Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու

231416611373003735Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկատվության` Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու:

Հաշվի առնելով վերոնշյալը` ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ առաջիկա օրերին տվյալ ուղղությամբ երթևեկելուց:

Անկախ

Իրանի ԱԳՆ. «Միջազգային կառույցները պետք է օժանդակեն, որ Պաղեստինի հարևան երկրները կարողանան Գազային փրկարարական, բժշկական ծառայություններ տրամադրեն»

Javad Zarif New YorkԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցներ է ունեցել Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինիի, Օմանի արտգործնախարար Յուսեֆ Բեն Ալավիի, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:

Հեռախոսազրույցների գլխավոր թեման Գազայում տիրող իրավիճակն է:
Իրանի արտգործնախարարը, ընդգծելով այն փաստը, որ սիոնիստական վարչակարգի կատարած ոճրագործություններից տուժել են բազմաթիվ կանայք և երեխաներ, անպաշտպան ժողովրդի դեմ կատաղի հարձակումները դադարեցնելու համար, առաջարկել է, որպեսզի Գազայում Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար, սիոնիստական վարչակարգի վրա ճնշում գործադրվի:
«Միջազգային կառույցները պետք է օժանդակեն, որ Պաղեստինի հարևան երկրները կարողանան Գազային փրկարարական, բժշկական օգնություն տրամադրեն: Անհապաղ պետք է դադարեցվեն խաղաղ քաղաքացիների դեմ ուղղված ոտնձգությունները: Սիոնիստական վարչակարգի կատարած ոճրագործությունների հետևանքով զոհվածների մեծ մասն անմեղ կանայք ու երեխաներ են: Անհրաժեշտ է, որ Գազայում հրադադարի ժամկետը երկարաձգվի»,- հեռախոսազրույցների ընթացքում ասել է Իրանի արտգործնախարարը:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Մուհամմադ Ջավադ Զարիֆն այս թեմայով խորհրդակցել է նաև Եգիպտոսի, Թուրքիայի, Քուվեյթի, Ալժիրի, Հորդանանի, Պակիստանի և Սուդանի արտաքին գործերի նախարարների հետ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Մինչ մեր պատկան մարմինները քնած են էշի ականջում, ադրբեջանցիներն աննկատ իրենց նպատակին են մոտենում

Haykuhi-Barseghyan1Եթե Երևանի բնակիչներիս համար տարվա այս ժամանակահատվածն ընդամենը անտանելի տապի շրջան է, երբ ամեն ոք մտածում է թեկուզ կարճ ժամանակով շոգից կտրվելու ու ինչ-որ զով վայրում հանգստանալու մասին, ապա գյուղացու համար սա նախ և առաջ բերքահավաքի ժամանակաշրջան է, երբ պիտի քաղի իր ողջ տարվա չարչարանքների պտուղները:

Բայց արի ու տես, որ սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների համար բերքահավաքը «շքեղություն» է. ադրբեջանցիները թույլ չեն տալիս հայ գյուղացուն աշխատել իրեն մնացած մի թիզ հողի վրա:
Գրեթե ամեն օր լրատվամիջոցները հաղորդում են հանդում աշխատողների ուղղությամբ ադրբեջանցիների բացած կրակահերթի մասին: Մարդկային կորուստներ Տավուշում բարեբախտաբար չունենք (ցավոք, ունենք Արցախում. հուլիսի 14-ին Ասկերանում ադրբեջանցի դիպուկահարները սպանեցին դաշտում հերկ անող քաղաքացուն), բայց նյութական և բարոյական վնաս` որքան ասես:
Բոլորը գիտեն` սահմանամերձ գյուղերը սոցիալապես շատ խոցելի են. չկա աշխատանք, իսկ եկամտի միակ աղբյուր հողերը հիմնականում զավթված են ադրբեջանցիների կողմից, ականապատված են, եղածն էլ ցանքսի և բերքահավաքի ժամանակ շարունակական կրակահերթերով չեն թողնում մշակել: Էլ ինչո՞վ պետք է գյուղացին պահպանի իր գոյությունը: Եվ սա այն դեպքում, երբ մեր պետությունը սահմանամերձ բնակավայրերին միայն երբեմն արվող հայտարարություններով է ուշադրության արժանացնում, իսկ լուրջ գործուն քայլեր, որոնք երկրի դարպասները պահող գյուղացու մատից փուշ կհանեին, այդպես էլ չեն արվում (Մովսես գյուղին կառավարությունը հազիվ մի կոմբայն էր նվիրել, այն էլ մի քանի օր անց վնասվեց ադրբեջանցիների կրակոցներից):
Այժմ բարոյական վնասների մասին: Անկասկած է, որ հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ապրող ամեն ոք անչափ սիրում է իր երկիրը, եթե պատրաստ է կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ դնել, զրկվել վաղվա օրը պլանավորելու հնարավորությունից, հարսանիք, քեֆ և ուրախությունն անել գիշերով, որպեսզի ադրբեջանցիները չհարամեն, դաշտում աշխատել գիշերով` էլի նույն ադրբեջանցիների կրակոցներից պաշտպանվելու համար: Բայց հայրենիքի հանդեպ սերն էլ իր սահմաններն ունի: Այո, գուցե քաղաքացին իր ընտրությունը կատարել է և որոշել իր կյանքը նվիրել հայրենի բնակավայրին, բայց վստահաբար նա նման ապագա չի ցանկանում իր երեխաների համար: Այս պարագայում արդեն գործում է իսահակյանական հանրահայտ արտահայտությունը, որի մասին երբեմն կարելի է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներից լսել. «Իմ հայրն իմ դեմ մեղանչեց, սակայն ես ոչ մեկի դեմ չմեղանչեցի»: Բայց բոլորիս է հասկանալի` առանց այն էլ ծերացող գյուղերում նման մտայնությունը կործանարար է: Ստացվում է, որ ադրբեջանցիներն աստիճանաբար իրենց ուզածին հասնում են` հայկական բնակավայրերը դատարկվում են:
Ի՞նչ են անում մեր հակառակորդները: Այո, մասշտաբային լայնածավալ պատերազմ չի ընթանում, բայց որ պատերազմական վիճակում ենք, փաստ է: Ու գուցե այս վիճակն ավելի վատ է, քանի որ հակառակորդն աստիճանաբար շահեկան վիճակում է հայտնվում, իսկ մենք դա կարծես չենք էլ նկատում: Ադրբեջանական մտայնությունը հետևյալն է. եթե ես չեմ ապրում այդ հողերում, ուրեմն դու էլ չես ապրի: Իսկ տրամաբանական շարունակությունը պարզ է` դու հեռացար այդ հողերից, ուրեմն դրանք իմը կլինեն: Հասկանալի է, որ սահմանը պահող զինվորին հոգեպես ամուր է պահում այն միտքը, որ իր թիկունքում մարդիկ, բնակիչներ կան: Իսկ գյուղերի դատարկվելու հետ նաև դեմքով դեպի թշնամին կանգնած զինվորի թիկունքն է թուլանում: Ադրբեջանն ինտենսիվորեն հայերին բարոյալքելու գործընթաց է տանում: Եվ առայժմ միայն հաջողություններ է արձանագրում: Իսկ պատմությունից գիտենք, որ բարոյալքված հանրությունը, բանակը պայքար մղել չի կարող (հիշենք, թե ինչպես Կարսի բերդը հանձնվեց առանց որևէ կրակոցի):
Ադրբեջանական վերջին դիվերսիան Քարվաճառում ևս վստահաբար հայերին բարոյալքելու, սարսափի մեջ պահելու քաղաքականության մի մասն էր: Դիվերսանտների ներթափանցումը և խաղաղ բնակիչների վրա հարձակումները ուղերձ էին հայությանը, որ անկախ այն բանից, թե որքան հեռու են ապրում սահմանից, միևնույն է, ոչ ոք ապահովության մեջ չէ, որ մեր սահմանները հուսալի չեն:
Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունն այս լուռ պատերազմում. գոնե բացահայտ` ոչ մի քայլ: Ծանրության ողջ բեռը դրված է բանակի ուսերին, բայց սա էլ մասշտաբային որոշման իրավունք չունի, որը կբարելավեր վիճակը:
Հետաքրքիր է, թե ինչի համար է Հայաստանի Հանրապետությանը պետք արտաքին գործերի նախարարություն. անիմաստ ու անարդյունք հանդիպումներ կազմակերպելու ու դեպի երրորդ աշխարհի երկրներ այցելություններ իրականացնելու համա՞ր: Դժվար թե:
Տրամաբանական կլիներ, որ մեր ԱԳՆ-ն երբեմն, չեմ ասում կոշտ, բայց գոնե ադրբեջանական քայլերի մասին հայտարարություններով հանդես գար, դատապարտեր, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր ադրբեջանական ագրեսիայի վրա: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է ամեն սուտ առիթով վայնասուն բարձրացնել, բոլորի ուշադրությունը հրավիրել իր կամակորությունների վրա, իսկ մենք անգամ կենսական հարցերում ծպտուն չենք հանում: Գուցե ավելի շահեկան կլիներ, եթե ԱԳՆ-ին հատկացվող անիմաստ գումարն ավելի իմաստալից ծախսվեր` ուղղվելով դեպի սահմանամերձ բնակավայրեր:
Զինվորականների հետ զրույցներում հաճախ է ասվում, թե մեր բանակը մի քանի ժամում կարող է Տավուշում մեր դիրքերն այնպես բարելավել, որ հակառակորդն այլևս չկարողանա մեր բնակավայրերը նշանառության տակ պահել:
Այսքանից հետո ինչո՞ւ մեր պետական համապատասխան այրերն այնքան համարձակություն չունեն, որ նման հրաման արձակեն: Մի՞թե չգիտեն, որ ուժն է ծնում իրավունք, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, իսկ քանի Հայաստանը «քաղաքակիրթ» ու համեստ կերպարի մեջ է, միայն և միայն կորցնելու ենք: Լավ է, որ գոնե 90-ականների սկզբին կային մարդիկ, որոնք հայության շահերը գերադասում էին այսպես կոչված միջազգային հանրության աչքին քաղաքակիրթ ձևանալուց: Բայց նման մարդիկ նույնքան անհրաժեշտ են և հիմա, երբ հայության և Հայաստանի շահերն ամեն վայրկյան ոտնահարվում են հանուն ինչ-որ կողմնակի կարծիքի, որը մեզ ոչինչ չի տալիս:

 

Արցախի խորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պաշտապնություն Լևոն Հայրապետյանի

լևոն-ՀայրապետյանՍ.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:
Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով եւ ձեռնպահ ենք մնում նաեւ քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ՝ Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում, իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Համարում ենք, որ նախաքննության մարմինն առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից՝ հաշվի առնելով նաեւ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրեւ օրինապաշտ քաղաքացի եւ բարձրակիրթ անձնավորություն, Լեւոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը եւ օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին:

Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն եւ համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լեւոն Հայրապետյանի անմեղությունը:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Դաշնակցություն»
«Ժողովրդավարություն»
«Հայրենիք» խմբակցություններ եւ
«Արցախատուն» պատգամավորական խումբ
22 հուլիսի, 2014
ք.Ստեփանակերտ

 

Անկախ

Արտգործնախարարը կայցելի Լիոն և Բրյուսել

 Էդվարդ ՆալբանդյանՀուլիսի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լիոնում ներկա կգտնվի ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։

Հուլիսի 22-ին նախարար Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

 

Անկախ

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցին

Հարց. Ո՞րն է արտգործնախարարության արձագանքը երեկ Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ։

Tigran_BalayanՊատասխան. Մենք ցնցված ենք տեղի ունեցած ողբերգությամբ՝ քաղաքացիական ինքնաթիռի կործանմամբ, որի հետևանքով 298 մարդ է զոհվել։
Մեր վշտակցությունն ենք հայտնում բոլոր անմեղ զոհերի հարազատներին, բոլոր այն երկրներին, որոնց քաղաքացիները ողբերգության հետևանքով կորցրել են իրենց կյանքը։ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ հայ ժողովրդի անունից, արդեն ցավակցան հեռագրեր է հղել Մալայզիայի և Նիդերլանդերի ղեկավարներին։

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղեկությունները, որ ինքնաթիռը կործանվել է հրթիռակոծության հետևանքով։

Պատասխան. Ավիավթարի պատճառների վրա լույս կարող է սփռել միայն միջադեպի համապարփակ քննությունը։

Հայաստանը մշտապես դատապարտել է և շարունակում է բացարձակապես անընդունելի համարել ուժի կիրառումը և ուժի գործադրման սպառնալիքը քաղաքացիական օդանավերի նկատմամբ։

Անկախ

Հյուպատոսական գանձումների համար ԱԳՆ ներդրել է էլեկտրոնային վճարումների համակարգ

Ագն Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու և սպասարկումն առավել դյուրացնելու նպատակով` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից E-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգում (www.e-payments.am) ավելացվել է նոր` «Հյուպատոսական ծառայություններ» բաժինը, որի միջոցով քաղաքացիներն այսուհետ կարող են հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքը վճարել առցանց եղանակով:

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի, ինչպես նաև ՀՀ բոլոր դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կայքերում` «Հյուպատոսական ծառայություն/ Պետական տուրքի դրույքաչափեր» բաժնում հնարավոր է կատարել վճարումներ առցանց եղանակով՝ http://mfa.am/hy/fees/ հղումով:

Վճարման վերաբերյալ ուղեցույցը հասանելի է http://mfa.am/hy/howtopayonline/ հղումով:

Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ Տոկիոյում

komitas7Հուլիսի 2-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Տոկիոյի «Գինզա-Յամահա» համերգասրահում տեղի ունեցավ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին:

Համերգին, որին ներկա էին ճապոնացի արվեստասերներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ռոբերտ Անդրեասյանի և Գեորգի Սարաջյանի մշակմամբ:

Տակահիրո Ակիբան սովորել է Տոկիոյի արվեստների համալսարանի դաշնամուրի բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում: 2013թ. Գերմանիայում անցկացված «Կոմիտաս» միջազգային փառատոնում Տակահիրո Ակիբան արժանացել է առաջին մրցանակի:

 

Անկախ

ԱԳ նախարարն ընդունեց Իսպանիայի Սենատի անդամին

Էդվարդ ՆալբանդյանՀունիսի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարտզա Ազուրտզային՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենզո Օչոայի ուղեկցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը:

Էդվարդ Նալբանդյանը ողջունեց իսպանացի սենատորի այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տեղում առկա իրավիճակին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` սենատոր Ազուրտզան ընդգծեց, որ իր համար շատ կարևոր էր այցելել Հայաստան և Արցախ ու վստահեցրեց, որ շարունակելու է իր գործունեությունն` ուղղված հայ-իսպանական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան և Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

Անկախ

Ռուսաստանում ՀՀ դեսպանն ու հրեական կոնգրեսի նախագահն անդրադարձել են հայերի ու հրեաների ցեղասպանությանը

g_imageՀունիսի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կաններին և Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանին:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամլո ծառայությունից, զրույցի ընթացքում Դեսպան Եսայանն ընդգծել է հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրությունները` անդրադառնալով 20-րդ դարի առավել ողբերգալի իրադարձություններին` հայ և հրեա ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանության իրողությանը:

Դեսպանը շեշտել է, որ հայ և հրեա ժողովուրդների` ցեղասպանության դատապարտման և պատմական արդարության վերականգնմանն ուղղված սերունդների առաքելությունը մեր օրերում պետք է առավել մերձեցնի երկու ժողովուրդներին` մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների և դրանց սպառնալիքի դեմ համամարդկային պայքարում:

Ռուսաստանում հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները հավաստիացրել է, որ հրեական գիտական շրջանակներում հաստատված է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության` ժամանակին դատապարտման և կատարվածին համապատասխան իրավական, քաղաքական, տնտեսական գնահատական տալու դեպքում հետագայում հնարավոր կլիներ խուսափել նման ոճրագործությունների կրկնումից:

Յուրի Կաններն իր խոսքում կարևորել է ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդների համատեղ ջանքերի գործադրումը միջազգային ասպարեզում 20-րդ դարի հրեշավոր իրադարձությունների մասին իրազեկման, դրանց ճանաչման և դատապարտման շարունակական գործընթացների առավել ակտիվացման շուրջ, որպեսզի միջազգային հասարակական մտածելակերպում ամրանա այն դիրքորոշումը, որ թե՛ Հայոց ցեղասպանությունը և թե՛ Հոլոքոստը միայն առանձին ժողովուրդների ողբերգություններ չեն, և ցեղասպանության երևույթի դատապարտումը կրում է համամարդկային բնույթ:

Ռուսաստանի հրեական կոնգրեսի ղեկավարը կարևորել է Ռուսաստանում հրեական և հայ համայնքային կառույցների միջև համագործակցության նոր ձևաչափերի մշակումը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելեցին ընդառաջ ՌԴ տարածքում համատեղ միջոցառումների կազմակերպման նպատակով:

«Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանը դեսպան Եսայանի հետ զրույցում ներկայացրել է ցեղասպանության երևույթի դատապարտման շուրջ իրազեկման բարձրացման ուղղությամբ կենտրոնի կողմից տարված որոշ աշխատանքներ:

Հանդիպմանն ընդգծվել է նաև, որ վերջերս լույս տեսած Հոլոքոստի ռուսալեզու հանրագիտարանում առանձին բաժին է հատկացվել նաև այն հայերին, ովքեր Հոլոքոստի ժամանակ աջակցել են հրեաներին և փրկել կործանումից:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում Ռուսաստանի հայ և հրեա համայնքների միջև փոխադարձ շփումների ակտիվացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

 

Անկախ

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստին

g_image (1)Հունիսի 19-ին Վառնայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ հանդիպումը, որի ընթացքում ամփոփվեցին ՍԾՏՀ-ում Բուլղարիայի 6-ամսյա նախագահության արդյունքները:

Հանդիպման նախօրեին` հունիսի 17-18-ը, կայացավ ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը, որին Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվեցին մի քանի տասնյակ որոշումներ և առաջարկություններ:

ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհուրդը հաստատեց նաև հայ դիվանագետի նշանակումը Ստամբուլում տեղակայված կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարությունում:

ՍԾՏՀ նախագահությունը հուլիսի 1-ից Բուլղարիայից փոխանցվում է Հունաստանին:

ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Հալեպի նահանգապետի հետ

3333_hqՀունիսի 17-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հանդիպում ունեցավ Հալեպի նահանգապետ Մոհհամադ Վահիդ Աքքադի հետ:

Շնորհավորելով Տիգրան Գևորգյանին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Հալեպի նահանգապետը հաջողություն մաղթեց նրան իր գործունության մեջ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ընդունելության համար` ՀՀ գլխավոր հյուպատոսը կարևորեց գլխավոր հյուպատոսության և նահանգային իշխանությունների միջև ավանդաբար եղած արդյունավետ համագործակցության շարունակությունը:

Կողմերը մտքեր փոխանակեցին Սիրիայում առկա իրադրության, նահանգի սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Ընդգծելով Սիրիայի հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած կարևորագույն դերակատարությունը` զրուցակիցներն անդրադարձան ստեղծված իրավիճակում Հալեպի հայության առջև ծառացած խնդիրներին:

Հանդիպման ընթացքում Մոհամադ Վահիդ Աքքադը Տիգրան Գևորգյանին ներկայացրեց նաև նահանգի հումանիտար իրադրության բարելավման նպատակով իրականացվող քայլերը:

Անկախ

Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն Թբիլիսիում

g_imageՀունիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Լադո Ասաթյանի 42 հասցեում տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս և անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստան թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսաբնակ գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարին, վրաց մտավորականներ, հայ համայնքի մշակութային ու հասարակական գործիչներ:

Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, ով բարձր գնահատեց Թբիլիսիի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց հետ Վրաստանում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ իրականություն դարձած, համաշխարհային աստղագիտության բնագավառում մեծ ներդրում ունեցող ակադեմիկոսի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացումը Թբիլիսիում:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Մշակույթի և սոցիալան հարցերի քաղաքային ծառայության վարչության պետ Մամուկա Քացարավան, ով կարևորեց հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում՝ նշելով, որ հպարտ և ուրախ է, որ թբիլիսաբնակ հայազգի անվանի անձանց հիշատակին նվիրված հուշատախտակները տեղադրվում են Վրաստանի մայրաքաղաքում` միևնույն ժամանակ հայտնելով, որ այդ գործընթացը կրելու է շարունակական բնույթ:

Շնորհակալական և դրվատանքի խոսքեր ուղղվեցին նաև թբիլիսաբնակ հայ մտավորականներին և բոլոր այն անհատներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Վիկտոր Համբարձումյանի հուշատախտակի ստեղծման և տեղադրման գործում:

Ճապոնիան Հայաստանին կտրամադրի ոչ ծրագրային դրամաշնորհ

3314_hqՀունիսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքվել է Ճապոնիայի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով հայկական կողմին կտրամադրվի 200 մլն յենին (1,93 մլն ԱՄՆ դոլարին) համարժեք՝ Ճապոնիայի փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան:

Ստորագրման արարողությունից հետո ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ընդունեց Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադային: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվեց, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի փոխգործակցության զարգացմանը:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
 Անկախ3314_hq

Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի մշակույթի նախարարի հետ

g_imageՀունիսի 5-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ, որը միաժամանակ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր է քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից և ստանձնել է մշակույթի նախարարի պաշտոնը 2014թ. հունվարի 29-ին:

Ողջունելով ՀՀ դեսպանին` նախարարը համառոտ ներկայացրեց Չեխիայում մշակույթի բնագավառում գոյություն ունեցող վիճակը, խնդիրները և առաջիկայի ծրագրերը:

Դեսպանն իր հերթին ներկայացրեց հայ-չեխական մշակութային կապերի զարգացման ներկա վիճակը` նշելով, որ վերջին երկու տարում հայկական մշակույթը բավականաչափ ներկայացվել է Չեխիայում, և ցանկալի կլիներ, որպեսզի չեխական մշակույթը ևս ավելի ակտիվորեն ներկայացվի Հայաստանում: Կողմերը մեծ գոհունակություն հայտնեցին երկու երկրների Ազգային գրադարանների արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մշակույթի ոլորտում հայ-չեխական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում մշակույթի օրերի, ցուցահանդեսների, համերգների և փառատոնների կազմակերպան ոլորտներում, երկրի հայ համայնքի խնդիրները:

Դեսպանը խոսեց հետագայի ծրագրերի մասին` մասնավորապես անդրադառնալով հայ արվեստագետների մասնակցությանը 2015թ. Պրահայի «Կվադրիենալե»-ին (թատերական արվեստի և թատերական ճարտարապետության ցուցահանդես), հանրահայտ չեխ նկարիչ Յիրժի Նոսեկի Հայաստանին նվիրված կտավների ցուցահանդեսին` Հայաստանի Ազգային պատկերասրահում, համերգներին և այլ միջոցառումների կազմակերպմանը:

Նախարար Հերմանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց համագործակցելու դեսպանության հետ բոլոր մշակութային ձեռնարկների կազմակերպման հարցում, նաև առաջարկեց մշակույթի նախարարության պատմական շենքի ցուցասրահը տրամադրել ցուցադրումների համար:

Նախարարը նշեց, որ շատ բարձր է գնահատում հայ մշակութային ժառանգությունն, ինչպես նաև հայ-չեխական մշակութային կապերը, իսկ մայրաքաղաքներում դեսպանությունների բացման փաստը պետք է էլ ավելի զարգացնի արդեն իսկ գոյություն ունեցող կապերը և համագործակցությունը:

Երկու կողմերն էլ անդրադարձան Լիդիցեի հուշահամալիրի և Երևանի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործակցության հեռանկարներին: Լիդիցեի հուշահամալիր-թանգարանն անց է կացնում ամենամյա միջազգային մանկական ցուցահանդեսներ, որին ավանդաբար, նաև 2014թ. մասնակցել և մրցանակներ են շահել Հայաստանը ներկայացնող երեխաները:

Հանդիպման ավարտին Չեխիայի մշակույթի նախարարը տեղեկացրեց, որ մոտ ապագայում պատրաստվում է պատասխան այցով Չեխիա հրավիրելու իր հայաստանցի գործընկերոջը (Չեխիայի մշակույթի նախկին նախարար Ալենա Հանակովան Հայաստան է այցելել 2013թ. ապրիլին):

Անկախ

Դեսպան Ապիտոնյանը հանդիպումներ է ունեցել Շվեդիայում

ԱգնՀունիսի 5-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպեց Շվեդայի եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ուփսալայի արքեպիսկոպոս Անդերշ Վեյրուդին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր միջեկեղեցական համագործակցության, Շվեդիայի եկեղեցու և Հայաստանի միջև կապերի ամրապնդման, Շվեդիայում հայ համայնքի վերաբերյալ։

Դեսպան Ապիտոնյանը երախտագիտություն հայտնեց արքեպիսկոպոս Վեյրուդին՝ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության աշխատանքներին տարիներ շարունակ ցուցաբերված էական աջակցության համար։ Հաշվի առնելով, որ առաջիկա ամսվա ընթացքում Անդերշ Վեյրուդին փոխարինելու է նորընտիր Ուփսալայի արքեպիսկոպոսը, դեսպանը նրան նաև մաղթեց հաջողություններ իր հետագա գործունեության ընթացքում։

Նույն օրը տեղի ունեցավ նաև դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Մարգարետա Բյորքի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր կապված Հայաստանի և Շվեդիայի միջև միջհամայնքային համագործակցության հեռանկարների վերաբերյալ՝ տարածքային կառավարման և քաղաքաշինության ոլորտում շվեդական փորձը ուսումնասիրելու և Հայաստանում կիրառելու համար։

Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը

g_imageՀունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի համադաշնության նախագահ և Արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Վերջին տարիներին Հայաստանը և Շվեյցարիան լուրջ առաջընթաց են արձանագրել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման առումով, և մենք լիահույս ենք համատեղ ջանքերով առավել խորացնելու և զարգացնելու մեր հարաբերությունները»:

«Մենք ունենք շատ լավ ու բարեկամական հարաբերություններ, ամուր իրավապայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը, նախատեսվում է շվեյցարացի գործարարների այցելություն Հայաստան, որի արդյունքում, հուսով եմ, հնարավոր կլինի Շվեյցարիայից ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում»,- ասաց Շվեյցարիայի Նախագահը։

«Հայաստանն աջակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Շվեյցարիայի նախագահությանը և պատրաստ է իր նպաստը բերել շվեյցարական նախագահության առաջնահերթությունների իրագործմանը, որոնց շարքում, անշուշտ, կարևորում է անվտանգության և կայունության խթանմանը, Հարավային Կովկասում վստահության ամրապնդման միջոցների իրականացմանն ուղղված ջանքերը»,- հավելեց նախարար Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ուղիները, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող քայլերին։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը։

ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ շվեյցարական նախագահությունը անվերապահորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և ափսոսանք հայտնեց, որ առ այսօր հնարավոր չի եղել իրականացնել միջնորդների՝ միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։

Հանդիպմանն անդրադարձ եղավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը, ինչի կապակցությամբ արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները և կարևորեց դրանց շարունակականության ապահովումը:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դիդյե Բուրկհալտերը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջև՝ երկու գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման մասին:

Գրական երեկո Պրահայում

Մայիսի 31-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Համո Սահյանի 100-ամյակին և Վահագն Դավթյանի 90-ամյակին նվիրված գրական երեկո` կազմակերպված Չեխիայում ՀՀ դեսպանության, Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի և «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի կողմից:

Երեկոն վարում էր և բացման խոսքով հանդես եկավ «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Ներկայացնելով արտիստուհուն` նա մասնավորապես հիշեց, թե ինչպես էր Համո Սահյանը բնութագրել Սիլվա Յուզբաշյանին. «Ինձ միշտ զարմացրել է, թե նա ինչպես է կարողանում ապրել քնարական մտերիմ բանաստեղծությունը, հեղինակի տվյալ տողը գրելու պահի ներշնչանքը հաղորդել ունկնդիրներին, ինչպիսի անթերի վարպետությամբ է մակերես հանում բանաստեղծության ներքին փոթորիկը: Սա է նրա արվեստի ու նրա բացառիկության հիմնական խորհուրդը»:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան: Շնորհակալություն հայտնվելով կազմակերպիչներին և ներկաներին երեկոյին մասնակցելու համար` նա մասնավորապես խոսեց երկու բանաստեղծների ավելի քան հիսուն տարիների երկարատև ընկերության պատմության մասին և յուրաքանչյուրին բնութագրեց հենց ընկերոջ խոսքերով:

ԱգնՆերկայացնելով Սիլվա Յուզբաշյանին` նա ընդգծեց, որ ՀՀ վաստակավոր արտիստն իր ողջ կյանքը նվիրել է գրականությանը, անզուգական կատարող է, վայելում է հայ ժողովրդի մեծ սերը, և պատահական չէ, որ նրան կոչում են «ասմունքի թագուհի»:

Ներկաներին ողջունեց նաև երեկոյի կազմակերպիչներից «Գարուն» ամսագրի հատուկ թղթակից, «Առավոտ» պարբերականի թղթակից, լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանը, ով երախտագիտությամբ նշեց, որ չնայած իր առօրյա խնդիրներին` չեխահայությունը շտապել է «մեր ազգային գրականության այս հիրավի պայծառ տոնի ականատեսն ու մասնակիցը լինելու»:

Այնուհետև Սիլվա Յուզբաշյանն իր հզոր և անզուգական ձայնով ներկաներին հրամցրեց հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները, պատմեց հետաքրքիր դրվագներ նրանց կենսագրությունից, ստեղծագործական և անձնական կյանքից: Ողջ երեկոյի ընթացքում զուգահեռ ցուցադրվում էին տեսահոլովակներ բանաստեղծների կյանքից:

Միջոցառման ժամանակ երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Սոնա Քոլոյանը և Աշոտ Սողոմոնյանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի մասնակիցները այցելեցին Արցախ

g_imageՄայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ժամանեցին Ստեփանակերտ։

Նույն օրը Հայաստանցի բարձրաստիճան դիվանագետներին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի ղեկավարը ներկայացրեց երկրի անվտանգության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը:

Հանդիպման մասնակիցները անդրադարձան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Քննարկվեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների, արտերկրում Հայաստանի դեսպանությունների և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության հարցեր։
Արցախի Հանրապետության Նախագահը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերի։

Հանդիպումից առաջ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը առանձնազրույց ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Անկախ

Խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև

g_imageՄայիսի 23-ին Երևանում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված էին Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին:

ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը ղեկավարում էր Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին ԱՄՆ և Կանադայի հետ երկու երկրների հարաբերությունների տարբեր ասպեկտները, ընդգծվեցին նման խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու դրանց շարունակման նպատակահարմարությունը:

Օրակարգում են նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված հայ-ռուսական խորհրդակցություններ: