<<Պարեց Չինարին ու ամբողջ ճամբարը հիացավ>>. Չինարիի ուսուցչուհի

10428032_790535030969088_9177959071217102008_nՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի դպրոցականներն այսօր վերադարձան Լոռվա <<Գուգարք>> ճամբարից:

Չինարեցի տասնհինգ փոքրիկներն ընկեր Մակարյանի ուղեկցությամբ տասը օր անցկացրել են ճամբարում: <<Բնականաբար, կարոտել ենք Չինարին, բայց դե, շատ լավ անցավ, էլի>>,-իջնելով իրենց տեղափոխած միկրոավտոբուսից` ուրախությամբ պատմեցին չինարեցի փոքրիկները: <<Օրը հագեցված էր, հետաքրքիր ծրագրեր կային, առավոտյան մեր երեխաները զբաղվում էին մարմնամարզությամբ, ապա նաև կարգի բերում իրենց սենյակները, այնուհետև կար հատուկ լողավազանի ժամ, երեխաները գնում էին լողի, որին հաջորդում էր հանգստի ժամը: Ճաշից հետո միջոցառումներ, ուրախ ժամանց>>,-նշեց Չինարիի դպրոցի ուսուցչուհի Արմինե Մակարյանը: <<Մենք այնտեղ միջոցառում ենք կաղմակերպել, որը ճանաչվել է ճամբարի լավագույն միջոցառումը, բոլոր երեխաներն են մասնակցել>>,-պատմեց նա:

10612572_790536127635645_3619518664849149779_nՉինարեցի ճամբարականներն առաջարկել ու հեղինակել են <<Չինարի>> խորագրով գեղարվեստական միջոցառումը, որը հուզել է <<Գուգարքի>> բոլոր ճամբարականներին: <<Ընտրեցինք մեր գյուղը, համակարգչով ներկայացրինք մեր գյուղի լուսանկարերը, տեսարժան վայրերը, երեխաներն արտասանեցին Չինարիին նվիրված բանաստեղծություներ, ներկայացրինք նաև բեմականացում>>:

Արմինե Մակարյանը պատմեց, որ սցենարի առանցքում եղել է 1994-ին Չինարիի Տանձուտ կոչվող տարածքում հերոսաբար զոհված Վահրամ Սաղոյանը, որի անունով է կոչվում գյուղի դպրոցը: Տանձուտն էլ հիմա վերանվանվել է Վահրամասար:

10644830_790535187635739_3173996156545789695_n <<Մայրը որդուն ճանապարհում է պատերազմ, շատ հուզիչ տեսարան էր, կարճ ու խոսուն: Վահրամը` որպես հավաքական կերպար, մարմնավորում էր արցախյան ազատամարտի ու հետագա տարիներին չինարեցի ազատամարտիկներին: Սյուժեն այնուհետև զարգանում է այնպես, որ տղաները մեկնում են պատերազմ, Չինարիի ուղղությամբ հնչում են կրակոցներ: Բեմականացման ավարտին հնչում է Կարնո քոչարին և որպես վերջաբան` <<պարեց Չինարին ու ամբողջ աշխարհը հիացավ>>:

<<Բոլորը հուզվել էին, երեխաներն այնպես էին դերի մեջ մտել, որ թե իրենք, թե հանդիսատեսը չկարողացան զսպել արցունքները: Բոլորն էին արտահայտվում, թե որքան շատ հայրենասիրություն կա չինարեցի փոքրիկների մեջ>>:

10622707_790535174302407_3515792569379771259_nՉինարեցի երեխաների ամառային ճամբարը հովանավորել է <<Հարավկովկասյան երկաթուղիներ>> ընկերությունը` նվիրելով երեխաներին նաև շապիկներ, մարզական իրեր` ապահովելով բարձր տրամադրություն: <<Վերջին կրակոցներից հետո մեր երեխաները տեղափոխվեցին բոլորովին այլ աշխարհ, ցրվեցին, հիմա հանգստացած են, պատրաստվում են <<Առաջին դասին>>,-ասաց Չինարիի դպրոցի պատմության ուսուցչուհի Արմինե Մակարյանը:

 

Անկախ

Հայաստանի եւ Արցախի 70 թեքեյանցի աշակերտ հանգստացել է ամառային ճամբարում

4 (1)Իրականացվեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հինգերորդ «Ամառային ճամբար» նախագիծը, որի շրջանակում Հայաստանի եւ Արցախի թվով 70 թեքեյանցի աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: Ծրագիրն ընդգրկում էր մասնավորապես սոցիալապես անապահով եւ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների:

Չքնաղ բնաշխարհի մի գողտրիկ անկյունում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից եւ Բերձորից ժամանած թեքեյանցիներին, որոնք ութ օր շարունակ ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով: Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցում էին գիտակների մրցույթին, սպորտային խաղերին, սովորում էին ազգագրական երգեր ու պարեր:

6 (1)Ճամբարը մի փոքրիկ Հայաստան էր, որտեղ առաջնայինը հայրենասիրական դաստիարակությունն էր, որը փաստավավերագրական ֆիլմերի եւ զրույց-բանավեճերի միջոցով սովորեցնում էր երեխաները բացահայտել եւ նորովի ճանաչել իրենց պապերի երկիրը, սիրել հային եւ հայկական հողը: Նույնիսկ ջոկատները ճամբարում կրում էին հայ ականավոր մշակութային գործիչների եւ ազատագրական շարժման հերոսների անունները:

Թեքեյանցիները մեծ ոգեւորությամբ մասնակցեցին գիշերային եւ ցերեկային արշավների, որոնց ժամանակ սովորեցին հոգալ ընկերների եւ շրջակա միջավայրի մասին. ծանոթացան նաեւ լեռնագնացության հմտություններին: Կազմակերպվեց էքսկուրսիա դեպի 13-րդ դարում հիմնադրված Տրդատավանք վանական համալիր, որտեղ երեխաները շարականներ երգեցին եւ վառ տպավորություններով վերադարձան ճամբար:

2Ճամբարում նշվեց նաեւ «Գյումրիի օր» մշակութային միջոցառումը, որում թեքեյանցիները ներկայացրին Գյումրիի պատմությունը, նրա ողջ կոլորիտը հարսանիքի, երգ ու պարի, ասմունքի ու կատակների միջոցով: Իսկ հյուրերն էին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը, կրթության բաժնի պետ Գեւորգ Ղումաշյանը, մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանը եւ այլք:

Հանգստի վերջին օրը նույնպես ակտիվ էր` բոլոր չորս Թեքեյան դպրոցները հրաժեշտ տվեցին ճամբարին իրենց ելույթներով: Նրանք մյուս ճամբարականներին ներկայացրին իրենց քաղաքները, դպրոցները, այս ամենը համեմելով երգ ու պարով եւ տոնական խարույկով: Բաժանումը հուզիչ էր, լի արցունքներով եւ ջերմ խոսքերով. դժվար էր հեռանալը մտերիմ ընկերներից, հոգատար «Արագածից», ուր իշխում են սերն ու բարությունը, ժպիտն ու ծիծաղը:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» նախագիծը մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններից ժամանած երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական ու անհատական զարգացմանը: Հուսանք, որ նախագիծը, որը աշակերտներին պարգեւում է անկրկնելի հանգիստ, անջնջելի տպավորություններ ու նոր գիտելիքներ, կլինի հարատեւ:

 

Անկախ

Դպրոցականների ճամբարներ է մեկնել երևանցի ևս 425 աշակերտ

ճամբարԵրևանի բոլոր վարչական շրջաններից հուլիսի 9-ին Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներ 20-օրյա հանգստի Է մեկնել ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շահառու դպրոցականների երկրորդ հերթափոխը ՝ 425 երեխա։

Վաղ առավոտյան յուրաքանչյուր վարչական շրջանի աշխատակազմի շենքի բակից սահմանված ժամին երեխաներին ճամբար են ճանապարհել ծնողները, վարչական շրջանի ղեկավարները։

Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում դպրոցականներին ճանապարհելու միջոցառմանը մասնակցել է նաև քաղաքապետարանի հանրակրթության պետ Գայանե Սողոմոնյանը։ Ծնողների հետ զրույցում հանրակրթության վարչության պետը ներկայացնել է նախօրեին ճամբարում արձանագրած արդյունքները և հավաստիացրել, որ երեխաները 20 օր շարունակ շրջապատված են լինելու մեծ հոգատարությամբ և ուրախ առօրյայով։

Երևանից ճամբարներ մեկնող երեխաներով ավտոբուսները ուղևորվել են Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։ Յուրաքանչյուր խմբի հետ մեկնել են մեկական բժիշկ և բուժքույր։ Ճամբարներում ևս սահմանված է բժիշկների շուրջօրյա հերթապահություն։

Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը ևս 425 երեխա հանգստանալու կմեկնի Ծաղկաձոր և Հանքավան։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ