Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները ճանաչվել են պետական սեփականություն

Ագրարային համալսարանԱԳՐԱՐԱՅԻՆԸ ՆԵՐՔԱՇՎԵԼ Է ԻՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԽՆԴՐԻ ՄԵՋ

  2006 թ. դեկտեմբերի 28-ին Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները ճանաչվել են պետական սեփականություն եւ կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել են համալսարանին: ՀԱԱՀ-ն այդ օրից համարել եւ համարում է, որ այս տարածքները վիճելի չեն կարող լինել եւ քննարկման ենթական չեն:

Մայիսի վերջից սկսած, այս իրադարձությունները մամուլում քննարկման առարկա են դարձել եւ սկսվել են ոչ թե Ագրարայինից, այլ` ՕԵԿ-ի գործողություններից` պետական սեփականություն հանդիսացող, համալսարանին օգտագործման հանձնված շինության տանիքը ապամոնտաժելուց հետո:

Բնականաբար, այդ քայլերը չէին կարող անարձագանք մնալ համալսարանի կողմից եւ փորձեցին պարզել, թե ինչ հիմքով է ՕԵԿ-ը պետական սեփականություն հանդիսացող գույքը ապամոնտաժում: Պարզվեց, որ 2008-ի նոյեմբերին,  քաղաքապետը անտեսելով կառավարության վերը նշված որոշումը, ՕԵԿ-ին է հանձնել սեփականության իրավունքով շինության մի հատվածը և կից հողատարածքը: Գործող օրենսդրությամբ քաղաքապետարանը այդպիսի լիազորություններ չունի: Պետական գույքի կարգավիճակի փոփոխություն կարող է իրականացնել միայն ՀՀ կառավարությունը` որոշմամբ:

Ի դեպ, քաղաքապետի 2008թ. որոշման մասին համալսարան տեղեկություն չի ուղարկվել և այդ մասին իմացել են միայն 6 տարի հետո: Համալսարանի ռեկտորատը, նույնիսկ եթե հակադրվի ամբողջ կոլեկտիվին և ուսանողությանը, ամենաբուռն ցանկության դեպքում անգամ, իրավասու չէ պետական գույքը օտարելու եւ պարտավոր է իրեն հանձնված գույքը պահպանելու: Քանի որ առաջացել է իրավական դաշտում հարց, ապա դրա լուծումը կտրվի միայն գործող օրենսդրությամբ: Կապել այն քաղաքական կողմնորոշումների հետ բարոյական չէ: Համալսարանը ապաքաղաքականացված կառույց է և որևէ փորձ` ներքաշել այդ դաշտ, անթույլատրելի է և հակասում է գործող օրենսդրությանը:

Եվ քանի որ ռեկտորը այս ոլորտում իրավասու չէ որևէ հարց լուծելու, խոսել նրա թիկունքում կանգնած անձանց մասին, անհեթեթություն է:

 

 

ՀԱԱՀ լրատվության բաժին

Ագրարային թեմայով կլոր սեղան` ՀԱԱՀ-ում

հաահԸնդամենը 1.5 տարվա պատմություն ունի ՀԱԱՀ ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը, որը իր փոքրաթիվ աշխատակիցների միջոցով իրականացնում է գլխավոր առաքելությունը` կապը գիտության եւ արտադրության միջև, ոլորտի` լուծման կարոտ խնդիրներն էլ անընդհատ ուշադրության, դիտարկումների ծիրում են գտնվում: Հուլիսի 27-ին հրավիրված կլոր-սեղանի թեման ինքնին խոսուն էր. «ՀՀ ագրարային ոլորտի պետական կարգավորման գործիքների և կառուցակարգերի կատարելագործում» ծրագրի շրջանակներում օրվա բանախոսը` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը ներկայացրեց իր դիտարկումները:

Ողջունելով կլոր սեղանի հյուրերին ՀԱԱՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Դանիել Պետրոսյանը կարևորեց կենտրոնի նախաձեռնությունը: Գոհունակություն հայտնեց, որ ներկաների թվում կան երիտասարդներ` մագիստրանտներ, ասպիրանտներ, պատկան մարմինների, հասարակական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներ:

ՀԱԱՀ ագրարային քաղաքականության եւ տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն, ագրարային քաղաքականության և տեղեկատվության ամբիոնի վարիչ Աշոտ Ոսկանյանը դիմելով ներկաներին շեշտեց. «Աշխարհի գրեթե բոլոր երկրներում տնտեսությունը, հատկապես՝ ագրարային հատվածը, ենթարկվում է պետական կարգավորման ու պետական աջակցության: Հայաստանը ևս որդեգրել է ագրարային ոլորտի պետական կարգավորման և գյուղատնտեսության, պետական աջակցության քաղաքականությունը: Դրա ակնհայտ դրսևորումը ՀՀ բյուջեից գյուղատնտեսությանը և ագրարային հատվածի ենթակառուցվածքներին՝ ոռոգման համակարգեր, հակակարկտային տեղակայանքներ և այլն, ֆինանսական միջոցների հատկացումն է:

Բացի ֆինանսական աջակցությունից, ագրարային ոլորտի կարգավորման կարևոր ուղղություններ են նաև իրավաօրենսդրական դաշտի հստակեցումն ու  հարկային բեռի թեթևացումը, դրանց շնորհիվ ոլորտի ներդրումային գրավչության ու արտադրության մրցունակության մակարդակի բարձրացումը»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Բանախոսը, որ քաջատեղյակ է ու հրաշալի գիտե ագրարային ոլորտը, մանրամասն ու շատ առարկայական ներկայացրեց խնդիրները, որոնց շուրջ ծավալվեց մտքերի շահագրգիռ ու արդյունավետ քննարկում: Արված առաջարկությունները ամփոփ կերպով կներկայացվեն պատկան մարմիններին: Իսկ այսպիսի քննարկումները կլինեն շարունակական և գիտնականների համոզմամբ իրենց նպաստը կբերեն լավագույն ուղիները ընտրելիս:

Որևէ մեկին թույլ չենք տա զավթել մեր տարածքը. ՕԵԿ պատգամավորը` Ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի շենքերի միջև գտնվող հողային տարածքի վեճի մասին

Հովհաննես ՄարգարյանԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՕԵԿ խմբակցության ներկայցուցիչներ Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանը անդրադարձան այն լուրերին, ըստ որոնց` տարածքային վեճ կա Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի միջև, իբրև թե ազգային ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի շենքերի միջև գտնվող հողային տարածքը վեճի առարկա է դարձել, ՕԵԿ-ը փորձել է ապամոնտաժել տարածքում եղած ավտոտնակի ծածկը, իսկ համալսարանից ՕԵԿ-ին են դիմել ապամոնտաժումը դադարեցնելու խնդրանքով: ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչները, սակայն, պնդեցին, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. «Մենք ունենք տարածք, ունեցել ենք դահլիճ, որը օրենքով սամանված կարգով ունենք, դեռ վաղուց ունենք բոլոր փաստաթղթերը, ակնհայտ ապատեղեկատվություն է: Մենք ավելի քան ութ տարի օգտագործել ենք ու հիմա վերանորոգում ենք մեր դահլիճը»,-ասաց Հովհաննես Մարգարյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե միգուցե իրենց սկսել են նման ճնշումների ենթարկել, քանի որ իրենք ընդդիմություն են դարձել, Հովհաննես Մարգարյանն արձագանքեց. «Կյանքը ցույց կտա, այս պահի դրությամբ չեմ կարող ասել, գործընթացը ցույց կտա՝ ճիշտ եք, թե` ոչ: Հստակ կարող եմ ասել մի բան` որևէ մեկին թույլ չենք տա զավթել մեր տարածքը»:

Անկախ

Ագրարային համալսարանում կարևորում են ուսանողների ներգրավումը գիտական աշխատանքներում

Ագրարային համալսարանՆոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պարգևատրվեցին բուհի ուսանողական 14-րդ գիտաժողովում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները։ Գիտական աշխատանքների համար մրցութային հանձնաժողովը մրցանակների է արժանացրել 35 ուսանողի։

Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր խոսքում բարձր գնահատեց ուսանողների՝ գիտությամբ զբաղվելու ցանկությունը։ «Բուհի ուսանողներից շատերն ուսումն ավարտելուց հետո իրենց նվիրելու են գյուղատնտեսական արտադրությանը, բայց մի մասն ընտրել է ամանադժվար, սակայն խիստ անհրաժեշտ ուղին՝ գիտությունը։ Սա չափազանց պատվաբեր ուղղություն է։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք մասնագետների պատրաստման գործընթացին, այն պետք է լինի անընդհատ, և այդ առումով կարևոր են նման գիտաժողովները»,- նշեց ռեկտորը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը կարևորեց գիտության երիտասարդացման հարցը։ «Աստիճանաբար մեծանում է հետաքրքրությունը գիտության նկատմամբ, և դրա առհավատչյան նաև հանրապետության նախագահի կողմից երիտասարդ գիտնականներին առանձին գումարի հատկացումն է։ Եթե անցած տարի այդ գումարը 100 միլիոն դրամ էր, ապա այս տարի այն կրկնապատկվել է՝ դառնալով 200 միլիոն։ Ես կոչ եմ անում երիտասարդ գիտնականներին օգտվել այդ ֆոնդից, ինչի շնորհիվ կկարողանան որոշակի գիտական խնդիրներ լուծել»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ ուսանողների գիտությամբ հետաքրքրված լինելու հանգամանքը բուհի զարգացման կարևորագույն կոմպոնենտներից է։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական 14-րդ գիտաժողովը նախ անցկացվել է ամբիոնային փուլերով, որից հետո տեղափոխվել է ֆակուլտետային, այնուհետև՝ համալսարանական բաժանմունքներ։

Նշենք, որ գիտաժողովի լավագույն զեկուցումների հեղինակների պարգևատրման արարողությունը ՀԵՀ-ն իրականացրել է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն