Վարչական շրջաններում ընթանում են օրենսդրությանը հակասող գովազդների ապամոնտաժման աշխատանքներ

unnamedԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013 թվականից մեկնարկել և այս տարի ևս շարունակվում է մայրաքաղաքում առկա «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին չհամապատասխանող գովազդային վահանակների ապամոնտաժումը:

Վարչական բոլոր շրջաններում մարտից մեկնարկած աշխատանքների ընթացքում արդեն իսկ ապամոնտաժվել է գործող օրենսդրությանը հակասող շուրջ 320 գովազդային վահանակ:

Ապամոնտաժված վահանակների փոխարեն բոլոր այն վայրերում, որտեղ օրենքով թույլատրվում է գովազդ տեղադրել, կտեղադրվեն նոր, օրենսդրությանը չհակասող և քաղաքային չափորոշիչներին համապատասխան գովազդներ: Երևանի քաղաքապետարանն, ի դեպ,  վահանակների ձևն ու չափը սահմանված կարգին համապատասխանեցնելու համար տնտեսվարողներին կտրամադրի դիզայներական անվճար խորհրդատվություն:

 

Անկախ

ԱԺ ոչ իշխանական ուժերը չմասնակցեցին վիճահարույց օրինագծի քվեարկությանը

arm138779401010Խորհրդարանը վավերացրեց Հանրային հեռուստաընկերության եթերում առևտրային գովազդն արգելելու մասին օրենքի նախագիծը:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հայտարարեց, որ ընդհանուր առմամբ իրենք դեմ չեն նախագծի կոնցեպցիային, սակայն քվեարկելու են ձեռնպահ այն պատճառով, որ հեռուստատեսային գովազդի շուկայում տիրում է մեկ մարդու մենաշնորհ` Միքայել Մինասյանի մենաշնորհը:

Հովիկ Աբրահամյանը հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը:

Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 5 դեմ, 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Այնուհետև քվեարկության դրվեց «Գովազդի մասին» և «Հեռուստատեսութան և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց նախագծի փաթեթը, որից առաջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քսան րոպե ընդմիջում խնդրեց:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է հեռուստաընկերություններում վերականգնել թունդ ալկոհոլային խմիչքի գովազդը որոշակի ժամերի (ժամը 06:00-ից մինչեւ 22:00-ը արգելվում է՝ բացառությամբ տեղական արտադրության կոնյակի): Նախագծի հեղինակները կարծում են, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ գովազդատուների կողմից գովազդի դիմաց կատարվող վճարների տեսքով տարեկան մինչեւ լրացուցիչ 1 մլրդ. դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստատեսություններ, ինչը որոշակիորեն կբարելավի նրանց ֆինանսական ներկա վիճակը:

Սակայն այս փոփոխությանը երեկ խորհրդարանում դեմ արտահայտվեցինՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները:

Քսան րոպե ընդմիջումից հետո ձայների 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ վիճահարույց օրինագիծն ընդունվեց, իսկ Աժ ոչ իշխանական ուժերը, ըստ Արծվիկ Մինասյանի, չեն մասնակցել քվեարկությանը:

ՀՀԿ խմբակցությունից օրինագծերին դեմ է քվեարկել ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ձեռնպահ քվեարկածները ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանն են:

 

Անկախ

«Լուսաստղ» գովազդենք, մարդկանց թունավորե՞նք». պատգամավորների մի մասը դեմ է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդին

theme_1Խորհրդարանը վավերացրեց «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը: Որոշումն ընդունվեց 71 կողմ, 2 դեմ,  37 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:  Նախագծով առայժմ նախատեսվում է միասնական քննչական մարմնում ներառել ոստիկանության քննչական մարմինը և պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը:

Այնուհետև պատգամավորներն անցան «Գովազդի մասին» և «Հեռուստատեսութան և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց նախագծի քննարկմանը: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է հեռուստաընկերություններում վերականգնել ալկոհոլային խմիչքի գովազդը որոշակի ժամերի (ժամը 06:00-ից մինչեւ 22:00-ը արգելվում է՝ բացառությամբ տեղական արտադրության կոնյակի):

Նախագծի հեղինակների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ գովազդատուների կողմից գովազդի դիմաց կատարվող վճարների տեսքով տարեկան մինչեւ լրացուցիչ 1 մլրդ. դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստատեսություններ, ինչը որոշակիորեն կբարելավի նրանց ֆինանսական ներկա վիճակը:

Օրենքի համահեղինակ, հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը կոչ արեց այս օրենքում դավադրություններ չփնտրել և կողմ քվեարկել նախագծին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զարմացավ. «Բայց դավադրություններ փնտրող կա՞ն»:

Հաջորդ ելույթներից պարզ դարձավ, որ նախագիծն իսկապես լուրջ ընդդիմախոսներ ունի: Նրանցից մեկը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է, որի խոսքով՝ աշխարհը գնում է մի ուղղությամբ՝ Հայաստանը՝ բոլորովին այլ: «Որքանո՞վ է ճիշտ ընդունել օրենք մի քանի թիվիների շահն առաջ տանելու նպատակով»,-հարցրեց նա,-սա անբարեխիղճ լոբբիգի տարրեր չի՞ պարունակում: Մենք չե՞նք անտեսում հանրության շահը, չե՞նք խրախուսում ոչ առողջ ապրելակերպը, արդյոք սա ժամանակի մեջ բացասական ազդեցություն չի՞ ունենա: Վաղը Հայաստանի մասին ասելու են՝ այդ երկրում թույլատրված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը, և սա դաջվածք է»:

Աղվան Վարդանյանն առաջարկեց հետ վերցնել նախաձեռնությունը, քվերակությունը հետաձգել և այդ բոլոր հարցերի մասին մտածել:

Պատգամավորի կարծիքով՝ գովազդային շուկան ամենաստվերայիններից մեկն է: Նա հիշեց, թե ինչպես տարիներ առաջ, երբ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարարը, Հանրայինի տնօրենից պարզելով, որ գովազդից տարեկան 300 000 դոլար եկամուտ են ստանում, առաջարկեց պետական բյուջեից 400 000 դոլար տրամադրել, միայն թե Հանրայինից գովազը դուրս գա, սակայն վերջինս իրար խառնվեց և չընդունեց առաջարկը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես խիստ դեմ է այս օրենքին: Նրա համար անհասկանալի է հատկապես կառավարության կեցվածքը: Պատգամավորը ներկաներին հիշեցրեց, որ  իրավական ակտերի մասին օրենքով նախատեսվում է, որպեսզի պատգամավորի առաջադրած և ՀՀ կառավարության եզրակացությանը ներկայացված օրենքի նախագծի ազդեցության գնահատումը կազմակերպի կառավարության լիազոր մարմինը: «Ո՞ւր է ազդեցության գնահակատակը»,-հարցրեց նա:

Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այդ ազդեցության գնահատականը չկա, քանի որ եթե լիներ, ապա կլիներ բացասական: «Հետևաբար, Աժ հարգարժան նախագահ, այս օրենքի նախագիծը առանց ազդեցության գնահատականի քննարկելը թերի է»:

Արծվիկ Մինասյանը նաև հիշեցրեց, որ երբ 2002 թվականին ալկոհոլի գովազդն արգելող նախագիծն էր քննարկվում, ՀՀԿ-ն, որն այդ ժամանակ կրկին իշխանանություն էր, նույն ոգևորությամբ ասում էր, որ դա խիստ անհրաժեշտություն է և նույն ոգևորությամբ ներկայացնում արտասահմանյան այն երկրները, որտեղ նույնպես դեմ են ալկոհոլի գովազդին: «Հանրային քննարկում անցե՞լ է այս նախահիծը,-հարցրեց ՀՅԴ պատգամավորը,-եթե մի տեղ գոնե ցույց տաք հանրության շահը, ես ներողություն կխնդրեմ»:

Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին խրախուսելուն, ապա Արծվիկ Մինասյանը այլ մեթոդներ է առաջարկում, օրինակ՝ հակագովազդի մեթոդը, որը լայնորեն կիրառվում է եվրոպական երկրներում կամ սոցիալական գովազդի մեխանիզմը և այլն:

Մի խոսքով, պատգամավորը դեմ է, որպեսզի արդեն իսկ գնահատված, վատ ազդեցություն ունեցող գործողությունը հանուն մի քանի հեռուստաընկերության ֆինանսական շահի, բերվի և շուռ տրված ձևով ներկայացվի Ազգային ժողովին:

«Ակնհայտ է, որ այս նախագիծը հակասում է ոչ միայն հանրային շահին, այլև տեղական արտադրողի շահին: Տեղական արտադրողի իրացման ծավալը ՀՀ-ում չափազանց փոքր է, իսկ դրսից ներմուծվածները գովազդի դեպքում հեշտությամբ կարող են դուրս մղել տեղական արտադրությունը: Ո՞ւր մնաց տեղական արտադրողին խրախուսելու ձեր սկզբունքը»:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նույնպես միացավ դաշնակցական գործընկերներին՝ առաջարկելով հետ վերցնել նախագիծը:

Այնուհետև, անցնելով ներկայիս գովադի թերություններին, Մանուկյանն առանձնացրեց հատկապես այն, որ հեռուստատեսությամբ գովազդի ժամանակ ձայնը բարձրացվում է. «Դա հակացուցված է առողջապահության տեսակետից,-ասաց նա,-դա մարդու մոտ սթրես է առաջացնում: Որքան ուզում ես ասա, չեն հասկանում և չեն ուղղում այդ դեֆեկտը: Էլ չեմ խոսում անճաշակ, անգրագետ խոսքի ամսին՝ կանացի վարսավիրանոց, տղամարդու կաշվից կոշիկ: Գովազդը պետք է դրական էմոցիա առաջացնի, դաստիարակություն, էսթետիկ հաճույք տա: Մեզ մոտ լրիվ հակառակն է, և ինչ գումարներ են դրա վրա գնում»:

Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքների գովազդին, նա հարց բարձրացրեց. «Ի՞նչ ենք գովազդելու՝ «Լուսա՞ստղ», որի գինը 500 դրամ է: Դա նույնիսկ ինքնարժեքը չի: Դա խմում են էն մարդիկ, որոնք սոցիալապես այնպիսի վիճակում են, որ չեն կարող նորմալ խմիչք գնել և ուղղակի հարբելու խնդիր ունեն: Գովադենք, որ մարդկանց թունավորե՞նք»:

Այնուհետև Արամ Մանուկյանը մեծամասնության պատգամավորներին կոչ արեց քվեարկել այնպես, ինչպես իրենք են մտածում. «Ջանդա՛մ թե «փեսեն» չի առաջարկել, էս անգամ էլ ինքնուրույն քվեարկեք»,-ակնարկեց ՀԱԿ պատգամավորը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը նույնպես օրենքի համահեղինակներից է, ընդհակառակը, կարծում է, որ օրենքը շատ կարևոր է հեռուստաընկերությունների ինքնաբավությունը և կայունությունն ապահովելու տեսանկյունից: Նա նախագծում որևէ «ահագնասարսուռ» բան չի տեսնում: «Այս օրենքով, օրինակ, արգելված է  մարզական միջոցառումների ժամանակ ալկոհոլի գովազդը, սակայն ողջ աշխարհում դա ընդունված է: Մենք գնացել ենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու ճանապարհով»,-ասաց նա:

 

Անկախ