Տարերքի հետևանքով վնասված ճանապարհները պետք է հնարավորինս շուտ բացել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության նիստՆիստում վարչապետն անդրադարձել է հորդառատ անձրևի հետևանքով երեկ փակված Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհի վերականգնման աշխատանքի ընթացքին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարսում նաև սողանք է եղել: Ոչ միայն ճանապարհն է փակվել, այլև Հայաստան եկող գազի խողովակը: «Մեզ համար շատ կարևոր է ճանապարհի բացման ժամկետը ճշտել՝ գործարարներին հայտնելու համար», – ասել է վարչապետը: Նախարար Երիցյանը խոստացել է այսօր ճշտել այդ հարցը և զեկուցել: «Բոլորդ տեղյակ եք, որ այսօր Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է լինելու, և եթե մինչ այդ տեղեկություն ունենանք, խնդրենք, որպեսզի այնտեղ համապատասխան ուժեր ավելացնի, որ հնարավորինս սեղմ ժամկետում բացվի ճանապարհը: Մենք տնտեսական մասով անցած ամիս խնդիր ունեցանք, որովհետև ճանապարհն ահագին ժամանակ փակ էր, բեռների տեղափոխման և տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություն ունեցավ: Դրա համար հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ ճանապարհը հնարավորինս արագ բացվի», – հավելել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը զեկուցել է նաև, որ չնայած քարաթափման հետևանքով երեկ մասամբ փակված Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհն այսօր ամբողջությամբ երթևեկելի է, բայց պահպանվում է քարաթափման վտանգը:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014 թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, ինչը թույլ կտա մինչև 2014 թ. հոկտեմբերի 31-ն ավարտել Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը: Վարչապետը կարևոր այս ճանապարհի շինարարության ավարտը մինչև հոկտեմբերի վերջ հետաձգելու համար քննադատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: «Պետք է ձեր աշխատանքի ոճը փոխեք, – ասել է Հովիկ Աբրահամյանը: – Չի կարելի մարդկանց պարտադրել, որ այսքան գումարով պետք է ճանապարհ կառուցեք: Նախագիծ կա, նախագծողներ կան, որոնք գնահատում են. դրանով պետք է ֆինանսավորեք: Հիմա ո՞ւմ կարող եք համոզել, որ լրացուցիչ 55 մլն ՀՀ դրամն անհրաժեշտ է պայթեցումների հետևանքով ի հայտ եկած գրունտի տարբեր կատեգորիաների պատճառով»:

Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության անդամների ուղեկցությամբ այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:

ԱԻՆԱԻՆԱԻՆ

 

 

 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախ վարչապետին է ներկայացրել ԱԻՆ հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս արտակարգ պայմաններում իրականացնել հրդեհի մարման աշխատանքներ և փրկարարական գործառույթներ: Արմեն Երիցյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում տեխնիկական միջոցները համալրելու ուղղությամբ:
Այնուհետև ԱԻՆ ծառայողները հանդես են եկել ցուցադրական վարժանքներով: Ուսումնավարժանքի պայմանական սցենարով՝ բազմահարկ շենքում տեղի էր ունեցել գազի արտահոսք և պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել էին աստիճանավանդակները, բռնկվել հրդեհ, մարմնական վնասվածքներ ստացել բազմաթիվ անձինք: ԱԻՆ փրկարարները, դրսևորելով մասնագիտական բարձր պատրաստականություն, կարողացել են հաջողությամբ մեկուսացնել հրդեհը և դեպքի վայրից դուրս բերել տուժածներին:
Կառավարության ղեկավարն այցելել է նաև ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ, ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական տեսչություն, ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծանոթացել վերջիններիս գործունեությանը: Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ բացվել է նաև ԱԻՆ սերվերային նոր տնտեսությունը, որը հագեցած է բարձրակարգ սարքավորումներով և տեխնիկայով:
Այցի ավարտին վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել առցանց խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճգնաժամային կառավարման կենտրոնների ղեկավարները ներկայացրել են իրենց սպասարկման վայրերում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած արտակարգ պատահարների վիճակագրությունը: Իր հերթին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը զեկուցել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումների գործունեության արդյունքներն ու ծրագրերը: Արմեն Երիցյանը նշել է, որ Հայաստանի աղետների և ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիման վրա նախարարությունում ստեղծվել է ճգնաժամային կառավարման կենտրոնը, որը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը: Նախարարի տեղեկացմամբ՝ 2012 թվականին ՄԱԿ-ը ՀՀ ԱԻՆ-ը ճանաչել է լավագույն ձեռքբերումներ արձանագրած նախարարություն, իսկ ՄԱԿ-ի անդամ 35 երկրների ներկայացուցիչներ վերջին շրջանում այցելել են Հայաստան՝ ծանոթացել աղետների դեմ պայքարում հայ մասնագետների փորձին ու գիտելիքներին:
Ամփոփելով՝ ՀՀ վարչապետը նշել է. «Հաշվի առնելով մեր տարածաշրջանի դիրքը և սեյսմիկ ակտիվությունը՝ այս նախարարությունը մեզ համար շատ կարևոր է: Որպես վարչապետ՝ պարտավորվածություն եմ զգում, որպեսզի այս կազմակերպված նախարարությանն ավելի մեծ ուշադրություն դարձնենք: Մենք անպայման կփորձենք աջակցել, որպեսզի նախարարությունն ապահովվի արդյունավետ գործունեություն իրականացնելու անհրաժեշտ միջոցներով: Վերջին տարիներին ԱԻՆ-ում արձանագրվել են ակնհայտ ձեռքբերումներ, ինչի համար ուրախ եմ: Համոզված եմ, որ մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ ուրախ է, քանի որ վտանգի դեպքում իր կողքին կանգնած է մի կուռ կառույց, որը յուրաքանչյուր պահի կարող է աջակցել մեր քաղաքացիներին»: 
Այնուհետև վարչապետը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության օդերևութաբանական կայանի կայացման և զարգացման գործում ներդրած անձնական ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով է պարգևատրել Վալենտինա Պաշչենկոյին:
Հովիկ Աբրահամյանը սպայական առաջին՝ լեյտենանտի կոչումներ է հանձնել նաև ԱԻՆ մի խումբ փրկարարների:

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Արմավիրի մարզում հակակարկտային համակարգերի տեղակայման և կառավարման աշխատանքներին

196853Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Արշալույս և Ակնալիճ համայնքների մերձակայքում գտնվող հակակարկտային կայանում՝ ծանոթացել վերջինիս աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ Արմավիրում ներդրվում է հակակարկտային կայանների երկրորդ շերտը: ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցների շնորհիվ ձեռք է բերվել 80 նոր հակակարկտային կայան, որից 50-ը կտեղադրվի Արմավիրի մարզում: Ակնկալվում է, որ դրա արդյունքում էապես կբարձրացվի հնարավոր կարկուտից պաշտպանվածության արդյունավետությունն ու հուսալիությունը:
Այդպիսով, միայն Արմավիրի մարզում հակակարկտային կայանների թիվը կհասցվի 161-ի, իսկ հանրապետությունում՝ 442-ի:
Տեղեկացվել է, որ բոլոր հակակարկտային համակարգերն այսուհետ կառավարվելու են միայն ՀՀ ԱԻՆ հակաճգնաժամային կենտրոնից:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է խաղողի այգիներում աշխատանքներ իրականացնող գյուղացիներին, զրուցել նրանց հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին: Գյուղացիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ նախորդ տարվա ընթացքում տեղացած կարկտահարությունից հետո տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնելու համար, մասնավորապես՝ հողահարկը, ջրի վարձը փոխհատուցելու, սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ինչպես նաև դրամական միանվագ օգնություն տրամադրելու համար: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ պետությունը շարունակելու է դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի սուբսիդավորման ծրագրերը, ինչի արդյունքում դրանք գյուղացիներին կտրամադրվեն շուկայականից էապես ցածր գներով:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Ակնալիճ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներից մեկի բնակարան և փոխանցել տարբեր նվերներ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ 4 ուսանող ունեցող ընտանիքին ներգրավել համապատասխան սոցիալական ծրագրերում:

 

Անկախ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար անձնակազմի հետ

Սարգսյանը ԱԻՆ-ումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ դիտել է նախարարության աշխատակիցների նվիրատվությամբ կառուցված Փրկության նվիրյալների պատվո հուշարձանը, ապա այցելել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներ, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատակիցների հետ զրուցել նրանց գործառույթների ու այդ վարչությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի խորհրդակցությունների սրահում Նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որին ուղիղ կապով միացմամբ մասնակցել են նաև նախարարության մարզային կառույցների ղեկավարները:

Խորհրդակցության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարը, նախարարի տեղակալները, փրկարար ծառայության տնօրենը և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված աշխատանքների և զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Արմեն Երիցյանն իր զեկույցում ներկայացրել է 2010-2013թթ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության հիմնական արդյունքները, նախարարության և նրա առանձին գործակալությունների զարգացման խնդիրները, նախարարության համակարգի բարեփոխումների շրջանակներում ԱԻՆ ենթակայության բոլոր կառույցներում մայրաքաղաքում և մարզերում մինչ այժմ իրականացված աշխատանքները, տարբեր ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության առավել բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու դրանց արդյունքում արձանագրված առաջընթացը, խոսել նաև միջազգային համագործակցության ծրագրերի, ԱԻՆ համակարգում աշխատող խոցելի խավի՝ հաշմանդամների գործունեության մասին:

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը զեկուցել է իր համակարգման ներքո գտնվող «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և նրա 4 ՊՈԱԿ-ների, ինչպես նաև «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը, հաշվետու ժամանակաշրջանում այդ ծառայությունների աշխատանքում արձանագրված ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները:

Նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը զեկուցել է ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության, հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության և աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի ընթացիկ աշխատանքների ու խնդիրների մասին:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը ներկայացրել է իր ղեկավարած ստորաբաժանման կառուցվածքը, կադրերով ապահովվածությունը, անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով զինվածության վիճակը, ծառայության ստորաբաժանումների կողմից արտակարգ իրավիճակների դեպքերին, պատահարներին արձագանքման վերլուծությունը, փրկարար ծառայության հիմնական խնդիրները, ծառայության գործունեության ուղղություններն ու ընթացիկ տարում նախատեսված աշխատանքները:

Աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանն իր զեկույցում ներկայացրել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը, անձնակազմի կառավարման և աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Նախարարության ղեկավար անձնակազմի զեկույցները լսելուց հետո, Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, իր խոսքում անդրադարձել Արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին:

«Ես տեսնում եմ, և դա իրականություն է առանց հավելյալ գունազարդման, որ արտակարգ իրավիճակների կառավարման կարողությունների զարգացման առումով մենք առաջընթաց ունենք, և ընդհանրապես, նախարարության կայացման գործընթացը շարունակվում է նորմալ տեմպերով: Շատ կարևոր է, որպեսզի մենք այդ տեմպերը չդանդաղեցնենք, ընդհակառակը՝ արագացնենք, որպեսզի վերջնականապես կարողանանք ասել, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացել է, և որ բարեփոխումների արդյունքում մեզ մոտ ստեղծվել են ծառայություններ, որոնք որակյալ սպասարկում են ոչ սովորական իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներին: Կարծում եմ, որ հիմա նաև պետք է լուրջ ուշադրություն դարձնել այլ ծառայությունների, այլ ոլորտների հետ փոխգործակցության խնդիրներին, առաջին հերթին՝ նկատի ունեմ ոստիկանությունը և առողջապահական ծառայությունները: Բնականաբար, տեղյակ եմ, որ այս ոլորտում էլ աշխատանքներ են կատարվել: Բայց այստեղ էլ կա հսկայական մի հատված, որ պետք է կարողանանք հաղթահարել: Վերջիվերջո, մեր քաղաքացիներից շատերը չգիտեն, և կարծում եմ՝ պարտավոր էլ չեն իմանալ, թե իրենց պատուհասած վտանգը կամ իրավիճակը ո՞ր նախարարությունը կամ ո՞ր ծառայությունը պետք է վերացնի, օժանդակի իրենց: Ուստի, պետք է զարգացնել 911 ծառայություն, և քաղաքացու մի զանգից հետո համակարգը պետք է համագործակցված աշխատի ու կարճ ժամանակում քաղաքացին պետք է ստանա որակյալ ծառայություն:

Հաջորդ խնդիրը, որ կարծում եմ լուծման կարոտ է՝ մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների աշխարհագրության ընդլայնումն է, հանրապետության տարածքում հավասարաչափ և որակյալ ծառայությունների մատուցումը, անկախ նրանից՝ քաղաքացին ապրում է Մեղրիում, Տաշիրում, Տավուշում, թե Երևանում: Ձեր բոլոր ծառայությունները նրանց համար պետք է լինեն հասանելի: Սա չափազանց կարևոր խնդիր է, և այս ուղղությամբ էլ, իհարկե, պետք է աշխատել: Մարզերում մտածում են, որ երևանցիները բարձրակարգ ծառայություններ են ստանում (ոչ միայն ձեր նախարարության գործառույթներին վերաբերող ոլորտներում), իսկ իրենք՝ ոչ: Բոլորը համարում են, որ Երևանում աշխատանքներ ենք կատարում, որոնք այնքան էլ հրատապ չեն, սակայն այդ միջոցները կարող ենք ծախսել մարզերում և այլն: Իհարկե, շատ սուբյեկտիվ մոտեցում կա այստեղ, բայց ձեր կողմից մատուցվող ծառայությունները, ձեր աշխատանքն այնպիսին է, որ, իրոք, որակյալ աշխատանքի անհրաժեշտություն կա նաև մարզերի կտրվածքով:

Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի և՛ նախարարության, նրա ծառայությունների նյութական բազան ամրապնդվի, և՛, իհարկե, առաջին հերթին բարելավվի սոցիալական վիճակը, լուծվեն սոցիալական խնդիրները: Այս առումով, Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները շատ բանով չեն տարբերվելու ո՛չ Պաշտպանության նախարարության և ո՛չ էլ այլ կառույցների զինծառայողների սոցիալական ապահովման մակարդակից: Մենք հուլիսի 1-ից որոշակի ուղղումներ ենք մտցնելու, և այն ժամանակ բոլորը հստակ տեսնելու են, թե ինչպիսի հարաբերակցություն կա այդ կառույցների աշխատողների միջև: Սա ասում եմ նաև այն պատճառով, որովհետև գիտեմ, որ որոշ մարդիկ դժգոհում են, ասում են՝ կրակի դեմ պայքարելը պակաս վտանգավոր չէ, քան գնդակի դեմ կամ սահմանում պայքարելը: Հասկանում եմ, որ այդ աշխատանքները դժվար են, բարդ են, այնուհանդերձ, մենք պետք է կարողանանք տարբերել գործառույթները: Մեր յուրաքանչյուր աշխատող, յուրաքանչյուր ծառայող պետք է լինի ապահովված: Մենք դրան հասնելու ենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական խնդիրներին, մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը, նախարարության համակարգում դեռևս առկա առանձին խնդիրների լուծման հնարավորություններին:

Խորհրդակցության ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանը, փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանը, փրկարար ծառայության` ծառայության կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Արթուր Խաչիկյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

 Անկախ