Վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանը

34

Այսօր կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Սիրված դերասանուհու մահվան կապակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության և քարտուղարության, ինչպես նաև անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա մասնավորապես ասել է.

“Խոր վիշտ եմ հայտնում ազգային բեմարվեստի երևելի անհատականություններից մեկի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ավագագույն դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ՀԵՂԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մահվան առթիվ:

Հեղինե Հովհաննիսյանը՝ բոլորի կողմից սիրելի Ելենա Սերգեևնան, ծնվել էր 1926թ. օգոստոսի 4-ին, Երևանում: Ռեժիսոր Մարատ Մարինոսյանի կինն էր: 1948թ. ավարտել էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1968թ-ից դասավանդում էր նույն ինստիտուտում, պրոֆեսոր էր: 1948թ-ից խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: Լավագույն թատերական դերերից են` Գոներիլ` Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա` Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա` Չեխովի «Բալենու այգին», Լիզա` Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա` Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել էր կինոյում` «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն: Մասնակցել ռադիո և հեռուստաբեմադրությունների: 1961թ. արժանացել էր ՀԽՍՀ վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: 2002թ. արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի:
Կյանքից հեռացավ աճեմյանական փառահեղ ,,Նամուսի,, վերջին մոհիկաններից մեկը ևս, ազնվագույն ու ազնվակենցաղ մարդը, հրաշալի դերասանուհին…”:

Անկախ-ը նույնպես իր խորին ցավակցությունն է հայտնում սիրված դերասանուհու ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:

 

Անկախ

 

Բեմը շնչավոր է. Դերասանուհի

1237011_517987318281224_1698081123_nՄարդկային հոգին, լինելով հավերժականի կրողը, հավերժություն է փնտրում ամենուրեք և ամեն ինչում. արվեստի անընդհատվող էության խորհուրդն ու գաղտնիքը պարփակված է հոգու հենց այս որակի մեջ, իսկ թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունենում ինքնամաքրում՝ կատարսիս։ Թատրոնը  կարեւոր է, անասելի կարեւոր.

“Խաղալ որեւէ կերպար, լինել հերոսի դերում ստացվում է, միայն թե հետո ժամանակ ու հոգու հանգստություն է պետք ուժերը վերականգնելու համար: Երբ բեմում եմ դերասան եմ, երբ իջնում եմ բեմից, ես եմ` Մարգարիտան: Չնայած, որ չեմ ուզում իջնել, փակվում են վարագույրները, ես էլ ուզում եմ կրկին հետ բացել ու խոսել հանդիսատեսի հետ:  Վերջինիս ներկայությունը պարտավորեցնող է, մենք խաղում ենք լիարժեք, լինենք գլխավոր, թե երկրորդական դերում”,- այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում երիտասարդ դերասանների կարեւորության եւ դեպի թատրոնը հանդիսատեսի սիրո մասին նշեց Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարգարիտա Հունանյանը:

Դերասանի ճանապարհը քարքարոտ է, դժվար, հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ պետք է լինես հարվածների ու ծափահարությունների: Արվեստագետը չպետք է որոշի լավն է, թե… դատողը հանդիսատեսն է, ժյուրին ու մարդիկ.

1240522_517990044947618_678684391_n“Ինձ մոտ եղել են արցունքներ, կերպարի հետ անհամատեղելիություն, մտածմունքներ, բայց ամեն ինչ փորձել եմ հարթել ու համատեղել: Չունեմ իրավունք ասելու` իմ ասպարեզում լավն եմ, թե վատը, ունեմ իրավունք սովորելու ամեն ինչ: Պատրաստ եմ քննադատություններ ու գովասանքի խոսքեր լսել, պատրաստ եմ ամեն ինչի”:

Ինչ վերաբերում է դերասանի եւ ռեժիսորի մասնագիտական կապին, ըստ Մարգարիտայի ռեժիսորի պրոֆեսիոնալիզմը կայանում է նրանում, որ նա իր դերասանին թողնում է լինել ինքնուրույն բեմում ու կերպարի մասին մտածել ավելի նեղ շրջանակում: Դերասանը պետք է խաղա մաքսիմալ անկեղծ: Արմեն Խանդիկյանի, Գրիգոր Խաչատրյանի եւ Հովհաննես Թեքգյոզյանի պահանջներն ու աշխատելաոճն իրեն հարազատ է ու ընդունելի: Կերպարը պետք է զգալ, սարքել հարազատ, գտնել բնավորության ընդհանուր գծեր ու հարմարվել: Անհրաժեշտ է շատ աշխատել, ամեն ինչ հաստատ կստացվի:

 

Դերասանուհուն մանկուց բեմը կանչել է, բեմում նա ինքնավստահ էր, համարձակ: Բեմում լինելու ցանկությունն էր մեծ, իսկ հարազատներից` հորաքույրը, երկու ձեռքով կողմ էր աղջնակի որոշմանը, դերասանուհի լինելը դժվար է, հետաքրքիր ու գունավոր: Մշակույթն ազգի հոգեւոր դիմագիծն է, որը ծնունդ է առնում նրա խառնվածքից ու ներաշխարհի արժեքներից: Մշակույթը նաեւ ազգի հոգեւոր զրահն է, առանց որի նրա եսն արդեն դառում է խոցելի:

Մշակութային վերելքից խոսելիս  դերասանուհին պնդեց, որ Հայաստանում այն անկում է ապրում, սերիալներ, անորակ երաժշտություն, մարդիկ իրենց մասնագիտությանն անհամապատասխան գործունեություն են ծավալում` դերասանը երգիչ է, պարուհին հաղորդավար, խառնվել են պաշտոններն ու մասնագիտությունները: Մենք` հայերս շատ ենք դիմում ծանոթ-բարեկամի աջակցությանը, դա սխալ է: Հանդիսատեսին պետք է խաբես, համոզես, որ դա դու չես, այլ հերոսդ, բայց ոչ այս կերպ, եթե լուրջ չվերաբերվես մասնագիտությանդ, ոչինչ չի ստացվի.

“Իմ կյանքի 99%-ն Է թատրոնը, մեծ փորձ, աշխատանք: Նա կարծես մարդ լինի, ով ցանկանում է ուշադրություն, սեր, հարգանք, նա պետք է առաջինը լինի դերասանի կյանքում: Այսօր շատերը չեն գնահատում թատրոնը, երբեւիցե չեն եղել դահլիճում, ու չեն լսել բացվող վարագույրի նուրբ ձայնը, բայց կա մարդկանց մի զանգված, ովքեր հաճախակի են այցելում, զգում են, հավատում ու սիրում բեմն ու դերասաններին: Պաշտոնը, կրթությունն ու կրոնական պատկանելությունը կապ չունի, եթե մարդը սիրում է լինել թատրոնում, նա կգա ու ժամանակ կգտնի, ամեն ինչ մեր իսկ ձեռքերում է”:

Դերասանուհու համոզմամբ ծափահարությունների ժամանակ յուրաքանչյուր դերասան կտրվում է աշխարհից, մարդիկ հավատում են ու շնորհակալություն հայտնում, իսկ դերասաններին մնում է միայն խոնարհվել.

“Ունենք հանճարեղ ներկայացումներ, սակայն վերնագրերի պատճառով մարդկանց մոտ ցանկություն չի առաջանում այցելելու ու վայելելու, թատրոնում կատարվող ամեն մի շշուկին ու քայլին պետք է հետեւել, ընկալել ու ապրել: Թատրոնում աշխատող յուրաքանչյուր ոք հանճարեղ է: Թատրոնը կրթում ու դաստիարակում է: Թատրոնին սեր է պետք` հանդիսատեսի սերը, բեմը շնչավոր է, երբ կասկածես, վարանես ու կեղծես` նա կզգա”:

Բեմում դերասանը պետք է ազատված լինի կոմպլեքսներից, մեզ հետ զրույցում երիտասարդ դերասանուհին նշեց, որ կուզենա խաղալ բացասական կերպար, լինի վատն ու քննադատվածը: Դրական խաղալ ավելի հեշտ է, իսկ վատն ու չարը մեծ փորձություն է: Խաղից հետո հուշումներն ու մասնագետների խորհուրդները անհրաժեշտ են դերասանին: Արվեստը դա հոգու ու մտքի միախառնումն է, ինչից ծնվում է հենց ինքը` արվեստը: Դրամատիկական թատրոնում դերասանուհին ընդգրկված է որպես օժանդակ կազմի անդամ, խաղացել է “Մեծապատիվ մուրացկանները” կատակերգությունում, “Չաո” եւ “Հիսուս Նազովրեցի” ներկայացումներում: Նկարահանվել է Հովհաննես Գալուստյանի “Կիսալուսնի ծովածոցը”, Հենրի Քոչարյանի”Փոքրիկ Զորավարը”, Արմեն Սիմոնյանի “Կյանքի պատուհան”, Արտյոմ Հարությունյանի “Խաղից դուրս”ֆիլմերում, ինչպես նաեւ աշխատել է “Ընտանեկան պատմություններ” հաղորդաշարում եւ խաղացել Ամանորյա տոնական ներկայացումներում: Ունի բազում առաջարկներ թե թատերական աշխարհից, թե գեղարվեստական ֆիլմերից, սակայն չցանկացավ չակերտները բացել:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ