ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի կիսամյակային արդյունքները

04,07,2014ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրել են   ընթացիկ տարվա գյուղատնտեսության   ոլորտի կիսամյակային արդյունքները,  ներկա վիճակն ու կանխատեսումները:

 

Բուսաբուծության ոլորտ: Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ, ընթացիկ տարին  բարենպաստ է գյուղատնտեսության համար: Որպես բացառություն պետք է նշել մարտի 31-ին և ապրիլի 1-ին հանրապետությունում գրանցված ցրտահարություններն ու ձյան տեսքով առատ տեղումները, որի հետևանքով  Արարատյան  հարթավայրի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կորստի մատնվեց ծիրանի բերքը: Այն հիմնականում պահպանվել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերի բարձրադիր համայնքներում: Ակնկալվում է մինչև 8 հազար տոննա ծիրանի բերք՝ նախորդ տարվա 88,8 հազար տոննայի դիմաց:

Բարձր բերք է սպասվում հացահատիկային, բանջարաբոստանային, կերային մշակաբույսերի, կարտոֆիլի ցանքերից, դեղձենու, խնձորենու, տանձենու, խաղողի այգիներից:

Լարսի անցակետի փակումը որոշակի խոչընդոտներ ստեղծեց հանրապետությունից կեռասի, կարտոֆիլի, բանջարեղենի որոշ տեսակների արտահանման գործում: Այդ ընթացքում որպես այլընտրանքային ուղի օգտագործվեց օդային փոխադրումների կազմակերպումը:

Անցակետի վերգործարկումից հետո անարգել շարունակվում է հանրապետությունից պտուղ-բանջարեղենի արտահանումը: Այսօրվա դրությամբ արտահանվել է 1523 տոննա վաղահաս կարտոֆիլ, 343 տոննա կեռաս, 168 տոննա ծիրան և այլն:

Շուկայում որոշ մրգերի ու բանջարեղենի ներկայիս համեմատաբար բարձր գները սեզոնային բնույթ են կրում և առաջիկա 10-15 օրերի ընթացքում աստիճանաբար կկարգավորվեն: Մասնավորապես՝ ծիրանի գնի որոշակի  նվազում սպասվում է հուլիսի 5-ից հետո, լոլիկի մատչելի գներով մատակարարումը՝ հուլիսի 15-ից, ապա նաև մնացած պտուղներն ու բանջարեղենը: Պետք է նշել, որ այսօր մեծ պահանջարկ վայելող վաղահաս կարտոֆիլի մեծածախ գինը կտրուկ նվազել է և կազմում է 60-70 դրամ, կաղամբինը՝ 60-80 դրամ,  վարունգինը՝ 60-150 դրամ և այլն:

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում վերջին ժամանակահատվածում գրանցվել են կարկտահարության դեպքեր (Լոռի, Շիրակ, Արագածոտն), որի հետևանքով արձանագրվել են բերքի որոշ կորուստներ, սակայն դրանք մեծ ծավալ չեն կազմում և չեն գերազանցում բազմամյա միջին մակարդակը, ուստի՝ հանրապետության ընթացիկ տարվա ընդհանուր ցուցանիշների վրա էական ազդեցություն չեն ունենա:

Ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատությամբ ակնկալվում է 12.000 – 14.000 հա ցանքատարածությունների ավելացում, որից շուրջ 6000 հա հացահատիկային մշակաբույսեր:

 

Անասնաբուծության ոլորտ: Դեռևս 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ անասնագլխաքանակի աճի ցուցանիշները հուսալի նախադրյալներ էին ստեղծել ընթացիկ տարում կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալներն ավելացնելու համար: Ըստ օպերատիվ տվյալների և              ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված վերլուծությունների, 2014 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է շուրջ 407 հազար տոննա կաթ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է ավելի քան 105 %-ով, 35 հազար տոննա միս կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցվել է 107 %-ով և 393 մլն ձու, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 104.5 %-ով:

Համաձայն կանխատեսումների, ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ 2014 թվականին մեր երկրում արտադրվող կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 107 %-ով:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեր հանրապետությունում նկատվում են գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի կտրուկ աճի միտումներ, ինչով էլ պայմանավորված է կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների կայուն աճը:

Հատկանշական է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը երեք տարի անընդմեջ առաջին կամ երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նախորդ տարվա համեմատությամբ անասնագլխաքանակի աճման ցուցանիշներով: Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ երկրների շարքում առաջին կամ երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նաև որոշ կենդանական ծագման սննդամթերքի գների էժանությամբ: Այսպես, 1 կգ տավարի մսի գներով Հայաստանը զիջում է միայն Բելոռուսի Հանրապետությանը, իսկ պանրի ամենացածր գները ձևավորված են Հայաստանում:

Անասնաբուծության ներկայիս վիճակը և զարգացման միտումները թույլ են տալիս փաստել, որ առաջիկա տարիներին ևս մեր երկրում կարելի է ակնկալել կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների կայուն և տևական աճ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Վերամշակման և արտահանման համար բավականաչափ ծիրան չի լինի, սակայն շուկայում որոշ քանակությամբ ծիրան կլինի. փոխնախարար

ծԻՐԱՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ներկայացրեց ցրտահարության արդյունքում արձանագրված բերքի կորուստների, ցրտահարության հետևանքների հաղթահարման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված աջակցության ծրագրերը:  Նախ` փոխնախարարը ներկայացրեց ցրտահարության հետևանքով գրանցված կորուստների տվյալները:

Դրանց համաձայն`  նախնական հաշվարկներով ընդհանուր վնասը կազմում է մոտ 11 միլիարդ 181 միլիոն դրամ:  Մարտի վերջի և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում վնասվել է 9185 հեկտար տարածք՝ 287 համայնքում շուրջ 3700 գյուղացիական տնտեսություն` հիմնականում Արարատում և Արմավիրում, նախալեռնային ցածրադիր գոտիներում:

Փոխնախարարը խոսելով ծիրանենու կրած վնասների մասին` նշեց, որ  6711 հեկտար տարածքի վրա ամբողջությամբ վնասվել է ծիրանի բերքը, իսկ Հայաստանի մի շարք այլ տարածքներում՝ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի տարբեր համայնքներում ծիրանենին էական վնասներ չի կրել:  Ըստ նրա ներկայացրած տվյալների` ծիրանենու բերքն այս տարի կազմում է շուրջ 8000 տոննա, այն դեպքում, երբ անցյալ տարի այն կազմում էր շուրջ 89000, որից  23000-ն արտահանվել է:

“Վերամշակման և արտահանման համար բավականաչափ ծիրան չի լինի, սակայն շուկայում որոշ քանակությամբ ծիրան կլինի”-, նշեց փոխնախարարն ու վերամշակողներին խորհուրդ տվեց  պակասը լրացնել այլ մրգերի՝ սև սալորի, դեղձի հաշվին”:

Նախարարի տեղակալի խոսքերով որոշ վնասներ են արձանագրվել նաև դեղձենու, կեռասենու, սալորենու ծաղկած այգիներում, իսկ խաղողի սեղանի սորտերի փոխարինող բողբոջներն արդեն բացվում են, այսինքն, ըստ փոխնախարարի` խաղողի բերքի պակաս չի լինի, իսկ խաղողի տեխնիկական սորտերի բարձր բերք է սպասվում: Վաղահաս կարտոֆիլի ցանքսերի հետ կապված վնասներ չեն գրանցվել:

Այնուհետ Գառնիկ Պետրոսյանն անդրադարձավ այն գործողություններին ու ծրագրերին, որն իրականացնում է նախարարությունը` հետևանքների հաղթահարման ուղղությամբ: Մասնավորապես` նա նշեց, որ գյուղատնտեսության նախարարը և փոխվարչապետը եղել են տեղերում, հանդիպումներ ունեցել մարզպետարանների, համայնքների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ`պարզելու նախնական իրավիճակը, այնուհետ աշխատանքային մասնագիտական խմբերը գործուղվել են  համայնքներ, մարզեր և մանրակրկիտ ուսումնասիրություններ  կատարել, իսկ դրան հաջորդել է ՀՀ կառավարության որոշումը, որով 278 մլն. դրամ գումար է տրամադրվել տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկը 100%-ով  փոխհատուցելու համար, 487 մլն.դրամ` ոռոգման ջրի վարձավճարի 50%-ի փոխահատուցման նպատակով, իսկ 85մլն. դրամով ձեռք են բերվել լոլիկի, վարունգի սեխի և ձմերուկի սորտերի սերմացուներ, որոնք տրամադրվել են գյուղացիներին, իսկ  ցանկության դեպքում գյուղացիներին խաղողի տնկիներ կտրամադրվեն:

“Այսօր ունենք նաև տեղական լոլիկի շուրջ մեկ միլիոն սածիլներ, որ կարող են ինքարժեքով տրամադրվել գյուղացիական տնտեսություններին”,-հավելեց փոխնախարարը` նշելով, որ նաև նախատեսվում է իրականացնել ժամանակավոր զբաղվածության խթանման միջոցով աջակցություն տրամադրում: Անապահով գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները հնարավորություն կստանան ներգրավվելով իրենց իսկ գյուղացիական տնտեսության աշխատանքերում` ստանալ աշխատանքի դիմաց վարձատրություն:  Նաև աշխատանքեր են տարվելու տարադրամային վարկերը դրամայինով փոխարինելու, վարկերի տոկոսադրույքների մարումը սառեցնելու, հետաձգելու ուղղությամբ և այլն:

“Փոխհատուցման խնդիր չի դրվել` բացառությամբ ոռոգման ջրի և հողի հարկերից. հիմնական նպատակը գյուղացուն աջակցություն ցուցաբերելն է, որ վերջինս հնարավորինս քիչ կորուստներով հաղթահարի ստեղծված իրավիճակը”,- նշեց Գառնիկ Պետրոսյանը:

Անկախ

“Գյուղնախարարությունը նպատակ ունի ընդլայնել լոլիկի և կարտոֆիլի մշակման աշխարհագրությունը”. Գառնիկ Պետրոսյան

Գառնիկ ՊետրոսյանԳյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացում կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսական խորհրդատվության համակարգի գործունեությունը, որն անցկացվում է Գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենրոնների կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

Նախարարի տեղակալը խոստովանեց, որ այս ոլորտում իրենց չի հաջողվել լուրջ հաջողություններ գրանցել. խորհրդատվությունը միշտ չէ, որ կատարվում է բարձր մակադակով:

Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ Գյուղատնտեսության ոլորտի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առավել կարևոր  և արդիական են բույսերի պաշտպանության և անասնաբուժության ոլորտի խնդիրները: Հիմնական շեշտադրումները հենց այս ոլորտների վրա են արվել: Նախարարությունը կաևորում է նաև գիտության նվաճումների, նոր տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության ոլորոտւմ:

“Գեղարքունիքի և Շիրակի մարզերում այս տարի կիրականացվեն վաղահաս լոլիկի մշակության և բարձր բերքավության ապահովման ծրագրեր: Մեր նպատակն է` որքան հնարավոր է ընդլայնել աշխարհագրությունը և հանրապետության բարձրադիր վայրերում ևս մշակել բնակչության համար կարևոր մթերքներ: Մենք նաև շատ կարևորում ենք կատոֆիլի և լոիլկի ցեց վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը: Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել: Մենք պատրաստվում ենք ձեռք բերել խեռոմոնային թակարդներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ճշգրիտ որոշել վնասատուի զարգացման փուլերը, մասնավորապես այն փուլը, որում ավելի խոցելի է վնասատուն և, որի դեպքում շատ ավելի արդյունավետ կլինեն պայքարի միջոցառումների իրականացումը: Մենք կարևորում ենք նաև պայքարի կենսաբանական միջոցառումների ներդրումը: Վնասատուների դեմ պայքարի գործում մեք համագործակցություն ենք սկսել Կենդանաբանության ինստիտուտի հետ: Առաջին անգամ այս տարի մենք ջերմատան պայմաններում կփորձենք գնահատել գիշատիչ տրեխոգրամա կոչվող միջատի արդյունավետությունը` նրան օգտագործելով կարտոֆիլի և լոլիկի ցեցի դեմ պայքարում”,- ասաց Գառնիկ Պետրոսյանը:

 Անկախ