Անչափահաս իրավախախտների վերականգնողական կենտրոնները փակման վտանգի տակ են

օրբելյան արամ2006 թվականից գործող 10 «Անչափահաս իրավախախտներ» վերականգնողական կենտրոնները յոթ տարի շարունակ աշխատել են ավելի քան 1000 անչափահասների հետ, ինչը տվել է դրական արդյունքներ: Իսկ հիմա ԱՄՆ Միջազգային զարգացման կազմակերպության կողմից ֆինանսավորումը դադարեցվել է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը նշեց, որ այս 7 տարիների ընթացքում կենտրոններ են ուղղորդվել հարյուրավոր անչափահասներ, որոնց հետ լուրջ աշխատանքներ են տարվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնների կողմից տարված աշխատանքի ընթացքում դրական արդյունքներ են արձանագրվել, ոստիկանությունը փորձեր է անում հանդիպումներ կազմակերպել շահագրգիռ անձանց հետ, որպեսզի վերջիններիս ֆինանսավորմամբ շարունակական լինի աշխատանքը:

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի  գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով` զուտ ծախսարդյունավետության տեսանկյունից ճիշտ կլինի, որ համայնքներում երեխաների հետ աշխատեն ցերեկային ծրագրերով: Ըստ նրա՝ այդպես ավելի նպատակահարմար է, որովհետև նմանատիպ կենտրոնների ստեղծման դեպքում միշտ մի օր կանգնում են ֆինանսավորման խնդրի առջև:

«Լավ կլիներ, որ Ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունը գտնեին այն ձևաչափը, որով կարելի է աշխատել թե՛ մեկ, թե՛ մյուս խնդրի հետ»,- ասաց Միրա Անտոնյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն էլ նշեց, որ նախարարության մոտեցումն այս կենտրոնների աշխատանքին միշտ եղել էլ  դրական:

«Բյուջետային հայց գուցե ներկայացվի՝ հետագայում այս կենտրոնների աշխատանքը շարունակելու համար: Այս պահին քննարկվում է Ոստիկանության, Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության բյուջեների հաշվին շարունակել կենտրոնների գործունեությունը: Հնարավոր է, որ որոշ համայնքներ իրենց բյուջեների հաշվին շարունակեն ֆինանսավորումը, և կենտրոնները շարունակեն իրենց աշխատանքները: Քննարկել ենք նաև արտաբյուջետային միջոցներով կենտրոնների ֆինանսավորումը, սակայն այս պահին հստակ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չենք կարող տալ»,-ասաց Արամ Օրբելյանը:

 

2012 թվականի համեմատ 2013-ին անչափահասների կողմից կատարվող հանցանքների քանակը նվազել է

անչափահասների հանցագործությունԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Վարդանյանը ներկայացրեց 2012-2013 թվականներին անչափահասների կողմից կատարվող հանցանքների դինամիկան:

՛՛ՀՀ ոստիկանությունում 2013-ին գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործութունների 408 դեպք՝ նախորդ տարվա 414-ի դիմաց: Եթե  2012-ին անչափահասների կատարած հանցագործությունները կազմում էին հանրապետությունում գրանցված ընդհանուր հանցանքների 2,6 տոկոսը, ապա   2013-ին դրանք կազմել են ընդհանուրի 2,2  տոկոսը, այսինքն, գրանցվել է դրական տեղաշարժ o,4 տոկոսով: Սպանությունները նվազել են 1 դեպքով, խարդախության դեպքերը՝ 4-ով, ապօրինի զենք կրելու դեպքերը՝ 3-ով, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը՝ 9-ով՛՛, – ասաց Արթուր Վարդանյանն ու իբրև դրական տեղաշարժի խթան նշեց անչափահասների հարցերով զբաղվող  ծառայության աշխատանքները, որոնք անցած տարում ունեցել են դպրոցներում անչափահասների հետ իրավական տարբեր թեմաներով զրույցներ ու քննարկումներ կազմակերպելու  շեշտադրում:

Լարա Առաքելյան

Անկախ