Էրդողանն ու Գյուլը ընդգրկվել են «Time» հանդեսի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում

Էրդողան,Գյուլ  Ամերիկյան «Time» հանդեսը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին և վարչապետ Թայիփ Էրդողանին ներառել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում: Հանդեսը նշել է, որ Գյուլին հաջողվում է կուսակցության ներսում հանդես գալ որպես հավասարակշռող կողմ՝ ի հակադրություն Էրդողանի միապետական դիրքի: Էրդողանը իր հերթին հայտնվել է այս ցուցակում հակակառավարական ցույցերի և կոռուպցիոն սկանդալների ալիքը հաղթահարելու և ՏԻՄ ընտրություններում առաջատար լինելու շնորհիվ:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ վերոնշյալ ցուցակում ընդգրկվել են մի շարք այլ անվանի անձինք՝ Հռոմի պապ Ֆրանցիսկը, Բիլ Գեյցը, Անգելա Մերկելը, Վլադիմիր Պուտինը, պակիստանցի պատանի ակտիվիստ Մալալա Յուսուֆզայը և այլք: Ամենաազդեցիկ մարդկանց ընտրությանն ուղղված քվեարկությունը կշարունակվի մինչև ապրիլի 22-ը: Պաշտոնական ցուցակը կհրապարակվի ապրիլի 24-ին:
 

 Անկախ

Առնվազն երկու կետով թուրքերի ակնկալիքները չարդարացան. Անդրանիկ Իսպիրյան

իսպիրյան անդրանիկԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն  անդրադարձավ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարած այցին ու հայտարարություններին: Ըստ նրա՝ մինչև Օլանդի Թուրքիա կատարած այցը, այդ երկրում ակնկալում էին, թե այցն առնվազն երեք կետով օգտակար կլինի Թուրքիային: Մասնավորապես ակնկալում էին, որ Ֆրանսիան կաջակցի իրենց ԵՄ անդամակցության հարցում, ինչպես նաև պրոթուրքական դիրքորոշում կարտահայտի թուրք-հայկական հարաբերությունների մասին և, ի վերջո, կնպաստի թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների բարելավմանը: «Առնվազն երկու կետով թուրքերի ակնկալիքները չարդարացան: Օլանդը պրոհայկական դիրքորոշում ցույց տվեց, ինչպես նաև որևէ զիջում չներկայացրեց Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում», – ասաց թուրքագետը՝ չհերքելով, որ խորքում Օլանդի հայտարարությունը կարող է ուղղված լինել նաև սեփական վարկանիշի բարձրացմանը, քանի որ Ֆրանսիայում հայկական համայնքը շատ ազդեցիկ է և կարող է նպաստել Օլանդի՝ այս պահին բավական ընկած վարկանիշի բարձրացմանը:

Այնուամենայնիվ Օլանդի հայտարարությունը, թե Թուրքիան պետք է առերեսվի պատմությանը, տեսանելի ազդեցություն ունեցավ: Ըստ Անդրանիկ Իսպիրյանի՝ հայտարարությունը իջեցրեց թուրքերի մերժողական հռետորաբանությունը, որը վերջին շրջանում շատ էր տարածվել: Դա նկատվեց նաև Գյուլի հայտարարության տեքստում, որին Անդրանիկ Իսպիրյանը տվեց «հուսահատական» բնորոշումը:

Անկախ