Աֆրիկյանների 130-ամյա շենքն ու «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ակտիվիստների պայքարը

268862_120426344714718_4552640_n«Պետք է համախմբվել: Քանդվում է 130 տարվա պատմություն ունեցող Աֆրիկյանների ակումբի շենքը: Մենք պահանջում ենք դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած քանդման աշխատանքները և վերականգնել ակումբի ճարտարապետական ողջ կառույցը»:

Օրերս այս հայտարարությամբ հանդես եկան «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները, որոնք արդեն մի քանի օր է՝ բողոքի տարբեր ակցիաներով հանրության և պետական կառույցների ուշադրությունն են հրավիրում շենքի ապամոնտաժման աշխատանքների վրա:

10447074_627887340635280_3184625121968529795_nՇենքն ապամոնտաժելուց հետո նախատեսվում է տեղափոխել ապագայում կառուցվելիք «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, իսկ Տերյան ու Զաքյան փողոցները միացնել իրար: Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հայտարարել է, որ հուշարձան-շենքը 4 մետրով գտնվում է Տերյան փողոցի երթևեկելի մասում՝ խախտելով կառուցապատման գիծը:

big_1402292340_4105747Ակտիվիստները չեն վստահում իշխանություններին և չեն հավատում, որ շենքն ապամոնտաժվելուց հետո նույնությամբ կվերականգնվի, քանի որ «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասի գաղափարը դեռևս թղթի, ավելի ճիշտ՝ մակետի վրա է: Իսկ մինչ այն կյանքի կկոչվի, Աստված գիտի, թե ինչ տեղի կունենա, ինչպես որ եղել է շատ պատմամշակութային շենքերի ապամոնտաժման դեպքում, երբ քարերը համարակալվել են, ապամոնտաժվել և տարվել անհայտ ուղղությամբ, իսկ շենքի վերականգնում այդպես էլ տեղի չի ունեցել:

Բացի այդ, նրանք համոզված են, որ խնդիրն ամենևին էլ կառուցապատումը չէ, այլ շենքի տեղում 12-հարկանի հյուրանոցի կառուցումը:

IMG_4326

Հին Երևան պատմամշակութային թաղամասի մանրակերտը

Սակայն «Հին Երևան» ծրագրի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ակտիվիստների մտահոգությունը տեղին չէ: Ավելին, նա չթաքցրեց իր վրդովմունքը նրանց գործունեության նկատմամբ՝ նշելով, որ դրանով նրանք խոչընդոտում են «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի հետևանքով տուժում են նաև հուշարձան-շենքերը:

«Այս ծրագիրը երկար տարիների աշխատանք է: Այն առաջ է եկել այն հանգամանքից, որ տեղում գոյություն ունեն մի շարք հուշարձան շենքեր և հուշարձաններ, որոնք ժամանակին ապամոնտաժվել են, և դրանց համար մի ընդհանուր լուծում պետք է գտնվի: Այս ծրագրով հնարավորություն է տրվում, կանգուն հուշարձանների մասում ավելացնելով ապամոնտաժված հուշարձանները, ունենալ հին Երևանի մի կտոր»,- ասում է նա:

Նշում է, որ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը Երևանի գլխավոր հատակագծի վերջին հաստատված տարբերակում հատկացվել է «Հին Երևան» ծրագիրն իրականացնելու համար, իսկ հուշարձան շենքը մտել է տեղափոխվող հուշարձանների ցուցակը:

IMG_4338

Աջից՝ Գիլանյանցի լիմոնադի գործարանը, ձախից՝ Աֆրիկյանների ակումբի շենքը

Նրա խոսքով՝ սա այն հազվագյուտ շենքերից է, որ ոչ թե ուղղակի քանդվել է ինչ-որ օլիգարխի կողմից այդ տարածքում այլ շենք կառուցելու համար, այլ որովհետև դրա համար կա օբյեկտիվ պատճառ. այն մտած է երթևկելի գոտու մեջ: Վարդանյանը նաև հայտնեց, որ Բյուզանդի 26 հասցեում գտնվող հուշարձան շենքը նույնպես հանվելու և տեղափոխվելու է «Հին Երևան» նախագծի տարածք:
«Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դեռևս երկու տարի առաջ պետք է տեղի ունենար,- ասում է նա,- և եթե չլիներ այդ ակտիվիստների աղմուկը, մշակույթի նախարարությունն էլ չվախենար, ապա այն ժամանակ շենքը ապամոնտաժված կլիներ, դարբնի գործերն ու փայտի էլեմենտները գողացված չէին լինի, իսկ քարերն ապահով կտանեինք, մի տարածքում կհավաքեինք մինչև վերակառուցելը»:

Նա նաև կարծում է, որ սա միակ կառույցն է, որի դեպքում արվել է ապամոնտաժման պրոֆեսիոնալ նախագիծ. «Էն գլխից պատվիրատուի առաջ ես ինքս հարց եմ դրել, թե ով պիտի քարերն ապամոնտաժի, ով պիտի բերի, նոր տեղում շարի. Շիրինյան Գագիկը, որը կրթությամբ ճարտարապետ է և էն մարդն է, որն ամեն ինչ շատ լավ գիտակցում է: Այսինքն` ամեն ինչ արել ենք, որ գոնե 99 տոկոսով էս ամբողջը վերականգնվի»:

Ինչ վերաբերում է շենքի տարածքում հյուրանոցի կառուցմանը, ապա Վարդանյանը հիշեցնում է, որ հուշարձան-շենքի ապամոնտաժման հարցը դրվել է դեռևս 2005 թվականին, իսկ հյուրանոցի կառուցման ծրագիրն ի հայտ է եկել 2012-ին: «Դա դրա հետ որևէ կապ չունի: Շենքի ապամոնտաժման հիմնական նպատակը Տերյան փողոցը լայնացնելն է»,- ասում է նա:

IMG_4342Լևոն Վարդանյանն իր «Հին Երևան» ծրագրի մակետը արվեստանոցից մի քանի օրով տեղափոխել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ: Այս օրերին նախագծի տարածքի սեփականատերերը, որոնց միջոցներով պետք է իրականանա ծրագիրը, արտասահմանյան ներդրողներ են հրավիրել, որպեսզի նախագիծը տեսնեն և հավանության դեպքում ներդրումներ անեն: Մակետը տեսնելու ցանկություն է հայտնել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ուստի այն դեռևս մի քանի օր էլ կմնա այնտեղ:

Ճարտարապետն ասում է, որ իր դռները միշտ բաց են բոլորի առջև, և դեռևս երկու տարի առաջ, երբ ինքը նոր էր սկսել մակետի կառուցումը, իր արվեստանոց է հրավիրել նաև քաղաքի պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ ակտիվիստներին ՝ միասին քննարկելու նախագիծը և միասին էլ այն կյանքի կոչելու: Ցավոք, ոչ բոլորն են ոգևորվել ծրագրով:

IMG_4336

Աֆրիկյանների ակումբի շենքը բակի կողմից

«Վերջապես, երբ գործը սկսել է առաջ գնալ, փորձում են խանգարել»,- ասում է նա,- փոխանակ իմ կողքին լինեն, ինձ հետ միասին պահանջեն պետությունից, որ ծրագիրը, որ Վարդանյան Լևոնը տասնյակ տարիներ համառորեն պնդում է, արագ իրականանա, դեռ մի բան էլ խանգարում են և փչացնում եղած հուշարձանները՝ իրենք էլ չհասկանալով, թե ինչ են ուզում»:

Ի դեպ, Վարդանյանը չի կարծում, որ այդ շենքերը պարտադիր պետք է վերականգնվեն նույն քարերով. «Խնդիրն ուրիշ է. մենք վերականգնում ենք մշակութային մի շերտ, միջավայր: Կներեք, եթե ողջ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ամբողջ քաղաքները ֆոտոներով են վերականգնել, ոչ թե գծագրերով, ինչպե՞ս են նույն լեհերն ու գերմանացիները հպարտ քայլում իրենց քաղաքով՝ առանց նույնիսկ խորանալու՝ դրանք ֆոտոյով են վերականգնվել, թե ինչպես: Թիֆլիսը նույնը արեց 75 թվականից սկսած, և էսօր ոչ ոք չգիտի՝ Թիֆլիսի շենքերից որն է տեղում կանգնած եղել, որն է ավելացել: Հիմա նույն բանը փորձում ենք մենք անել, բայց Հռոմի Պապից ավելի կաթոլիկ մեր հայերը պայքարում են դրա դեմ»:

Ճարտարապետ Դավիթ Քեթմենջյանը, որը «Հին Երևան» ծրագրի նկատմամբ բավականին դրական է տրամադրված, համարում է, որ այդ ծրագրում ներառված են նոր դասականության շենքեր, իսկ Աֆրիկյանների շենքն իր մտահղացմամբ բոլորովին այլ կառույց է և պետք է մնա իր տեղում՝ զարդարելով իր միջավայրը. «Քաղաքն իր պատմությունն ունի, այդ շենքն ամեն տեսակի բնակելի տուն չէ, այն հին Երևանի ունիկալ հուշարձաններից է, և ճիշտ կլինի, որ մնա իր տեղում՝ դառնալով թանգարան»:

աֆրիկյաններ

Ինչ վերաբերում է բերվող փաստարկին, որ շենքը հայտնվել է փողոցի երթևեկելի մասում, ապա ճարտարապետը կարծում է, որ այդ խնդրի լուծման համար հնարավոր էր գտնել այլ տարբերակներ:

Հիշեցնենք, որ Աֆրիկյանները հին Երևանի անվանի ընտանիքներից են եղել և լուրջ ներդրում են ունեցել քաղաքի զարգացման գործում: Մասնավորապես, նրանց շնորհիվ է 1911 թ. առաջին անգամ խմելու ջուրը բերվել Երևան: Սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո Աֆրիկյանների ունեցվածքն ազգայնացվել է, իսկ նրանց շենքերն ընդգրկվել են Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Գործող իշխանությունը սպառել է իրեն ամեն տեղ, ամեն ինչում.Ակտիվիստներ

ակտիիստներ«Միասին պայքարելու ենք ժողովու´րդ:  Դուրս եկեք փողոց, մենք հաջողության ենք հասնելու»,- հունվարի 18 –ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ «Կենսաթոշակային բարեփոխումներ. ապահով, թե վտանգված ծերություն» թեմայով հեռուստատեսային  քննարկման ընթացքում կոչ արեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով ակնհայտ է, որ սա չարիք է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար: Այս բարեփոխումները չեն կարող առաջիկա տասնամյակներում գործադրվել ՀՀ-ում այն ձևով, որ հիմա ներկայացվում են: Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ պայքարին միացած ԱԺ ոչ իշխանական 4 ուժերից «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանը եւս կարեւորեց քաղաքացիների ակտիվությունը.

ոչ կուտակային կենսաթոշակին«Եթե մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցեն այդ պայքարին մինչև հունվարի 25-ը, ապա կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը կարող է որոշում ընդունել ի շահ քաղաքացիների»:

Բանախոսներից «Դեմ եմ» նախաձեռնություն անդամ Մանե Թանդիլյանն էլ պնդեց. «Եթե հասարակության բոլոր տարրերը դժգոհ են, ուրեմն իշխանությունն իրոք մի բան էն չի անում: Մի բան ակնհայտ է` այդ օրենքն ա´յս տեսքով ա´յս ժամանակ` իշխանության հանդեպ անվստահության բարձր մթնոլորտում, ընդունվել չի կարող»:

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը եւս ընդգծեց, որ մինչ օրս անգամ համապատասխան  փոփոխություններ արված չեն  Աշխատանքային օրենսգրքում` սահմանելու համար այնպիսի հասկացություններ, ինչպես օրինակ «ինքնազբաղն» է:  «Մինչդեռ գործադիր և օրենսդիր մարմինները պարտավոր էին նախագծի իրականացման մասին հասարակությանն իրազեկել ամենավաղ փուլում»:

Ամփոփելով իրենց մտահոգությունները` քննարկման բանախոսները   հավաստեցին համակարգի  ներդրման դեմ պայքարելու իրենց վճռականությունը.

«Մենք հաստատակամ ենք այն առումով, որ պայքարի այս ձևը ճիշտ է, ուրիշ ձև չկա: Պետք է համակարգային փոփոխություն, և սա կլինի սկիզբը: Գործող իշխանությունը սպառել է իրեն ամեն տեղ, ամեն ինչում»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ