Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:
Հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ: ՀՀ կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին՝ անձնվիրությամբ և խիզախությամբ հայրենիքին ծառայելու համար: Մարտական առաջին գծում ծառայությունն ավարտած երկու զինծառայող զորացրվել են և Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ իր հետ վերադարձել տուն:
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը և հոգեբանական վիճակը, ինչպես նաև գոհունակություն հայտնել զինծառայողների կենցաղային պայմաններից և սնունդից: «Շատ կարևոր է լինել զինվորների կողքին, լսել և տեղում ծանոթանալ նրանց բոլոր խնդիրներին: Այս անգամ ավելի շատ զգացի, որ զինվորների մոտ կա խանդավառություն, վստահություն և, ամենակարևորը, վիճակը լավ է: Նրանք արժանապատիվ գործ են անում՝ պաշտպանում են իրենց հայրենիքի սահմանները, ծնողներին, ընտանիքը: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարը՝ պաշտպանության նախարարը սրտացավ է և մանրակրկիտ տիրապետում է ամեն ինչին: Որպես պետություն՝ պարտավոր ենք ավելի լավ պայմաններ ստեղծել զինվորների ծառայության համար: Ծառայությունն այս վտանգավոր մարտական դիրքում, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիպուկահարներն են, մեծ զգուշություն և զգոնություն է պահանջում զինվորներից: Համոզված եղեք, որ մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ մշտական ուշադրությունը, ուսուցողական աշխատանքը, վստահության ձևավորումը շարունակական են լինելու», – ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ անվտանգության ապահովումը մեր երկրի գերակա խնդիրն է և կարևորել է պետական բարձրաստիճան այրերի պարբերական այցերը մարտական դիրքեր: «Զինվորը պետք է հասկանա, որ իր թիկունքում կա պետություն, կա ժողովուրդ, ով գնահատում է իր ծառայությունը, ազգանվեր գործը: Աստված խաղաղություն տա մեր երկրին», – հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Այնուհետև Հայաստանի վարչապետն այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի N զորամաս, զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական և կենցաղային պայմաններին: Զինծառայողներին ուղղված ողջույնի խոսքում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք շատ բարձր ենք գնահատում յուրաքանչյուր զինվորի և սպայի ծառայությունը: Զինծառայողների հետ զրույցի ընթացքում զգացինք, թե ինչ անձնվիրությամբ են նրանք ծառայում՝ պաշտպանելով մեր Արցախի անվտանգությունը: Վստահ եղեք, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ձեր ծառայությունը լինի ավելի որակյալ: Մենք կանդրադառնանք բոլոր այն խնդիրներին, որոնք կներկայացվեն մեր զինվորների, սպաների, հրամանատարների կողմից: Բոլորդ պետք է հասկանաք, որ Հայաստանի անվտանգությունն սկսվում է Արցախի անվտանգությունից: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Համոզված եղեք՝ մենք ձեր կողքին ենք լինելու և բարձր ենք գնահատում ձեր ծառայությունը»:
Զինվորական բարձր կարգապահությամբ և պարտաճանաչությամբ աչքի ընկնելու համար ՀՀ կառավարության ղեկավարը մի խումբ զինծառայողների և հրամանատարների նվիրել է ժամացույց և կենցաղային տեխնիկա:
Արցախի պաշտպանական դիրքեր այցելությամբ ավարտվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:
Անկախ
Tag Archives: Հովիկ Աբրահամյան
ՀՀ վարչապետ. Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախ կատարած աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին ամփոփել է հանդիպումների և քննարկումների արդյունքները՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարներին և ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները: «Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, և այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարևոր են: Հեռանկարային առումով բարձր եմ գնահատում Արցախի կառավարության աշխատանքը. կա երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն է տալիս տնտեսությունը զարգացնել, աշխատավարձերը բարձրացնել, սոցիալական, ինչպես նաև անվտանգության խնդիրները լուծել: Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունն իր առջև խնդիր է դրել, որպեսզի համագործակցությունն ամրապնդի և մենք ունենանք հզոր Արցախ և´ անվտանգության, և´ տնտեսության զարգացման առումով», – նշել է Հովիկ Աբրահամյանը:
Խոսելով, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի մասին՝ Հայաստանի վարչապետն ասել է. «Մեր գյուղատնտեսության նախարարություններն ունեն բազմաթիվ ծրագրեր, և Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցելու Արցախի կառավարությանը, որպեսզի լիարժեք օգտագործվեն հողային ռեսուրսները: ՀՀ-ում նույնպես պետք է ակտիվացնենք և զարգացնենք գյուղատնտեսությունը, քանի որ մեր հողերի մոտավորապես 30 տոկոսը չի օգտագործվում»: Ոլորտում կապերի աշխուժացման նպատակով վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և ծրագրերը պետք է համապատասխանեն առկա հնարավորություններին և վստահեցրել, որ դրանք հնարավորինս շուտ կյանքի կկոչվեն: «Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է բոլոր ոլորտներում Արցախի հզորացման համար: Դա մեզ համար առաջնահերթություն պետք է լինի», – նշել է վարչապետ Աբրահամյանը:
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահը
Շարունակվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արցախ: Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությանն իր նստավայրում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը նախ առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպումը ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի միջև բազմաբնույթ համագործակցության ընթացքը և խորացման հեռանկարները: Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Արցախի վարչապետի և կառավարության անդամների հետ քննարկումների արդյունքներից՝ տեղեկացնելով, որ արծարծվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը կանի առավելագույնը՝ Արցախի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն ապահովելու համար:
Երկուստեք ընդգծվել է համագործակցության և կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարևորագույն նախապայման:
Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը և Բակո Սահակյանը շրջայց են կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում:
Երկօրյա աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակություն
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ այսօր երկօրյա աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պաշտոնատար այլ անձինք: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` փոխվարչապետի, կառավարության այլ անդամների հետ:
ՀՀ վարչապետը` արցախյան գործընկերոջ և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Հուշահամալիր այցից հետո կայացել է հայկական երկու պետությունների գործադիր իշխանության ղեկավարների առանձնազրույցը. քննարկվել են համագործակցության զարգացմանն ու ընլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր: Այնուհետև քննարկումները շարունակվել են Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների մասնակցությամբ` ընդլայնված կազմով հանդիպմանը:
Ողջունելով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը Արցախ, ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ համատեղ լուծելի հարցերը բազմաթիվ են, օրախնդիր ու հեռանկարային, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կլինեն հստակ մոտեցումներ: Երկու կառավարությունների միջև գոյություն չունի որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել միացյալ ուժերով` ընդհանուր ազգային տեսլականի շրջագծում,- նշել է Ա. Հարությունյանը:
ԼՂՀ վարչապետը էական ու հրատապ է համարել Արցախի տնտեսական ինտեգրման խորացումը Հայաստանի Հանրապետության հետ` նշելով, որ, դա է թելադրում ներկա ռազմա-քաղաքական կացությունը տարածաշրջանում, և այն բխում է մեր ընդհանուր անվտանգության շահերից:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել արցախյան գործընկերներին ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ ՀՀ կառավարության կողմից հետայսու ևս կգործադրվեն բոլոր ջանքերը Արցախի տնտեսության զարգացման ուղղությամբ: Նա հակված է այն մտքին, որ բոլոր ոլորտներում համագործակցությունը լինի առարկայական ու նպատակային:
Հանդիպմանը հայկական երկու հանրապետությունների գերատեսչությունների ղեկավարները, ըստ ճյուղային ոլորտների, ներկայացրել են համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքները, նշել իրագործման փուլում գնտվող ծրագրերը, ինչպես նաև ձեռքբերել նոր պայմանավորվածություններ` համագործակցության շրջանակները ընդլայնելու վերաբերյալ:
Դրական գնահատելով տարբեր ոլորտների միջև փոխգործակցությունը` վարչապետներ Արա Հարությունյանն ու Հովիկ Աբրահամյանը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել են հետամուտ լինել շոշափված խնդիրների լուծմանը, մասնավորապես, աշխատել Վարդենիս-Սոթք-Հաթերք երկրորդ օդային գծի գործարկման և հակակարկտային կայանների համակարգը ավելի արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ առանձին գերատեսչությունների աշխատակիցների միջև, որտեղ կհստակեցվեն համագործակցության ընդլայնման վերաբերյալ հետագա անելիքները:
Անկախ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այնուհետև տեղի կունենա Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների ընդլայնված կազմով հանդիպումը, որում կքննարկվեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր:
Այցի շրջանակներում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ կկայանան մի շարք այլ միջոցառումներ:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը և պաշտոնատար այլ անձինք:
Դպրոցն ու կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի գլխավորությամբ:
Միության անդամները ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները, որոնց նպատակն է նպաստել կրթական համակարգի զարգացմանը՝ կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով, իրականացնել ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների շրջանում ազգային գիտակցության ամրապդնմանն ուղղված տարբեր ծրագրեր: Տեղեկացվել է, որ միությունն առաջիկայում պատրաստվում է անդամակցել եվրոպական ուսուցիչների միությանը, ինչը ևս կնպաստի միության զարգացմանը:
Ողջունելով «Դպրոց-կենտրոնների միության» գործունեությունը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դպրոցը և կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: «Կառավարության ծրագրերն ուղղված են լինելու որակյալ կրթական համակարգի կայացմանը: Այդ առումով ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքում պատրաստ ենք ներդնել նաև ձեր փորձը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն ընդգծել է, որ տարեցտարի կառավարությունն ավելացնելու է ուսուցիչների վերապատրաստմանն ու դպրոցաշինությանն ուղղված միջոցները:
Միաժամանակ վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել միության ծրագրերին և նախաձեռնություններին:
Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները, հնարավորություններն ու հեռանկարները:
Ողջունելով տնտեսվարողներին՝ վարչապետը նշել է. «Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը: Մենք պետք է կանգնենք գյուղացու կողքին: Համոզված եմ, որ ունենք մեծ հնարավորություն՝ գյուղը զարգացնելու համար: 2015 թվականի պետական բյուջեն մշակելիս կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու նաև ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի ներդրողների համար հնարավորություն ստեղծենք աշխատելու գյուղերում»:
Այնուհետև գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները՝ գինեգործության բնագավառի զարգացման նպատակով:
Մասնավորապես, անդրադառնալով տնտեսվարողների կողմից բարձրացված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում առկա որոշ հարցերի՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ գյուղատնտեսության նախարարներին աշխատել գինեգործների միության հետ՝ քննարկելու նշված օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը՝ տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:
Հովիկ Աբրահամյանը կառավարության աջակցությունն է հայտնել գինեգործներին՝ բարձրակարգ սարքավորումներով լաբորատորիա հիմնելու և մասնագետների վերապատրաստման գործում: Միաժամանակ, վարչապետը հորդորել է նրանց՝ խաղողի մթերման աշխատանքները կազմակերպել բարձր մակարդակով՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար:
Քննարկվել են նաև մթերվող խաղողի գնին, տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, արտահանման ուղղությամբ առաջացած խնդիրներին, մասնավորապես Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Վարչապետը տեղեկացրել է, որ այդ խնդրի շուրջ մանրամասն զրույց է ունեցել ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ լուծում տալ բնակլիմայական պայմանների հետեւանքով հաճախակի առաջացող ձնակույտերի և սողանքների խնդրին, որոնք բացասաբար են ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա: Հարցը վարչապետը կքննարկի նաև առաջիկայում ՌԴ նախատեսվող այցի ժամանակ:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ պետությունը կանգնելու է ներքին արտադրողի կողքին և պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ներդրումների իրականացման, այդ թվում գործարանները նորագույն տեխոնոլգիաներով համալրելու աշխատանքներում, նոր շուկաներ մուտք գործելու հարցում: Կառավարության ղեկավարը կարևորել է գինեգործների փորձն առկա խնդիրների լուծման գործում և պատրաստակամություն հայտնել պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ՝ ակնկալելով տնտեսվարողների կառուցողական առաջարկություններն ու նախաձեռնությունները:
Հայաստանի նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի քան վեց տասնյակ ընկերություններ:
Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ներկայում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը բավականին մեծ զարգացում է ապրում: «Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից՝ նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը: ՏՏ ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,– ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը մեծապես կարևորել է ավանդական դարձած ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը Հայաստանի զարգացող բիզնես միջավայրի կայացման գործում, քանի որ նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում մասնակից ընկերություններին ոչ միայն ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է իրենց տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումը բիզնեսում, այլև նպաստել նորագույն տեխնոլոգիաների տարածմանը, փորձի փոխանակմանը, գործարար միջավայրում համագործակցության խթանմանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է՝ աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ այն ունի առաջընթացի մեծ ապագա: «Կառավարությունը գործնական աջակցություն է ցուցաբերելու մեր երկրի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող այս ոլորտին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետև վարչապետը շրջել է ֆորումին մասնակից ընկերությունների տաղավարներով՝ ծանոթացել նրանց արտադրանքին, ծառայություններին, առաջարկություններին ու նոր գաղափարներին:
Ֆորումին ներկայացված 64 ընկերություններից 13-ն օտարերկրյա են: Այս տարի առաջին անգամ ԴիջիԹեքին մասնակցում է նաև ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը, որը ՌԴ-ում մեծ համբավ ունի և համագործակցում է բոլոր խոշորագույն կազմակերպությունների հետ: Ֆորումի շրջանակներում կկայանա նաև երկու միջազգային համաժողով: Հայ-հոլանդական եւ հայ-ռուսական համաժողովները նվիրված են լինելու ոլորտի համագործակցությանը ու փորձի փոխանակմանը:
***
Վարչապետը Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող մի քանի հարցերի: Մասնավորապես, խոսելով ստվերի կրճատման մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում խոշոր հարկատուների մոտ ստվերը նվազագույնի հասցնելու համար: «Այժմ մենք ձեռնամուխ ենք եղել փոքր և միջին ձեռնարկություններին արտոնություններ տալուն, և տվյալ օրենքը քննարկվում է Ազգային ժողովում: Այն քայլերով, որոնք այժմ ձեռնարկում ենք ՓՄՁ-ների ուղղությամբ, փակում ենք խոշոր բիզնեսի ճանապարհը՝ ստվերով աշխատելու ուղղությամբ: Մեր նպատակն է, որպեսզի բոլորն աշխատեն հարկային դաշտում»,- նշել է վարչապետը:
Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ ֆինանսների նախարարությունը 10 օրը մեկ հաշվետվություն է ներկայացնելու նաև հանրությանը, թե որ հարկատուի մոտ ինչպիսի տենդենց է նկատվում: «Մենք լինելու ենք հետևողական և կառավարությունն իր պայմանավորվածությունները պահելու է: Այն հարկատուները, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք մեր դիրքորոշումը շատ կոշտ կցուցաբերենք»,– հավելել է վարչապետը:
Անդրադառնալով Գառնու հեթանոսական տաճարի և Զվարթնոցի շուրջ վերջին օրերին մամուլում տեղ գտած տեղեկատվությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցով լուրջ խոսակցություն է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի հետ և պահանջել, որպեսզի քայլեր ձեռնարկվեն ու պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության: «Այդ հարցն իմ ուշադրության կենտրոնում է լինելու: Այսուհետ պետք է բացառել նման պայմանավորվածությունները և այն խնդիրները, որոնք հարուցում են մեր հանրության դժգոհությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ նոր օրինագծով սահմանվող պարտադիր սոցիալական վճարը հուլիսի 1-ից նախատեսվում է կիրառել պետական հատվածի 200 հազարից ավելի աշխատողների համար, որոնց աշխատավարձերը կառավարությունը շուտով բարձրացնելու է: Մասնավորապես, այդ նպատակով հատկացվել է 38 միլիարդ դրամ: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի տների, երաժշտական դպրոցների, մանկապարտեզների և այլ պետական հաստատությունների աշխատողների սոցիալական վճարը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ, կատարելու է կառավարությունը՝ պետական բյուջեից:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանը ներկայացված 12 առաջարկություններին՝ վարչապետը նշել է, որ դրանց մեծ մասն արտացոլված է Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրում: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ և ընդունել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն:
Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է գիտաժողովի անցկացումը ժամանակակից տնտեսության զարգացման հեռանկարների քննարկման և նոր ուղիների բացահայտման առումով: «Ոգևորիչ է, որ Հայկական տնտեսագիտական միությանն այս տարիների ընթացքում հաջողվել է համախմբել տարբեր երկրներից և համալսարաններից գիտնականների, դասախոսների, ուսանողների և պետական մարմինների ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են իրենց նպաստը բերել Հայաստանի տնտեսական և սոցիալական ոլորտներում հետազոտական մտքի զարգացմանը:
Հատկապես ուրախ եմ, որ նման գիտական ֆորումներին իրենց մասնակցությունն են բերում սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր արտասահմանյան հեղինակավոր գիտական կենտրոններում ձեռք բերած հարուստ գիտելիքներն ու փորձը սիրով փոխանակում են մեզ հետ: Այդ հանգամանքով է պայմանավորված նաև Հայկական տնտեսագիտական միության գիտաժողովների կենսունակությունը», – նշել է կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայկական տնտեսագիտական միության, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մեծ ավանդը և լիարժեք ներգրավվածությունը մեր երկրի գիտահետազոտական կարողությունների զարգացման գործում:
Երկրի վարչապետն անդրադարձել է ՀՀ նոր կառավարության գործունեությանը՝ մասնավորապես, ընդգծելով. «ՀՀ կառավարությունը գալիք տարիների համար ակնկալում է տնտեսական շարունակական աճ: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը հասնելու լավագույն ճանապարհը տնտեսության, հատկապես մասնավոր հատվածի զարգացումն է: Հայաստանի կառավարության գործունեությունը նպատակաուղղված է լինելու ինովացիոն տեխնոլոգիաների և լայնածավալ ներդրումային ծրագրերի վրա հիմնված տնտեսության զարգացմանը:
Այս գիտաժողովի ծրագիրն առնչվում է առևտրի, արդյունաբերության, ֆինանսների, աշխատաշուկայի, հանրային հատվածի, կրթության և այլ ոլորտների մարտահրավերներին: Դրանք ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանի տնտեսության հիմնախնդիրներին, և ես վստահ եմ, որ քննարկումների արդյունքներն օգտակար կլինեն համապատասխան ոլորտներում մարտավարության մշակման արդյունավետության բարձրացմանը»:
Վարչապետ Աբրահամյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել գիտաժողովի մասնակիցներին և համոզմունք հայտնել, որ կայանալիք քննարկումները կլինեն հետաքրքիր և օգտակար, իսկ մթնոլորտը` նպաստավոր նոր գաղափարների առաջացման համար:
Եռօրյա գիտաժողովի շրջանակում, որին մասնակցում են հայաստանցի, սփյուռքահայ և արտասահմանցի տնտեսագետներ, քննարկվելու են Հայաստանի տնտեսական զարգացմանը և մրցունակությանը, դրամավարկային քաղաքականությանը, միջազգային առևտրին, ֆինանսատնտեսական հատվածին և մի շարք այլ թեմաների վերաբերող հարցեր:
Քննարկվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի կառավարման խորհրդի նիստ:
Նիստում քննարկվել և հաստատվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի վերանայված գնումների պլանը, ինչպես նաև Տրանշ 1-ի շրջանակում իրականացվող Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի Նոր Շիրակ փողոցի ու Արտաշատի խճուղու վերակառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ին սկսել համապատասխան մրցութային գործընթացը:
Վարչապետն ընդունել է ԱԶԲ տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրենին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերին: Վարչապետը կարևորել է ԱԶԲ-ի հետ փոխգործակցությունը և ընդգծել համատեղ մի շարք ծրագրերի հաջող իրականացման փաստը: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում, այդ թվում տրանսպորտի և քաղաքաշինության, իրականացվող նախագծերը կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը:
Քլաուս Գերհաուզերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը հաջողությամբ համագործակցելու համար և տեղեկացրել, որ այժմ շարունակվում են աշխատանքները մեր երկրի և ԱԶԲ-ի միջև իրականացվելիք առաջիկա տարիների ծրագրի մշակման ուղղությամբ:
Միաժամանակ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային գլխավոր տնօրենը գոհունակություն է հայտնել այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի կատարողականից և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ֆինանսավորման ծրագրեր իրականացնել նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում՝ մասնավոր հատվածի համար: Քլաուս Գերհաուզերը նշել է, որ ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաև տեխնիկական օժանդակություն:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին և համատեղ այլ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:
Կբարելավվի գործարար միջավայրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Սարատովսկայա գեներատորնայա կոմպանիա» ՍՊԸ թիվ 1 մասնաճյուղի կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2014թ. դեկտեմբերի վերջը: Համաձայն Սարատով քաղաքի նույնանուն ՍՊԸ հետ կնքված պայմանագրի, ներմուծվել են եռաֆազ գեներատորներ, դրանց նորոգման սև մետաղե հարմարանքներ, էլեկտրամեկուսացման ճկուն խողովակ, պղնձե գլանվածք և այլ ապրանքատեսակներ՝ արտահանելու անհրաժեշտությամբ: Սակայն արտադրական խնդիրների առաջացման պատճառով արտադրանքը հնարավոր չի եղել սահմանված ժամկետում արտահանել և անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով: Կառավարության որոշմամբ հնարավորություն կստեղծվի ավարտել վերամշակման աշխատանքը, արտահանել արտադրանքը՝ կայունացնելով ընկերության ֆինանսական վիճակը , պահպանելով ստեղծված աշխատատեղերը:
Կառավարության որոշմամբ մինչև 2016թ. հունիսի 12-ը երկարացվել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի ներմուծած ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Այս ընկերությունը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթողն է և Հայաստան է ներմուծել գեոդեզիական սարքավորում: «Ժամանակավոր ներմուծում»՝ մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև պայմանագրով նախատեսված աշխատանքի ավարտը:
Գործադիրը «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» (ՉՀԳ) ԲԲԸ պետական բաժնեմասի կառավարման լիազորությունն իրականացնող ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ՓԲԸ կանոնադրական կապիտալում որպես լրացուցիչ ներդրում օգտագործել ՉՀԳ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը: 2013թ. օգոստոս ամսից մինչ օրս լեհական կողմը կատարել է 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում. այդ թիվը պետք է հասցվի 10 միլիոնի: Գույքի փոխանցումը լեհական կողմին կպարտավորեցնի շարունակել համամասնական ներդրումները:
Գործադիրն ընդունել է ՀՀ 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշում: ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության 2013թ. մայիսի 15-ի համաձայնագրով նախատեսված է փաստաթղթերի և Արարատյան դաշտի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկատնտեսական ուսումնասիրություն Վեդու ջրամբարի կառուցման նպատակով: Սահմանված ժամկետում վճարումներն իրականացնելու համար այս ծրագիրը ևս ներառվել է ՀՀ 2014թ. պետբյուջե:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել շուրջ 52 մլն դրամ սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական ենթակառուցվածքը վերազինելու նպատակով:
Նիստում հաստատվել է Բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացին վերջնական սպառողի մասնակցության ապահովման կարգը, որով կարգավորվում են այդ գործընթացի իրավահարաբերությունները: Հավանություն է տրվել տնտեսական, ռազմական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչների վրա հիմնված միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթության որոշման հայեցակարգին:
Հստակեցվում են ոստիկանության գործառույթները
Կառավարության նիստի օրակարգի հարցերից հինգով հստակեցվել են ոստիկանության գործառույթների իրավահարաբերությունները: Նախ գործադիրը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 2014թ. առաջին եռամսյակում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համար վճարման ենթակա գումարի հատկացումը կատարել ի հաշիվ անձնագրերի և քարտերի իրացումից 2014թ. առաջին եռամսյակում պետբյուջե փաստացի մուտքագրված պետտուրքի գումարի, նկատի առնելով նաև այն, որ 2014թ. պետբյուջեից հանվել է սովորական անձնագրի բլանկների տպագրության համար տարեկան նախատեսվող գումարը: Հաջորդ որոշումը նպատակ ունի կանոնակարգել հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառումը: Նման առարկաները հաշվառումից հանելու հիմք է սահմանվել միայն դրանց հայտնաբերումը, քանի որ նշված օբյեկտներն ունեն ոչ միայն նյութական, այլև առավելապես պատմամշակութային արժեք և հասարակական կարևոր նշանակություն:
Մեկ այլ որոշման փոփոխությամբ հստակեցվել են հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու և հաշվառումից հանելու հիմքերը: Հաշվառելու հիմք է տրանսպորտային միջոցի նկատմամբ հետախուզում հայտարարելու քրեական հետապնդման մարմնի որոշումը, հաշվառումից հանելու հիմք՝ կարճված քրեական գործի արխիվային պահպանման ժամկետի ավարտը: Որոշման արդյունքում առավել կանոնակարգված և արդյունավետ կիրականացվի հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման և տեղեկության տրամադրման գործընթացը:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը կառավարությունը լրացրել է հետևյալ բովանդակությամբ. «Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի տեսաձայնագրության սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ»: Որոշման ընդունմամբ կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը:
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, կառավարությունը այն համապատասխանեցրել է «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքների փոփոխություններին, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ չստանալու տեղեկանք տրամադրելու հետ կապված հարաբերություններում ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի և ՀՀ քաղաքացու իրավունքների հավասար իրացման հնարավորության ապահովմանը:
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետբյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալները կանոնակարգող օրենսդրական դաշտում կատարված փոփոխությամբ:
Գործադիրը քննարկել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը: Նախաձեռնության նպատակն է կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականության, դրա միասնական չափանիշների ապահովումը: Կառավարությունը սկզբունքորեն ընդունելի է համարել նախագծերի փաթեթը, միաժամանակ նշել մասնագիտական լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունը՝ խնդրին համապարփակ և արդյունավետ լուծում տալու համար:
Նիստում քննության է առնվել «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի առավել չափելի դարձնել կրթության որակի վերահսկողությունը: Կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել օրինագիծը՝ անելով մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ամբողջովին ընդունելի կհամարի օրենքի նախագիծը: Նույնպիսի պայման է առաջադրվել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություն և լրացում է առաջարկվում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում:
Կառավարությունը դեմ է արտահայտվել «Արտադպրոցական կրթության մասին» օրենքի նախագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Գործադրի պատճառաբանությամբ «Կրթության մասին» օրենքում «արտադպրոցական կրթություն» հասկացություն կամ դրույթ չկա, ուստի այդ հարցը նպատակահարմար է քննարկել լրացուցիչ կրթության համատեքստում: Բացասական եզրակացություն է ստացել նաև «Մեծահասակների կրթության մասին» օրենքի նախագիծը, որով առանձնացվող մեծահասակների կրթության պետական քաղաքականության սկզբունքները կարող են խտրականության տեղիք տալ:
Գործադիրը քննարկել է ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Նրանք առաջարկում են ապաքրեականացնել գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողին կանխամտածված մոլորեցնելը, հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը: Հիշյալ արարքներն ապաքրեականացնելը չի բխում ՀՀ սահմանադրությունից և տեղին չէ՝ ելնելով դրանց հանրային վտանգավորությունից: Այս և մի շարք այլ նկատառումներով կառավարությունը դեմ է նախագծերի փաթեթի ընդունմանը:
Գործադիրը դեմ է արտահայտվել «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրենքի նախագծի ընդունմանը: Օրինագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Կառավարությունը խնդիր է դրել հստակ սահմանել այն չափանիշները, որոնցով հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը: Բացի այդ, միանվագ դրամական օգնությունը երիտասարդ ընտանիքներին պետք է տրամադրվի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի շրջանակում՝ բյուջետային հնարավորությունների առկայության դեպքում:
Կառավարությունը համապատասխան հիմնավորումներով բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» և «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրենքների նախագծերին:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ հարցեր
Գործադիրն ընդունել է Շիրակի մարզի Ալվարի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Երևանի «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Կառավարության ղեկավարն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին, ովքեր փաստահավաք առաքելությամբ հունիսի 16-18-ը գտնվում են Հայաստանում:
Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողներին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: «Մենք կարևորում ենք ձեր գործադրած ջանքերը Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: ՀՀ-ն ոչ միայն ԵԽ ակտիվ անդամներից է և մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում, այլև պատիվ է ունեցել 2013 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ», – նշել է կառավարության ղեկավարը:
ԵԽԽՎ համազեկուցողները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություն մաղթել և փոխանցել Հայաստանի հարցով ԵԽԽՎ նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտի ջերմ ողջույնները: Աքսել Ֆիշերը և Ալան Միլը բարձր են գնահատել ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ընթացքում կատարված աշխատանքները և ընդհանրապես մոնիթորինգի հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությունը: «Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչը լավ ձեռքբերում է թե´ Հայաստանի, թե´ Եվրոպայի համար»,– ընդգծել են համազեկուցողները:
Հյուրերի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները, սիրիական ճգնաժամի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրերը: Վարչապետն անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային իրավիճակին, հարևան երկրների հետ հարաբերություններին և ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցությանը: Զրուցակիցները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտում ավելի բարձր մակարդակի առաջընթաց արձանագրելու նպատակով:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:
Վարչապետն ընդունել է KFW բանկի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, գերմանական KFW բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերին և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Դագմար Բոթին:
Վարչապետը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը և նշել, որ Գերմանիայի հետ համագործակցությունն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունների ընդլայնման համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Միաժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ անկախությունից ի վեր Հայաստանին լայնածավալ տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար:
Դեսպան Ռայներ Մորելը ևս բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ջանքեր գործադրել՝ տարբեր ոլորտներում հայ-գերմանական համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և KFW բանկի համագործակցությամբ նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը և Ռոլանդ Զիլերն անդրադարձել են KFW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Կապսի ջրամբարի կառուցապատման աշխատանքներին: Կողմերը հույս են հայտնել, որ արդեն այս տարվա սեպտեմբերին կստորագրվի համապատասխան վարկային պայմանագիրը, ինչը հնարավորություն կտա իրագործել մեր տնտեսության համար կարևոր այս ծրագիրը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ջրամբարաշինությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է և առաջիկա տարիներին նախատեսվում է սկսել 4 նոր ջրամբարների կառուցման աշխատանքներ:
Գործադիրի ղեկավարը և KFW բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրենը կարևորել են նաև Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրա¬հաղորդման օդային գծի կառուցումը, որը ևս նախատեսվում է իրականացնել KFW բանկի աջակցությամբ:
Միաժամանակ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ՀՀ կենտրոնական բանկի և KFW-ի համագործակցության արդյունքում կիրականացվեն նոր ծրագրեր՝ բնակարանային վերանորոգման և ՓՄՁ ոլորտներում:
Քննարկվել են նաև դպրոցներում էներգախնայողության, գյուղատնտեսության և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր:
Ակնկալվել է, որ աշնանը նախատեսված հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով նշված ծրագրերը կմտնեն գործնական փուլ:
Միաժամանակ տեղեկացվել է, որ այժմ բանակցություններ են տարվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Հայաստանում պաշտոնապես հավատարմագրելու ուղղությամբ, ինչը ևս կնպաստի երկկողմ նոր ծրագրերի իրականացմանը:
Վարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Երկրի վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ընթացքից և կարևորել բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անկախացումից ի վեր Ֆրանսիայի կողմից Հայաստանին ֆինանսական ու տեխնիկական օժանդակության տրամադրումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի գործադրած ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարները և նախանշել հնարավոր ուղղությունները: Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը: Հովիկ Աբրահամյանը ողջունել է մեր երկրում ֆրանսիական ձեռնարկությունների ակտիվ գործունեությունը և կարևորել տարբեր ոլորտներում նոր ներդրումների ներգրավումը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է պահպանել և էլ ավելի զարգացնել առկա ձեռքբերումները: Անրի Ռենոն հավաստիացրել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակելու տարբեր ոլորտներում մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում նաև՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու հարցում:
Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները քննարկելու նպատակով Հովիկ Աբրահամյանը ֆրանսիացի իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան:
Տեղի է ունեցել բնապահպանական գործառույթներին առնչվող խորհրդակցություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել բնական պաշարների օգտագործմանը և բնապահպանական պահանջների ապահովման խնդիրներին առնչվող խորհրդակցություն:
ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների ու ՀՀ բնապահպանության նախարարներ՝ Կարեն Ճշմարիտյանը, Երվանդ Զախարյանը և Արամայիս Գրիգորյանը ներկայացրել են բնապահպանական գործառույթների իրականացման ներկայիս մեխանիզմներն ու դրանց հստակեցման ուղղությամբ հնարավոր քայլերը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ գործառույթների հստակ տարանջատմանն ու պարզեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների իրականացումը: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին շարունակել քննարկումները և ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:
Անկախ
Հուլիսի 1-ից մոտ 200 հազար պետական աշխատողների աշխատավարձը բարձրացվելու է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին: 2007թ. ընդունված օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում էր, որ հայցադիմումին պետք է կցվեն նաև հայցադիմումը և կից փաստաթղթի պատճենները ստանալը հավաստող փաստաթղթերը: ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով նշված իրավանորմի սահմանադրականության հարցը, 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով այն ճանաչել է Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
Նույնաբովանդակ ձևակերպմամբ դրույթ է ամրագրվել նաև 2014թ. հունվարի 7-ին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, հանգամանք, որը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմանը: Հարցին լուծում տալու նպատակով առաջարկվում է օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված դրույթը խմբագրել ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը համահունչ ձևակերպմամբ: Նշված փոփոխությունից բխող անհրաժեշտ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում՝ դատարանի համար հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման հետ հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները նույնպես պատասխանող կողմին ուղարկելու պարտադիր պայման ամրագրելով: Օրինագծի ընդունմամբ օրենսգիրքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:
Կառավարության հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը կազմել է ՀՀ վարչապետի 2014թ. մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբը: Նախագծով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա: Եվ 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ օրենքում առաջարկվող փոփոխություններն համակողմանիորեն քննարկվել են պատկան մարմիններում, երեկ դրանց վերաբերյալ կարծիք է հայտնել ՀՀ նախագահը: «Մեծ զիջում ենք անում, – հավելել է վարչապետը, – տուգանքների չափը նվազեցնում ենք 50 տոկոսով, նաև առաջարկում, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե ս.թ. սեպտեմբերի 1-ին, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես՝ օրենքն ընդունելու պահից»:
Նիստում հավանություն է ստացել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով հստակ սահմանվում են այն դեպքերը, որոնց պարագայում սեփականության չօտարված մասի սեփականատերը իրավունք ունի օտարում պահանջել, ինչպես նաև սեփականության չօտարված մասի օտարման պահանջի քննարկման կարգը: Իրավական ակտն ընդունելու արդյունքում կկանոնակարգվեն սեփականության չօգտագործված մասի օտարման հիմքերը և ընթացակարգերը, ինչպես նաև կհստակեցվի դատական կարգով սեփականության օտարումը:
ՀՀ կառավարությունն հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս համատեքստում նշել է, որ ս.թ. հուլիսի 1-ից մոտ 200 հազար պետական աշխատողների աշխատավարձն է բարձրացվելու: Այս իրողությունը նաև նպատակային սոցիալական վճար սահմանելու հիմք է: Կառավարության կողմից շատ համարձակ քայլ է հուլիսի 1-ից աշխատավարձի բարձրացմանը 38 մլրդ դրամ հատկացնելը: Հանրությունը, Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան այս իրողությունը, – շեշտել է վարչապետը:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ վարչապետ. «Հարկային օրենսգրքի ներդրումը մեր տնտեսության ու երկրի մրցունակության երաշխիքներից է լինելու»
Վարչապետն այսօր մասնակցել է Հայաստանի միասնական հարկային օրենսգրքի մշակմանը նվիրված միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հարկային բարեփոխումների ծրագիրը:
Հայաստանի վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է միասնական հարկային օրենսգրքի մշակումն ու ներդրումը մեր երկրի երկարաժամկետ և կայուն զարգացման տեսանկյունից: «Ընդամենը երեք շաբաթ առաջ Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը, որով առանձնակի կարևորվում է մեր երկրի գործարար և ներդրումային, այդ թվում՝ հարկային միջավայրի շարունակական բարելավման խնդիրը: Այս առումով, միջազգային լավագույն փորձին համահունչ հարկային օրենսգրքի մշակումը և ներդրումը կարևոր խթան կհանդիսանա մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավման և ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման գործում: Մյուս կողմից, լիահույս ենք, որ հարկային օրենսգրքի ընդունմամբ օտարերկրյա գործընկերների շրջանում նկատելիորեն կբարձրանա Հայաստանի Հանրապետության վարկանիշը որպես կայուն ու զարգացած հարկային համակարգ ունեցող և վստահելի գործընկեր երկրի:
Հարկային օրենսգիրքը մշակվելու է՝ հաշվի առնելով մեր տնտեսության գերակայությունները, զարգացման հնարավորություններն ու սահմանափակումները, ինչպես նաև տարածաշրջանային առաջնահերթությունները: Նոր հարկային օրենսգիրքը պետք է առավելագույնս նպաստի արտահանմանը կողմնորոշված և ներմուծմանը փոխարինող գիտելիքահեն և ոչ հումքային արտադրությունների զարգացմանը: Մյուս կողմից, հարկային օրենսգրքի մշակումը պետք է հնարավորություն ընձեռի արդյունավետ պայքար մղել ստվերային շրջանառությունների դեմ: Ամրապնդվելու է հարկման բազան, ավելացվելու են պետության հարկային եկամուտները, հատկապես խոշոր ձեռնարկատիրության լիարժեք հարկման ճանապարհով, ինչը կառավարությանը սոցիալական, առողջապահական, բնապահպանական, քաղաքաշինական և այլ հանրօգուտ ոլորտներում առավել հավակնոտ, ընդգրկուն ու շարունակական ծրագրեր իրականացնելու հնարավորություն կընձեռի», – նշել է Հովիկ Աբրահամյանը:
Ընդգծելով, որ միասնական հարկային օրենսգրքի մշակումը ենթադրում է մեծածավալ աշխատանքների իրականացում, կառավարության ղեկավարը կարևորել է շահագրգիռ կողմերի՝ բոլոր քաղաքական ուժերի, գործարարների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ ու արդյունավետ փոխգործակցությունը: «Հարկային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվելու են առավելագույնս թափանցիկ. այդ աշխատանքների ընթացքում ներկայացվող առաջարկությունները, ծագող խնդիրները կամ հարկային համակարգին վերաբերող կարևոր փոփոխությունները նախապես քննարկվելու են գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ՝ տարբեր հարթակներում ու տարբեր ձևաչափերով կազմակերպվող հանդիպումների ընթացքում», – հավելել է վարչապետ Աբրահամյանը:
Գործադիրի ղեկավարը համաժողովի մասնակիցներին մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք և հորդորել միահամուռ ուժերով ներգրավել այս կարևոր ձեռնարկի աշխատանքներում: «Ես այս հարցի մասին դեռ խոսել եմ երկու տարի առաջ, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում աշխատելու ընթացքում: Հարկային օրենսգրքի ներդրումն իրապես մեր տնտեսության ու երկրի մրցունակության երաշխիքներից մեկն է լինելու», – եզրափակել է վարչապետը:
Միջազգային համաժողովի մասնակիցների շարքում են ՀՀ կառավարության անդամներ, Վրաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, գործարար միջավայրի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ: Կծավալվեն քննարկումներ Հայաստանում միասնական հարկային օրենսգրքի ներդրման անհրաժեշտության և այդ գործում պետական-մասնավոր երկխոսության կարևորության վերաբերյալ, կներկայացվեն հարկային օրենսդրական բարեփոխման միջազգային, այդ թվում նաև Վրաստանի փորձը, հարկային և մաքսային բարեփոխումները Վրաստանում և այլն:
Հովիկ Աբրահամյանն Արտաշատում հանդիպել է միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արտաշատի թիվ 1 դպրոց, որտեղ անցկացվում էր «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությունը:
Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են «Մաթեմատիկա»-ի միասնական քննության թեստերի փակ ծրարները:
Այնուհետև կառավարության ղեկավարը ծանոթացել է քննության անցկացման ընթացակարգին, զրուցել դիմորդների հետ և մաղթել հաջողություն: Վարչապետը պահանջել է քննությունն անցկացնող պատասխանատուներից անել ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար:
Մոտենալով քննական շենքի բակում հավաքված ծնողներին՝ Հովիկ Աբրահամյանը համբերություն է մաղթել նրանց, իսկ վերջիններս շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ ընդունելության միասնական քննություններն ուշադրության կենտրոնում պահելու համար:
Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ուժերի հետ շարունակել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ քննարկումները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ շարունակվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկումները, որոնց մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկությունները, տեսակետները և դիտարկումներն են ներկայացրել օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ:
Վարչապետն ընդգծել է փոխադարձ ընդունելի որոշումներ կայացնելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս շարունակել քննարկումները կենսաթոշակային բարեփոխումների շուրջ: