Ինչ ցանես՝ այն էլ կհնձես

Անահիտ ԲախշյանԱռաջին անգամ չէ, որ խոսում եմ թե՛ ավագ, թե՛ հիմնական դպրոցներում տարածված ահավոր կոռուպցիոն երևույթների մասին, որոնց դեմ, իբրև թե պայքարում են համապատասխան պետական մարմինները: Դրանք գաղտնիք չեն, բոլորը գիտեն ու խոսում են այս մասին: Այս մասին խոսում են նաև այն մարդիկ, ովքեր կոչված են արգելել, հայտնաբերել, պատժել անօրինական դրամահավքները: Կրթության տեսչությունը ստուգումներ է իրականացնում ավագ դպրոցներում՝ բացակայությունների համար գումար հավաքելու դեպքերը կանխելու նպատակով: Փաստն այն է, որ երևույթը դույզն անգամ չի պակասում, այլ՝ ծաղկում է, սակայն ոչ մի դպրոցի տնօրենի նման արարք չեն բացահայտում ու հրապարակում: Հիմա հարց՝ տեսչությունն ու նախարարությունն ուզո՞ւմ են վերացնել կոռուպցիոն այս երևույթը՞, թե՞՝ ոչ: Իսկ ինչո՞ւ՝ ոչ, որովհետև իրենք էլ են հասկանում, որ ավագ դպրոցներից շատ քչերն են կայացել, ներքուստ իրենք իրենց խոստովանում են, որ իրենք էլ ծնող լինեին, չէին վստահի դպրոցի տված գիտելիքներին ու իրենց երեխաներին դպրոցի փոխարեն կրկնուսույցների մոտ կուղարկեին և փող կտային, որ ուսուցիչները բացակա չդնեին: Պետական պաշտոնյաները ներքուստ իրենք իրենց խոստովանում են, որ ընդունելության քննությունների հարցաթերթերը պետք է կազմվեն այնպես, ինչպես հստակ գրված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում, որ շտեմարաններն օրենքից դուրս են, որոնք պարտադրվելով աշակերտներին՝ նույնպես դառնում են կոռուցիայի օրինականացված բուն:
(Շտեմարանների վերաբերյալ վերջին բացահայտումն էլ այն է, որ դպրոցական ծրագրերով ու դասագրքերում գոյականի 7 հոլովման հայեցակարգն է ընդունված, իսկ շտեմարաններում՝ 5: Նշեմ նաև, որ որոշ դասագրեքեր ու շտեմարաններ գրել են նույն հեղինակները, իսկ Պետական չափորոշիչն օրենքի ուժ ունի:Տեսնես սրա մասին ի՞նչ կասեն ԳԹԿ-ում): Տնօրեններն էլ մտածում են, էհ, էդ ինչո՞ւ վերևներում կօրինականացնեն կոռուպցիան, ես չեմ կարո՞ղ փող հավաքել բացակա չնշանակելու, բարձր գնահատականներ դնելու, դպրոցի ավարտական քննությունների ժամանակ իրենց երեխային անօրինական «սատարելու», «ձախ» ճանապարհով թեստեր ձեռք բերելու նպատակների համար: Փաստենք, որ ներքևներում շատ լավ գիտեն, թե վերևներում ինչ նպատակների համար են կոռուպցիոն քայլեր «մշակվում» ու իրականացվում, դրանց համահունչ՝ իրենք էլ իրենց տրամագծին համապատասխան կոռուպցիոն քայլեր են «մշակում» ու իրականացնում: Բայց տարբերությունն այն է, որ վերևում այդ քայլերն «օրինականացվում» են նույնիսկ օրենքով, ինչպես բացակայությունների սահմանն օրենքով ամրագրելը կամ հենց շտեմարանների գոյությունը, իսկ ներքևներին ասում են՝ այնպես արա, որ չբողոքեն ու չբռնվես, եթե բողոքեցին ու բռնվեցիր, գլխիդ ճարը տես, չենք օգնելու, իհարկե նայած՝ ում: Դա էլ կախված է նրանից, թե ով է տնօրենի հովանավորը: Եթե ունենա «պինդ» հովանավոր, ապա ցանկացած դրամահավաք՝ ծնողների գրպանից, թե պետության, կարևոր չէ, կմարսի, իսկ եթե չունի, որը մեր իրականության մեջ քիչ է, ապա գնա՝ պատասխան տուր: Այդ թեժ գծերը, որոնք հիմա գործում են բոլոր պետական օղակներում, նույնպես կոռուպցիոն նպատակներ ունեն, գործում են որպես մահակ տնօրենների գլխին: Եթե դրանց նպատակը լիներ իսկապես կոռուպցիան վերացնելը, ապա դրա համար կա շատ պարզ ճանապարհ՝ վերևից ներքև աշխատել օրենքով, վերացնել կուսակցական պատկանելության անօրինական պահանջն ու տնօրեններ նշանակել ազնիվ ու առաքինի մանկավարժների: Այդպիսիք շատ են, բայց ընդունված խաղի կանոններին չեն կարող դիմակայել ու պարզապես դուրս են մղվում այդ դաշտից:
Վերջում, առածն ասում է. «ինչ ցանես, այն էլ՝ կհնձես», եթե իշխանությունն իսկապես ուզում է բարձրացնել կրթության որակը դպրոցներում, թող հստակ բարձրաձայնի, թե «դրամահավաք» ասելով ինչ նկատի ունի և առաջինը ինքն իր գործողություններից վերացնի կոռուպցիոն, հովանավորչական երևույթները:

Անահիտ Բախշյան

Թիվ 1 մանկապարտեզը չհիմնանորոգելն անմեղ բացթողո՞ւմ է, թե՞ դիտավորություն

Անահիտ-ԲախշյանԱյսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Ուսումնասիրելով Երևանի զարգացման 2010-2013թթ. քառամյա և տարեկան ծրագրերը՝ նկատել եմ, որ քառամյա ծրագրով 2011թ.-ին  նախատեսվել է  հիմնանորոգել Երևանի Կենտրոն վարչական շրջանի թ.1 մանկապարտեզը, սակայն Երևանի զարգացման 2011 թվականի տարեկան ծրագրով այն նախատեսված չի եղել:

Այնուհետև  2010 թվականի Երևանի զարգացման տարեկան ծրագրի նախադպրոցական կրթությանը նվիրված  57-րդ էջում գրված է, որ  թվով 47 նախադպրոցական ուսումնական հաստատություններում վարձակալությամբ տեղակայված է 106 կազմակերպություն, որոնցից 56-ը  տարածքն օգտագործում է անհատույց, 31-ի գումարը տնօրինում են վարչական

շրջանները, 14-ինը՝ համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունները, 5-ինն անհայտ է։

Խնդրում եմ պարզաբանել.

  1.  Ինչու՞ է քառամյա ծրագրով թ.1 մանկապարտեզում նախատեսվել հիմնանորոգում, իսկ 2011 թվականի տարեկան ծրագրով նախատեսված չի եղել: Սա անմեղ  բացթողո՞ւմ է, թե՞ դիտավորություն:
  2. Որո՞նք են այն 106 կազմակերպությունները, որոնք վարձակալությամբ տեղակայված են թվով 47 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
  3.  Որո՞նք են ՆՈՒՀ-երի  տարածքն անհատույց օգտագործող 56 կազմակերպությունները, ո՞ւմ որոշմամբ և ի՞նչ հիմնավորմամբ են նրանք անհատույց օգտագործման իրավունք ստացել:
  4. Ինչու՞ 31 կազմակերպությունների դեպքում վարձակալության գումարները տնօրինում են վարչական շրջանները, իսկ 14-ի դեպքում՝ համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունները:
  5. 2010 թվականից մինչ օրս քաղաքապետարանի պատկան ստորաբաժանումները պարզե՞լ են արդյոք այդ անհայտ 5 կազմակերպությունների տեղը, որոնք վարձակալել ՆՈՒՀ-երի տարածքները :
  6. Ո՞ր 5 մանկապարտեզներում  և ե՞րբ են այդ 5 կազմակերպությունները վարձակալել ՆՈՒՀ-երի տարածքները, ո՞վ է վճարում վարձակալության գումարները:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Դավիթ Սանասարյանը խորհրդանշական նվեր տորթը փոխանցել է քաղաքապետարանի կազմակերպչական բաժին

տորթԵրևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը, ով համաձայնել էր քաղաքացիների խորհրդանշական նվեր տորթը` 50 դրամանոցի տեսքով քաղաքապետին հանձնել, իր ֆեյսբուքայն էջում գրում է.

«Հարգելի քաղաքացիներ, ձեր տված տորթը հանձնել եմ կազմակերպչական բաժին, որպեսզի փոխանցեն Տարոն Մարգարյանին: Նաև ավելացրել եմ, որ տորթը կիսելու ժամանակ տեղեկացնեն ինձ, եւ ես էլ մեծ սիրով կհամտեսեմ քաղաքացիական տորթից….»:

«Բարև Երևան» դաշինքի անդամները ներկայացրեցին իրենց արձանագրած խախտումները

«Բարև Երևան» դաշինքԱյսօր «Փաստարկ» մամուլի ակումբում «Բարև Երևան» դաշինքի անդամներ  Սիմոն Ղունախչյանը, Անահիտ Բախշյանը և Դանիել Իոանեսյանը ներկայացրեցին քարոզարշավի ընթացքում իրենց արձանագրած խախտումները:

Դաշինքը արձանագրել է խախտումներ քարոզարշավի ամենասկզբից, երբ  տարածվեց լուրը, թե արդեն կատարվում է անձնագրերի հավաքագրում: Ըստ Դանիել Իոանեսյանի` խախտումների զգալի մասը վերաբերում է նախընտրական պաստառներին, որոնց օգտագործումը պետք է սկսվեր ապրիլի 7-ից, մինչդեռ, օրինակ, ԲՀԿ կուսակցությունը սկսել էր  պաստառների փակցնման աշխատանքները մինչև հիշյալ օրը:

Խախտվել են նաև սպիտակ տախտակների սահմանափակումները, մասնավորապես, ՕԵԿ և ԲՀԿ կուսակցությունների կողմից, այդ կուսակցությունների պաստառները նախ մեծ են թույլատրելի չափից, և հետո` 1-ից ավելի են, ինչի հետևանքով զբաղեցնում են ավելի շատ տարածք, քան տախտակի թույլատրվող 1/7 մասն է: ՀՀԿ-ի պաստառները փակցվել են  չսահմանված վայրերում:

Դաշինքի անդամները իբրև խախտում որակեցին նաև ապրիլի 7-ին` կանանց ու աղջիկներին ծաղիկներ բաժանելը: «Ծաղիկները նվիրվում էին  Տարոն Մարգարյանի կողմից` համանքային միջոցների հաշվին», -մեկնաբանեց Դանիել Իոանեսյանը:

Բանախոսները հիշեցին նաև, որ ապրիլի 9-ին ոստիկանությունը բռնության էր ենթարկել «Բարև Երևան» դաշինքի անդամներին: Մալաթիա Սեբաստիայում և Շենգավիթում ոստիկանները քաղաքացիական հագուստով նկարել էին դաշինքի անդամների քարոզարշավին մասնակցող քաղաքացիների դեմքերը, խոչընդոտել թռուցիկների բաժանմանը:

Դաշինքի անդամները ուշադրություն հրավիրեցին նաև այն փաստի վրա, որ իրենք հիշյալ և բազմաթիվ այլ դեպքերը ուրբաթ օրը ներկայացրել էին ԿԸՀ, իսկ շաբաթ օրը ՀՀԿ կուսակցության խախտումները արդեն  վերացված էին: «Միթե սա չի նշանակում, որ ԿԸՀ-ն կողմնապահ է, որովհետև կապվել և նախազգուշացրել է կուսակցություններից մեկին, իսկ, օրինակ, ՕԵԿ-ին կամ ԲՀԿ-ին տեղյակ չի պահել», – հարց բարձրացրեց Դանիել Իոանեսյանը` շեշտելով, որ խախտումների քաննարկումը կկայանա այսօր` ժամը 5-ին ԿԸՀ-ում: