«Օրենքի գերակայության ամրապնդումը» թեմայով քննարկում ՄԱԿ-ում

SՓետրվարի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ քննարկում «Օրենքի գերակայության ամրապնդումը` միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հարցում» թեմայով, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Կարևորելով օրենքի գերակայության հաստատման հարցում անպատժելիության դեմ պայքարի անհրաժեշտությունը և ողջունելով ԱԽ հետևողական ջանքերը՝ ուղղված ցեղասպանության ու մարդկության դեմ կատարած այլ ծանր հանցագործությունների համար պատասխանատուներին արդարադատության հանձնելուն նա հավելեց, որ արդարադատությունը և օրենքի գերակայության արժեքները էական նշանակությունն ունեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցի առթիվ Հայաստանի դեսպանը նշեց, որ մեծապես մտահոգիչ է այն փաստը, որ 2004թ.-ին մարդասպան Սաֆարովի իրականացրած սարսափելի հանցագործությունը շարունակում է փառաբանվել Ադրբեջանի կառավարական և հասարակական շրջանակների կողմից՝ հանդիսանալով հայրենասիրության օրինակ երիտասարդության համար: Դեսպանը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կշարունակի իր մտահոգությունը բարձրաձայնել այս աղաղակող քայլի վերաբերյալ, որի արդյունքում ոտնահարվել են արդարադատության, մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը:

Քննարկմանը, որը նախագահում էր Լիտվայի ԱԳ նախարար Լ. Լինկեվիչուսը, ելույթներ ունեցան նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Չիլիի ու Լատվիայի ԱԳ նախարարները:

Հայաստանը և Թուրքիան բախվել են Ցեղասպանության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

մակի ախՆախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, ս.թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նստաշրջանի` «Պատերազմ ու նրա դասերը. մնայուն խաղաղության որոնումը» խորագրով քննարկմանը, իր խոսքն սկսեց Թուրքիայի մասին նրբորեն ակնարկելով ՄԱԿ-ի խաղաղարար դերի վերաբերյալ. «ավելի խորացնել հաշտեցումը ժողովրդների միջև` ընդհանուր պատմության և տագնապալի անցյալի հիշողության հիման վրա: Հաճախ այս գործընթացը ենթադրում է ավելին, քան պարզապես հռչակագրերի և բանաձևերի ընդունումը, այցելություններն ու ծաղիկներ դնելը զոհերի հուշարձաններին կամ պայմանագրերի ու արձանագրությունների ստորագրումն ու ձեռքսեղմումները: Որպեսզի հաշտեցումը տևական լինի, անհրաժեշտ է կարգավորել անցյալը, ճանաչել և ընդունել կատարված հանցագործությունների ողջ պատասխանատվությունը»:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունից դասեր քաղելուն, դեսպան Նազարյանը հատկապես նշեց, որ «հաշտեցման գործընթացը կարող է ձգձգվել տասնամյակներ կամ նույնիսկ սերունդներ: Սա արդի ժամանակաշրջանի առաջին ցեղասպանությունն էր, որն իրականացվեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ»: Հայաստանի ներկայացուցիչը շարունակեց՝ պնդելով, որ «զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգնման համար»:

Դեսպան Նազարյանը նաև նշեց այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ժողովուրդների միջև իսկական հաշտության համար. «հաշտեցման հարցում հաջողության հասած ազգերն ու ժողովուրդները սովորաբար անցել են ընդարձակ գործընթաց արդարության վերականգնման համար, որը ներառում է նաև փոխհատուցում զոհերին և նրանց ժառանգներին` նրանց ազգային արժանապատվության և ինքնության վերահաստատման նպատակով: Նաև հրատապ է միաձայն դեմ արտահայտվել պատմության աղավաղմանը, պատմական ոճրագործությունների մերժմանը և ժխտողականությանը»:

Զարմանալի չէ, որ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Հալիթ Չեվիկը պատասխան խոսքում ավելի շատ կենտրոնացավ ապագայի, այլ ոչ թե իր երկրի արյունոտ անցյալի վրա: Չգիտակցելով, որ նա դատապարտում է իր իսկ երկիրը, թուրք պատվիրակը պնդեց, որ «բոլոր դեսպան Կարեն Նազարյաննրանք, ովքեր պատասխանատու են առավել ծանր  ոճիրների, մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ցեղասպանության և պատերազմի հանցագործությունների համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն»: Այնուհետև դեսպան Չեվիկը շարունակելով խոսքը կրկնեց իր կառավարության մաշված ժխտումները, հաստատելով, որ «ցեղասպանության անհիմն պնդումները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ երբեք օրինականորեն կամ պատմականորեն հիմնավորված չեն եղել: Նույն կերպ, չկա ոչ քաղաքական, ոչ իրավական համաձայնություն այդ իրադարձությունների բնույթի վերաբերյալ… Մենք կարծում ենք, որ պատմությունից թշնամանք քաղելով, փորձելով ուրիշների վրա գցել մեղադրական և անցյալի վերաբերյալ միակողմանի տեսակետ, և կոչ անելով ընտրովի կարեկցանքի, ճիշտ ճանապարհ չէ հարգանքի տուրք մատուցելու համար բազմաթիվ թուրքերի, հայերի և այլոց հիշատակին, որոնք կորցրել են իրենց կյանքն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ուստի կարևոր է առերեսվել պատմությանն ամբողջությամբ, և պատմական փաստաթղթերի ու արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով միգուցե հնարավոր լինի ճիշտ դասեր քաղել պատմությունից ու հասնել ընդհանուր արդար հիշողության»:

Դեսպան Նազարյանը օգտվելով պատասխանի իր իրավունքից, խորին ափսոսանք հայտնեց լսելով թուրք ներկայացուցչի «խեղաթյուրված բացատրությունները Հայոց ցեղասպանության անհերքելի փաստի առնչությամբ, որը խլել է Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի տիրապետության օրոք ապրած 1.5 միլիոն հայ մանուկների, կանանց և տղամարդկանց կյանքը…  Այն սկսվել էր 1915 թվականի Ապրիլի 24-ին և շարունակվել մինչև 1923 թվականը. դա մի ողջ ժողովրդի համակարգված և ծրագրված սպանդ էր»:

Մանրամասն նկարագրելով տեղահանություններն ու ջարդերն ընդհուպ մինչև ցեղասպանություն, դեսպան Նազարյանը հաստատեց, որ «այս ոճրագործությունը ճանաչվել է [ՄԱԿ-ի] բազմաթիվ անդամ պետությունների և միջազգային կառույցների, ներառյալ` ՄԱԿ-ի ու դրա ստորադաս մարմնի` Խտրականության վերացման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից»:

Դեսպան Նազարյանին ուղղված իր երկրորդ պատասխանում Թուրքիայի ներկայացուցիչն ավելի զգուշավոր դարձավ իր ժխտողականության մեջ. «Մենք չենք ասում, որ 1915 թվականին ոչինչ տեղի չի ունեցել: Այդ իրադարձությունները չեն համապատասխանում [ՄԱԿ-ի] 1948 թ կոնվենցիայով սահմանված ցեղասպանության նկարագրությանը: Այժմ Հայաստանի պատվիրակությունը 1915 թվականի իրադարձությունները բարձրացնում է որպես ցեղասպանություն, առանց դրա վերաբերյալ որևէ բանաձևի կամ Միջազգային դատարանի որոշման: Այսպիսով, ինչ եք ակնկալում, որ մենք …», մինչ թուրք դեսպանը կավարտեր հայտարարությունը, հնչեց նրա բջջային հեռախոսի զանգը` ընդմիջելով նրա նախադասությունը:

Շատ հավանական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ բազմաթիվ նման բախումներ տեղի ունենան Թուրքիայի հետ: Թվում է, որ թուրք պաշտոնյաները չեն էլ գիտակցում, որ ինչքան շատ են ժխտում և հակազդում հայկական գործողություններին, այնքան ավելի շատ են նպաստում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի արդար պահանջների տարածմանը: Ընդ որում, շնորհիվ թուրքական պատվիրակության տված երկու պատասխանների դեսպան Նազարյանի հայտարարությանը, պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը լայնորեն քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

 

 Հարութ Սասունյան      

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում

դեսպան Կարեն ՆազարյանՓետրվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) տեղի ունեցավ «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկում, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Նա անդրադարձավ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին ու Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի ռեժիմը խախտող սադրիչ գործողություններին: Դեսպան Նազարյանը նշեց, որ հայկական կողմին մեծապես մտահոգում են ուժի կիրառման հումանիտար հետևանքները, և որ այդ անընդունելի գործելակերպի արդյունքում առավելապես ծանրանում է սահմանային գոտիներում քաղաքացիական բնակչության վիճակը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ առիթ է ունեցել նախկինում ԱԽ-ում բարձրաձայնելու քաղաքացիական բնակչությանը դիպուկահարների կողմից հասցված վնասների խնդիրը` հավելելով, որ Հայաստանը հանդես է գալիս բռնության բոլոր դրսևորումներին վերջ դնելու օգտին  ու մեծապես հավատում, որ հակամարտությունների հիմնարար ու հարատև լուծման կարելի է հասնել միայն խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի հիման վրա:

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

դեսպան Կարեն ՆազարյանՆյու Յորքում շարունակվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Նոյեմբերի 4-ին ԳԱ Երրորդ կոմիտեի օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու անհանդուրժողականության այլ ձեւերի վերացում» կետի ներքո ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Նա անդրադարձավ Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի եւ այդ չարիքի կանխարգելման միջազգային այլ փաստաթղթերից բխող պարտավորությունների ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերին:

ՀՀ դեսպանը նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի հայատյացության ահագնացող փաստերին` նշելով, որ այդ մասին շարունակում է ահազանգել միջազգային հանրությունը: Որպես օրինակ, դեսպանը նշեց, թե ինչպես Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուները հեռուտաբանավեճերի ընթացքում միմյանց մեղադրում էին հայկական արմատներ ունենալու հարցում, խոսեց այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է կրթությունը հայերի դեմ ատելություն խրախուսելու ու տարածելու համար՝ դպրոցական դասագրքերում հայերին վերագրելով «ֆաշիստ», «ահաբեկիչ» եւ այլ ձեւակերպումներով: Դեսպան Նազարյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանում այդ օրինակ բացահայտ ատելությունը հայերի հանդեպ կարելի է համեմատել ռասիզմի պատմության ամենասարսափելի օրինակների հետ, որի համար իշխանությունների կողմից գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները: Նշելով, որ հայատյացությունը Ադրբեջանում վաղուց դարձել է պետական քարոզչամեքենայի անքակտելի մասը՝ ՀՀ դեսպանը կոչ արեց ՄԱԿ անդամ պետություններին դատապարտել Ադրբեջանում աճող անհարդուժողականության ու ռասիզմի երեւույթները՝ հավելելով, որ այդօրինակ դրսեւորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ծանրագույն ոտնահարումներին: