«Պետք է դպրոցը, բուհն ու բանակը դարձնել արատավոր երևույթների դեմ պայքարի ամրոցներ և միասնական պատերազմ հայտարարել փողոցային արատավոր բարքերի դեմ»: Ահա սա է 2014 թվականի հայոց ազգային բանակի առաջնահերթ խնդիրը:
Թերևս մի քիչ ուշացած, բայց ուրախալի և ողջունելի է, որ կարևորվում է ազգային ոգու, գաղափարախոսության ամրապնդման անհրաժեշտությունը` դրվելով բանակի կազմակերպչական աշխատանքների հիմքում, քանի որ հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել մեր բանակի ամենակարևոր, ամենաանհրաժեշտ և ամենաարժեքավոր պաշարը` ոգին: Իսկ դա մեզ օդ ու ջրի պես է անհրաժեշտ, քանի որ ոգին է հաղթում պատերազմում, հատկապես` անհավասար պատերազմում, որին առայժմ մեր բանակն ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի:
«Եթե Ադրբեջանը պատերազմի պատրաստ լինի, միշտ էլ պատրվակ կգտնի դա հայտարարելու»,- մի անգամ ասաց Վազգեն Մանուկյանը` նշելով, որ բանակի ուժը գնահատելիս հաշվի են առնում երկու փակագծերի արտադրյալը:- Մի փակագծում այն է, թե ինչքան բնակչություն ունի երկիրդ, որքան և ինչ ռազմատեխնիկա, քանի զինվոր, ինչպիսին են տնտեսական ցուցանիշներդ, ՀՆԱ մակարդակը և այլն: Երկրորդ փակագծում այն է, թե որքանով են զինվորներդ նվիրված ազգային գաղափարներին, ինչ զոհաբերությունների են պատրաստ հանուն այդ գաղափարների, ինչքանով են համոզված, որ արդար գործ են անում, ինչքանով են միասնական, ինչքանով են կարողանում կարգուկանոն ապահովել և այլն»:
Այդ ամենն էլ ձևավորում են բանակի մարտական ոգին, և Արցախյան հաղթանակն էլ այդ ոգու շնորհիվ էր: Այդ ոգին է, որ այսօր հակառակորդին զգաստացնում է ու զսպում պատերազմի վերսկսումը:
Սակայն, Արցախյան պատերազմի ժամանակ մեր նորաստեղծ կամավորական բանակի ոգին բարձր էր նախ և առաջ պատերազմին նախորդած իրադարձությունների շնորհիվ, երբ մեր ժողովուրդը հավաքական, միասնական, գաղափարական պայքարի մի կուռ բռունցք էր:
Անցել է 22 տարի: Շատ բան է փոխվել այդ պայքարից հետո, և որքան էլ ցավալի է, այսօր չունենք այն խանդավառ հասարակությունը, որն իրականություն դարձրեց մեր երազանքը` Անկախ Հայաստանն ու Արցախը:
Հասարակության մի զգալի հատված այսօր անտարբեր է ամեն ինչի հանդեպ, ոչ ադեկվատ իրականությանը, ապրում է ֆիզիկական գոյությամբ, մի կողմ թողած գաղափարներն ու երազանքները: Իսկ երիտասարդական միջավայրը մեծ մասամբ լի է փողոցային բարքերով ու «գողական» մտածելակերպով, որից ծնունդ առած երիտասարդներն էլ համալրում են Ազգային բանակի շարքերը: Եվ որքան էլ բանակն իր ներքին կանոնակարգով խստապահանջ լինի, միևնույն է, փողոցային «կանոնակարգը» սրբորեն պաշտող երիտասարդին վերադաստիարակելը հեշտ գործ չէ:
«Հայ ժողովրդի անվտանգությունը լիարժեքորեն ապահովելու համար մեծ արդյունք կտա Ազգային բանակի վերջնական ձևավորումը` հիմնված, մի կողմից, հայ ազգային ավանդույթների, մեր և միջազգային փորձի վրա, մյուս կողմից` մարդկային գործոնի, որը հնարավորություն կտա հաստատելու միջանձնային հարաբերությունների առողջ մթնոլորտ, բարձր մարտական ոգի և մեկընդմիշտ ամրապնդելու բանակի կարգապահությունը»,- 2014 թվականի տարեմուտի իր ուղերձում նշում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:- Նաև նորություն չէ, որ սրանք այն գործոններն են, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Չվերարժևորել ու հենվելով դրանց վրա` չհասնել վերջնական նպատակին, նշանակում է չհարգել անցյալը և ապագայի նկատմամբ էլ անպատասխանատու լինել»:
Պաշտպանության նախարարը հայ զինվորին հիշեցնում է, որ իր երկիրը երբեք անարդար պատերազմ չի մղել, չի պղծել գերեզմաններ ու սրբավայրեր, որ ինքը վարձկան չէ, քնած մարդուն կացնահարող չէ, այլ իր երկիրը, իր հարազատներին է պաշտպանում թշնամուց և կռվում է նաև այն պատմական անարդարության, ապօրինի որոշման դեմ, որով մեկին թույլատրվել է առնել մի ողջ ժողովրդի դարավոր սեփականությունը և տալ ուրիշին:
Նախարարի մտահղացմամբ` զինված ուժերում գործարկված արգելքների հաղթահարման և վճռական գործողությունների ու նորմացույցների ուսուցման «Վահագն» համակարգն առաջին հերթին հենց գաղափարական նշանակություն ունի: Անվանումն էլ պատահական չէ` հայոց դիցարանի պատերազմի աստված Վիշապաքաղ Վահագնը, որի անվան համապատասխան տառերով սկսվում են հետևյալ գաղափարները` Վարպետություն, Անձնուրացություն, Հանդգնություն, Արագություն, Գերազանցություն, Նպատակասլացություն:
Երկար տարիների զինվորական ծառայության ընթացքում մտածելով զինված ուժերում արտակարգ դեպքերի կանխարգելման և կարգապահության ամրապնդման մասին` Սեյրան Օհանյանը եզրակացրել է, որ կարգապահության ուղղությամբ գերազանց արդյունքի միայնակ հասնել հնարավոր չէ:
Իսկ որո՞նք են արտակարգ պատահարների պատճառները. անվտանգության կանոնների խախտում, զգոնության թուլացում և ոչ կանոնադրական միջանձնային հարաբերություններ:
Նախարարը վստահ է, որ առաջին երկու պատճառների կանխարգելմանն ուղղված աշխատանքներում իրենց հաջողվել է բարձր արդյունքներ ստանալ և պատահարների հավանականությունը մոտեցնել նվազագույնի: Իսկ ահա միջանձնային ոչ կանոնադրական հարաբերությունները նա հիմնականում համարում է բանակ «ներխուժած» փողոցային արատավոր բարքերի հետևանք, որոնց դեմ արդյունավետ պայքար մղելու և իսպառ վերացնելու համար պետք է հասարակության օգնությունը. «Պետք է գործի լծվենք ազգովի: Չէ՞ որ մեր բանակն առաջին հերթին ազգային բանակ է, որը ձևավորվել է հանուն հայ ժողովրդի լինելության, նրա միասնական ջանքերով, հերոս զավակների մաքառմամբ և հաղթանակ տարել հենց ազգային ոգու, հային բնորոշ արժանիքների շնորհիվ: Հիմա նորից փորձության առաջ ենք և եթե չկարողանանք այն հաղթահարել, դավաճանած կլինենք ինքներս մեզ: Միավորվե´նք,- կոչ է անում նախարարը,- հիմա´ է ծնվել այս գաղափարը, ոչ թե 10 տարի առաջ, ոչ թե 2 տարի առաջ, այլ հենց հիմա´: Նշանակում է` եկել է համաժողովրդական միասնության միջոցով հերթական անգամ հաղթանակի հասնելու ժամանակը»:
Մեր բանակը պիտի մաքրվի ներքին բացասական երևույթներից, որպեսզի կարողանա ջանքերը կենտրոնացնել դեպի դրսի ուժերը: Իսկ այդ բացասական երևույթներից մաքրվելու համար պաշտպանության նախարարությունն օգնության ձեռք է խնդրում իր դաշնակիցներից` դպրոցից, բուհից, հասարակական և պետական մյուս կառույցներից, ինչպես նաև ծնողներից և յուրաքանչյուր գիտակից ու հայրենասեր, իր երկրով մտահոգ հայ մարդուց:
«Բանակը մեր տունն է, մեր ամրոցը, որտեղ բոլորը պետք է ապրեն այդ ամրոցի համար ընդհանուր, բոլորի համար միևնույն օրենքներով: Իսկ ով չցանկանա ապրել մեր բերդ-ամրոցի օրենքներով, դատապարտված է այլ բերդում` քրեակատարողական հիմնարկում այնտեղի օրենքներով ապրելուն»,- ասում է նախարարը` վստահեցնելով, որ հասարակության կողմից տրվածն իրենք վերադարձնելու են բազմապատկված, քանի որ, եթե դաստիարակված, հայրենասեր սերունդ են ընդունում բանակ, ապա շատ ավելի է մեծանում հրամանատարների պատասխանատվության չափը` կառուցելու և´ պատրաստությամբ, և´ կարգապահությամբ իդեալական բանակ ու հասարակությանը տալու պիտանի անդամ` իր ուժով, հայրենասիրությամբ, սկզբունքայնությամբ, կարգապահությամբ ու բարեկրթությամբ:
Անի Գասպարյան
Tags: Ազգային բանակ, Բանակի օր, Հայոց բանակ, սեյրան օհանյան
