Պետության նվերը սահմանապահ շրջանավարտներին

10569035_779217222100869_6284585842413334929_nՏավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ վեց գյուղերի` Չինարիի, Չորաթանի, Ներքին կարմիրաղբյուրի, Մովսեսի, Այգեպարի ու Պառավաքարի 30 ուսանողներ սեպտեմբերի մեկից կսովորեն 30 տոկոս զեղչով: Այս համայնքներից երևանյան պետական բարձրագույն հաստատություններ են դիմել 35 շրջանավարտներ, որոնցից 32-ը հաջողությամբ հաղթահարել են մրցութային շեմերը և ընդունվել բուհեր: Հաշվի առնելով վերջին շրջանում սահմանային լարվածությունն ու սահմանամերձ բնակավայրերում սովորելու մեծ ձգտումը` կառավարությունն այս երեք տասնյակ երեխաների համար բացառություն է արել և ուսման վարձերը զեղչել 30 տոկոսով:

ՀՀ Կրթության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ չափազանց ուրախացնում է հանգամանքը, որ ապրելով ու արարելով Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, քննական հարցերը պարապելով առանց կրկնուսույցների` սահմանամերձ գոտու շրջանավարտները դիմել և հաջողությամբ դարձել են բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողներ: Նրանք ընդունվել են տարբեր բուհեր` այդ թվում ԵՊՀ, Մանկավարժական, Լեզվաբանական, Ագրարային, Տնտեսագիտական համալսարաններ:

 

Անկախ

ԿԳ նախարարը ներկայացրել է անցումային բալերը որոշ բուհերում և ֆակուլտետներում

Արմեն ԱշոտյանԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եվ այսպես, ինչպես խոստացել էի, որոշ բուհերում և ֆակուլտետներում անցումային բալերի մասին:

Հիշեք, որ մրցույթն անցկացվում է ըստ դիմորդների հայտերի առաջնայնությունների

ԵՊԲՀ ընդհանուր բժշկություն անվ. 39.25, վճ. 24
ԵՊԲՀ ստոմատոլոգիա անվ. 38, վճ. 21.50
ԵՊԲՀ դեղագործություն անվ. 37.75, վճ .18

ԵՊՀ միջ. հարաբերություններ վճ. 49
ԵՊՀ իրավագիտություն վճ. 53
ԵՊՀ լրագրություն անվ. 56.75, վճ. 35.25

ՀՊՃՀ ռադիոտեխնիկա և կապ անվ. 29.75, վճ. 18
ՀՊՃՀ կիբեռնետիկա անվ. 31, վճ. 15.50
ՀՊՃՀ կիռարական մաթ. և ֆիզ. անվ. 25.50, վճ. 18.50

ՀՊՏՀ կառավարում անվ. 55.25, վճ. 45
ՀՊՏՀ ֆինանսներ անվ. 58.75, վճ. 49
ՀՊՏՀ վիճակագրություն անվ. 55.50, վճ. 35.50

Հ.Գ. Խնդրում եմ, այլ մասնագիտությունների մասին հարցեր չուղղել: Մնացածը կիմանաք հուլիսի 15-ին»:

 

Անկախ

Նոր հնարավորություններ բանակից զորացրվածների համար

Ashotyan

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է.

“Այսօր հրաման եմ ստարագրել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխել ենք ըստ բուհերի:

Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակելու իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում:

Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում:

Ընդհանուր առմամբ բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձավ 151:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք երկուշաբթիից սկսած դիմել համապատասխան բուհեր:

Հաջողություն եմ մաղթում ձեզ՝ Հայրենիքի առջև պարտքը կատարած երեկվա զինվորներ – վաղվա ուսանողներ”:

 

Անկախ

Հավատարմագրվող բուհերը կծանոթանան փորձագիտական զեկույցներին և բարելավման պլան կմշակեն

ՈԱԱԿՓորձագիտական զեկույցների նախնական տարբերակներն ուղարկվել են ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհեր:

ԵՊՏՀ-ն, Երևանի գյուղատնտեսական  համալսարանը, Երևանի «Հայբուսակ»  համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը և Պետական կառավարման ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում:

Հավատարմագրման դիմած բուհերն ինքնավերլուծություն էին ներկայացրել ՈԱԱԿ («Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»), իսկ ապրիլ-մայիս ամիսներին կայացավ փորձագիտական խմբերի այցը համալսարաններ: Այժմ ամեն  բուհի համար պատրաստ է  փորձագիտական խմբի զեկույցի նախնական տարբերակը, որն էլ  ուղարկվել է բուհերից յուրաքանչյուրին:

Ըստ ՈԱԱԿ հավատարմագրման կարգի` ուսումնական հաստատությունը կարող է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ  դիտողություններ ներկայացնել կամ հավաստել իր համաձայնությունը զեկույցի հետ: Եթե առարկությունները և դիտողությունները փորձագետները հիմնավորված համարեն, զեկույցի նախնական տարբերակում փոփոխություններ կկատարվեն: Այնուհետև փորձագետները ՈԱԱԿ կներկայացնեն զեկույցի վերջնական տարբերակը:

Զեկույցում առկա խորհրդատվության հիման վրա յուրաքանչյուր բուհը կկազմի բարելավման պլան և դրա իրագործման ժամանակացույց:

Հիմք ընդունելով ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, փորձագետների զեկույցը և ուսումնական հաստատության կողմից ներկայացված փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիրը, ՈԱԱԿ-ը կկազմի  վերջնական եզրակացության նախագիծ և այն կներկայացնի  հավատարմագրման հանձնաժողով՝ որոշում ընդունելու համար:

Բուհերի ու ՏՏ ոլորտի ընկերությունների համագործակցության նոր հնարավորություններ

arm-6810-eshukՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԵՊՀ-ում ներկա է գտնվել մի շարք պետական բուհերի և ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը: Եռակողմ պայմանագիրը կնքվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Technology and Science dynamics» ընկերության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետներ պատրաստող հայաստանյան մի քանի խոշոր բուհերի՝

Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորել է նախաձեռնությունը՝ շեշտելով, որ բուհական կրթության զարգացման կարևոր խնդիրներից մեկը բուհ-աշխատաշուկա համագործակցության խթանումն է, քանի որ կրթական համակարգի առաջնային պահանջարկը ձևավորում է աշխատաշուկան: Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը գերակա ուղղություն է հռչակել և այդ համատեքստում, ոլորտում աշխատող տնտեսվարողների բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի իրականացնելու հետաքրքրությունը փոխշահավետ և արդարացված նախաձեռնություն է:
Կողմերը պարտավորվել են իրականացնել համատեղ կրթական ծրագիր ՝բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ միավորելով ուժերը որակյալ մասնագիտական կադրերի պատրաստման հարցում: «Technology and Science dynamics» ընկերությունը, ինչպես նշել է այդ ընկերության տնօրենը, Հայաստանում իրականացնելու է արտադրական գործունեություն, բայց նպատակ ունի զբաղվելու նաև գիտահետազոտական աշխատանքներով: Այդ ուղղությամբ առաջին քայլը ակադեմիական ու արտադրական պոտենցիալների միավորումն է, որը նպատակ ունի նոր տեմպ հաղորդել տնտեսության ու բարձր տեխնոլոգիաների զարգացմանը : Հուշագրի ստորագրումից հետո կկազմվեն աշխատանքային խմբեր, որոնք արդեն կհստակեցնեն, թե համագործակցությունն ինչ ուղղությամբ է ընթանալու: Ըստ փաստաթղթի՝ ընկերությունները կազմակերպելու են հուշագիրը ստորագրած բուհերի ուսանողների պրակտիկան, իրականացվելու է ուսանողների այցելություններ ընկերությունների գրասենյակներ ու արտադրամասեր, ինչպես նաև դասախոսություններ, գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: «Technology and Science dynamics»-ը պատրաստակամություն է հայտնել նաև ֆինանսավորել ու կյանքի կոչել ուսանողների կողմից առաջարկվող նորարարական տեխնոլոգիական գաղափարները:

«Արարատը» երկխոսություն կստեղծի բուհի և գործատուի միջև

Ռուբեն ԹոփչյանՀայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի 9-րդ ընդհանուր ժողովն ավարտվեց սեմինարով` նվիրված TEMPUS-ի ծրագրերին, որոնցից մեկն էլ «Արարատն» է:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդես եկավ «Արարատ ծրագիր` նպատակների քննարկում. վստահության ձևավորում» թեմայով զեկույցով:  Թոփչյանն ուսանողներին ներկայացրեց ծրագրի նպատակները, քննարկվեցին ներկայում առկա խնդիրները և դրանց պատճառները:  Ուսանողներն առաջ քաշեցին  մասնագիտության ընտրությունն ավելի լուրջ հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը, այլապես դպրոցն ավարտած երիտասարդը հաճախ տարրական պատկերացում չի ունենում իր ընտրած մասնագիտության մասին, ինչն էլ սխալ կողմնորոշման պատճառ է դառնում:

Քննարկվեց նաև շուկայում առկա հակասության պատճառը. մի կողմից շուկան ունի աշխատողների կարիք, մյուս կողմից էլ շուկան լի է գործազուրկներով: Ուսանողները դժգոհեցին նաև կրթական ծրագրերի անհամապատասխանությունից շուկայի պահանջներին:

Թոփչյանը նշեց, որ ծրագրի նպատակներից  է, որ բուհերը հաշվի առնեն  իրենց մատուցած կրթական ծրագրի պահանջարկված լինելը: ՈԱԱԿ-ը ևս հաշվի է առնում այդ գործոնը ծրագրային հավատարմագրում իրականացնելիս:

«Արարատը» եռամյա ծրագիր է, որ մեկնարկել է 2012-ի դեկտեմբերին: Նպատակն է երկխոսություն ստեղծել աշխատաշուկայի և բուհերի միջև, որպեսզի շուկան կարողանա իր պահանջները բուհին հասցնել, նա էլ իր հերթին շուկայի պահանջներին պամապատասխան մասնագետներ պատրաստել:

Ծրագրի համակարգողն է ՀՊՏՀ-ն: Իսկ ծրագրի արդյունքները կենտրոնացվելու են ՈԱԱԿ-ում, որոնք  էլ կիրառվելու են բուհերի ծրագրային հավատարմագրման ժամանակ:

ԿԳՆ հայտարարությունը բուհերում անվճար տեղերը նվազագույնի հացնելու վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀայտարարությունում խոսվում է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար տեղերի քանակը նվազագույնի հասցնելու մասին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին: Մասնավորապես, ասվում է`

“Հաշվի առնելով տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջին շրջանում տեղ գտած որոշ հրապարակումներ առ այն, որ անվճար տեղերի քանակը ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հասցվել է նվազագույնի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի, հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան, ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի հաստատում է անվճար ուսուցման ընդունելության տեղերը:
ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 30-ի N 449-Ն  որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրա¬գույն ուսումնական հաստատություններին հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման 2516 տեղ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրեթե նույն թվաքանակով տեղեր են հատկացվել նաև նախորդ տարիներին: Բացի այդ, շուրջ 40%-ով ավելացել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող 1 ուսանողի տարեկան ծախսը:
Յուրաքանչյուր տարի հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան և պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառները բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու նպատակով կատարվում է անվճար ուսուցման տեղերի վերաբաշխում:
Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ ավելացել են տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտության ոլորտի մասնագիտություններին հատկացված տեղերը:
Անվճար ուսուցման տեղերը բաշխելիս հաշվի է առնվում նաև բուհերի մասնագիտական ուղղվածությունը, բացի այդ, լիցենզիայով հատկացված տեղերի սահմաններում բուհերը կարող են նաև կրթություն իրականացնել վճարովի հիմունքներով:
Անվճար հիմունքներով բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը չի կարող բացարձականացվել և տարածվել բարձրագույն կրթություն պահանջող բոլոր մասնագիտությունների վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բացի ՀՀ կառավարության կողմից տրամադրված անվճար ուսուցման տեղերից, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ուսուցում են ստանում նաև ՀՀ օրենսդրությամբ (<<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենք, <<Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին>> ՀՀ օրենք, <<Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին>> ՀՀ օրենք ) սահմանված արտոնություններից օգտվող ուսանողները:
Հարկ ենք համարում նշել նաև, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում գործում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչի փոխհատուցման  ճկուն համակարգ:
2013 թվականի սեպտեմբերից մեկնարկել է ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողներին, յուրաքանչյուր տարի՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու գործընթացը:
Հիշյալ ծրագրի շրջանակում, պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է ստացել 850 ուսանող”:

 

Փորձագետները կամփոփեն բուհեր այցելության արդյունքները

երևանի գյուղատնտեսական համալսարանԱվարտվեց հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերի այցելությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան: Ավելի վաղ փորձագետներն այցելել էին նաև Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ

Փորձագետները մայիսի 5-14-ը ուսումնասիրություն են կատարել ՀՊՏՀ-ում և Գյումրու ու Եղեգնաձորի մասնաճյուղերում, իսկ մայիսի 12-16-ը`ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի գյուղատնտեսական համալսարանում: Այցելության ընթացքում  փորձագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել բուհերի ռեկտորների, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողական ինքնակառավարման մարմինների, ուսանողների, բուհերի շրջանավարտնեևրի, պոտենցիալ գործատուների հետ:

Մինչ այցելությունը բուհերը ներկայացրել էին ինքնավերլուծություն` հավատարմագրման կարգի պահանջների համաձայն: Այցելության ընթացքում հարց ու պատասխանի միջոցով փորձագետները պարզեցին նաև առանձին խմբերի կարծիքը առաջադրված հարցերի շուրջ:

Փորձագիտական խմբերում ընդգրկված են երեք  հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող:  Հավատարմագրումը կազմակերպում և իրականացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը  (ՈԱԱԿ)

Այսքանով ավարտվում են փորձագետների այցելությունները ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում  անցնող հինգ բուհեր:

Այցից հետո փորձագետները կներկայացնեն իրենց դիտարկման արդյունքները: Յուրաքանչյուր խմբի ղեկավարը  կամփոփի  դրանք ու  կներկայացնի  զեկույց, որն էլ կուղարկվի բուհին:  Ուսումնական հաստատությունը  կարող է ներկայացնել իր դիտարկումները, որից հետո զեկույցն  ավարտական տեսքի կբերվի:

Բուհը, վերջնական  զեկույցի և կից խորհրդատվության հիման վրա, պետք է մշակի իր հետագա բարելավման պլանը, որի իրագործումը սահմանված ժամկետում  կնպաստի կրթության որակի բարձրացմանը:

Գործընթացի ավարտական փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշման  հրապարակումը:

Հայաստանի և Վրաստանի բուհերը համագործակցում են կրթության որակի ապահովման ոլորտում

ANQA2«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը  ապրիլի 2-3-ին Թբիլիսիում մասնակցեց երկօրյա համաժողովի` նվիրված  «Բարձրագույն կրթության համադրելիության և միջազգայնացման խթանում» (PICQA)  ծրագրի արդյունքների ամփոփմանը

Պատվիրակության ներկայացուցիչը ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի անունից ողջույնի խոսք հղեց   համաժողովի մասնակիցներին, իսկ միջոցառման ավարտին ներկայացավ ամփոփիչ ելույթով:

Համաժողովի ընթացքում ծրագրից իրենց քաղած դասերը և որակի ապահովման փորձն են ներկայացրել հայաստանյան բուհերից Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը և Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը:

PICQA-ն TEMPUS-ի իրականացրած եռամյա ծրագիր է, որը կոչված է Հայաստանում և Վրաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարձրացմանը`զարգացնելով որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմները, որոնք ընդունելի ու կիրառելի են ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում:

Ծրագրի իրականացման ընթացքում երկու երկրների բուհերը սերտորեն համագործակցել են, բուհական համակարգերի միջև համագործակցության եզրեր են ստեղծվել, ձևավորվել է վստահության և փոխգործակցության մթնոլորտ:

Հայաստանի բուհերը խոշոր հարկատուների ցանկում

կրթության գիտության նախարարությունՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաև ՀՀ  ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 20 բուհեր և Կրթության ազգային ինստիտուտը :

Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 1մլրդ 172 մլն դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը Երևանի պետական համալսարանն է ՝73-րդ տեղ (վճարել է 1 մլրդ 149 մլն դրամ ) , երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 549 մլն 72 հազար դրամ ցուցանիշով 159-րդ տեղում է: Չորրորդը՝  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է 439մլն 488 հազար դրամով և գտնվում է  185-րդ տեղում, որին  հաջորդում է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (192-րդ տեղ՝ 420 մլն 953 հազար դրամ):
Խոշոր հարկատուների ցանկում  ըստ հաջորդականության ընդգրկված են Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայ-ռուսական(սլավոնական) համալսարանը, Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարաժական ինստիտուտը,Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ՀՀ ոստիկանական ակադեմիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Ֆրանսիական համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան և Գավառի պետական համալսարանը:
Բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված  կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 6,3 մլրդ. դրամ: Ի դեպ նախորդ տարվա՝ 2012 թվականի ցուցանիշը եղել է շուրջ 3,9 մլրդ դրամ: