Ագրարային թեմայով կլոր սեղան` ՀԱԱՀ-ում

հաահԸնդամենը 1.5 տարվա պատմություն ունի ՀԱԱՀ ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը, որը իր փոքրաթիվ աշխատակիցների միջոցով իրականացնում է գլխավոր առաքելությունը` կապը գիտության եւ արտադրության միջև, ոլորտի` լուծման կարոտ խնդիրներն էլ անընդհատ ուշադրության, դիտարկումների ծիրում են գտնվում: Հուլիսի 27-ին հրավիրված կլոր-սեղանի թեման ինքնին խոսուն էր. «ՀՀ ագրարային ոլորտի պետական կարգավորման գործիքների և կառուցակարգերի կատարելագործում» ծրագրի շրջանակներում օրվա բանախոսը` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը ներկայացրեց իր դիտարկումները:

Ողջունելով կլոր սեղանի հյուրերին ՀԱԱՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Դանիել Պետրոսյանը կարևորեց կենտրոնի նախաձեռնությունը: Գոհունակություն հայտնեց, որ ներկաների թվում կան երիտասարդներ` մագիստրանտներ, ասպիրանտներ, պատկան մարմինների, հասարակական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներ:

ՀԱԱՀ ագրարային քաղաքականության եւ տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն, ագրարային քաղաքականության և տեղեկատվության ամբիոնի վարիչ Աշոտ Ոսկանյանը դիմելով ներկաներին շեշտեց. «Աշխարհի գրեթե բոլոր երկրներում տնտեսությունը, հատկապես՝ ագրարային հատվածը, ենթարկվում է պետական կարգավորման ու պետական աջակցության: Հայաստանը ևս որդեգրել է ագրարային ոլորտի պետական կարգավորման և գյուղատնտեսության, պետական աջակցության քաղաքականությունը: Դրա ակնհայտ դրսևորումը ՀՀ բյուջեից գյուղատնտեսությանը և ագրարային հատվածի ենթակառուցվածքներին՝ ոռոգման համակարգեր, հակակարկտային տեղակայանքներ և այլն, ֆինանսական միջոցների հատկացումն է:

Բացի ֆինանսական աջակցությունից, ագրարային ոլորտի կարգավորման կարևոր ուղղություններ են նաև իրավաօրենսդրական դաշտի հստակեցումն ու  հարկային բեռի թեթևացումը, դրանց շնորհիվ ոլորտի ներդրումային գրավչության ու արտադրության մրցունակության մակարդակի բարձրացումը»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Բանախոսը, որ քաջատեղյակ է ու հրաշալի գիտե ագրարային ոլորտը, մանրամասն ու շատ առարկայական ներկայացրեց խնդիրները, որոնց շուրջ ծավալվեց մտքերի շահագրգիռ ու արդյունավետ քննարկում: Արված առաջարկությունները ամփոփ կերպով կներկայացվեն պատկան մարմիններին: Իսկ այսպիսի քննարկումները կլինեն շարունակական և գիտնականների համոզմամբ իրենց նպաստը կբերեն լավագույն ուղիները ընտրելիս:

Tags: