ձևավորմանը, առաջացնում է կոնֆլիկտային վարքագիծ պատանու մոտ, մշտական դեպրեսիա, իրական կյանքից վիրտուալ տարածության նախընտրություն, հասարակության անդամների հետ հարմարվելու դժվարություն, ժամանակի վերահսկողության ընդունակության կորուստ, համակարգչից օգտվելու հնարավորության բացակայության դեպքում տհաճության զգացումի առաջացում:

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը:

ՊՆ-ում քննարկվել են ՀՕՊ միացյալ համակարգի հետագա զարգացմանն ուղղված հարցեր

5Ապրիլի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունեց ՌԴ ԶՈՒ օդատիեզերային պաշտպանության զորքերի շտաբի պետ-օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյին, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկուն և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին, ովքեր Հայաստան էին ժամանել ԱՊՀ ՄՊ ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի հերթական 40-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՕՊ միացյալ համակարգի հետագա զարգացմանն ուղղված հարցեր, ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ բնագավառում երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ԱՊՀ ՄՊ հակաօդային պաշտպանության ինտեգրման և  կատարելագործման խնդիրները:

Քննարկումներից հետո Սեյրան Օհանյանը մասնակցեց համադրման կոմիտեի նիստի բացման արարողությանը` հանդես գալով ողջույնի խոսքով:

Քննարկել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր

պնԱպրիլի 8-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիպել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:

Նուն օրը, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Ստուդենիկինին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:

Աշխատանքների հենց առաջին օրերին «ՀԱԼՕ Թրաստ»-ի մասնագետները արդեն հայտնաբերել և վնասազերծել են հակահետևակային մեկ ական

ականՍ.թ. ապրիլի 1-ից մեկնարկել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի ներկայացրած տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակերպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների 16 հաստատված ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման և ականազերծման աշխատանքները:

Աշխատանքները սկսվել են «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակերպության ականազերծողների կողմից, որոնց երկշաբաթյա վերապատրաստումից հետո` ապրիլի 17-ին, կմիանան նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի ականազերծողները:

Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնում են Շվեյցարիայի ականազերծման միության մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը:

Աշխատանքների հենց առաջին օրերին «ՀԱԼՕ Թրաստ»-ի մասնագետները արդեն հայտնաբերել և վնասազերծել են հակահետևակային մեկ ական:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը զինծառայող կանանց և բազմազավակ մայրերի հետ

ՊՆԱպրիլի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հանդիպել է ՊՆ համակարգի լավագույն կին զինծառայողների և բազմազավակ մայրերի հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը:

Հանդիպումը, պաշտպանության նախարարի բնորոշմամբ, փորձ էր անկեղծ զրուցել կանանց հետ բանակաշինության, ձեռքբերումների, խնդիրների մասին, դրանց նայել կնոջ աչքերով, ծավալել անկեղծ ու անմիջական երկխոսություն, ինչպես նաև քննարկել ծառայողական և անձնական բնույթի հարցեր:

Սեյրան Օհանյանն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ հայ կինը եղել ու մնում է հայրենիքի ուժի, պաշտպանվածության և հուսալի ապագայի ամենակարևոր երաշխավորը, քանի որ հայ կինն է ծնում և դաստիարակում հայրենիքի ապագա զինվորին, շինարարին ու նախարարին, հայ կինն է վառ պահում օջախի կրակը, և վտանգի պահին հայ կինն է զենք առնում ու կանգնում հայրենիքը թշնամուց պաշտպանող հայորդու կողքին: Հայոց բանակի կազմավորման տարիներին էլ հայ կինն իր մեջ ուժ է գտել զինվորանալու, կրելու ուսադիրների ամբողջ ծանրությունը և իր ներկայությամբ զորություն, բարություն, հանդուրժողականություն, սեր ու քնքշանք տարածելու զինված ուժերում:

Ծավալված անմիջական ու անկեղծ զրույցի ընթացքում քննարկվել և իրենց լուծումն են գտել կին զինծառայողներին և բազմազավակ մայրերին մտահոգող բազմազան հարցեր ու խնդիրներ: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ նման անմիջական երկխոսությունը այսուհետ կդառնա պարբերական և կընդգրկի ավելի մեծ ծավալներ:

ՀՀ պաշտպանության նախարարը անակնկալ նվեր է մատուցել հանդիպմանը մասնակցող բազմազավակ այն մայրերին, որոնց որդիներն այսօր ծառայում են զինված ուժերում: Բազմազավակ մայրերի զինվոր որդիներին շնորհվել է 10-օրյա խրախուսական արձակուրդ:

          Անկախ

Սեյրան Օհանյանը հանդիպել է հասարակական խորհրդի անդամների հետ

ՊՆԱպրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի հանդեպ հանրային վստահության ամրապնդման, զորակոչի գործընթացում արդարության և օրինականության սկզբունքների արմատավորման, զինծառայողների սոցիալ-իրավական երաշխիքների ապահովման, զինված ուժերում հոգեբանական ծառայության զարգացման և դաստիարակչական աշխատանքների կատարելագործման, կադրային քաղաքականության հարցեր և այլ խնդիրներ:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է ներկա փուլում պաշտպանական քաղաքականության և զինված ուժերի զարգացման առանցքային խնդիրները, ընդգծել է Հասարակական խորհրդի դերը հասարակական կարծիքի և խնդրահարույց հարցերի անաչառ ներկայացման, լուծումների առաջարկման, բանակի-հասարակության շփումների ու համագործակցության ընդլայնման, զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման առումով:

Հասարակական խորհրդի անդամներն ընդգծել են պաշտպանության նախարարության տեղեկատվական քաղաքականության մեջ կատարված դրական փոփոխությունները` թափանցիկության և օպերատիվության աստիճանի բարձրացումը, ինչը նպաստում է զինված ուժերի հանդեպ հանրային վստահության ամրապնդմանը:

Համակողմանի անդրադարձ է կատարվել զորակոչի գործընթացին: Խորհուրդն իր զորակցությունն է հայտնել գործընթացի որակական բարելավմանն ուղղված համալիր միջոցառումներին, կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով իրականացվող գործուն և վճռական քայլերին, ընդգծվել են նախքան զորակոչը զորակոչիկների պատվաստումների և ծառայության բաշխումը վիճակահանությամբ կատարելու որոշումների կարևորությունը և այլն:

Խորհրդի անդամների կողմից առաջարկներ են ներկայացվել զինված ուժերում իրականացվող հոգեբանական աշխատանքների բարելավման, վիճակահանության գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողության սահմանման, զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովման և այլ հարցերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հասարակական խորհրդի անդամների հետ պարբերական հանդիպումները և առաջիկայում դրանք շարունակելու պատրաստակամություն է հայտնել: Ներկայացված առաջարկների ուղղությամբ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

 

 

 

Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

9Մարտի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության հարցերին: Կոլեգիայի նիստը նախագահել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ:

6Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին ներկա էին նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը  և  ՊԲ բարձրաստիճան սպաներ:

Բացելով նիստը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած խնդիրները` Սեյրան Օհանյանը կարևորել է դրանց իրականացումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում:

Իր զեկույցում հանգամանալից վերլուծելով վերջին շրջանում զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը բարձրացնելու ուղղությամբ  կատարված աշխատանքները, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը վստահեցրել է, որ զինված ուժերը պատրաստ են պատվով կատարել առաջադրված ցանկացած մարտական խնդիր:

5Ներկայացնելով արձանագրված ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները` Յուրի Խաչատուրովը կարևորել է ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Այս առումով Սեյրան Օհանյանը փաստել է, որ զգալի ֆինանսական միջոցներ են ներդրվել ճշգրիտ և հեռահար սպառազինության, հակատանկային միջոցների, օպտիկական սարքերի և նշանոցների քանակն ավելացնելու ուղղությամբ:

Զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության, զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում առկա հարցերի վերաբերյալ կոլեգիայի նիստում զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ,  բարձրաստիճան սպաներ:

8Ծավալված ակտիվ քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են նաև առաջնագծում ինժեներական սարքավորումների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, հենակետերի մարտական դիրքերի լրակահավորման, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի և ճանապարհների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Կոլեգիայի նիստի ընթացքում ուղիղ տեսակապ է հաստատվել  սահմանամերձ զորամասերից մեկի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին և կոլեգիայի նիստի մասնակիցներին զեկուցվել է սահմանագծում տիրող իրավիճակի, հակառակորդ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, դիրքապահ զինծառայողների  ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության մասին:

Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները և ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերն ու հետևությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանգամանորեն անդրադարձել է զորատեսակների անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալիր վերազինման և արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև միջադեպերի կանխարգելմանն ուղղված ճիշտ և նպատակային միջոցառումների կազմակերպման խնդիրներին, տվել է համապատասխան հանձնարարականներ:

Կոլեգիայի նիստի ավարտին մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

 

 Անկախ

Ամփոփվել են ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները

9ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` մարտի 24-ից 27-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկացվել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:

Ռազմավարության և օպերատիվ արվեստի բնագավառներում օպերատիվ շտաբների սպաների գիտելիքների և ունակությունների բարձրացմանն ու կատարելագործմանը միտված հավաքին ներգրավված էին ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների և զորամասերի հրամանատարներ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ և ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարական կազմը:

Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը և Ալիկ Միրզաբեկյանը:

Դասախոսությունները վերաբերել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանը, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին, ռազմավարական զարգացման խնդիրներին, պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներին ու պաշտպանական բարեփոխումների ընթացքին, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացմանը, ԶՈւ հրամանատարական կազմի և զինվորական իրավապահ մարմինների համագործակցությանը, այլ թեմաների:

Օպերատիվ հավաքն ուղեկցվել է կլոր սեղան-քննարկումներով, որի ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտին և երկրի անվտանգության ապահովման խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Հավաքի շրջանակում ձևավորվել են նաև միասնական տեսակետներ, պատկերացումներ ու մոտեցումներ զորքերը մարտական պատրաստության բարձր աստիճանի բերելու, ծավալելու, հիմնավորված որոշումներ ընդունելու, մարտական գործողություններ պլանավորելու, ուսուցումն ու դաստիարակչական աշխատանքները կազմակերպելու գործում:

Մարտի 25-ին օպերատիվ հավաքին ներգրավված անձնակազմը եղել է ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում: Օպերատիվ հավաքի անցկացման պլանի համաձայն, հավաքի մասնակիցների հետ, ըստ մասնագիտական խմբերի և ենթախմբերի, անցկացվել են գործնական և ցուցադրական  պարապմունքներ, կրակային պատրաստության վարժանքներ: Ցուցադրական պարապմունքների շրջանակում հավաքի մասնակիցները  ծանոթացել են հատուկ սպառազինության,  ռազմական տեխնիկայի, կապի ժամանակակից միջոցների մի շարք նմուշների, դրանց կիրառման և գործարկման ձևերին ու հնարավորություններին:

Զորավարժարանում տեղի է ունեցել նաև «Ականանետային մարտկոցով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակի գործողությունները  մոտոհրաձգային գնդի պաշտպանական մարտում» թեմայով վարժանք` մարտական հրաձգությամբ:

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքներն ամփոփվել են մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում:

Իր զեկույցում ներկայացնելով արձանագրված արդյունքներն ու մատնանշելով հավաքի առավել ակտիվ մասնակիցներին` ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կատարված աշխատանքը:

Ամփոփիչ խոսքում, կարևորելով օպերատիվ հավաքի ընթացքում անցկացված բազմաբովանդակ և պատշաճ կազմակերպված միջոցառումները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ ամենամյա հավաքներին ներգրավվող անձնակազմը տարեցտարի առավել ակտիվ մասնակցություն և պատրաստվածություն է ցուցաբերում:

Ամփոփման ավարտին հավաքի ընթացքում առավել աչքի ընկած մասնակիցներն արժանացել են խրախուսական  պարգևների:

Ադրբեջանի ՊՆ նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության փոխնախարարի հետ

Վրաստան,Ադրբեջանի,ՊՆ Մարտի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտպանության նախարարա, գեներալ-գնդախետ Զաքիր Հասանովի հանդիպումը Վրաստանի պաշտպանության փոխնախարար Միխեիլ Դարչիաշվիլու հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովը, ինչպես նաև Ադրբեջանում Վրաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն։

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության, ռազմական կրթության ոլորտում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության շուրջ հարցեր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հերթական անգամ անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը ՝ նշելով, որ “Հայստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը տարածաշրջանի կայունության հիմնական սպառնալիքն է, և այն պետք է լուծվի միջազգային օրենքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ընդունած բանաձևերի շրջանակներում”։

 Անկախ

Քննարկվել են Հայաստան֊ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր

3Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ֊ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան֊ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում Հյուսիսատլանտյան Դաշինքի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության առկա ոլորտների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է հայ խաղաղապահների ներդրումը միջազգային կայունությանն ու անվտանգությանն ուղղված առաքելություններում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները՝ ընդգծելով շփման գծում կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետը

ձերբակալվելԱյսօր ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության կողմից, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ՊՆ-ը բազմիցս հայտարարել է որ անողոք պայքար է մղելու անօրինականությունների դեմ և տապալվելու են բոլոր խարդախների քայլերը»,- գրում է նա:

Արցախում մարտական առաջադրանքը կատարելիս զինվոր է մահացել.news.am

ՊԲ,պնԱյսօր՝ մարտի 24-ին, ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Անկախ

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունումՄարտի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին մի շարք վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի խորհրդականներ, բարձրաստիճան զինվորականեր:

Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ կատարված աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում միայն կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը: Նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում մեծ ուշադրություն է դարձվել սպայակազմի մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանը, Տ. Խաչատրյանն անդրադարձավ անցկացված պլանային և անակնկալ ստուգայցերի արդյունքներին, համաբանակային, մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումներին: Ներկայացվեցին ԶՈւ սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, զորքերի ծրագրականոնադրային ապահովման գործընթացը, արձանագրված թերություններն ու դրանց շտկման համար առաջարկվող լուծումները։

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանն իր զեկույցում փաստեց, որ 2013 թվականին անցկացված ստուգումներն ու զորավարժությունները ցույց են տվել, որ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առաջադրված խնդիրները: Զեկույցում ընդգծվեց, որ ենթակա անձնակազմի մարտավարական-մասնագիտական մակարդակի բարձրացման և լավագույններին խրախուսելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում առաջին անգամ զինված ուժերում անցկացվել է «Լավագույն ականանետային դասակ» մրցույթը։

Խորհրդակցության ընթացքում հաշվետու զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետ, գնդապետ Կ. Աբրահամյանը, ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Ս. Արզումանյանը, ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման  վարչության պետ, գնդապետ Հ. Կարապետյանը, ովքեր ներկայացրեցին ենթակա կառույցների կողմից իրականացված աշխատանքները, դրանց բարելավմանը միտված մի շարք առաջարկներ և նախաձեռնություններ։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերհանեց շտկման կարիք ունեցող խնդիրները, նախանշեց առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

 

 

Ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը

ձերբակալվելՊաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժնի և քննչական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2014 թվականի մարտի 19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝  3900 ԱՄՆ դոլար գումար  կաշառք  ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի  311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում:            

Ձերբակալվել է նաև նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը: 

ՊՆ-ից Անկախին հայտնեցին,որ նախաքննությունը շարունակվում է: