Բեզոարյան այծերի թիվն աճել է. որսորդ

DSC00286«Ենթադրվում է, որ որսի սեզոնը  կբացվի օգոստոսի 23-ին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանը` նշելով, որ  սեզոնի բացման ամսաթիվը կախված է Բնապահպանության նախարարի հրամանագրից, որը  կսահմանի թույլատրված որսատեսակները և քվոտաները:

Ըստ նախաձեռնության անդամի` որսի նկատմամբ ձևավորված կաղապարային կարծիքներ կան, սակայն այն  մի քանի խնդիր լուծելու միտում ունի.  «Դա զենքին պատանեկան տարիներից  տիրապետելու միջոց է: Մեր երկիրը այնպիսի պայմաններում է գտնվում, որ չենք կարող թույլ տալ, որ պատանիները զենքը տիրապետել սկսեն միայն դպրոցում կամ բանակում: Դա մի շռայլություն է, որ մեզ թույլ տալ չենք կարող», – գտնում է Սարիբեկյանը: Մյուս կողմից, որսը թույլ է տալիս մարդուն մոտենալ բնությանը` կենդանիների հետ մրցակցության մեջ մտնելով. «Սովորաբար որսում են կենդանատեսակի պոպուլացիայի թույլ առանձնյակների` ծերերին կամ հիվանդներին: Առողջ կենդանուն հնարավոր չէ որսալ. բնության մեջ կենդանին ավելի ուժեղ է», – նշեց որսորդը:

Հայաստանում արգելվում է վայրի խոզի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի և կատվազգիների որսը: Ըստ Սարիբեկյանի` այս կենդանիներից շատերի որսի արգելքը պատճառաբանված է, սակայն մյուսների դեպքում դա կարելի է մեղմացնել. «Վերջերս լսեցի, որ վայրի խոզերը ոչնչացնում են գյուղատնտեսական հանդակները, այսինքն՝ վայրի խոզի որոշակի գլխաքանակ կա, և դրա որսը կարելի է կազմակերպել՝ մեծացնելով եղած քվոտաները: Դա ոչ միայն որսորդին է ձեռնտու, այլև տնտեսությանը: Այս առումով, կարծում եմ,  որոշակի  բաներ կարելի է վերանայել», – ասաց Էդուարդ Սարիբեկյանը` ընդգծելով, որ զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ, երբ շատ կենդանատեսակներ ոչնչացման եզրին են լինում, օրինական որս կազմակերպելու դեպքում ոչ միայն այդ կենդանիների քանակն է շատանում, այլև օգուտներ են լինում տնտեսության համար:

Սարիբեկյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ շատացել է բեզոարյան այծերի քանակը. եթե նախկինում այդ կենդանուն տեսնելու համար հատուկ տարածքներ պետք էր այցելել և անհրաժեշտ էին ուղեկցորդներ, ապա այժմ նրանց կարելի է տեսնել անզեն աչքով, օրինակ, Նորավանքի ժայռերի մերձակայքում: Նվազել է որոշ թռչնատեսակների քանակը, ավելացել են ագռավները և կաչաղակները:

Հայաստանում կան հազարավոր գրանցված որսորդներ: «Գրանցվածների 50 տոկոսը պարզապես զենք ձեռքբերելու նպատակով է դառնում կազմակերպությունների անդամ և  չի զբաղվում ակտիվ որսով»,- նկատեց Էդուարդ Սարիբեկյանը:

 

 Անկախ

Բեզոարյան այծի որսի մասնակիցների մեջ է նաեւ Արտաշատի զինկոմը. Նոր մանրամասներ

Բեզոարյան այծԲեզոարյան այծի ապօրինի որսի գործի շրջանակներում դեռեւս մեղադրյալներ չկան, անց են կացվում քննչական գործողություններ, հարցաքննվում են մի շարք անձինք: Այս մասին հայտնել են NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:

Ըստ տեղեկությունների՝ մինչեւ տարեվերջ գործով փոփոխություններ կլինեն, մեղադրանքներ կառաջադրվեն: Իսկ մինչ այդ նոր մանրամասներ են հայտնի դարձել որսի գնացած անձանց մասին: Մասնավորապես,  Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանի եւ Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանի հետ որսի գնացած Արայիկ Մուրադյանը եւս պատահական անձնավորություն չէ, նա նախկինում Վայքի զորամասի հրամանատար էր, այժմ Արտաշատի զինկոմն է, մականունն է՝ «Մախնո»:

Մյուս անձնավորությունը՝ Վահան Սաղաթելյանը, ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, գողական աշխարհի ներկայացուցիչ է, հայտնի է «Երվանդի Ռուբո» անվամբ, քանի որ հոր անվանումը Երվանդ է, իսկ իրեն Ռուբո են ասում: Հատկանշական է, որ այս երեւելի «որսորդներից» ոչ մեկ արարքը չի վերցրել իր վրա, փոխարենը դա արել է Վաչագան Ղարախանյանը, ում տարել էին ուղղակի որպես որսորդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում բեզոարյան այծի որս է գրանցվել: Գործը հարուցվել է Վաչագան Աշոտի Ղարախանյանի դեմ, ով ասել է, որ «ինքն է կրակել եւ սպանել կենդանուն», նա դեռ որեւէ կարգավիճակ չունի: Բեզոարյան այծին որսալուց հետո նրանք ցանկացել են կենդանուն տանել, հացկերույթ կազմակերպել, սակայն աղմուկ է բարձրացնել, խոսակցություններ են եղել եւ չեն կարողացել տանել:

Վաչագան Ղարախանյանից բացի՝ մեքենայում եղել են նախկին եւ ներկա պաշտոնյաներ: Մեր տեղեկություններով՝ մեքենայում նրանից բացի եղել են Վահան Սաղաթելյանը, Արայիկ Մուրադյանը, Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը: Ի դեպ, ոստիկանությունը ավելի ուշ հաստատել էր մեր հաղորդած տեղեկությունները:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 

Բեզոարյան այծ որսալու փաստով հարուցվել է քրեական գործ

բեզոարյան այծՆոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաներում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ապօրինի որսորդության դեմ իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ից աջ 500 մ հեռավորությամբ գտնվող «Կապի գլուխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են ապօրինի որսացած բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով: Որսի մոտ ոչ ոք չի եղել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1964 թ. ծնված Սիրեկան Բ.-ն, 1946 թ. ծնված Վահան Ս.-ն, 1976 թ. ծնված Վասիլ Ա.-ն, 1964 թ. ծնված Արայիկ Մ.-ն, 1948 թ. ծնված Վաչագան Ղ.-ն  քարակաքավի որս կատարելու և այնտեղ հաց ուտելու նպատակով գնացել են Արենի և Խաչիկ գյուղերի միջև գտնվող հանդամասեր, որտեղ Վաչագան Ղ.-ն իրեն պատկանող «ՍԿՍ» տիպի, 7.62 մմ տրամաչափի, ակոսափող որսորդական հրացանով ապօրինի որսացել է նշված բեզոարյան այծը:
Նոյեմբերի 26-ին ոստիկանության Վայոց ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ամուսինները բեզոարյան այծի ապօրինի որս են կատարել,հարուցվել է քրեական գործ

092838064112Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում 08.09.2013թ. տեղադրված «Օտարերկրացիները Հայաստանում  որսի են գնացել և կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն են սպանել» վերտառությամբ տեսագրության կապակցությամբ նույն օրը ոստիկանության  Եղեգնաձորի  բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք 2013 թ. սեպտեմբերի 24-ին ենթակայության կարգով ուղարկվել են  ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժին:
Նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ 2009 թ. դեկտեմբերի  9-18-ն ընկած ժամանակահատվածում, ստույգ չպարզված օրը, Վայոց ձորի մարզի «Եղեգիսի կիրճ» կոչվող տարածքում ապօրինի ձեռք բերած հրազենով   կազմակերպվել է կենդանու ամբողջովին արգելված որս` բեզոարյան այծի ապօրինի որս, որը կատարվել է ՀՀ ժամանած ԱՄՆ քաղաքացիներ, ամուսիններ Բ. Կ.-ի և Շ. Բ.-ի կողմից:
Փաստի առթիվ 2013 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական  բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-294 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: