Բեզոարյան այծերի թիվն աճել է. որսորդ

DSC00286«Ենթադրվում է, որ որսի սեզոնը  կբացվի օգոստոսի 23-ին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանը` նշելով, որ  սեզոնի բացման ամսաթիվը կախված է Բնապահպանության նախարարի հրամանագրից, որը  կսահմանի թույլատրված որսատեսակները և քվոտաները:

Ըստ նախաձեռնության անդամի` որսի նկատմամբ ձևավորված կաղապարային կարծիքներ կան, սակայն այն  մի քանի խնդիր լուծելու միտում ունի.  «Դա զենքին պատանեկան տարիներից  տիրապետելու միջոց է: Մեր երկիրը այնպիսի պայմաններում է գտնվում, որ չենք կարող թույլ տալ, որ պատանիները զենքը տիրապետել սկսեն միայն դպրոցում կամ բանակում: Դա մի շռայլություն է, որ մեզ թույլ տալ չենք կարող», – գտնում է Սարիբեկյանը: Մյուս կողմից, որսը թույլ է տալիս մարդուն մոտենալ բնությանը` կենդանիների հետ մրցակցության մեջ մտնելով. «Սովորաբար որսում են կենդանատեսակի պոպուլացիայի թույլ առանձնյակների` ծերերին կամ հիվանդներին: Առողջ կենդանուն հնարավոր չէ որսալ. բնության մեջ կենդանին ավելի ուժեղ է», – նշեց որսորդը:

Հայաստանում արգելվում է վայրի խոզի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի և կատվազգիների որսը: Ըստ Սարիբեկյանի` այս կենդանիներից շատերի որսի արգելքը պատճառաբանված է, սակայն մյուսների դեպքում դա կարելի է մեղմացնել. «Վերջերս լսեցի, որ վայրի խոզերը ոչնչացնում են գյուղատնտեսական հանդակները, այսինքն՝ վայրի խոզի որոշակի գլխաքանակ կա, և դրա որսը կարելի է կազմակերպել՝ մեծացնելով եղած քվոտաները: Դա ոչ միայն որսորդին է ձեռնտու, այլև տնտեսությանը: Այս առումով, կարծում եմ,  որոշակի  բաներ կարելի է վերանայել», – ասաց Էդուարդ Սարիբեկյանը` ընդգծելով, որ զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ, երբ շատ կենդանատեսակներ ոչնչացման եզրին են լինում, օրինական որս կազմակերպելու դեպքում ոչ միայն այդ կենդանիների քանակն է շատանում, այլև օգուտներ են լինում տնտեսության համար:

Սարիբեկյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ շատացել է բեզոարյան այծերի քանակը. եթե նախկինում այդ կենդանուն տեսնելու համար հատուկ տարածքներ պետք էր այցելել և անհրաժեշտ էին ուղեկցորդներ, ապա այժմ նրանց կարելի է տեսնել անզեն աչքով, օրինակ, Նորավանքի ժայռերի մերձակայքում: Նվազել է որոշ թռչնատեսակների քանակը, ավելացել են ագռավները և կաչաղակները:

Հայաստանում կան հազարավոր գրանցված որսորդներ: «Գրանցվածների 50 տոկոսը պարզապես զենք ձեռքբերելու նպատակով է դառնում կազմակերպությունների անդամ և  չի զբաղվում ակտիվ որսով»,- նկատեց Էդուարդ Սարիբեկյանը:

 

 Անկախ

Tags: , , , ,