Դադարեցվել է պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների՝ վարձակալական հիմունքներով տրամադրումը

загруженноеՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.

“Նկատի ունենալով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների  վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը”:

 

Անկախ

 

«Բավական է ամեն ինչ չափել փողով եւ փորով». Մարգարիտ Եսայանը՝ Գառնու տաճարի խնջույքի մասին

231758661390990470

ԱԺ հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Միլիոն տարի առաջ էր, երբ առաջին անգամ այցելեցի Գառնի-Գեղարդ, շատ փոքր էի, բայց շատ պարզ հիշում եմ առաջին տպավորությունս՝ սարսուռն էր, ակնածանքը, մի անբացատրելի վախ եւ թրթիռ…Ես փոքրիկ էի, իսկ Գառնու տաճարի սյուները՝ հսկա եւ անհասանելի…երկար ճանապարհ էինք անցել Երեւանից եւ մենք՝ ինձանից ավելի փոքր քույրս, եղբայրս եւ ես քաղցած էինք, բայց մայրս մեզ արգելեց անգամ բուլկի ոտել տաճարի տարածքում. «Չի կարելի,-ասաց, -սա սուրբ վայր է, համբերեք»: Մենք երեխա էինք եւ համբերեցինք… Տարիներ անց նաեւ այսօր, երբ Գառնի եմ գնում, հիշում եմ մորս ձայնը, ինձ համակած անբացատրելի սարսուռը եւ ակնածանքը.. Վերջին անգամ Գառնիում եմ եղել մեկ տարի առաջ…..Սա, որպես հուշ, իսկ ավելի խիստ, ասելիքս այն է, որ հերիք եղավ, բավական է ամեն ինչ չափել փողով եւ փորով, հերիք եղավ անհարկի եւ անտեղի փորձել ապացուցել, որ մարդը միայն հացիվ է եւ ոգու սովն է սպառնում… հերիք եղավ, Գառնին սրբություն է, Գառնին պատմություն է, մշակույթ, հիշողություն, իսկ հիշողության վրա հաց չեն ուտում, հիշողությունը գուրգուրում են, փայփայում, խնամում եւ գնահատում….Թե ով կամ որ կազմակերպությունն է նման միտք հղացել եւ իրականացրել Գառնու տաճարի մոտ կորպորատիվ կամ նման մի բան կազմակերպելը, արդեն կարեւոր էլ չէ՝ սա պետության կողմից պահպանվող հուշարձան է եւ հենց պետությունը, այս դեպքում, կարծում եմ, մշակույթի նախարարությունը պետք է համարժեք պահվածք ունենար եւ մերժեր ցանկացած առաջարկ, անգամ եթե այդ առաջարկը գայթակղիչ է եւ շահեկան, ոչ ոք իրավունք չունի մեր պատմական հուշարձանների հետ վարվել վայրագի պես, մենք մեր հուշարձանների հանդեպ այսպիսի վերաբերմունք իրավունք չունենք ունենալ, մենք անցողիկ ենք, հուշարձանները՝ հավերժ եթե կարողանանք պահպանել, եթե մենք մեր հողի վրա ենք այսպես անգրագետ եւ անխնա, ուրիշից ինչպե՞ս պահանջենք հարգել մեզ, մեր պատմությունը եւ մեր պատմական հուշարձանները…կարծում եմ՝ մեղավորները պատժի են արժանի, նորից այսպիսի սխալներն աններելի են…. Ես, որպես ԱԺ պատգամավոր, դատապարտում եմ կատարվածը»:

 

Անկախ

«Հուշակոթողները չպետք է վարձով տրամադրեն ինչ որ մասնավոր մարդկանց». ՀՀԿ պատգամավորը զայրացած է

GarniԽորհրդարանում այսօր հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բարձրացրեց վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող խիստ հրատապ մի հարց՝ պատմամշակութային հուշարձանների շրջակայքում իրականացվող մասնավոր բանկետ-խնջույքների վերաբերյալ: Պատգամավորը մասնավորապես անդրադարձավ Գառնու հեթանոսական տաճարի մոտ տեղի ունեցած խնջույքին՝ պատմելով, որ ինքը նույնպես հյուրերի հետ այցելել է Գառնու տաճար, սակայն իրենք ներս չեն թողել՝ ասելով, որ տաճարի մուտքը փակ է: Պատգամավորի հարցին, թե ինչու է փակ, պատասխանել են, որ պաշտոնական պատվիրակություն է ժամանալեու: «Բնականաբար, ես ճշտում եմ, որ որևէ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություն Գառնիի հեթանոսական տաճար այս պահին չի այցելելու,-ասում է Սամվել Ֆարմանյանը,- իսկ դրսում սպասում էին մեծ թվով զբոսաշրջիկներ՝ այդ թվում նաև Նորվեգիայից ժամանած հյուրեր, հայտնի կինոռեժիսոր Միկա Բաբայանն իր հյուրերի հետ միասին և այլն»:

Պատգամավորը կապ է հաստատել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, և նրա միջամտությունից հետո հարցը կարգավորվել է. «Մեզ թողեցին մուտք գործել՝ որպես բացառություն»,-նշում է պատգամավորը:

Համարելով հարցը շատ կարևոր և ի նկատի ունենալով նաև, որ մամուլում այլ մշակութային կոթողների վերաբերյալ նույնպես նմանատիպ հրապարակումներ են շրջանառվում՝ Ֆարմանյանը ԱԺ նախագահին խնդրեց, որպեսզի վերջինս դիմի համապատասխան պետական մարմիններին՝ նրանց բացատրելու հետևյալը. «Եթե անգամ մեր պետական միջոցներն այնքան սուղ են, որ խնդիր ունենք պետական հոգածության տակ գտնվող պատմամշակութային հուշակոթողների հարցերը կարգավորել, ապա դա երբեք չի նշանակում, որ այդ հուշակոթողները պետք է վարձով տրամադրեն ինչ որ մասնավոր մարդկանց, որոնք, վստահաբար, Գառնու հուշակոթողի մասին երեք նախադասություն էլ չեն կարող ասել»,-ասաց Սամվել Ֆարմանյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնել հարցը, որպեսզի այն առավել հնչեղ դառնա:

Նշենք, որ Գառնու հեթանոսական տաճարի մոտ խնջույք էր կազմակերպել Հայաստանի կենտրոնական բանկը՝  Հարավարեւելյան եվրոպական բանկերի համաժողովի շրջանակներում, որի համար թույլտվություն էր ստացել մշակույթի նախարարությունից՝ վճարելով ավելի քան 1 մլն դրամ:

Անկախ