Ի՞նչ է նշանակում դատավորի անփոփոխելիության սկզբունք

դատավորՀՀ դատական օրենսգրքի 2-րդ գլուխը նվիրված է դատական իշխանության գործունեության սկզբունքններին, որոնցից մեկը վերաբերում է դատավորի անփոփոխելիությանը: Ըստ այդ հոդվածի` դատավորն անփոփոխելի է և պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը: Դատավորի լիազորությունները, որի պաշտոնավարման տարիքը լրացել է, դադարում են իր 65 տարին լրանալու հաջորդ օրը:

Դատավորի անփոփոխելիությունը վերաբերում է ոչ միայն տարիքին, այլև նրա գործունեության այլ կողմին: Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ դատավորը կարող է մինչև 6 ամիս ժամկետով գործուղվել նույն ատյանի դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչև դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:
Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 7-րդ մասով նախատեսված նույն ատյանի դատավորը կարող է գործուղվել այդ դատարան:
Դատարանում դատավորների թվի կրճատման դեպքում տվյալ դատարանում իրենց պաշտոնավարումը շարունակելու նախապատվությունը նախ տրվում է դատարանի նախագահին և այնուհետև տարիքով ավագ դատավորներին: Կրճատված դատավորների լիազորությունները չեն դադարեցվում, և նրանք շարունակում են իրենց պաշտոնավարումը, եթե ՀՀ դատական օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Այդ դատավորների կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձ և հավելավճարներ ստանալու իրավունքը, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
Եթե օրենքով նախատեսվում է դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացում, ապա համապատասխան դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը և հավելավճարներ ստանալու իրավունքը, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում օրենսգրքով սահմանված կարգով դատավորին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու դեպքում նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, այդ թվում` հավելավճարները (բացի դատարանի նախագահի պաշտոնի համար տրվող հավելավճարներից), պահպանվում են, իսկ դատավորների աշխատավարձերի ավելացման դեպքում այդ աշխատավարձը համամասնորեն աճում է:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Դատավորի անձեռնմխելիության սկզբունքի էությունը

դատավորՀՀ դատական օրենսգրքի 2-րդ գլուխը նվիրված է դատական իշխանության սկզբունքներին, որոնցից մեկն էլ դատավորի անձեռնմխելիությունն է: Համաձայն նույն օրենսգրքի 13 հոդվածի` դատավորն անձեռնմխելի է: Դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և վճռաբեկ դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության Նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել վճռաբեկ դատարանի նախագահի անարգել մուտքը այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը, և ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ:

Դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել՝ առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության:

Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

Դատավորին չի կարելի բերման ենթարկել: Առանց փաստաթղթերի բերման ենթարկված դատավորի ինքնությունը պարզելուց հետո իրավասու պետական մարմինը պետք է անմիջապես ազատ արձակի նրան:

Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ:

Խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է դատարանի նախագահի իրազեկմամբ:

Դատավորը չի կարող ենթարկվել քաղաքացիաիրավական պատասխանատվության իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասի համար, բացառությամբ, երբ վնասը պատճառվել է դիտավորությամբ կատարված գործողության հետևանքով:

Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում դատավորի անձեռնմխելիության երաշխիքները:

 

Պատրաստեց   Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ