“Հայաստանում մանկական մահացությունն իջել 8.9 պրոմիլի, ինչը համեմատական է 1000 կենդանածին երեխայի շրջանում մեկ մահվան դեպքին”. Գայանե Սահակյան

Գայանե ՍահակյանԻմունականխարգելման ծրագրեր իրականացվել են դեռ հետպատերազմական ժամանակաշրջանից, սակայն ընդամենը 2-3 ավանդական պատվաստումներ են կատարվել դիֆտերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ: Իսկ անկախացումից հետո իմունականխարգելման ծրագիրը Առողջապահության նախարարության համար դարձավ գերակա ուղղություն և կառավարության կողմից ընդունվեց որպես ազգային ծրագիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իմունականխարգելման ազգային ծրագրի հաջողություններից` ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Մասնագետի տեղեկացմամբ` 1999-ին առաջին անգամ ներդրվել է հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի համակցված պատվաստումները: 2009-ին ներդրվել է հեմոֆիլուսային բաղադրիչը հնգավալենտ պատվաստումների տեսքով, 2012-ին ռոտավիրուսային պատվաստումները: Իսկ այս տարվա սեպտեմբեր ամսին Հայաստանում կներդրվի նոր` պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը:

«Իմունականխարգելման ազգային ծրագրի շնորհիվ շատերն արդեն մոռացել են դիֆտերիա հիվանդությունը, պատվաստումների շնորհիվ երկրում վաղուց չի արձանագրվել այդ հիվանդությունը: 2000 թվականից հետո դիֆտերիայի դեպքեր մենք այլևս չենք ունեցել, մինչդեռ 1994-95-ին անգամ դիֆտերիայի բռնկում է եղել Հայաստանում և 34 մարդ է մահացել դիֆտերիա հիվանդության պատճառով:

Պոլիոմելիտ հիվանդության մասին ևս բոլորը մոռացել են: Մինչդեռ 1990-ականներին այդ հիվանդության պատճառով ամեն տարի 5-6 երեխա հաշմանդամ էր դառնում և խորացնում երկրում հաշմանդամության խնդիրը»,- ասաց Գայեն Սահակյանը:

Նրա խոսքով` այսօր հանրապետությունում չկան կարմրուկ, կարմրախտ, կապույտ հազ հիվանդությունները, տարեկան 1-2 դեպք է գրանցվում խոզուկ հիվանդության, չկան փայտացում հիվանդության դեպքեր:

«Ուղեղի թաղանթի բորբոքումը (մենինգիտ), որը մանկական մահացության հիմնական սպառնալիքն է, երկու և կես անգամ նվազել է, չեն գրանցվում հեմոֆիլուսային բաղադրիչով հարուցված մենինգիտի դեպքեր: Մեր երեխաները նախկինում շատ հեշտությամբ կարող էին վարակվել թոքաբորբով, մենինգիտով, իսկ այսօր այդ ոլորտը վերահսկվում է: Այսօր մենք կարողանում ենք վերահսկել մանկական մահացությունը` այն իջեցնելով 8.9 պրոմիլի, ինչը ուղիղ համեմատական է հազար կենդանածին երեխայի շրջանում մեկ մահվան դեպքին: Մենք կարողացանք առաջին անգամ Հայաստանում մանկական մահացությունը իջեցնել այսպիսի ցածր մակարդակի»,- ասաց Գայանե Սահակյանը:

 Անկախ

«Այն, որ հանարապետություն ներմուծվող պատվաստանյութերը ժամկետանց են կամ անորակ, չի համապատասխանում իրականությանը» Գայանե Սահակյան

Գայանե ՍահակյանՅուրաքանչյուր տարի պատվաստումների շնորհիվ աշխարհում ավելի քան 3 մլն կյանք է փրկվում: Տաս տարուց ավել է պատվաստումների շնորհիվ մեր երկրում դիֆտերիա չի գրանցվել, այնինչ 1994-95-ին այն 34 մարդու կյանք խլեց: 1995-ից հետո մեր երկրում չի գրանցվել նաև անբուժելի համարվող պոլիոմելիտ հիվանդությունը: Կարմրուկի, կարմրախտի, խոզուկի պատվաստումների մակարդակը մեզ մոտ այնքան բարձր է, որ անցած տարի Վրաստանում գրանցված դեպքերը վտանգ չներկայացրին Հայաստանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Անդրադառնալով պատվաստանյութերի խնդրին` Գայանե Սահակյանը նկատեց, որ տարածված ապատեղեկատվությունը, ըստ որի` հանարապետություն ներմուծվող պատվաստանյութերը ժամկետանց են կամ անորակ, չի համապատասխանում իրականությանը:

«Այսօր երկիր ներկրվող բոլոր պատվաստանյութերը միայն հայտնի եվրոպական երկրների արտադրողներից են գնվում: Մենք ամեն տարի նոր պատվաստանյութեր ենք գնում, իսկ դրանք ունենում են 2-3 տարվա ժամկետ: Մինչ օրս պատվաստումներից երեխաներ չեն մահացել, եղել են դեպքեր, որ երեխաների մոտ հետպատվաստումային շրջանում առաջացել է թոքաբորբ, որը զարգացել է կայծակնային արագությամբ: Պատվաստումը չի թուլացնում երեխայի իմունային համակարգը»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նա նշեց, որ բժիշկներին այսօր մի հարց է մտահոգում. հաճախ աղանդավորները հրաժարվում են պատվաստումներից` դրանով վտանգելով երեխաների կյանքը:

«Նման դեպք հենց երեկ է գրանցվել: Ընտանիքում վեց երեխա էին, որոնցից մեկը հիվանդ էր խոզուկով,  ծնողները հրաժարվեցին մյուս երեխաների պատվաստումից»,-ցավով ասաց մասնագետը:

 Անկախ