Բանակի օրվան նվիրված միջոցառում Սանկտ Պետերբուրգում

Բանակ-2Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ կազմակերպեց հայոց բանակի 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:

Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի գերեզմանին պսակների զետեղման արարողությունից հետո ժամերգություն կատարվեց Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Մարկլեն Սաքանյանը, հայ համայնքի ղեկավարությունը, հոգևոր հայրեր,  Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ,  ազատամարտիկներ և ռուսական բանակի սպաներ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ՌԴ-ում Հայաստանի դեսպանը և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը:

Հայոց բանակի 22-րդ ամյակի առթիվ ՀՀ բանակի 10 սպաներ և կուրսանտներ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրերով:

Անկախ

 

 

Գյումրին տոնից անմասն չմնաց

բանակի օր գյումրիԱյսօր Գյումրիում նշեցին անկախ Հայաստանի ազգային բանակի կազմավորման տարեդարձը: Տոնի առիթով տոնական միջոցառում էր կազմակերպվել Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի կողմից: Բոլոր շնորհավորական ելույթները շարունակվում էին պարգևատրման արարողություններով՝ սկսած ամենաբարձր զինվորականից մինչև շարքային ծառայողներ:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի անունից մարզի բոլոր զորամասերը նվեր ստացան հեռուստացույցներ, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանից՝ պատվոգրեր և դրամական պարգևներ:
Ի տարբերություն մոտ երկու ամիս առաջ Վալդիմիր Պուտինի այցի, երբ Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճը շողում էր իր պերճ զարդարանքներով, այսօր անգամ բեմն էր զուրկ որևէ դեկորացիայից: Փոխարենը, ոչ թե շինծու, այլ իրենց բնական ու իրական գեղեցկությամբ դահլիճում նստած էին հայ զինվորները, ազատամարտիկներ, պատերազմի վետերաններ և զինվորական ծառայողներ:
þՄեր բանակի կազմավորման ակունքներում մեծ ու անուրանալի է Շիրակի զավակների ներդրումը, որոնցից շատերն այդպես էլ չտեսած իրենց ստեղծած բանակի փառավոր ներկան, քանզի նրանք նահատակվեցին հայրենիքի ու Արցախի պաշտպանության մարտերումþ, – նշված էր մարզպետի ուղերձում:
Պաշտոնական արարողությունից հետո միջոցառումը շարունակվեց տոնական երգ ու պարով, բարձր տրամադրությամբ:
Ի դեպ, Հայկական բանակի տարեդարձի կապակցությամբ պարգևատրվեցին նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներ:

Անկախ

Բառացիորեն օրեր առաջ մենք վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին

images (1)Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է.

“Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Երբ հայ ժողովուրդը տևական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ: Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն էր: Սա արդեն պատմական փաստ է և անհերքելի ճշմարտություն: Բայց դա չի նշանակում, որ բանակաշինությունը կորցրել է իր արդիականությունը:

Բառացիորեն օրեր առաջ մենք վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին, ով իր կյանքի գնով կատարեց իր առաջադրանքը՝ պաշտպանելով այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար: Այսօր մեր աչքի առջև նոր սերունդը շարունակում է մեր բանակի և զինվորականության լավագույն ավանդույթները, որոնք դեռևս ձևավորվել են Արցախյան հերոսամարտի օրերին՝ մարտի դաշտում:

2014 թվականի մայիսին կլրանա զինադադարի ստորագրման 20-րդ տարին: Արդեն երկու տասնամյակ է, ինչ մեր բանակը և ողջ հասարակությունը ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում: Սա առանձնահատուկ բարդ վիճակ է ցանկացած բանակի և առանձին վերցրած՝ յուրաքանչյուր զինվորի ու սպայի համար, բայց այս ընթացքում մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը:

Այսօր՝ մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է, և առիթ՝ հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրեցին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով: Նրանք դարձան օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ էին եղել իրենց հայրերն ու պապերը երկրորդ աշխարհամարտի օրերին: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի: Նրանք դեռ բանակ չէին, և իրենց համեստորեն կոչում էին «ինքնապաշտպանության ուժեր»՝ ի տարբերություն այն հրոսակախմբերի, որ իրենց «բանակ» էին հորջորջում, բայց մեր ջոկատների կեսը չարժեին:

Մեր ժողովրդի բոլոր հատվածները միասին ձևավորեցին մեր բանակը ո՛չ թե թղթի վրա, այլ կռվի դաշտում: Իրավական ձևակերպումը եկավ ավելի ուշ, բայց ճիշտ ժամանակին: Դա այն պահն էր, երբ մենք ամենայն իրավունքով և հպարտությամբ մեզ կարող էինք կոչել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր: Հայոց բանակը և՛ պատերազմի դաժան օրերին, և՛ զինադադարի 20-ամյա ժամանակահատվածում ապացուցել է և ամեն օր ապացուցում է, որ հակառակորդի հոխորտանքները ոչինչ չարժեն, որովհետև սահմանին կանգնած է պատրաստված և գիտակից հայ զինվորականը: Եվ կանգնելու է: Քսան տարին մեր պատմության համար նույնիսկ ակնթարթ էլ չէ: Մենք կանգնելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:

Հայաստանի զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը դեռևս իրենց ձևավորման պահին ասացին հակառակորդին և բոլորին մի պարզ բան. Արցախի ազատությունը վեր է ամեն ինչից, մենք գիտակցում ենք, որ մեզ ոչ ոք ազատություն չի նվիրելու, բայց մենք պատրաստ ենք պայքարի: Եվ մենք հաղթեցինք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի տոնի առթիվ: Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետև ունենք հուսալի պաշտպան՝ ի դեմս հայկական բանակի: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն և բարօրություն”:

 

Անկախ 
 

Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ. հայոց բանակի տարվա գլխավոր կարգախոսը

shqert2011-32«Պետք է դպրոցը, բուհն ու բանակը դարձնել արատավոր երևույթների դեմ պայքարի ամրոցներ և միասնական պատերազմ հայտարարել փողոցային արատավոր բարքերի դեմ»: Ահա սա է 2014 թվականի հայոց ազգային բանակի առաջնահերթ խնդիրը:

Թերևս մի քիչ ուշացած, բայց ուրախալի և ողջունելի է, որ կարևորվում է ազգային ոգու, գաղափարախոսության ամրապնդման անհրաժեշտությունը` դրվելով բանակի կազմակերպչական աշխատանքների հիմքում, քանի որ հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել մեր բանակի ամենակարևոր, ամենաանհրաժեշտ և ամենաարժեքավոր պաշարը` ոգին: Իսկ դա մեզ օդ ու ջրի պես է անհրաժեշտ, քանի որ ոգին է հաղթում պատերազմում, հատկապես` անհավասար պատերազմում, որին առայժմ մեր բանակն ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի:

«Եթե Ադրբեջանը պատերազմի պատրաստ լինի, միշտ էլ պատրվակ կգտնի դա հայտարարելու»,- մի անգամ ասաց Վազգեն Մանուկյանը` նշելով, որ  բանակի ուժը գնահատելիս հաշվի են առնում երկու փակագծերի արտադրյալը:- Մի փակագծում այն է, թե ինչքան բնակչություն ունի երկիրդ, որքան և ինչ ռազմատեխնիկա, քանի զինվոր, ինչպիսին են տնտեսական ցուցանիշներդ, ՀՆԱ մակարդակը և այլն: Երկրորդ փակագծում այն է, թե որքանով են զինվորներդ նվիրված ազգային գաղափարներին, ինչ զոհաբերությունների են պատրաստ հանուն այդ գաղափարների, ինչքանով են համոզված, որ արդար գործ են անում, ինչքանով են միասնական, ինչքանով են կարողանում կարգուկանոն ապահովել և այլն»:

Այդ ամենն էլ ձևավորում են բանակի մարտական ոգին, և Արցախյան հաղթանակն էլ այդ ոգու շնորհիվ էր: Այդ ոգին է, որ այսօր հակառակորդին զգաստացնում է ու զսպում պատերազմի վերսկսումը:

Սակայն, Արցախյան պատերազմի ժամանակ մեր նորաստեղծ կամավորական բանակի ոգին բարձր էր նախ և առաջ պատերազմին նախորդած իրադարձությունների շնորհիվ, երբ մեր ժողովուրդը հավաքական, միասնական, գաղափարական պայքարի մի կուռ բռունցք էր:

Անցել է 22 տարի: Շատ բան է փոխվել այդ պայքարից հետո, և որքան էլ ցավալի է, այսօր չունենք այն խանդավառ հասարակությունը, որն իրականություն դարձրեց մեր երազանքը` Անկախ Հայաստանն ու Արցախը:

Հասարակության մի զգալի հատված այսօր անտարբեր է ամեն ինչի հանդեպ, ոչ ադեկվատ իրականությանը, ապրում է ֆիզիկական գոյությամբ, մի կողմ թողած գաղափարներն ու երազանքները: Իսկ երիտասարդական միջավայրը մեծ մասամբ լի է փողոցային բարքերով ու «գողական» մտածելակերպով, որից ծնունդ առած երիտասարդներն էլ համալրում են Ազգային բանակի շարքերը: Եվ որքան էլ բանակն իր ներքին կանոնակարգով խստապահանջ լինի, միևնույն է, փողոցային «կանոնակարգը» սրբորեն պաշտող երիտասարդին վերադաստիարակելը հեշտ գործ չէ:

seyran-ohanyan«Հայ ժողովրդի անվտանգությունը լիարժեքորեն ապահովելու համար մեծ արդյունք կտա Ազգային բանակի վերջնական ձևավորումը` հիմնված, մի կողմից, հայ ազգային ավանդույթների, մեր և միջազգային փորձի վրա, մյուս կողմից` մարդկային գործոնի, որը հնարավորություն կտա հաստատելու միջանձնային հարաբերությունների առողջ մթնոլորտ, բարձր մարտական ոգի և մեկընդմիշտ ամրապնդելու բանակի կարգապահությունը»,- 2014 թվականի տարեմուտի իր ուղերձում նշում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:- Նաև նորություն չէ, որ սրանք այն գործոններն են, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Չվերարժևորել ու հենվելով դրանց վրա` չհասնել վերջնական նպատակին, նշանակում է չհարգել անցյալը և ապագայի նկատմամբ էլ անպատասխանատու լինել»:

Պաշտպանության նախարարը հայ զինվորին հիշեցնում է, որ իր երկիրը երբեք անարդար պատերազմ չի մղել, չի պղծել գերեզմաններ ու սրբավայրեր, որ ինքը վարձկան չէ, քնած մարդուն կացնահարող չէ, այլ իր երկիրը, իր հարազատներին է պաշտպանում թշնամուց  և կռվում է նաև այն պատմական անարդարության, ապօրինի որոշման դեմ, որով մեկին թույլատրվել է առնել մի ողջ ժողովրդի դարավոր սեփականությունը և տալ ուրիշին:

Նախարարի մտահղացմամբ` զինված ուժերում գործարկված արգելքների հաղթահարման և վճռական գործողությունների ու նորմացույցների ուսուցման «Վահագն» համակարգն առաջին հերթին հենց գաղափարական նշանակություն ունի: Անվանումն էլ պատահական չէ` հայոց դիցարանի պատերազմի աստված Վիշապաքաղ Վահագնը, որի անվան համապատասխան տառերով սկսվում են հետևյալ գաղափարները` Վարպետություն, Անձնուրացություն, Հանդգնություն, Արագություն, Գերազանցություն, Նպատակասլացություն:

Երկար տարիների զինվորական ծառայության ընթացքում մտածելով զինված ուժերում արտակարգ դեպքերի կանխարգելման և կարգապահության ամրապնդման մասին` Սեյրան Օհանյանը եզրակացրել է, որ կարգապահության ուղղությամբ գերազանց արդյունքի միայնակ հասնել հնարավոր չէ:

Իսկ որո՞նք են արտակարգ պատահարների պատճառները. անվտանգության կանոնների խախտում, զգոնության թուլացում և ոչ կանոնադրական միջանձնային հարաբերություններ:

5-ej-hajoc-banakՆախարարը վստահ է, որ առաջին երկու պատճառների կանխարգելմանն ուղղված աշխատանքներում իրենց հաջողվել է բարձր արդյունքներ ստանալ և պատահարների հավանականությունը մոտեցնել նվազագույնի: Իսկ ահա միջանձնային ոչ կանոնադրական հարաբերությունները նա հիմնականում համարում է բանակ «ներխուժած» փողոցային արատավոր բարքերի հետևանք, որոնց դեմ արդյունավետ պայքար մղելու և իսպառ վերացնելու համար պետք է հասարակության օգնությունը. «Պետք է գործի լծվենք ազգովի: Չէ՞ որ մեր բանակն առաջին հերթին ազգային բանակ է, որը ձևավորվել է հանուն հայ ժողովրդի լինելության, նրա միասնական ջանքերով, հերոս զավակների մաքառմամբ և հաղթանակ տարել հենց ազգային ոգու, հային բնորոշ արժանիքների շնորհիվ: Հիմա նորից փորձության առաջ ենք և եթե չկարողանանք այն հաղթահարել, դավաճանած կլինենք ինքներս մեզ: Միավորվե´նք,- կոչ է անում նախարարը,- հիմա´ է ծնվել այս գաղափարը, ոչ թե 10 տարի առաջ, ոչ թե 2 տարի առաջ, այլ հենց հիմա´: Նշանակում է` եկել է համաժողովրդական միասնության միջոցով հերթական անգամ հաղթանակի հասնելու ժամանակը»:

Մեր բանակը պիտի մաքրվի ներքին բացասական երևույթներից, որպեսզի կարողանա ջանքերը  կենտրոնացնել դեպի դրսի ուժերը: Իսկ այդ բացասական երևույթներից մաքրվելու համար պաշտպանության նախարարությունն օգնության ձեռք է խնդրում իր դաշնակիցներից` դպրոցից, բուհից, հասարակական և պետական մյուս կառույցներից, ինչպես նաև ծնողներից և յուրաքանչյուր գիտակից ու հայրենասեր, իր երկրով մտահոգ հայ մարդուց:

«Բանակը մեր տունն է, մեր ամրոցը, որտեղ բոլորը պետք է ապրեն այդ ամրոցի համար ընդհանուր, բոլորի համար միևնույն օրենքներով: Իսկ ով չցանկանա ապրել մեր բերդ-ամրոցի օրենքներով, դատապարտված է այլ բերդում` քրեակատարողական հիմնարկում այնտեղի օրենքներով ապրելուն»,- ասում է նախարարը` վստահեցնելով, որ հասարակության կողմից տրվածն իրենք վերադարձնելու են բազմապատկված, քանի որ, եթե դաստիարակված, հայրենասեր սերունդ են ընդունում բանակ, ապա շատ ավելի է մեծանում հրամանատարների պատասխանատվության չափը` կառուցելու և´ պատրաստությամբ, և´ կարգապահությամբ իդեալական բանակ ու հասարակությանը տալու պիտանի անդամ` իր ուժով, հայրենասիրությամբ, սկզբունքայնությամբ, կարգապահությամբ ու բարեկրթությամբ:

Անի Գասպարյան

Անկախ

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

տարոն մարգարյանՍիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր ժողովուրդը նշում է  Հայոց բանակի օրը:

Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ պատմական մեր հայրենիքի մաս կազմող Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Թերևս նաև դա է պատճառը, որ հաղթանակած մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր համարումն ունի, իսկ նրա տոնը՝ մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է:

Բանակի կայացումն, անշուշտ, մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է, որի բոլոր օղակների շնորհիվ է՝ լինի շարքային զինվոր թե հրամանատար,  որ այսօր կայուն իրավիճակ ու խաղաղություն է ոչ միայն մեր երկրում , այլև ողջ տարածաշրջանում: Եվ փառք ու պատիվ բոլոր ազատամարտիկներին, որ իրենց անշահախնդիր լուման բերեցին Հայոց բանակի կայացման գործում: Փառք նաև բոլոր այն նվիրյալների, ովքեր անձնվիրաբար մարտնչեցին ու կյանքի գնով վերանվաճեցին թե’ մեր պատմական հայրենիքի մի մասը, և թե’ Հայոց հաղթական բանակի համբավը։

Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ,

Ձեզ էլ շնորհավորելով մաղթում եմ, որ ռազմական ձեր գիտելիքներն ու կարողությունները հնարավորինս ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ՝ խաղաղ ու անամպ երկնքի ներքո: Քաջառողջություն, ուժ ու կորով ձեզ՝ հանուն հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգության ու բարօրության գիշեր ու զօր տարվող ձեր պատասխանատու և պատվաբեր ծառայության գործում։

 

Երևանի քաղաքապետ
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Անկախ

Հունվարի 28-ի տոնական միջոցառումների ժամանակացույցը

հունվարի 28Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ներկաներին ծանոթացրել է Բանակի օրվան նվիրված միջոցառումների ծրագրին: Մասնավորապես, հունվարի 26-ին ժամը 11-ին Սուրբ պատարագ է մատուցվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հունվարի 28-ի առավոտյան ժամը 10:30-ին այցելություն է նախատեսված Եռաբլուրի զինվորական պանթեոն և հիշատակի արարողություն, իսկ նույն օրը ժամը 17:00-ին` տոնական համերգ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

 լեզվաբանական համալսարանՁևավորված ավանդույթի համաձայն` Բանակի օրվան ընդառաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում: ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 22-ին Սեյրան Օհանյանը եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

 լեզվաբանական համալսարանՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Ողջույնի խոսքում շնոհավորելով Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին այցելության համար, համալսարանի ռեկտոր  Գայանե Գասպարյանը վստահեցրել  է, որ բուհում ռազմահայրենասիրական դաստիարակությունը դրված է բարձր հիմքերի վրա:

Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անկախության և հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբի գործողությունների հետևանքով արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

Իր ելույթում Սեյրան Օհանյանը կարևորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր երևույթների, փողոցային բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության ամրապնդման գործում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ուսանողներին հակիրճ ներկայացրել է ՀՀ զինված ուժերի անցած փառավոր ուղին, կազմավորման փուլերը, առանձնահատկությունները, պաշտպանական բարեփոխումները, խոսել է առկա բացթողումների և մարտահրավերների, ինչպես նաև` ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը խորացնելու հեռանկարների շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարարը նաև պատասխանել է կրթօջախի դասախոսների և ուսանողներին  հուզող հարցերին:

Միջոցառման ավարտին ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բուհում հայրենասիրական դաստիարակությունն ամուր հիմքերի վրա պահելու համար Սեյրան Օհանյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանին և պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է գերատեսչական մեդալներով: Համալսարանի մի շարք դասախոսներ ու ուսանողներ արժանացել են նաև պատվոգրերի:

Ուսումնական հաստատության գիտական խորհրդի որոշմամբ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  պարգևատրվել է համալսարանի Ոսկե մեդալով:

 Անկախ