Միջազգային համաժողով ԼՂՀ-ում

«Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում։

ԿԳՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են “Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում” միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ԼՂՀ Ազգային ժողովի շենքում հունիսի 18-ին, ժամը 9:30-ին:

  Համաժողովի նպատակն է մեկ անգամ ևս կարևորել կրթության, որպես մարդու հիմնարար ազատության և իրավունքի իրականացումը ինչպես միջազգայնորեն ճանաչված, այնպես էլ չճանաչված պետությունների քաղաքացիների համար: Քաղաքական խնդիրներն ու չկարգավորված կոնֆլիկտները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով սահմանված մարդու հիմնարար ազատությունների ապահովման համար, իսկ կրթության իրավունքն, այս համատեքստում, ունի առաջնային նշանակություն: Բոլոնիայի գործընթացը, լինելով պետությունների միջև կրթամշակութային հաղորդակցության և քաղաքակրթություններ կամրջող առաջավոր միջոցներից մեկը, պետք է նպաստի ազգերի և ժողովուրդների միավորմանը` իր հիմքում ունենալով  մարդու կրթության իրավունքի, մասնավորապես միջազգայնորեն ընդունված բոլոր հնարավորությունների հասանելիության գերակայություն:
Միջազգային համաժողովի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ, մասնավորապես, չճանաչված և ճանաչված պետությունների կրթական համակարգերի միջև փոխհամագործակցության, չճանաչված պետություններում բարձրագույն կրթական համակարգի զարգացման, տվյալ երկրների համալսարանների կողմից տրված ավարտական փաստաթղթերի միջազգային ճանաչման և Բոլոնիայի գործընթացում ընդգրկման հետ կապված հարցեր, ինչպես նաև չլուծված քաղաքական խնդիրների բացասական ազդեցությունը կրթական համակարգի վրա: Համաժողովին  կմասնակցեն միջազգային փորձագետներ, հետազոտողներ և ուսանողներ, այդ թվում` միջազգայնորեն չճանաչված պետություններից:
Համաժողովի ավարտին նախատեսվում է մասնակից երկրների և միջազգային փորձագետների հետ համատեղ Համաժողովի հռչակագրի ընդունում:
ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ կրթության և գիտության նախարար
Արմեն Աշոտյանը:

 

Սեմինար Արցախի պետական համալսարանում

Արցախի պետական համալսարանՄայիսի 14-ին ԱրՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Քրեական դատավարության բարեփոխումները ՀՀ-ում» թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպվել էր «Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի նախագահ, հայ-ռուսական և հայ-ֆրանսիական համալսարանների դասախոս, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանի և ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ, իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանի կողմից:

Միջոցառումը, որին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, ոստիկանության և ռազմական ոստիկանության քննիչներ, Ազգային ժողովի և արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ԱրՊՀ դասախոսներ և ուսանողներ, բաղկացած էր երկու մասից. «Քրեական վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները» և «Ցուցմունքների դատական դեպոնացումն ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի»:
Բացելով միջոցառումը` ԱրՊՀ ՈւԳԸ նախագահ Ավետիք Հարությունյանը կարևորել է Արցախի մայր բուհում նման սեմինարի անցկացումը և նշել, որ հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց պետք է զարգանա նաև երկրի օրենսդրությունը և տեսաբան ու պրակտիկ իրավաբանների խնդիրը ոչ միայն դրանց հնարավորինս հետևելն է, այլև առավել առանցքային իրավական ակտերի վերաբերյալ գիտականորեն հիմնավորված մեկնաբանություններ ու վերլուծություններ ստանալը, իսկ քրեական դատավարության ոլորտն այն կարևորագույններից մեկն է, որը շոշոփում է անձի իրավունքներն ու օրինական շահերը: Հաշվի առնելով այս ու մի շարք այլ կարևոր հանգամանքներ, կազմակերպվել է սույն սեմինարը` նպատակ ունենալով քննարկման առարկա դարձնել քրեական դատավարության ու քրեական նոր օրենսգրքերի և առհասարակ տվյալ ոլորտների առավել խնդրահարույց հարցերը:
Արթուր Ղամբարյանի պնդմամբ` նոր օրենսգրքի դրույթներն ավելի առաջադեմ ու ժողովրդավար են, ինչի վկայությունն է այն, որ շատ եվրոպական երկրների ներկայացուցիչներ հետաքրքրված են հայաստանյան փորձով: Սեմինարի մասնակիցները հանդես եկան ակտիվ հարցադրումներով, որոնց պատասխանները հնչեցին սեմինարավարների կողմից և մատնանշվեցին լուծման ուղիները:
Ամեն դեպքում, դատական ոլորտի յուրաքանչյուր աշխատող պետք է ունենա մասնագիտական լուրջ գիտելիքներ, հարուստ փորձ, որպեսզի իր անփութությամբ կամ չիմացությամբ սխալ որոշումներ չկայացնի և մարդկային կյանքեր չկործանի:
Սեմինարի ընթացքում ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանդես եկավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավագիտության թեկնածու Վարազդատ Տեր-Գևորգյանը, ով միաժամանակ հանդիսանում է հիշյալ օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ:
Միջոցառման կազմակերպիչները նախանշել են հետագա համագործակցության ուղիները և խոստացել, որ նմանատիպ միջոցառումները կունենան պարբերական բնույթ:
Մարիամ Սաֆարյան

Ազգի համար հպարտություն է նման գիտնական ունենալը

գիտաժողովՓետրվարի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայր բուհում` Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ), տեղի են ունեցել ծագումով Լեռնային Ղարաբաղից, հանրահայտ ռուս իրավաբան, պետության և իրավունքի տեսության ու պատմության, իրավունքի փիլիսոփայության, իրավաքաղաքական ուսմունքների պատմության ոլորտների խոշորագույն մասնագետ Վլադիկ Ներսեսյանցի 75-ամյակին նվիրված գիտական ընթերցումներ:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, դատավորներ, դասախոսներ, ուսանողներ և հրավիրվածներ։
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունեց նման միջոցառումների նախաձեռնումն ու կազմակերպումը՝ նշելով, որ դրանք կարևոր են ինչպես համալսարանականների, այնպես էլ ներկա գտնվող հյուրերի համար. ուսանողները կկարողանան իրենց մեջ զարգացնել գիտական ներուժը, ձևավորել գիտական ընթերցմամբ հանդես գալու մշակույթ, իսկ պետական այրերն այստեղ կտեսնեն իրենց ապագա կադրերին, կկարողանան իրենց պատգամներն ու խորհուրդները տալ նրանց, ինչը ևս պետական քաղաքականության մաս է։
Իր խոսքում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանն ասաց, որ Ներսեսյանցին նվիրված գիտական ընթերցումներ անցկացնելու գաղափարն իր մեջ ծնվել է դեռևս մագիստրատուրայում սովորելու տարիներին, երբ խորությամբ սկսել է ուսումնասիրել ակադեմիկոսի աշխատությունները, իսկ ներկայումս դրա անհրաժեշտությունն ավելի է զգացվում, քանզի Ներսեսյանցի մեծության մասին տեղեկատվությունն ու գաղափարները հանրության սեփականությունը դարձնելու հրամայական կա։
Ա. Հարությունյանի խոսքով՝ կազմակերպված միջոցառումն ամենևին էլ չի հավակնում ամբողջովին ու բազմակողմանիորեն բացահայտելու ակադեմիկոսին, որովհետև մեկ միջոցառմամբ դա անհնար է։ «Սա մի համեստ ձեռնարկում է նրա գիտական ժառանգությունն արժևորելու համար»,- ասաց բանախոսը։ Շուրջ 400 գիտական աշխատանք է հեղինակել Ներսեսյանցը, որոնց թվում՝ 16 մենագրություն։ ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վալերի Զորկինը Ներսեսյանցին համարում է իրավունքի փիլիսոփայության ամենամեծ գիտնականներից մեկը և դասում այնպիսի համաշխարհային նշանակության գիտնականների շարքը, ինչպիսիք են Բորիս Չիչերինը, Ալեքսանդր Գրադովսկին, Նիկոլայ Կորկունովը, Սերգեյ Մուրոմցևը և այլք։
Գիտական ընթերցումների ընթացքում զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր, ԼՂՀ դատավորների միության նախագահ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք ՀարությունյանՀասմիկ Խաչատրյանը և ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանը:
Իրավունքի թեմայով զեկուցումներ կարդացին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի մագիստրանտներ Լուսինե Բարխուդարյանը, Անուշ Դանիելյանը և Արմինե Դանիելյանը։
Ներկաները հնարավորություն ունեցան լսելու ազատության մասին գիտության տեսաբանի ու մեկնաբանի՝ Վ. Ներսեսյանցի կենդանի ձայնը՝ դիտելով տեսագրությունը, որտեղ նա խոսում է ազատական-իրավաբանական հայեցակարգի մասին։
Գիտական ընթերցումներն ամփոփեց և եզրափակիչ խոսք ասաց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը։ Շնորհակալություն հայտնելով ԱրՊՀ ռեկտորատին և միջոցառման նախաձեռնողներին՝ Ա. Ղուլյանը նշեց, որ այն հետաքրքիր նախաձեռնությունների մեկնարկ է։ ԱԺ նախագահի խոսքով՝ միանգամայն տեղին է, որ սկիզբը դրվեց համերկրացի, խորհրդային, ռուսական իրավաբանական գիտության մեջ հայտնի Վ. Ներսեսյանցի գիտական գործունեության ուսումնասիրմամբ, որը ուսանողների համար մեծ ծավալի աշխատանքի ճակատ է բացում։ Զուգահեռներ անցկացնելով անվանի գիտնականի ապրած ժամանակաշրջանի և ներկայի միջև՝ Արցախի խորհրդարանի ղեկավարն ասաց. «Բարեբախտություն է, որ նա մեր հայրենակիցն է, որովհետև միայն նրա կենսագրության առաջին տողերը ստիպելու են մարդկանց համացանցում փնտրել և գտնել Ստեփանակերտը, հասկանալու են, որ Վ. Ներսեսյանցի ազատական արժեքներն ունեցել են շարունակություն, որոնց հիման վրա հռչակվել է դեռևս չճանաչված, բայց մեծ երազանքներ ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Անկախ