Արմեն Աշոտյանը չի բացառել ՀՊՃՀ-ի և ԵՊՃՇՀ-ի վերամիավորման հնարավորությունը

arm130391157683Հայաստանի պետական ճարտարագիտական համալասրանում  /Պոլիտեխնիկում/  հրավիրված ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը ՀՊՃՀ պրոֆեսորոդասախոսական անձնակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր  Հովհաննես Թոքմաջյանին:

ՀՀ ԿԳ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Ա. Ավետիսյանին՝ աշխատանքի համար: Ներկայացնելով նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարին՝ Ա. Աշոտյանը կարևորել է նրա փորձն ու հմտությունը բուհական համակարգի կառավարման ոլորտում և վստահություն հայտնել, որ բուհի անձնակազմի հետ նրա աշխատանքը արդյունավետ կլինի: “Հայաստանի բուհական համակարգում Պոլիտեխնիկը մշտապես առաջատարների շարքում է եղել և ունի կայուն ավանդույթներ ու մշակույթ, որի անբաժանելի մասն է պոլիտեխնիկցի կոչումը: Ես գիտեմ, որ այդ կոչումը բուհում հպարտությամբ են կրում և պահպանում: Մեր ակնկալիքները պոլիտեխնիկից մեծ են, և բուհը, ինչպես տարիներ առաջ,  պետք է դառնա տնտեսության առաջատար կադրերի պատրաստման դարբնոցը: Իմ պահանջն է՝ լինել ավելի նպատակային ծրագրերի զարգացման և նախաձեռոնության գործընթացում: Բուհական համակարգի ամենահզոր ուժը ուսանողությունն է, շատ կարևոր է, որ կրթության զարգացման միասնական քաղաքականությունը ուսանողների կողմից աջակցություն ստանա “,- իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը:

Ռեկտորատի անդամներից մեկի հարցին ի պատասխան` նախարարը չի բացառել ՀՊՃՀ-ի և ԵՊՃՇՀ-ի վերամիավորման հնարավորությունը՝ նշելով, որ միավորման արդյունքում կստեղծվի ավելի հզոր, զարգացած և մրցունակ բարձրագույն ուսումնական հաստատություն. “Պոլիտեխնիկն ու ճարտարապետաշինարարական համալսարանը դատապարտված են լինել միասին: Այն հիմնավոր պատճառները, որոնցով պայմանավորված խորհրդային տարիներին պոլիտեխնիկը բաժանվել է երկու մասի, այսօր այլևս չկան, և տարանջատումն արհեստական է: “,- նշել է նախարարը և հավելել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել բուհի զարգացմանը և բաց է ցանկացած քննարկման համար:

 

Անկախ

Պոլիտեխնիկի ռեկտորը աշխատանքից ազատման դիմում է գրել. պատճառը աշխատանքային լարված մթնոլորտն է

загруженное (2)Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:

Համալսարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը Անկախ-ին հայտնեց, որ այսօր տեղի է ունեցել համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ռեկտորը ներկայացրել է իր հրաժարականի դիմումը:

Մեր զրուցակցի խոսքով` հրաժարականի պատճառը համալսարանում լարված իրավիճակն է, որը ռեկտորին այլևս թույլ չի տվել աշխատել:

Արա Ավետիսյանը ռեկտորի պաշտոնում նշանակվել է 2011թ. սեպտեմբերի 3-ին:

 

Անկախ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013թ. մրցանակակիր Ցուգիո Մակիմոտոյին շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում

9Սթ. նոյեմբերի 15-ին, ժամը 11.00-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) հյուրընկալեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013թ. մրցանակակիր, «Հիտաչի» ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիտաչի» ընկերության ավագ գործադիր տնօրեն, ներկայումս Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո Վիժն» ընկերության նախագահ դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին։

Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Ցուգիո Մակիմոտոյի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Ցուգիո Մակիմոտոյին շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:

Այդ կապակցությամբ հրավիրված Ռեկտորատի արտահերթ նիստը բացեց ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը, ով իր ներածական խոսքում ի մասնավորի ասաց. “Արդեն ավանդույթ է դարձել ճարտարագիտական համալսարանի հարկի ներքո հյուրընկալել համաշխարհային այնպիսի անձնավորությունների, որոնք նշանակալի ներդրում ունեն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման գործում: Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորների շարքում են ինչպես Հայաստանի գիտնականներն ու գործիչները, ովքեր մեծ ավանդ ունեն համալսարանի զարգացման հարցում, այնպես էլ օտարերկրացի այն գիտնականները, որոնց աշխատանքները համաշխարհային գիտական կյանքում մեծ արժեք են ներկայացնում։ Շնորհավորում ենք Ցուգիո Մակիմոտոյին ՀՊՃՀ պատվավոր դոկտորի բարձր կոչմանն արժանանալու առթիվ”: Ռեկտոր Արա Ավետիսյանը Ց. Մակիմոտոյին և նրա տիկնոջը ներկայացրեց ՀՊՃՀ ձեռքբերումների տարեգրությունը՝ շեշտը դնելով համալսարանի զարգացման ծրագրերի և ՏՏ ոլորտում կատարած գիտական ու նորարարական աշխատանքների վրա։

Այցի շրջանակներում Ցուգիո Մակիմոտոն հանդես եկավ մասնագիտական ուշագրավ դասախոսությամբ՝ «Կիսահաղորդչային  նորարարություններ և ՏՏ հեղափոխություն» թեմայով։ Ներկայացնելով իր մասնագիտական կյանքը, որը նվիրված է կիսահաղորդչային բնագավառին, նա խոսեց կիսահաղորդիչների և ՏՏ զարգացման վաղ շրջանի, ներկայի և ապագա տասնամյակների իր կանխատեսումների մասին: Նրա կարծիքով կիսահաղորդիչները փոքր քարեր են, որոնք ոչ մի օգուտ չեն տա, եթե չլինեն տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց համար կիսահաղորդիչները էներգետիկ աղբյուր են։

Ցուգիո Մակիմոտոն, տիկնոջ և Արա Ավետիսյանի հետՑուգիո Մակիմոտոյի հեռատեսական մոդելներն ու նախագծերը հնարավորություն են տվել նրան հայտնաբերել և հրապարակել հայտնի «Մակիմոտոյի ալիքը», որը վերաբերում է կիսահաղորդչային արդյունաբերության ցիկլային բնույթին: Նա իր ելույթում անդրադարձավ «Մակիմոտոյի ալիքին», պատվիրված ու ստանդարտ սարքերին և չփոփոխվող դինամիկ հիշողությանը։

Իր ելույթում Ցուգիո Մակիմոտոն շնորհակալություն հայտնեց համալսարանին իր գործունեության գնահատման և իրեն ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու համար` նշելով, որ այսօր իր կյանքի լավագույն օրերից մեկն է: “Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը առաջնահերթ խնդիր է համարվում։ Սա ուրախալի է ինձ համար, քանի որ այն առաջնահերթ է նաև Ճապոնիայում: Ես կարևորում եմ ՏՏ ընկերությունների և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, ինչն արդեն նկատելի է այստեղ”,-ընդգծեց պարոն Մակիմոտոն:

 

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ

կապերի և տեղեկատվության բաժին

Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը

Եվգենի ԿասպերսկիՀոկտեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ՀՊՃՀ 80 ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Պոլիտեխնիկում մեկնարկել են “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության շաբաթ” միջոցառումների շարքը:

Այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հիմնադիր-տնօրեն, համաշխարհային համբավ ունեցող հակավիրուսային մասնագետ, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին իր թիմով:

Այսօր Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը: Ողջունելով Ե. Կասպերսկուն և իր աշխատակիցներին Հայաստան գալու առիթով` ռեկտորը նշել է, որ թեև Ե. Կասպերսկին առաջին անգամ է այցելում ճարտարագիտական համալսարան, այդուհանդերձ Պոլիտեխնիկի և “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության համագործակցության հիմքերը դրվել են դեռևս մի քանի տարի առաջ և հաջողությամբ շարունակվում են մինչ այսօր: Դրա վառ ապացույցն են ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի ուսանողների և ասպիրանտների ցուցաբերած փայլուն արդյունքները ընկերության կողմից կազմակերպվող ուսանողական օլիմպիադաներում և գիտաժողովներում, ինչպես նաև այս տարի փետրվար ամսին ընկերության նախաձեռնությամբ «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի “Ռուսաստան և ԱՊՀ երկրներ” փուլի անցկացումը ՀՊՃՀ-ում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվգենի Կասպերսկին նշել է, որ ընկերությունը հուսալի գործընկեր ունի տարածաշրջանում` ի դեմս ճարտարագիտական համալսարանի: “Մենք Պոլիտեխնիկի հետ բազմակողմանի համագործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ այստեղ է կուտակված այն ներուժը, որը կարող է և ունակ է լուծել երկրի տեղեկատվական անվտանգության հարցերը”,-ընդգծել է Ե. Կասպերսկին:

Հանդիպման ավարտին ՀՊՃՀ ռեկտորն իր գոհունակությունն է հայտնել ընկերությանը կրթական ասպարեզում մինչ այժմ համալսարանին ցուցաբերած օժանդակության համար և, ի նշան երախտիքի, հայտնել, որ ՀՊՃՀ Գիտական խորհրդի որոշմամբ Եվգենի Կասպերսկուն շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում, որը նրան կհանձնվի հոկտեմբերի 18-ին ՀՊՃՀ Գիտական խորհրդի ընդլայնված հոբելյանական նիստի ժամանակ:

 

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ

կապերի և տեղեկատվության բաժին