Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել վերսկսել խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները

SM_OSCE-flags-large1ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) ու Պիեռ Անրին (Ֆրանսիա) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և իրենց մտահոգությունը հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության աճի կապակցությամբ, ինչի հետեւանքով արձանագրվել են բազմաթիվ զոհեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բուրկհալտերն ու համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել Միջազգային կարմիր խաչ կազմակերպության մեքենայի վրա կրակոցների կապակցությամբ և կողմերին հիշեցրել ժնևյան կոնվենցիայի դրույթները:

Համանախագահները կոչով դիմել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որպեսզի նրանք ձեռնարկեն միջոցառումներ լարվածության նվազման ուղղությամբ և հարգեն հրադադարի համաձայնագրի դրույթները:

«Վրեժխնդրությունն ու հետագա բռնությունն ավելի կբարդացնեն այն ձեռքբերումները, որին հասել են կողմերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- ընդգծել են համանախագահները:

Նրանք նաև կոչ են արել երկու երկրների նախագահներին՝ շուտափույթ վերսկսել խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները: Համանախագահները հիշեցրել են, որ բանակցությունների շարունակումը միակ ելքն է, որպեսզի տարածաշրջանում կրկին հաստատվի խաղաղություն:

Անկախ

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ

2 (6)ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ այսօր սկսվել է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք համայնքի «Արաքս-2» նորաստեղծ պանրագործարանից, ուր մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ նախարարը ծանոթացել է ընկերության գործունեությանը: Այստեղ տարեկան շուրջ 2 հազար տոննա կաթ է վերամշակվում, արտադրվում   6-8 տեսակի պանիր, իրացման խնդիրներ չկան: Ըստ գործարանի տնօրեն Արթուր Մովսիսյանի՝ ներկայումս ընկերությունն ընդարձակվելու փուլում է, որի ավարտից հետո, 2015 թվականին, արտադրանքի ծավալի և աշխատատեղերի ավելացումից զատ, հնարավորություն կստեղծվի թողարկել նաև թթու կաթնամթերք: Նախարարն այցելել է նաև պանրագործարանի նոր կառուցվող մասնաշենք:

6 (1)Այցելությունը շարունակվել է Վարդենիս, Գեղամաբակ, Շատվան, Շատջրեք և Ջաղացաձոր համայնքների դաշտերում, ուր նախարարը հավաստիացել է, որ սպասվող բերքը բարձր է լինելու: Առանձին դաշտերից անգամ ռեկորդային՝ 600 ցենտներ կարտոֆիլ, 80-90 ցենտների հասնող հացահատիկի բերք է սպասվում: Իսկ ընդհանուր առմամբ մարզը հողերի օգտագործման ցուցանիշով հանրապետության առաջատարն է: Այն այս տարի հասել է շուրջ 93%-ի: Գրեթե 2000 հեկտարով ավելացել են մշակվող հողատարածքները, որից 700 հեկտար կարտոֆիլի, 1000 հեկտար հացահատիկի դաշտերը:

4 (3)Այցի վերջին կանգառը Մեծ Մասրիկ համայնքում էր, ուր նախարարը ծանոթացել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանականերում ստեղծված արոտօգտագործողների կոոպերատիվի աշխատանքներին: Երկու տարվա կենսագրություն և 350 անդամ ունեցող կոոպերատիվն  արդեն որոշակի արտադրական հաջողություններ ու առաջընթաց  ունի: Մասնավորապես, անասնագլխաքանակն ավելացել  է 20%-ով, մեկ կովի կաթնատվությունը 1800-ից հասել է 2250 լիտրի: Ջրարբիացվել է 510 հեկտար արոտավայր, կառուցվել 2,5 կիլոմետր ջրատար: Կոոպերատիվին հատկացվել է  11 միավոր գյուղտեխնիկա: Արտադրական հաջողությունները նոր հեռանկարներ են հուշում կոոպերատիվի անդամներին, որոնք խնդրել են նախարարին աջակցել տեղում կաթի վերամշակման փոքր արտադրություն ստեղծելու գործում:

Նախարարը նշել է, որ ծրագրի երկրորդ փուլը  հնարավորություն է տալիս նաև տեղերում ստեղծել փոքր արտադրություններ և վերջինիս շրջանակներում էլ, կոոպերատիվի արտադրության ծավալների և անդամների թվի ավելացման պարագայում , հնարավոր է  առաջիկայում վերանայել բարձրացված խնդիրը:

3 (8)Զրույցի ընթացքում նախարարը  նշել է, որ նշված ծրագրով Գեղարքունիքի մարզում ստեղծվել և գործում են 20 նման կոոպերատիվներ: Իրականացվող ծրագրերի արդյունքում  բարելավվող արոտավայրերը կհասնեն 16 300 հեկտարի, համայնքներին տրամադրվող գյուղտեխնիկան՝ 260 միավորի: Մինչ օրս այս ծրագրով մարզին հատկացվել է 165 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 30 տրակտոր:

Սերգո Կարապետյանն   անդրադարձել է պետական օժանդակության մյուս ծրագրերին և նշել, որ այն շարունակվելու է մյուս տարի ևս :

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

Անկախ

Գեղարքունիքի մարզում դի է հայտնաբերվել

դիակՓետրվարի 5-ին, ժամը 17.15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1942 թ. ծնված Հ. Բ.-ի դին:

Անկախ

Բարելավվել է Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը

ՀՀ կառավարության նիստ,Գեղարքունիքի մարզԱյսօր Գեղարքունիքի Գավառ մարզկենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիստի սկզբում մարզպետի 2013թ. ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը մարզին հատկացրել է անհրաժեշտ քանակությամբ սուբսիդավորված դիզվառելիք, ազոտական պարարտանյութ, առաջին վերարտադրության և էլիտային աշնանացան ցորենի, գարնանացան գարու, կորնգանի և առվույտի բարձրորակ սերմեր: Կառավարության իրականացրած աջակցության ծրագրերի շնորհիվ վերջին երկու տարում համայնքներում յուրացվել և ցանքաշրջանառության մեջ է մտցվել ավելի քան 2 հազար հեկտար անմշակ վարելահող, զգալիորեն ավելացել է պարենային և սերմացու հացահատիկի համախառն արտադրությունը:
Մարզի բնապահպանության ոլորտի գերակա ուղղություն է մնում Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի ջրային, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության ու վերարտադրության ապահովման խնդիրը: Վերջին տարիներին կառավարության նախաձեռնած ծրագրերով իրականացված միջոցառումները թեև տվել են տեսանելի արդյունք, սակայն բոլոր հիմնահարցերի արմատական լուծման համար դեռևս որոշակի ժամանակ ու նոր ներդրումներ են հարկավոր:
Մարզպետի հաշվետվությունն ընդգրկում էր քաղաքաշինության, կապիտալ շինարարության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, հողաշինարարության և հողօգտագործման և այլ ոլորտներում առկա ձեռքբերումներն ու խնդիրները:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը: Այնուհետև նիստի մասնակիցներին է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հարգելի գործընկերներ, մենք երեք տարի առաջ այստեղ արտագնա նիստ արեցինք և արձանագրեցինք որոշակի խնդիրներ: Տեղյակ եք, որ մարզային այցելություններից առաջ մենք կատարում ենք սոցիոլոգիական հետազոտություններ, որպեսզի մեզ համար պարզ լինի, թե որոնք են այն հիմնարար խնդիրները, որ մարզի բնակիչները դնում են մեր առջև:
Առաջինը արձանագրում ենք, որ այս երեք տարվա ընթացքում մարզի բնակիչները տեսնում են, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզում բարելավվել է, ինչը մեզ համար չափազանց կարևոր է: Որոշակի շեշտադրումներ այս երեք տարվա ընթացքում, իհարկե, փոփոխվել են: Մարզի առաջին և ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ արտագնա աշխատանքները մարզում ավանդական բնույթ են կրում: Հստակ կան Ռուսաստանի Դաշնությունում մարզեր, քաղաքներ, որտեղ կազմակերպված ձևով ամեն տարի մարզի բնակիչները մեկնում են սեզոնային աշխատանքի և վերադառնում: Այս երեք տարվա առանձնահատկությունն այն է, որ հետճգնաժամային տարիներին Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական վիճակը բարելավվել է, և բնականաբար, արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտներն ավելացել են այդ տարիների ընթացքում: Հիշում եք, որ 2008-2009 թթ. մարզում արձանագրվել էր եկամուտների կտրուկ անկում, ավելին, շատ արտագնա աշխատանքի մեկնողներ այդ տարիներին չէին մեկնել աշխատանքի, և դա իր ազդեցությունն էր թողել մարզի վրա: Այս երեք տարվա ընթացքում սա մարզային զարգացումների առանձնահատկություններից էր:
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ եթե երեք տարի առաջ մեր առջև խնդիր էր դրվում ավելի մեծ ուշադրություն դարձնել մշակութային միջոցառումներին, որպեսզի դրանք հասանելի լինեն, ապա այս տարի առաջնահերթությունները փոխվել են: Կարևորագույն խնդիր են խմելու ջուրը, մանկապարտեզները և առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Այս երեք կարևորագույն խնդիրներն են, որոնք մարզի բնակիչները համարում են առաջնահերթ իրենց համար: Միևնույն ժամանակ աշխատատեղերի առումով գոյություն ունի կառուցվածքային խնդիր. այն թափուր աշխատատեղերը, որ մենք ունենք մարզում, չեն համալրվում, աշխատատեղերի հիմնական պահանջարկը բանվորական աշխատանքն է: Շուրջ 1400 այդպիսի հայտ ունի մեր սոցիալական ծառայությունը, որ մարդիկ ուղղակի պատրաստ են բանվորական աշխատանքով զբաղվել: Այդ առումով ես այսօր արդեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել եմ, որպեսզի մենք ըստ մարզերի քննարկենք կառուցվածքային այս խնդիրները, որովհետև տեղյակ եք, որ նույն Դիլիջանում մենք ունենք բանվորական աշխատուժի պահանջարկ և նույնիսկ այս տարի արձանագրել ենք, որ Տաջիկստանից աշխատողներ են եկել Հայաստան, որպեսզի շինարարական աշխատանք իրականացնեն այն պարագայում, երբ Մարտունիում, Գավառում, Վարդենիսում ունենք աշխատուժի ավելցուկ և պետք է կարողանանք այդ թափուր աշխատատեղերը ժամանակին բացահայտել և ներհանրապետական աշխատուժի հոսք կազմակերպել: Այստեղ խնդիրը նույնպես վերաբերում է մեր նոր ակտիվ սոցիալական ծառայությունների մատուցման ծրագրին. մասնավորապես, եթե մենք ապահովեինք այդ աշխատողներին կեցավայրով, սնունդով, ապա նրանք կհամաձայնեին տեղափոխվել Գեղարքունիքի մարզից Տավուշի մարզ և այդ սեզոնային աշխատանքներն իրականացնել: Դա նշանակում է, որ այդ սոցիալական ակտիվ ծրագրերն այսօր պահանջված են և կարող ենք այդտեղ բավական լուրջ արդյունքներ ստանալ»: 

Վարչապետը նշել է, որ կառավարության առջև մի շարք խնդիրներ են դրել մարզի, մասնավորապես` Վարդենիս քաղաքի և այլ համայնքների բնակիչները: Կա որակյալ մասնագետների, այդ թվում` բժիշկների կարիք: ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության նախարարները հանձնարարություն են ստացել մեկ ամսվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել, թե ինչ որոշումներ է պետք ընդունել, որպեսզի մարզերում լուծվի մասնագետների պակասի հարցը: 
Գեղարքունիքի մարզում կատարած աշխատանքի մասին տեղեկություն են տվել ՀՀ նախարարները և պետական մյուս մարմինների ղեկավարները: Նրանց ելույթները, ինչպես նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքի մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաղորդումն ընդունվել են ի գիտություն:
Վարդենիսի բնակիչներն այսօր վարչապետին են դիմել նաև 2011թ. սերմերի մատակարարման ծրագրի առնչությամբ: Նրանք մինչև այժմ չեն հատուցել այն ծախսը, որ պետությունն իրականացրել է` սերմեր տրամադրելով: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ իրենց ոչ թե սերմ են տրամադրել, այլ ցորեն: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ծառայողական քննություն կատարել և պարզել խնդիրը:
«Հիմնական խնդիրները, որոնցով մեզ դիմում են, սոցիալական խնդիրներ են, – շարունակել է վարչապետը: – Պետք է խնդրենք մարզպետին, որպեսզի այսուհետև մեր քաղաքացիներին ուղղորդեն ինտեգրված սոցիալական ծառայության գրասենյակ, որտեղ նրանք կարող են ստանալ իրենց մտահոգող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները: Մասնավորապես, մարդիկ դիմում են թոշակի, սոցիալական նպաստի հարցերով, ֆինանսական օգնություն իրենց հասնում է, թե ոչ: Ինտեգրված սոցիալական ծառայության գրասենյակը, որն այսօր մենք բացեցինք Վարդենիսում, հենց այդ նպատակն է հետապնդում՝ սպառիչ պատասխան տալ քաղաքացիներին: Այդ գրասենյակի աշխատանքի արդյունավետությունը հենց այն է լինելու, որ մարդուն չեն ուղարկելու գրասենյակից գրասենյակ, այլ իր ընտանիքին վերաբերող սոցիալական բոլոր խնդիրները համալիր ձևով պետք է քննարկեն և սպառիչ պատասխան տան: Այսօր ինձ մոտեցել էր մի քաղաքացի և ասում էր, որ իր թոշակը, իր կնոջ թոշակը չեն բավարարում նվազագույն սպառողական զամբյուղի պահանջները: Դա նշանակում է, որ նա պետք է հայտնվի սոցիալական օժանդակություն ստացող ընտանիքների ցուցակում, բայց նա այնտեղ չի հայտնվել, որովհետև իր հետ գրանցված են իր երեխաները, որոնք աշխատանք ունեն և այլն: Հիմա արդեն ինտեգրված սոցիալական ծառայությունը կարող է բոլոր հարցերը միասնական դիտարկել, քննարկել այդ մարդու ռեալ իրավիճակը, ռեալ պրոբլեմները, առանց տարբեր գերատեսչություններից տեղեկանքներ պահանջելու ցույց տալ՝ արդյոք այդ ընտանիքը մեր կողմից սահմանված սոցիալական բալերի առումով հայտնվու՞մ է սոցիալական խոցելի խավերի մեջ և ստանալո՞ւ է օժանդակություն: Նման օրինակները, նման դիմումները շատ են»:

 

ՀԴՄ-ները ձեռք կբերվեն առավել բարենպաստ պայմաններով

ՀՀ կառավարությունը ՊԵԿ Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին թույլատրել է 2012 թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 280 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), 2012 թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 150 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Գրասենյակին հանձնարարվել է հարկ վճարողների կողմից ձեռք բերված ՀԴՄ-ների արժեքի գների տարբերությունն օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել հարկ վճարողներին: Այսպիսով, 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և մինչև 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարող համարվողների համար սահմանվում են ՀԴՄ-ների ձեռքբերման ավելի ցածր գներ: Բացի այդ, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ գործարարներին մեկ ամիս ժամանակ պետք է տալ, որպեսզի նրանք հասցնեն ՀԴՄ-ներ ձեռք բերել նոր գներով: «Այս որոշմամբ մենք փաստորեն կատարում ենք մեր խոստումը, – հավելել է վարչապետը: – Մենք խոստացել էինք, որ փոքր և միջին ձեռնարկություններին ավելի էժան ենք տրամադրելու իրենց ՀԴՄ-ները: Այսօր մենք մեր խոստումը կատարում ենք` ասելով, որ ինքնարժեքից 30 տոկոս ավելի էժան ենք տալիս ի հաշիվ այն բանի, որ խոշորների համար ավելի բարձր գին ենք սահմանել: Հիմա այդ մարդկանց պետք է մեկ ամիս ժամանակ տանք, որ կարողանան ձեռք բերել այդ մեքենաները: Հաջորդ խնդիրը, որ մշտապես բարձրացնում են և իմ կարծիքով արդարացիորեն, այն է, որ մեզ մեղադրում են, որ Հայաստանում կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք կարող են այս ՀԴՄ-ները ավելի էժան ներմուծել: Մենք հայտարարել ենք, որ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որը կարող է այս սարքավորումներից ավելի էժան բերել և այդ սարքավորումները կհամապատասխանեն մեր կողմից սահմանված չափանիշներին, ապա նրանք կարող են դրանով զբաղվել և որևիցե մեկը չկա, որ կարող է դիմել ու մերժվել: Դրա համար ՊԵԿ-ին հանձնարարվում է, որ բոլոր այդպիսի դիմողներին ընդունի և նրանցից պահանջի, որ ներկայացնեն իրենց առաջարկները: Մենք, բնականաբար, ՀԴՄ-ները սիրով ձեռք կբերենք նրանցից, ովքեր ավելի էժան կբերեն»:
Երկարաձգվում է սիրիահայերին տրված արտոնության ժամկետը

ՀՀ կառավարությունը թույլատրել է Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների կողմից 2012թ. հուլիսի 1-ից հետո ներմուծված ավտոմեքենաների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը: Մաքսային մարմիններ դիմելիս սիրիահայերը պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարության գրությունը:
Հաջորդ որոշմամբ մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է նաև սիրիահայերի` առանց որակավորման քննություն հանձնելու վարորդական վկայականները փոխանակելու ժամկետը:
Կառավարությունն իր նիստում փոփոխություն է կատարել ՀՀ 2013թ. պետբյուջեում և ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների փաստացի գոյացող մուտքերի հաշվին և դրա սահմանում ստանձնած պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու, այդ մուտքերի ստացմանն առնչվող, ինչպես նաև ոստիկանության գործունեությանն անհրաժեշտ առանձին, այդ թվում` անհետաձգելի համարվող ծախսերի ֆինանսավորումն ապահովելու հանգամանքով:
Կառավարությունն ընդունել է պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ լուծարելու որոշում. դրա նպատակը կարի արտադրության շուկայում հեռանկար չունեցող, վնասով աշխատող առևտրային կազմակերպության հետագա գործունեության դադարեցումն է:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը բխում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջից: Որոշման 2-րդ հավելվածում սահմանվել են հինգաստղանի «Դելյուքս» հյուրանոցի որակավորման կարգի նվազագույն պահանջները: Դրանց ներդրումը և դրանք գերազանցող շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստեն առավել բարձր պահանջ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:
Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե և հաստատվել դրա կազմը: Կազմկոմիտեն գլխավորելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
Կբարելավվի ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական վիճակը

Կառավարությունն իր նիստում վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրել 228 մլն դրամ: Նշված գումարը որպես ֆինանսական աջակցություն տրամադրվելու է «Վեդի», «Մասիս», «Խոյ», «Ջրվեժ-Ձորաղբյուր» և «Թալին» ընկերություններին:
Արարատի և Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող ինքնաշատրվանող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ: Միջոցառման արդյունքում կբարելավվի Արարատյան ջրավազանի բնապահպանական վիճակը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը նպատակ ունի անտառները զերծ պահել հրդեհի վտանգից, ապահովել անտառային տարածքներով ու անտառուղիներով անցնող էլեկտրական ցանցերի անխափան աշխատանքը` կրճատելով բազմաթիվ սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումները:
Տեսչական բարեփոխման ծրագրով իրականացվող գործընթացների համատեքստում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր մի շարք որոշումներում: Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է գնահատել նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների ռիսկայնությունը, հնարավորինս կրճատել դրանց գործարկման եզրակացության տրման ժամկետն ու ներկայացվող փաստաթղթերի թվաքանակը:
Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումը և ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի սպառազինման պետական, ռազմատեխնիկական ծրագրերի իրականացումը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների համախմբված ֆինանսական հաշվետվողականության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթուղթը միտված է հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ ֆինանսական տեղեկատվության համադրելիության և թափանցիկության ապահովմանը:
Պաշտոնական պարբերականների հրատարակումն ապահովելու, անհրաժեշտ վկայականներ և ձևաթղթեր ձեռք բերելու համար գործադիրը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է շուրջ 34 մլն դրամ:

Վարչապետի մասնակցությամբ բացվել են Վարդենիսի սոցիալական ծառայությունների կենտրոնը և Վաղաշենի նորակառույց դպրոցը

վարչապետը վարդենիսումՎարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: Ընդհանուր առմամբ, մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնը սպասարկելու է 36 համայնքի, 12 հազար բնակչի: Իրականացվել է նաև կենտրոնի սոցիալական աշխատողների վերապատրաստում:
Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառմանը` հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը:
Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 50-ից ավելի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձևավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման և վճարման աշխատանքները:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Վաղաշեն համայնք` ներկա գտնվել տեղի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը: 800 աշակերտի համար նախատեսված դպրոցը բաղկացած է 4 մասնաշենքերից: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ջեռուցման և կոյուղու համակարգերով: Դպրոցի կառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 830 մլն դրամ: Ներկայում կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացնում է 10 կրթական օբյեկտի շինարարություն, որոնցից 4-ը շահագործման կհանձնվեն այս տարի: Մեծ ուշադրություն է դարձվում հատկապես օբյեկտների սեյսմակայունության ապահովմանը:
2014 թվականին նախատեսվում է նաև վերանորոգել Գավառի թատրոնը և Գետաշենի մանկապարտեզը:
Վարդենիսի և Վաղաշենի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին` սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ գործնական ծրագրեր իրականացնելու և ուսումնական հաստատությունների կառուցմանն ու հիմնանորոգմանը հետամուտ լինելու համար: