«Բազեում» մասնակիցներն են մթնոլորտ ստեղծում՝ դառնալով իրավիճակի տերը

1 (8)Այս օրերին ընթանում են «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ջոկատների ձևավորման աշխատանքները։ Ջոկատները հանդես են գալիս ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում։ Ինչպես տեղեկացրեց նարնջագույն ճակատի ղեկավար Էդուարդ Ավետիսյանը, հուլիսի 14-ին տեղի ունեցավ Արցախի ջոկատի անդամների ընտրությունը, իսկ հուլիսի 18-ին կազմավորվեց Արարատի ջոկատը։

3 (5)Արարատի մարզը հավաքի երգի մրցույթում ներկայացնելու է Արթուր Մխիթարյանը։ Արթուրը 23 տարեկան է։ Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։ Մասնակցել է մրցույթների (այդ թվում՝ միջազգային), արժանացել մրցանակների։ «Բազե» գալիս է՝ երգի մրցույթում հաղթելու և իր ջոկատին միավորներ բերելու համար։

8 (1)«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի գեղարվեստական ղեկավար Էմին Թորոսյանը նշում է, որ երիտասարդական այս հավաքն իր մշակութային և մարզական միջոցառումներով նպաստում է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի երիտասարդների շփմանը, նրանց միջև բարեկամական և գործընկերային փոխհարաբերությունների ստեղծմանն ու 7 օրերի ընթացքում հետաքրքրությամբ լցնում նրանց օրը։

9«Բազեում» մշակութային մրցույթներն են՝ երգ, պար, նորաձևություն, նկարչություն։ Հավաքի գեղարվեստական ղեկավարն ընդգծում է, որ 45 ջոկատները համապատասխան մրցույթների հիման վրա են ձևավորվել, և հենց մասնակիցներն են, որ ստեղծում են հավաքի մշակութային ու գեղագիտական մթնոլորտը։ «Հավաքում մասնակիցներն են այդ մթնոլորտի ստեղծողները՝ դառնալով իրավիճակի տերը։ Վաստակաշատ ժյուրիի անդամներն ամենօրյա աշխատանքով, շփումներով, խորհուրդներով լրացնում են երիտասարդների գիտելիքները, մասնագիտական բացն ու օգնում ավելի լավ հանդես գալ»,- ասում է Էմին Թորոսյանը։

7Հավաքում հաճախ են լինում դեպքեր, որ միմյանց հետ մրցում են տվյալ ոլորտում պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ մասնակիցները։ Ինչպե՞ս է համադրվում նրանց մասնակցությունը։ Էմին Թորոսյանը նշում է, որ հավաքում մասնակիցները չեն տարանջատվում ըստ իրենց պրոֆեսիոնալության մակարդակի։ Յուրաքանչյուր մրցույթ ունի չափման իր համակարգը, և երիտասարդները գնահատվում են ըստ այդ համակարգի։ «Թե հիմա որ ջոկատն իր համար ինչպիսի թիմ կձևավորի, ինչպիսի մասնակիցներ կներկայացնի՝ պրոֆեսիոնալների, թե սիրողների, մենք՝ որպես կազմակերպիչներ կամ ժյուրիի անդամներ, խնդիր չենք դնում։ Կներկայանան գերազանց, լավ կամ բավարար, կստանան համապատասխան գնահատական։ Խնդիրը մրցույթների ճիշտ իրականացումն է՝ երիտասարդների շփումը լավ ու բովանդակալի կազմակերպելու նպատակով»,- ասում է հավաքի գեղարվեստական ղեկավարը։

Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։ Կմասնակցի շուրջ 500 երիտասարդ։ Հավաքի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Արամ Նիկոլյանը՝ «Բազե նորաձևություն» մրցույթի մասին

1 (2)Դիզայներ Արամ Նիկոլյանն արդեն երկար ժամանակ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում նորաձևության մրցույթի ժյուրիի նախագահն է և իր մասնագիտական խորհուրդներով օգնում է երիտասարդներին լավագույնս ներկայանալ ժյուրիին։

Արամ Նիկոլյանը հետաքրքիր գաղափարներ է տեսնում բազեականների գործերում. «Նորաձևության մրցույթին հիմնականում մասնակցում են ոչ մասնագիտացած երիտասարդներ, և շատ անգամ զարմանալ կարելի է նրանց մոտեցումներից։ Չիմանալով օրենքներ՝ հաճախ ավելի կրեատիվ են մտածում, քան մասնագիտական կրթություն ստացած երիտասարդները։ Թեև մասնագիտական կրթություն ունեցողներն էլ ստեղծում են ավելի պրոֆեսիոնալ, մտածված ու մաքուր աշխատանքներ»։

8Արամ Նիկոլյանը նկատում է նաև, որ «Բազեում» ներկայացված որոշ զգեստներ կարող են անգամ պոդիումում ցուցադրվել։ «Արդյունքը, որ ստանում են կարճ ժամանակում, շատ հետաքրքիր է։ Եթե հավաքի մասնակիցներին մի փոքր ավելի ժամանակ տրվի, ինչպես նաև՝ մշակելու համապատասխան պայմաններ («Բազեում» ամեն ինչ ձեռքով է արվում. չի օգտագործվում կարի մեքենա և այլն), ապա ստեղծված արդյունքը հաստատ արժանի կլինի պրոֆեսիոնալ բեմում ցուցադրվելու»,- ասում է դիզայները։

unnamed (1)Նա նաև ընդգծում է, որ մրցույթի ընթացքում ուշադրություն է դարձվում ոչ միայն զգեստին, այլև կերպարին, ցուցադրման ձևին. «Միայն զգեստն ինքնին չի կարող ինչ-որ բան ասել աշխատանքի մասին։ Նորաձևությունն արվեստի այն ճյուղին է դասվում, որը պետք է ամբողջական կերպարով ներկայացնել։ Փոքր դետալները, սկսած կոշիկներից, վերջացրած վարսահարդարմամբ, շատ բան կարող են փոխել հագուստի մեջ»։

«Բազեում» նորաձևության մրցույթի ժյուրիի անդամները երգիչ-երգչուհիներ, նկարիչներ, քանդակագործներ են։

Զգեստներ ստեղծելու համար պետական դրոշի գույները խորհրդանշող յուրաքանչյուր ճակատի տրամադրվում են ճակատի գույնին համապատասխանող կտոր, աքսեսուարներ, այլ պարագաներ։

unnamedՀիշեցնենք, որ «Բազե-2014» հավաքը կանցկացվի օգոստոսի 18-24-ը։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

 

Անկախ

 

ՙԲազե՚, օր 4-րդ. հայտնի են միջճակատային մրցույթների առաջին հաղթողները,լուսանկարներ

 

6Օգոստոսի 15-ին ՙԲազե՚ երիտասարդական հավաքում հայտնի դարձան ֆուտբոլի, լողի, շախմատի, նկարչության միջճակատային մրցույթների հաղթողները։ Հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ տարեցտարի ավելանում է մարզված, ինտելեկտուալ և մշակութային պատրաստվածություն ունեցող երիտասարդների թիվը։ Նա նկատում է, որ հավաքի նախընտրական փուլերում բավականին բարդ է եղել մասնակիցների ընտրությունը, քանի որ շատ են ակտիվ ու պատրաստված երիտասարդները։ Հովհաննես Գաբրիելյանը գնահատում է այդ ակտիվությունը՝ նշելով, որ նախաձեռնող երիտասարդները մեր ապագան են։

Մարզամշակութային մրցույթներին զուգահեռ բազեականները հանդիպումներ են ունենում պետական, քաղաքական, մշակութային գործիչների հետ։ Հովհաննես Գաբրիելյանը նկատում է, որ այդ հանդիպումների ընթացքում երիտասարդներն անկաշկանդ մթնոլորտում բարձրացնում են իրենց հուզող հարցերը և կառավարության ներկայացուցիչներին ներկայացնում այն տրամադրություններն ու խնդիրները, որոնք կան երիտասարդության շրջանում։ Մասնավորապես այս օրերին հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ։ Իսկ վաղը բազեականները հյուրընկալելու են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։

ՙԵրևան-1՚ ջոկատը ներկայացնող Գրիգորի Սահակյանը հավաքում մասնակցել է պարանի ձգման, բազկամարտի մրցույթներին և իր ջոկատի ընկերների հետ բավականին հաջողություններ ունի։ Մայրաքաղաքը ներկայացնող երիտասարդը նշում է, որ ՙԲազեն՚ երիտասարդությանը համախմբող ծրագրերից մեկն է, ինչը նաև իրենց ինքնադրսևորման, առաջին քայլերը կատարելու հանարավորություն է տալիս։

Երիտասարդների մշակութային ելույթներն ու սպորտային մրցույթները գնահատում են մարզական ֆեդերացիաները ներկայացնող մրցավարները և պրոֆեսիոնալ ժյուրին։ Մասնավորապես, երգի մրցույթի ժյուրիի նախագահն է կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ժյուրիի կազմում են Նադեժդա Սարգսյանը, Աննա Մայիլյանը, Լեյլա Սարիբեկյանը։ Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի գնահատմամբ՝ երգի մրցույթում շատ լավ, շնորհալի երգիչ-երգչուհիներ կան։ Լեյլա Սարիբեկյանը նշում է, որ առաջին հերթին գնահատում է հոգին, որ ներդնում են կատարողները ստեղծագործության մեջ։ ՙԻսկ եթե հոգու հետ միանում է նաև գեղեցիկ ձայնը, տեմբրը, ասելիքը, ապա կարող ենք ասել, որ մարդը ոչ թե պարզապես կատարում է, այլ երգում։ Ես կարևորում եմ ճաշակով երգի ընտրությունը՚,- ասում է Լեյլա Սարիբեկյանը։ Աննա Մայիլյանն էլ նկատում է, որ իր համար շատ կարևոր է կատարողի արտաքինի, ձայնի, երաժշտականության, երգի մեկնաբանման համադրումը։ ՙԲազե՚ հավաքում, ըստ երգչուհու, կան այդպիսի երիտասարդներ։

Հիշեցնենք, որ ՙԲազե՚ հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ ՀՀ-ից, Ջավախքից, Արցախից և սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ մրցում են մարզամշակութային, ինտելեկտուալ խաղերում։