Քառյակն իր պահանջների կատարումը կամփոփի աշնանը

unnamed (1)Խորհրդարանական քառյակի ներկայացուցիչներն իրենց համատեղ հայտարարությունը հրապարակելուց և փաստաթուղթը ստորագրելուց հետո պատասխանեցին լրագրողների հարցերին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հայտարարության մեջ փորձել են ամրագրել այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են երկրի առջև, և որոնց լուծումն էապես կնպաստի ՀՀ քաղաքացու վիճակի բարելավմանը:

«Աշնանը մենք կամփոփենք, թե որքանով են կատարվել այս առաջնահերթ խնդիրները և միասնաբար կծրագրենք մեր համատեղ հետագա քայլերը»,-ասաց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այս փաստաթղթի մշակումն ու հրապարակումը համարեց մեծ հաջողություն և բավականին դժվարին աշխատանքի արդյունք. «Բանն այն է, որ չորս քաղաքական ուժերը շատ տարբեր պատկերացումներ ունեն և՛ գաղափարախոսական, և՛ քաղաքագիտական, և՛ մեթոդաբանական հարթություններում: Ուժերի մի մասն ավելի արմատական, ավելի հեղափոխական փոփոխությունների կողմնակից է, մյուս մասն՝ ավելի շրջահայաց և ավելի դանդաղ ընթացքի:  Սակայն բոլորիս միավորում է անհանգստությունը, որ երկիրը կործանվում է, վտանգված է Հայաստանի և  ԼՂՀ-ի անվտանգությունը, պետական ինստիտուտների նկատմամբ խարխլված է ժողովրդի վստահությունը, աղետալի արտագաղթ է, համակարգային կոռուպցիա և անարդարություն»,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով՝ սույն համաձայնագիրը մի միասնական օրակարգ է, որը քառյակը ժողովրդի հետ և ժողովրդի ակտիվ մասնակցությամբ հետապնդելու է:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ողջունելով համատեղ հայտարարությունը, նշեց, որ սա նոր մակարդակ է քաղաքական ուժերի համագործակցության մշակույթի բնագավառում. «Առաջին անգամ մենք ավելի մեծ օրակարգով ու ցանկով ենք ներկայացնում  մեր համատեղ գնահատականներն ու մոտեցումները ստեղծված իրավիճակի հետ կապված»,-ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ այս հայտարարությամբ քառյակը չեզոքացնում է նաև այն տեսակետը, թե իբր ընդիմությունն ամեն ինչ սևացնելու նպատակով է անում:

«Մենք ներկայացրել ենք շատ իրական ու իրատեսական քայլեր, որոնք հնարավոր է իրականացնել  այն ժամկետներում, որոնց մասին մենք խոսում ենք: Երկրի գահավիժման այս ընթացքի շարունակվելը հարվածելու է բոլորիս՝ անկախ նրանից, թե մենք որ դաշտում ենք գտնվում:  Եվ օր առաջ ճիշտ գնահատելով առկա մարտահրավերները, ճգնաժամի խորությունը և դրան համապատասխան քայլեր կատարելը պետք է լինի նոր կառավարության և իշխանությունների սրբազան պարտքը»,-ասաց Ռուստամյանը:

Նա նաև գտնում է, որ սա հիանալի հնարավորություն է կառավարության համար՝ ապացուցելու, որ իսկապես պատկերացնում է պահի լրջությունը և կատարելու քայլեր, որոնք համահունչ կլինեն այս հայտարարության մեջ բերված ուղղություններին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ավելացրեց. «Մեր քաղաքական կյանքը, սակայն, սրանով չի ավարտվում: Մենք այնքան միամիտ չենք, որ ասենք՝ այս 12 կետով պետության մեջ արմատական փոփոխություններ կլինեն: Սակայն այս չափից դուրս իրական մոտեցումների, պահանջների իրականացման դեպքում պետության մեջ բավականին լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Մեր համագործակցության սկզբունքը եղել է ռեալ պոլիտիկի դիրքերից աշխատելը»:

Իսկ եթե չբավարարվեն քառյակի իրատեսական պահանջները, ո՞րը կլինի հաջորդ քայլը: Հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ քառյակը կհավաքվի և կփորձի համաձայնեցնել հետագա քայլերը, ինչպես եղավ կառավարության հրաժարականի պահանջից հետո ստեղծված իրավիճակի ժամանակ:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իրենց խմբակցության տեսակետը. «Կլուծվե՞ն մեր առաջադրած հարցերը, թե ոչ, շատ քիչ ժամանակ է մնացել սպասելու, որից հետո մենք միասին կծրագրենք մեր հետագա քայլերը: ԲՀԿ-ի համար տաբու հարցեր ու խնդիրներ չկան»:

Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ համապետական հանրահավաքի ժամանակ կգնահատվի, թե իշխանությունները որքանով են անդրադարձել իրենց պահանջներին, և դրանից ելնելով էլ քառյակը կհայտնի իր համատեղ գործողությունների մասին: «Մենք խնդիր ենք դնում համակարգի փոփոխության, և մեր քայլերը տանում են դրան»,ասաց նա:

ՀԱԿ-ի համար միակ ընդունելի համակարգը Սահմանադրությունն ու ազատ և արդար ընտրությունների ինստիտուտն է. «Եթե այդ համակարգը գործում է, անձերը կարևոր չեն, որովհետև անձերին որոշում է ժողովուրդը: Սա է մեզ համար համակարգային իշխանափոխությունը»:

 

Անկախ

Ի՞նչ է մտադիր անել «հրաշալի քառյակը». նոր քննարկում չորս կողմերի մասնակցությամբ

IMG_3700Շաբաթներ առաջ երկարատև քննարկումներից հետո ի վերջո Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ԲՀԿ-ն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», համաձայնության եկան մեկ հարցի շուրջ և ձևավորեցին քաղաքական մեկ միասնական օրակարգ, այն է` ապրիլի 28-ին պահանջել կառավարության հրաժարականը: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, և «հրաշալի քառյակը» կանգնեց ծանր կացության առջև: Ի՞նչ պահանջել հիմա, ինչի՞ շուրջ համախմբվել և վերջապես ու՞մ դարձնել գլխավոր թիրախ:

Վարչապետի հրաժարականը շատերի խաղաքարերը խառնեց: Սակայն ինչպես երևում է, քաղաքական չորս խմբակցություններն ամեն կերպ փորձում են չեզոքացնել այն մտայնությունը, որ իրենց համագործակցությունը սպառվել է: Նրանք շարունակում են քաղաքական կոնսուլտացիաները, հանդես են գալիս համատեղ հայտարարություններով:

Հենց այսօր ՀԱԿ խմբակցության հրավերով տեղի ունեցավ քառյակի նիստ, որի օրակարգում վարչապետի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակի քննարկումն էր: Նիստին մասնակցում էին ԲՀԿ-ից` Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: Իսկ ՀԱԿ-ը ներկայացնողը  միայն Լևոն Զուրաբյանն էր, որն էլ վարում էր նիստը:

Շուրջ երեք ժամ տևողության քննարկումն ի վերջո ավարտվեց, սակայն պարզվեց, որ այն ոչ թե ավարտվել է, այլ պարզապես ընդմիջվել է Ազատության հրապարակում «Ժառանգության» կողմից անցկացվելիք հանրահավաքի պատճառով:

Ինչպես տեղեկացրեց Լևոն Զուրաբյանը, քննարկումն այսօր դեռ պետք է շարունակվի, քանի որ վերջնական հայտարարի կողմերը չեն եկել, իսկ ժամանակ շատ չկա:

Զուրաբյանը, սակայն, շտապեց փարատել այն միտքը, որ կողմերը նոր իրավիճակում չեն կարողանում նոր օրակարգ մշակել: «Մեր բանակցությունները շատ կոնստրուկտիվ և արդյունավետ մթնոլորտում են անցնում, համաձայնության դաշտն ենք փորձում լայնացնել և այդ ուղղությամբ բավականին լավ շարժ ունենք»:

Միաժամանակ նա խոստովանեց, որ դիրքորոշումներում ակնհայտ տարբերություններ կան, ինչով էլ պայմանավորված էր քննարկման տևողությունը:

«Կան տարբեր մոտեցումներ, և մենք հիմա փորձում ենք ստեղծել ընդհանուր մարտավարություն: Ի սկզբանե չորս քաղաքական ուժերն ունեցել են տարբեր պատկերացումներ Հայաստանում փոփոխությունների և իշխանության փոփոխության վերաբերյալ, սակայն վերջին շաբաթների ընթացքում մենք կարողացանք այդ մարտավարությունների շուրջ հասնել որոշակի համաձայնության գոնե առաջին քայլերի առումով, դրա համար էլ դրվեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և որոշվեց ապրիլի 28-ին անցկացնել շուրջօրյա հանրահավաքներ: Հիմա ստեծվել է նոր իրավիճակ, որտեղ հետագա քայլերի շուրջ կան տարաձայնություններ: Մենք նորից պետք է մարտավարությունների միասնականություն ապահովենք: Հիմա զբաղված ենք այդ գործով: Կարծում եմ` հետաքրքիր զարգացումներ կլինեն:»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը համոզված է, որ վարչապետի հրաժարականը պայմանավորված էր ապրիլի 28-ին տեղի ունենալիք իրադարձություններով, և հենց այդ սպառնալիքն էլ ստիպեց իշխանությանը նահանջել և առաջ ընկնելով` կատարել քառյակի պահանջը:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը վարչապետի հրաժարականով մատ արեց «հրաշալի քառյակին», Զուրաբյանն ասաց. «Ես չգիտեմ, թե դա ասողները որքանով են տիրապետում շախմատին, բայց եթե շախմատային տերմինալոգիայով խոսենք, ապա Սերժ Սարգսյանը հիմա գտնվում է ցուգցվանգային վիճակում»:

Նա կարծում է, որ վարչապետի հրաժարականը չի վտանգել քառյակի համագործակցությունը, և որ չպետք է իրավիճակը ողբերգական համարել:

Ի դեպ, նույն կարծիքին է նաև ՀՅԴ-ն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով` իրենք շարունակելու են պահանջել կառավարության հրաժարականը ապրիլի 28-ին:

Զուրաբյանը այս հայտարարությունը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Դե եթե ասում են, ուրեմն մի բան գիտեն»:

Վարչապետի հրաժարականը, ըստ Զուրաբյանի, անակնկալ չէր, դա միակ քայլն էր, որ իշխանությունը կարող էր անել այն պահին, երբ ակնհայտ էր, որ ոչ իշխանական չորս ուժերը ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հավաքելու են մարդկային այնպիսի հոծ բազմություն, որը մի քանի անգամ գերազանցելու էր մարտի 1-ին հավաքած զանգվածը:

«Նա արեց այն միակ քյալը, որը կմինիմալիզացնի իր վտանգները, հիմա մենք էլ կանենք մեր քայլերը»:

Իսկ ընդհանրապես ՀԱԿ-ի պահանջը հետևյալն է` նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում:

Հետաքրքիր է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր վերջին հարզազրույցում վարչապետի հրաժարականը կապել է միմիայն քառյակի գործունեության հետ: Այնինչ, շատերն այդ կարծիքին չեն: Միաժամանակ այդ հայտարարությամբ, փաստորեն, Տեր-Պետրոսյանը նսեմացրեց քաղաքացիական հասարակության դերը` մասնավորապես «Դեմ եմ» շարժման, որն իր ցույցերի ժամանակ ավելի շատ մարդ է հավաքում, քան քաղաքական կուսակցությունները:

«Անժխտելի է, որ հասարակական ակտիվության առումով քաղաքացիական գործոնն էլ տվյալ հարցում որոշ դեր խաղացել է, բայց միայն անուղղակիորեն, քանի որ, ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումը, ձգտելով զերծ մնալ իր հետապնդած խնդրի քաղաքականացումից, երբեւէ վարչապետի հրաժարականի պահանջ չի ներկայացրել»,-ասել է Տեր-Պետրոսյանը։

Իսկ քառյակն այսօր կշարունակի կիսատ մնացած քննարկումը` ձգտելով հասնել համաձայնության գոնե առաջիկա քայլերի շուրջ:

 

Անկախ