Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել

զինված ուժեր

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ս.թ. օգոստոսի 15-ին հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր:Մասնավորապես, անդրադարձ է եղել  հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ս.թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաեւ խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցերին:

Վերոնշյալ այցի շրջանակներում արծարծվել են նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ ուժերի «Անքակտելի Եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև ՀԱՊԿ և ԱՊՀ կազմակերպություների շրջանակներում գործող հիմնական մասնագիտական կրթական հաստատություններում կադրերի և մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցեր:

Ս.թ. օգոստոսի 16-ին, այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի մասնակցությունը  ՌԴ ԶՈՒ «Ալաբինո» ուսումնամարզական համալիրի բազայում անցկացվելիք «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Շարունակվում է ՀՀ ՊՆ պատվիրակության պաշտոնական այցն ԱՄՆ

ՀՀ ՊՆԱՄՆ Կանզաս նահանգից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն, այնուհետև՝ Նյու Յորք:

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ս.թ. օգոստոսի 7-ին կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի, պետքարտուղարի փոխտեղակալներ Գրեգ Կաուսների և Էրիկ Ռուբինի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Կողմերը կարևորել են իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը և վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը:

Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ-ում գործող ամերիկահայ լոբբիստական առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարների հետ:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի և Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և ամերիկահայ համայնքին հուզող մի շարք հարցերի:

Վաշինգտոնից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը մեկնել է Նյու Յորք, որտեղ ս.թ. օգոտոսի 8-ին նախատեսվում են հանդիպումներ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Էդմոնդ Մուլետի և ռազմական հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մախսուդ Ահմեդի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահ զորախմբի առաջիկա ներգրավմանը, Աֆրիկյան մայրցամաքում իրականացվող ՄԱԿ-ի առաքելություններին հայկական կողմի հնարավոր մասնակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Աշխատանքային այց վարժական կենտրոն

ՀՀ ՊՆՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետերը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարը, կադրերի և ռազմական կրթության ու պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ, ս.թ. փետրվարի 25-ից 26-ը աշխատանքային այցով եղել է Չեխիայի Հանրապետության Վիշկով քաղաքում գտնվող Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի վարժական կենտրոնում:

Կենտրոնը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության կողմից, որտեղ բրիտանացի հրահանգիչների կողմից տարեկան մեկ տասնյակից ավելի դասնթացներ են անցկացվում տարածաշրջանի երկրների զինծառայողների համար: Կենտրոնում անցկացվող կրտսեր հրամանատարների, հրահանգիչների, կրակային պատրաստության, խաղաղապահ գործողությունների դասընթացներին հայ զինծառայողները մասնակցում են 2002 թվականից: Կենտրոնում ուսանած մոտ 170 հայ սերժանտներ և սպաներ ներկայումս ծառայում են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում, հիմնականում` խաղաղապահ բրիգադում:

Այցելության ընթացքում քննարկվել են Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հետ հետագա համագործակցության ծրագրերը: Ձեռք բերված պայմանավորվածությունների թվում են կենտրոնում հայ զինծառայողներին հատկացվող տեղերի քանակի ավելացումը, կենտրոնի հրահանգիչների կողմից Հայաստանում վարժանքների կազմակերպումը, ուսումնական ծրագրերի մշակման և ՀՀ զինված ուժերում կիրառման հնարավորություններին առնչվող խնդիրներ և այլ հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այցը Վիեննա

Դավիթ Տոնոյանի այցը ՎիեննաՓետրվարի 24-ին Ավստրիայի պաշտպանության և սպորտի դաշնային նախարարության փոխնախարար և պաշտպանական քաղաքականության բաժանմունքի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Բեռնհարդ Բաիրը ընդունեց Ավստրիայում գտնվող Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվիրակությանը՝ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցեց նաև Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:

Քննարկվեցին պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության ներկա խնդիրներն ու հեռանկարները: Կողմերը ներկայացրեցին պաշտպանության ոլորտում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձան ոլորտում երկու պետությունների, որպես ծովային ելք չունեցող միավորների, առաջ կանգնած խնդիրների ընդհանրություններին ու տարբերություններին: Ավստրիական կողմը հայկական պատվիրակությանը ներկայացրեց Ավստրիայի դաշնային կանցլերի գրասենյակի, արտաքին գերատեսչության, ներքին գործերի և պաշտպանության նախարարության համատեղ մշակած Ավստրիայի անվտանգության քաղաքականության ռազմավարական փաստաթուղթը:

Կողմերն անդրադարձան պայմանագրային զինծառայողների, նրանց սոցիալական արտոնությունների, զորակոչի իրականացման ու ծրագրավորման խնդիրներին: Ավստրիական կողմն իր պատրաստակամությունը հայտնեց խորացնել համագործակցությունը Հայաստանի զինված ուժերի հետ՝ ուսումնամարզական, կրթական ծրագրերում հայ զինվորականների ընդգրկման, Հայաստանում և Ավստրիայում զինվորականների համար վերապատրաստման տարբեր դասընթացների կազմակերպման ուղղություններով:

 Անկախ

Հանդիպում պաշտպանության նախարարությունում

Հանդիպում պաշտպանության նախարարությունումՊՆ-ից Անկախին տեղեկացրեցին, որ ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Վիլքսին /նստավայրը` ք. Թբիլիսի/:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև իրականացվող մի շարք երկարատև ծրագրերին, մասնավորապես` ՄԹ խորհրդատվական աջակցությանը 2013 թվականի դեկտեմբերից Հայաստանում մեկնարկած Պաշտպանության ռազմավարական երկրորդ շրջափուլին և ՀՀ զինված ուժերի պրոֆեսիանալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացներին, Բրիտանական ուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթությանն ու վերապատրաստմանը:

Դ. Տոնոյանը նշեց, որ բիտանացի գործընկերների հետ ՀՀ պաշտպանության նախարարությունը երկարամյա համագործակցության փորձ ունի և պատրաստվում է էլ ավելի խորացնել այդ համագործակցությունը, ինչին ի պատասխան բրիտանական կողմը հաստատեց Հայաստանի հետ համագործակցության զարգացման  պատրաստակամությունը: Կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում նախաձեռնել համագործակցության նոր ծրագրեր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Անկախ

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներին

դավիթ-տոնոյանՍ.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ Տիգրան Հարությունյանին, Հովիկ Վարդումյանին և Կոլյա Քոչարյանին:

Հանդիպման ընթացքում  քննարկվել են ազատամարտիկների կողմից բարձրացված մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել պահեստազորի գնդապետ Վ. Ավետիսյանի ձերբակալմանը, ազատամարտիկների կարգավիճակին և սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերին:

Դ.Տոնոյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում և նրանց բարձրացրած խնդիրներին լուծում տալու նպատակով պաշտպանության նախարարությունը շարունակելու է պլանավորված աշխատանքները:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում երկու լսարաններ են բացվել

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը մասնակցեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ կահավորված երկու լսարանների բացման արարողությանը:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրի շրջանակում:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում շրջայցից հետո կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպան Սորոկինին շնորհակալություն հայտնեց իրականացվող օժանդակության համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մարդասիրական ականազերծման ոլորտում ԵԱՀԿ մանդատի շրջանակում համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:

Հայկ Ինջիղուլյանի նկատմամբ կոպտորեն խախտել միջազգային իրավունքը· Դավիթ Տոնոյան

դավիթ-տոնոյանՕգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը առանձին հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեյնիի և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցեր: Դ.Տոնոյանը մասնավորապես մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են Հայկ Ինջիղուլյանի նկատմամբ կոպտորեն խախտել միջազգային իրավունքը, և որ առնվազն տարակուսանք է հարուցում այն փաստը, որ իրավասու մարդասիրական միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքների հարցերով միջազգային ակտիվիստները և միջազգային հանրությունը մինչ օրս ոչ մի կերպ չեն արձագանքում ադրբեջանական ամենաթողությանը:

Հակոբ Ինջիղուլյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած «հարցազրույցը» չդատապարտվեց ոչ մի միջազգային կազմակերպության կողմից, որից օգտվելով ադրբեջանական իշխանությունները նոր «հարցազրույց» անցկացրեցին, որի նպատակն է կասեցնել ՀՀ քաղաքացու վերադարձը: Պարզ է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից բարոյահոգեբանական և չի բացառվում նաև, որ ֆիզիկական ճնշում է գործադրվում Հակոբի վրա, ստիպելով նրան հանդես գալ հակասական հայտարարություններով: Դա համատարած անտարբերության պատճառով սպասելի գործելաոճ է: Իսկ Հակոբ Ինջիղուլյանի կարծիքը կարող է հաշվի առնվել միայն այն դեպքում, եթե ապահովվեր ազատ, անկաշկանդ ու չուղղորդված արտահայտվելու նրա իրավունքը: Ճնշումների միջոցով կորզված հարցազրույցը չի կարող հիմք հանդիսանալ նրան երրորդ երկիր տեղափոխելու համար:

Դ.Տոնոյանը նաև նշել է, որ հայկական կողմը կրկին վերահաստատում է, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, և մտադրված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին դիմել` վերջինիս գրասենյակի ներգրավման դեպքում, Ինջիղուլյանին վերջնականապես հավաստիացնելու, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:

Հարկ է նշել, որ նախկինում ադրբեջանական գերությունից վերադարձված ոչ մի ՀՀ քաղաքացի քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Հայկական կողմը գտնում է, որ Հ. Ինջիղուլյանի շուտափույթ վերադարձի հարցով հնարավորինս ակտիվ ներգրավվածությամբ պետք է զբաղվեն միջազգային մարդասիրական կազմակերպությունները, ինչպես նաև դեմ է նրան երրորդ երկիր տեղափոխելու ցանկացած փորձի՝ այն համարելով անհիմն և ոչ արդարացված: