«Սրճարան կառուցելը հնագիտորեն ընդունելի չէ, քանի որ Գառնին քարակերտ, ժայռերի վրա դրված հուշարձան է». հնագետ

Համլետ ՊետրոսյանՄշակութային ժառանգության պահպանության հարցում պատասխանատու է պետությունը: Իշխանության որոշ ներկայացուցիչներ պատմամշակութային ժառանգությունը շատ հաճախ իրենց սեփականությունն են համարում և տնօրինում են այնպես, ինչպես ուզում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հնագետ Համլետ Պետրոսյանը:

Նրա խոսքով` եթե համայնքի կողմից տնօրինվի մշակութային ժառանգությունը, իշխանավորն այն իր սեփականությունը չի համարի: Մշակութային ժառանգության պահպանության հիմնական լծակները քաղաքականության, վարչարարության, օրենսդրական փոփոխությունների միջոցով պետք է տրվի հասարակությանը:
Մշակութային ժառանգության պահպանությունը սերտորեն կապված է դրա դերակատարության հետ:

«Մեզ մոտ մշակութային արժեք ասելով` շատ հաճախ բացօթյա և անշարժ ժառանգությունները նկատի ունեն, սակայն ոչ, նյութականն էլ է ժառանգություն, որի պահպանության հետ կապված ևս լուրջ խնդիրներ ունենք: Այսօր շատ ավելի գերակշռում է մշակույթը որպես գործիք դիտարկելու քաղաքականությունը, այն դառնում է մեր ինքնությունը տարբերակող այցեքարտ»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Անդրադառնալով Գառնու տաճարի մոտակայքում սրճարան կառուցելուն`հնագետը նշեց, որ սա առաջին դեպքերից է, երբ համայնքը փորձում է ինքնուրույն լուծել խնդիրը: «Ես 8 տարի Գառնու հնագիտական հետազոտությանն եմ մասնակցել, արշավախմբի անդամ եմ եղել: Գառնին պատմամշակութային, բնական և լանդշաֆտային հուշարձան է: Այդ տաճարի անունն իրականում պետք է լինի ոչ թե հեթանոսական, այլ անտիկ հնավայր, որը ողջ ամրոցն է` ներառյալ տաճարը, պալատական կառույցները, բաղնիքը, եկեղուցու մնացորդները և մյուսները: Այդ լանդշաֆտը կարող է ընկալվել, երբ ամբողջական է: Ցանկացած, թե´ մշտական, թե´ ժամանակավոր կառույց, ինչը կարող է հուշարձանի ընկալմանը նույնիսկ որևէ կետից խանգարել, միանշանակ անընդունելի է»,- ասաց հնագետը:
Նրա հավաստմամբ՝ զբոսաշրջությունը հուշարձանը պահպանող կազմակերպության առաջնային խնդիրը պետք է չլինի: Զբոսաշրջությունն ու պահպանությունը շատ հաճախ հակադիր նպատակներ ունեն: Սրճարան կառուցելը հնագիտորեն ընդունելի չէ, քանի որ Գառնին քարակերտ, ժայռերի վրա դրված հուշարձան է:

«Հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը Գառնիից». Լուսինե Բադալյան

1236025_594644053933087_604949854_nՀեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես արդեն մի անգամ բերեցի Պոմպեոսի օրինակը, որը հսկայական տարածք է, Գառնին դրա 1 տոկոսն է կազմում ընդամենը, որտեղ բացարձակ ոչինչ չկար, Գառնիի նման տաճարները տարածքում մի քանիսն են, բայց պարսպից ներս ջուր էլ չես գտնի, իսկ տուրիզմը դրանից չի տուժում… ձեր բացը սխալ ճանապարհով եք որոշել լրացնել, բիոզուգարաններն ու սրճարանները չեն, որ խթանում են տուրիզմի զարգացմանը. մոլորության մեջ եք: Տարիներով աչք ենք կուրացրել, կարդացել-սովորել ենք, մասնագիտություն ենք ստացել, բարի եղեք հարցրեք, կամ, երբ ասում ենք՝ լսեք, ոչ թե ինքնուրույն, ձեր իմացածի սահմաններում, որոշումներ ընդունեք ու մի հատ էլ փորձեք ավելի խելացի ու հոգատար թվալ…..

Հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը Գառնիից»:

 

Անկախ

ՙՙԱյս անգամ չեմ ասի, թե դուք ումից էլ եք վատը, արդեն ասել եմ՚՚. Լուսինե Բադալյան

Լուսինե Բադալյան

Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Դուք ի՜նչ աստիճանի ցինիկ պիտի լինեք, որ հասկացանք՝ երբ երիտասարդներն են պայքարում, երբ ակտիվիստներն են պայքարում, գուցե կան բաներ, որոնցից նրանք տեղյակ չեն, բայց երբ գիտնականներն ու հնագետներն են խնդրում, պարզաբանում ու բացատրում են, որ չի կարելի Գառնիի տարածքում սրճարան կառուցել, վերցնեք, հեգնեք ու ձեր ուզածը մինչև վերջ առաջ տանեք… այո, դուք վտանգում, ջնջում եք մեր վերջին փաստաթուղթը եւ դա անում եք սառնասրտորեն…. այս անգամ չեմ ասի, թե դուք ումից էլ եք վատը, արդեն ասել եմ”:

 

Անկախ

“Մշակույթի նախարարությունը մշակութասպան նախարարություն է”,- Վահե Անթանեսյան

Գառնիի տաճարը“Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածելակերպով պղծում է Գառնու տաճարը։ Մշակույթի նախարարությունը մշակութասպան նախարարություն է։ Ամեն ինչ անում են փչացնելու ու պղծելու համար մեր մշակույթը”։ -Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Գառնու հեթանոսական տաճարի շրջակայքում սրճարան կառուցելու մշակույթի նախարարության որոշուման մասին՝ ասաց պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Անթանեսյանը։ Արորդաց ուխտի հետնորդների խոսքով` որևէ կերպ արդարացված չէ մշակույթի նախարարության որոշումը։ Ազգի պատմության ամենամեծ անձնագիրը Գառնու տաճարն է, չի կարելի այն պղծել, ինչպես չի կարելի պղծել Էջմիածինը։”Եթե խաշանոցներ են ուզում սարքել, թող սարքեն տարածքից մի քիչ հեռու։ Վստահ եմ և հուսով, որ նման բան չեն անի։ Մենք առաջարկում ենք մշակույթի նախարարությանը, բոլոր ազգասեր ուժերին և պատրաստ ենք նաև ֆինանսավորել, որ Գառնիի տարածքի մուտքի աջ հատվածում գտնվող կիսավեր տարածքում հնագիտական թանգարան կառուցվի։ Այդպես ավելի շատ զբոսաշրջիկներ կլինեն”,- ասաց քուրմ Վարուժ Աղաջանյանը։ «Նախնյաց հետքերով» մշակութային հասարակական կազմակերպության անդամ Արման Մխիթարյանի խոսքով` սրճարանի կառուցումը անհնար կդարձնի մշակութային շերտերի նոր ուսումնասիրումը: Ըստ բանախոսների` Մշակույթի նախարարությունը պատճառաբանում է, թե տարածքի պահպանման համար գումարները չեն բավարարում, այնտեղ նստարաններ ու ծածկ է դրվելու, որտեղ սուրճ, հյութ ու ջուր են վաճառելու։ “Չեմ կարծում, թե սուրճ ու ջուր վաճառելով հնարավոր կլինի իրենց նպատակն իրագործել”,- ասաց Արման Մխիթարյանը` ավելացնելով, որ պայքարի համար կան քաղաքակիրթ միջոցներ, քարով ու փայտով չեն պատրաստվում պայքարել, բայց եթե քաղաքակիրթ տարբերակը չգործի, քար ու փայտի տարբերակը միշտ էլ կա։ Քրմերի խոսքով` Գառնիից հեռախոսազանգ են ստացել, որ այս պահին շինարարություն է ընթանում։ Շրջանցել են օրենքի այն կետը, որ շինարարություն սկսելու համար պարտադիր է նաև համայնքի ղեկավարի ստորագրությունը, ինչը, սակայն, համայնքի ղեկավարը չի անում: Անկախ