Թուրքական «Բուգյուն» թերթի լրագրողներից Գյուլթեքին Ավջըն փորձել է վերլուծել վերջին շրջանում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը՝ վերհանելով թուրքական կառավարության գործած սխալները: «Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Իրաքի պատճառով լուրջ հակամարտություն սկսվեց Պարսից ծոցի երկրների և Իրանի միջև, ինչպես նաև աղանդավորական ճյուղավորումների: Էրդողանի գլխավորած ԱԶ կուսակցության վարած անիրատեսական, զգացմունքային և գաղափարախոսական արտաքին քաղաքականությունը բերեց 4 կարևոր արդյունքների: Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարությունը ամբողջությամբ անհաջողության մատնվեց: Ազգային հետախուզական ծառայության ողջ աշխատանքը ուղղված է երկրի ներքին խնդիրներին: Այն գործիք է դարձել կուսակցության ձեռքին, որը ծառայում է նրա շահերին, այլ ոչ թե պետության: Արդյունքում Թուրքիան վերածվել է թևաթափ եղած մի բռնցքամարտիկի: Միջազգային լրատվամիջոցներում Թուրքիան աստիճանաբար վերածվում է ահաբեկչական կազմակերպությունների բարեկամ երկրի»,-գրում է հոդվածագիրը:
Tag Archives: արտաքին քաղաքականություն
Արևելյան գործընկերության ծրագրի ձախողման թուրքական պատճառները
Վարագույրն իջաւ այնքան սպասված Վիլնյուսի վեհաժողովի վրա: Երևանը չնախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը: Թեև հայտնի էր արդեն, որ ստորագրությունների արարողակարգի ծրագրում, երբ չէր հայտնվել Հայաստանի անունը, պարզ էր, որ նախաստորագրությունը չէր նախատեսվել։
Մի պահ, Ուկրաինայի մերժումը` շարունակելու ասոցացման գործընթացը, երկրորդ պլան մղեց ՀՀ-ի ՄՄ-ի միացման որոշումով Եվրոպական Միության հետ ասոցացման նախաստորագրության չեղյալ համարումը: Վիլնյուսի ժողովն ամբողջ իր քննարկումներով, մեկնաբանություններով և քաղաքական հայտարարություններով առաւելաբար կենտրոնացել էր Ուկրաինայի կարգավիճակի ճշտորոշման հարցերի վրա: Մոլդուական տատանումները մի պահ նաև այն տպաւորությունը թողեցին, որ Վրաստանը առանձին էր մնալու Արևելյան գործընկերության պաշտոնապես ասոցացվող երկիրներում, մանաւանդ որ նույնիսկ Ադրբեջանը, հակառակ դրա, որ աղյուսակում չէր ներառվել, ինչ-որ առիթով հայտարարեց, որ այդ ուղղությամբ ընթանալու մտադրություն չունի:
ՀՀ – ԵՄ համատեղ հայտարարությունը անշուշտ որևէ իմաստով համազոր չէ այն փաստաթղթին, որի համար տարիներ ի վեր բանակցություններ էին վարվում: Այնտեղ ընդհանուր սկզբունքների շուրջ շեշտադրվող եզրեր են, որոնք հռչակագրային բնույթ ունեն, աւելի քան ընթացակարգային իրաւական նշանակություն ունեցող և հանգրվան ամրագրող համաձայնագիր:
Քաղաքական յուրահատուկ տեսաբանություն պետք չէ ձևակերպել` հաստատելու համար, որ ՀՀ-ի ՄՄ-ին միանալու որոշումը Մոսկվայից Երևան հասած ուղղահայաց թելադրանքների արդյունք է։
Բայց հիմա ունենք այն ինչ ունենք: Երևանը երկարատև բանակցություններից և պատրաստ լինելուց հետո չի ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Ուկրաինան նմանատիպ պատճառներով, ՀՀ-ը դուրս բերեց մեկուսացումից և իր վրա կենտրոնացրեց Վիլնյուսի ամբողջ ուշադրությունը:
Ճիշտ է, որ նման իրավիճակի գոյառման համար պատասխանատվության բաժին է հասնում արտաքին գերատեսչության վրա: Կա նաև հանգամանքների բացատրություն, թե որևէ իշխանություն նման ժամանակահատվածի և նման պայմաններում ի՞նչ այլ քայլ առնելու հնարաւորություն ուներ։
Պատճառահետևանքային կացությունների մասին կարելի է և դեռեվս պիտի խոսվի անպայման շատ: Մինչ ԵՄ-ի շրջանակների կողմից ինչպէս Կիևի, այնպէս նաև Երևանի համար կա հստակ մոտեցում իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը այս հարցում տարանջատելու` ընդգծելու համար, որ ժողովուրդները միանշանակ կողմ են դեպի Եվրոպա սուրալու, մինչ իշխանությունները ռուսական պարտադրանքների տակ արգելակում են այդ ընթացքը, դեմ դուրս գալով ժողովրդի կամքին:
Քաղաքացիական հասարակությունները, հայտնաբար պիտի շարունակեն աշխատանքային թիրախ մնալ ևրոպական կառույցների կողմից, իհարկե, պետականին առընթեր: Եվ եվրոպական նորմերի տարածումն ու որդեգրել տալու վարքագիծը թվում թե աշխույժ թափ է ստանալու Հայաստանում գործող եվրոպական զանազան ոլորտների վերաբերող կառույցների մոտ։
Ինչ վերաբերում է պատասխանատվությունների ճշտմանը, այստեղ պետք է բանի քաղաքական հետևյալ տրամաբանությունը ևս։ Մանաւանդ միջազգային և հատկապես եվրոպական հանրային կարծիքին հայկական կողմն ունի տվյալներ պատասխանատվությունը բեռցնելու ՀՀ-ը շրջափակած կողմի վրա: Եվրոպական քաղաքական և հասարակական շրջանակները պիտի իմանան, որ Հայաստանի դեպի Եվրոպա դուրս գալու և առևտուրը համապարփակ ու խոր տարողությամբ կայացնելու համար հիմնական ուղին Թուրքիայից է անցնում։ Այդ ուղին փակ է քաղաքական պատճառներով: Նույն Եվրոպան, որին այսօր չհաջողվեց իրականացնել Արևելյան գործընկերության ասոցացման համալիր ծրագիրը, Մոսկվային առընթեր պիտի փնտրի նաև դեպի Եվրոպա ընթանալ ցանկացողների դիմաց սահման փակող կողմի պատասխանատվությունը: Պատասխանատվություն, որ նաև իր (ԵՄ-ի) քաղաքականության ձախողման գլխաւոր պատճառներից է:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Մոսկվան Բաքվին առաջարկում է խաղալ ռուսական ռուլետկա
Նախագահ Պուտինի այցելությունը Բաքու հասկանալիորեն ավելի բարձրացրեց արդեն իսկ որոշակի նախադրյալների հիման վրա Երեւանում ստեղծված մտահոգության ալիքը: Տարաբնույթ մեկնաբանությունները շարունակում են հեղեղել մամուլի ասուլիսների, մեկնաբանական հոդվածների եւ վերլուծական փորձերի առանցքային նյութերով հագեցվող տարածքները:
Այս բոլորը սկսվեց, երբ հրապարակվեց Ռուսաստանի կողմից Բաքվին սպառազինելու համար վաճառված զինուժի տարողությունը: Դեպի Բաքու նկատվող ռուսական ջերմացման այս աստիճանաչափի կտրուկ բարձրացումը տարբեր պատճառներ կարող է ունենալ: Հայկական դիտակետից գործընթացը արժեւորելու ընթացքում, անշուշտ ոչ պետք է ողբերգականացնել երեւութը եւ ոչ էլ թերագնահատել այն, անվերջ հանկերգելով, որ դա որեւէ ձեւով չի կարող ազդեցություն ունենալ Երեւան-Մոսկվա ռազմավարական հատուկ գործընկերության վրա: Քաղաքական տրամաբանության համահունչ նախադրյալներ են պարփակում այն պնդումները, որոնք ներկա ժամանակահատվածին առնված ռուսական քայլը բացատրում են Եւրամիության ասոցացման փաստաթղթի նախօրյակին դիպուկ ուղերձներ փոխանցելու մղումով: Ի վերջո Եւրասիան եւս առաջարկվող ուղի է Երեւանի համար. Եւ առաջարկողը ուրիշ կողմ չէ, եթե ոչ ռազմավարական գործընկերը կամ Ադրբեջանը սպառազինողը: Պատճառահետեւանքային տրամաբանությունը կարելի է երկարել այլ մղումներ եւս տեսնելու համար Մոսկվայի կողմից առնված եւ առնվող քայլերի հետևում:
Հիմա, կենտրոնանանք մի քանի դիտարժան կետերի վրա, որոնք ընդհանուր առմամբ արձանագրվել են Բաքվում կայացած միջնախագահական համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է միայն քաղաքական լուծում ունենալ: Իսկ ահա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքով, ԼՂՀ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա: Վերջինս նաեւ հիշեցրել է «պատմական արդարության» մասին եւ նշել, որ Ռուսաստանը մեծ դեր խաղում հակամարտության հանգուցալուծման գործում:
Ալիեւի խուսանավումը այստեղ նախնական է: Ալիեւը նախ փորձ է կատարում չվերարտադրելու իր ռուս պաշտոնակցի կատարած հայտարարության ընթացքում օգտագործված բառեզրը, որովհետեւ դա ուղղակի հակադրվում է ներքին սպառման համար տարիներ ի վեր իր կողմից շահարկված եւ տակավին շահարկվող ռազմատենչ հռետորաբանությանը, որը բարձրակետի էր հասել վերջերս: Նույնիսկ պատերազմի նախապատրաստություններ տեսնելու եւ զորակոչի խաբկանք ստեղծելու ուղղությամբ հայտարարություններ կատարելով: Փոխարենը, նա խոսում է միջազգային օրենքի հիման վրա հարցը լուծելու մասին, ինչը որ, բնականաբար, պետք է հասկանալ տարածքային ամբողջականության սկզբունքը գերադասելով: Ակնկալությունը շարունակության մեջ է. Ռուսաստանը, որը մեծ դերակատարություն ունի հակամարտության հանգուցալուծման մեջ, պետք է վերականգնի պատմական արդարությունը:
Տարածաշրջանում մեծ դերակատարը սակայն, կրկնում է այն, ինչ որ համանախագահները ասել են ու կշարունակեն ասել. խնդրի լուծումը բացառապես քաղաքական հարթության վրա պետք է տեսնել: Բայց…ռուսական վտանգավոր խաղը շարունակվում է: Վեց միլիարդ դոլարի համապատասխան սպառազինել կողմը, որ հակամարտության մեջ է իր ռազմավարական հատուկ գործընկերոջ հետ եւ հետո հայտարարել, որ խնդիրը պետք է բացառապես քաղաքական ճանապարհով լուծել:
Եւ խաղը շարունակվում է. երեքշաբաթի օր, գրեթե միաժամանակ Պուտինի Բաքու այցելության, նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում էր Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին: ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը հայտնում էր, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ խոսել են երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջեւ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին եւ անդրադարձել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմաարհեստագիտության համագործակցության ամրապնդման եւ խորացման ուղղված ծրագրերին: Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պաշտպանության ոլորտի փոխգործակցության հետագա ընդլայնման վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ին՞չ է ստացվում. Ստացվում է այն, որ Ռուսասատնը մեծ չափերով զինում է Բաքվին, հետո Բաքվում հայտարարում, որ հարցերը բացառապես պետք է քաղաքական մակարդակով լուծել: Բաքվին զինելու եւ նրա հետ նոր պայմանագրեր ստորագրելու ընթացքում, նույն օրերի ճշտապահությամբ, Մոսկվայի ներկայացուցիչը պաշտպանության ոլորտի համագործակցության ծիրը ընդլայնելու բանակցություններ է վարում հայկական կողմի հետ: Արդյունքն այն է, որ վտանգավոր խաղի կանոնները թելադրում է Մոսկվան միաժամանակ թե՜ Երեւանին եւ թե՜ Բաքվին:
Առաջին հայացքից թվում է, թե հայկական կողմը կոչ է ուղղում Բաքվին չներքաշվելու այս վտանգավոր խաղի մեջ: Երեկ պարզ դարձավ, որ Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային պաշարների համատեղ կառավարման շուրջ:
Կարեւորը երկխոսություն ստեղծելու կամ բանակցային սեղանի շուրջ նստելու առաջարկն է, որ համահունչ է նաեւ Պուտինի՝ Բաքվում հայտարարած քաղաքական ճանապարհ ընտրելու կոչին եւ ոչ՝ նույն Մոսկվայի կողմից Բաքվին հսկայածավալ զինելուն: Դա արդեն Բաքվին ուղղված վտանգավոր խաղին մասնակցելու առաջարկ է: Իսկ ռուսական վտանգավոր խաղը աշխարհին ծանոթ է ռուլետկա անունով: Ռուսական ռուլետկա:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր